Այո, ճիշտ եք նկատել, ես մաղթանք-շնորհավորանքների, առավել ևս՝ Ամանորի առիթով կամ Սուրբ Ծննդի, սիրահար չեմ: Սուրբ Ծննդի հետ կապված ամեն ինչ կարծես կանոնի է բերված և դա լավ է. մեկ տողով ու սիրով, ամբողջական.

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս:

Ուզո՞ւմ եք ավելին. Տերունական աղոթքն է.

Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն քո

Ես կերգեի… «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան… Ավետիս» շարականի համար ուշքս գնում է. մեղեդին թույլ չի տալիս բառախոսքն ընդունել որպես տեքստ, բայց կարդացեք ահա, միայն բառերը… սրան ի՞նչ ավելացնես…

Այսօր տոն է Սուրբ ծննդյան, ավետիս,
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ավետիս,
Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի՛ կենաք հետ մարդու խռով, ավետիս,
Եվ մի՛ նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմությո՛ւն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցե՛ք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք զձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, ավետիս,
Ձեր հեռավորք գային շուտով, ավետիս,
Եվ ձեր ոչխարը՝ հոտերով, ավետիս,
Կարասը ձեր լցվի գինով, ավետիս,
Եվ տունը ձեր՝ շեն բարիքով, ավետիս:

Ամանորյա ուղերձների մասին իմ գրերից մեկում արտահայտվել եմ մեկ բառով՝ խորշում եմ…

Հա, լիներ այնպես, որ մարդիկ նստած լինեին հեռուստա-ռադիոեթերի, համակարգչի առաջ ու սպասեին քո խոսքին… դու էլ ասեիր… Այսպես եղել է պրեզիդենտ Ռուզվելտի օրոք, ամերիկյան հայտնի ճգնաժամ-տնտեսության լճացման ժամանակ, երբ աշխատուժը, որ սովոր էր ստեղծելու, զորացնելու ինքն իրեն և իր Ամերիկան, հանկարծ ավելորդ է դառնում իր՝  Ամերիկան բռնած պարապությամբ… Ու ռադիոյի մոտ ամեն օր Ռուզվելտը, որպես երկրի ընտրված հայր, զրուցում է իր մարդկանց հետ. ուղերձներ են սրանք իր ժողովրդին… Ո´չ մի զուգահեռ. ես ո՛չ Ռուզվելտ եմ, ո´չ Գրիգոր Խաչատրյան, ո´չ էլ՝ կրթահամալիրի Բանգլադեշը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ… Իսկ այսպես, որ դու ասես, իրենք լսեն… Չէ մի չէ˜… Նախընտրելի է Գրիգոր Խաչատրյանի իմաստալից (այն էլ, երբ գավաթը լիքն է) զավեշտը, որ տվածուրիկ է. վերևն՝ Աստված, ներքև՝ Գրիգոր Խաչատրյան…

Ինձ հարցնում են. «Նոր տարվանից նեղացա՞ծ եք»…  Դե, որ տեղն եկավ, ասեմ. հա՛, նեղացած եմ: Մի բան ցանկացա, որպես ամանորյա բարեմաղթություն… Ու ի՞նչ… Չկատարվեց… այնպե՜ս բարկացա, այնպե՜ս, որ հին ու նոր տարին խառնվեց… 2004-ը ինձ համար, որպես սև խոռոչ, չկա, ոչինչ չեմ հիշում. չեմ կարողանում մտաբերել որևէ գործ, խոսք, իրադարձություն… Չի եղել 2004-ը, հավատացնում եմ…

Հիմի կրթահամալիրային էս խաղաղված, թափով, բաց, մոբիլ, ստեղծական 2014-2015-ի ընթացքի մեջ ի˜նչ ուղերձ տեղավորես: Ամեն մի ուսումնական նախագծի, գործի, նախաձեռնության մեջ, որ սկսել ենք 2014-ին, որ պիտի շարունակվի 2015-ին, ցանկություն չի՞ դրված` որպես պարտադրանք, որ լինի, լինում է ու եղավ… Թե՝ դեռ տեսնենք, տարին գա… Ո՞նց, ես բան ցանկանամ ու նոր տարում չկատարվի՞… Հիմի իմ 200-ի չափ անընդհատ օրագրերից յուրաքանչյուրի մեջ մի ուղերձ, ցանկություն չի՞ դրված. դրված է… Հանեմ  մեկ-մեկ, շարեմ կողք-կողքի, որ դառնան ֆեյսբուքյան լեզվով ասած՝ թեգեր… Իմ տարիքին ու դիրքին սազական զբաղմունք չէ:

Ո՞ւմ են դիմում ամանորի ուղերձով, ումի՞ց ինչ են խնդրում, պահանջում, ի՞նչ կապ ունի մաղթանքը մեր երկրի, օրվա և այն վիճակի հետ, որում հայտնվել ենք: Եթե Նոր տարին անելիք ունի, այս վիճակը փոխելն է, սրանից դուրս բերելը:

Ամանորյա ուղերձ-շնորհավորանքներում Նոր տարուց ինչեր ասես, որ չեն ուզում. թող նոր տարին բերի ու նոր տարում լինի… ու գնաց… Մի հարցնող լինի, որ բոլորը, կամ դրա կեսը լինի, բա դու ի՞նչ ես անելու ամբողջ տարում, վայելելու ե՞ս: Սա հակառակ է Աստծո սահմանած մարդաշխարհի թիվ մեկ պատվիրանին, ահա՝ «Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս», իսկ կնոջն ասաց. «Ցավերով պիտի զավակներ ծնես. քո ամուսնուն պիտի հնազանդվես…»

Ես 2014-ի ծնունդները, մայրացած, հայրացած սեբաստացիներին կառանձնացնեի… Ունե՞նք այսպիսի հաշվառում, գրանցում… Ունենք միայն կրթահամալիրի աշխատողների մասով… Ի՞նչ ասեմ, եթե բեկում եք ուզում մտցնել ձեր կյանքում, 2015-ը դրա համար լավագույն տարին է, խիզախե՛ք… այս խորացող, հանրապետություն բռնած անշարժությունը ծնունդով-բեկումով կհաղթահարվի: Հանդգնե՛ք, հավակնոտ ներկայացեք ու գործե՛ք… Ինձ երեկ մեդիայում, ամփոփիչ կոչվող ասուլիսից հետո, մոտեցել են Մերի Առաքելյանն ու Շամիրամը… հմայիլներ ու կողք-կողքի… Մեկնում են ամանորյա հանգստի… գութա՞ն եք քաշել…  Ո՞ւր… արկածի՞… իհարկե՛… Գնացե՛ք, բայց չվերադառնաք, այնպիսի արկածի հանդիպեք, որ բեկում առաջացնի ձեր կյանքում, որ փոխի այս՝ թվում է, շնորհակալություն-մրցանակի արժանի ընթացքը… Ինչքա՜ն մրցանակի արժանի աղջիկներ ունենք, շշմելու, ավա՜ղ, մեծ խումբ է… Էլ ե՞րբ, եթե ոչ 2015-ին: Մայրություն ձեզ, սիրելիներս, եթե 2014-ին, թեկուզ մի անգամ ձեր մտքով անցել է…

Չկա ավելի գարշելի բան, քան՝ յոլան… յոլա գնալով ծերանալը… Օրեր առաջ մի տաքսիստի պատմեցի, շա՜տ հավանեց… Նուբարաշենի կլոր բերդի պատուհաններն իրար են նայում, կալանավորները բարձրանում են նառերի՝ մահճակալների վրա, որ երկհարկանի են (հասկանալի է ինչու` տարածք են խնայում) ու ռեշից (ճաղերից) իրար կանչում…
-Ի՜նչ կա, չկա, ախպերս…
– Յոլա՜…
– Ուրի՞շ…
– Դե, գիտես, էլի…
– Յոլա՜, տեսնենք` ի՞նչ ա լինում, հեսա խաբար են բերելու,- լսվում է աջից, ձախից, դիմացից, հետևից՝ մուսուլմանների նամազի նման՝ յոլլա՜հ…
2015-ին ես ձեզ այս «յոլա» կյանքը բեկելու վճռականություն եմ փոխանցում…

2014-ի դեկտեմբերի 30-ի Դավթապատումից

– «Կներես» ի՞նչ է նշանակում, հայրիկ:

– Դավի՛թ, փասափուսեդ հավաքի ու չքվի քնելու…
Դավիթը՝ ձեռքին Արմինեի նոր անջատած նոթբուքը, մի մեքենա ու առաջին գրքերից մեկը, դժվար տեղավորելով դրանք, քսքսալով շարժվում է…
– Դավիթ, այդ ո՞ւր,- հարցնում եմ…
– Չքվում եմ քնելու, հայրիկ… փասափուսես հես ա, տանում եմ:

– Ուզո՞ւմ ես` ես իմ ձեռքով մուլտիկն անջատեմ, ուրախանաս, հայրիկ:
– Ուզում եմ:
– Անջատեցի, դե՝ ուրախացի:

– Վաղը չէ մյուս օրը Նոր տարի ա:
– Այո՛…
– Հետո ի՞նչ տարի ա:
– Էլի Նոր տարի:
– Էլ հին տարին չի գա՞:
– Չէ՛, չի գա:
– Վաղը կգնա հին տարին ու էլ չի գա՞… միշտ նորը կլինի՞…

– Իմ մահճակալը տարեք, դրեք պատի տակ, դուք քնեք… էս էլ իմը չէ…
Ու ինքը մտավ ընտանեկան մահիճ:

Դեկտեմբերի 30-ը, ոնց որ 29-ը՝ աշխատանքային են ինձ համար… Գիտեք, էլի պատմել եմ… Ինձ Մայր դպրոցի տանիքը հիմա շատ է զբաղեցնում…. Մեր հարգելի բակապահ-սեբաստացի Յուրայի հետ տանիքում եմ: Յուրան՝ կրթությամբ ինժեներ, կենսափորձով, խելացի, հավասարակշիռ, անաչառ մարդ է… Յուրան՝ ինչպես Հռոմի պապը, կարողացավ ներել իր վրա զենք բարձրացնողին… Չեմ չափազանցնում, տեսնում ե՞ք` ոնց է տպավորվել: Ահա, այսպիսի ներողամտության պակաս ունի մեր հասարակությունը, համաձայնությամբ իր հասարակական «յոլա» կյանքը բեկելու համար… Ես Յուրային ներկայացնում եմ «Տանիքը՝ կրթական պարտեզ» նախագծի 2015-ի իրագործումները, լսում նրա գոտեպնդող-մասնագիտական հիմնավորումները: Շնորհակալ եմ: Հետո, ժամը 4-ի, 5-ի արանքում, երբ թողարկել ենք Սուսան Մարկոսյանի հետ իմ 193-րդ գիրը, երբ Սյուզի Մարգարյանի հետ քննարկել 2015-ի մեդիաուրբաթ համերգի ծրագիրը, երբ տիար Գևորգի, Արմինե Թոփչյանի ու Կարեն Խաչատրյանի հետ ճշտել ենք «Սեբաստացի ռադիո» նախագծի 2015 հունվարի անելիքները, դուրս եմ գալիս Ա. Բաբաջանյանի պողոտա՝ «Սեբաստիա» մարզադաշտով… Ուզում եմ քայլել… Ֆուտբոլի դաշտում մեծ խումբ սեբաստացիներ են՝ վարժարանի 11-րդ դասարանի սովորողները, շրջանավարտ Արտավազդ Սողոմոնյանը՝ մինչև գոտկատեղ մերկ, այո, մերկ ֆուտբոլ են խաղում, ինքնամոռաց՝ թեթև, կարճ պատասխանելով իմ ողջույնին. կեցցե՛ք: Նրանց մեջ ես ճանաչեցի անցնող տարվա նոյեմբերի 7-ի դասադուլի մասնակիցների… Դասարաններ չէին մտնում «ցուրտ է» հիմնավորմամբ: Մարդու մտքին տեղ լինի, իհարկե: Մտքում տեղ արեք` մեր կյանքը, յոլա ընթացքը բեկելու համար… Առանց հավեսի` ի՞նչ Նոր տարի… Արի՛, Նոր տարի, բայց այսպես արի: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Պապ ջան, կներես…

Պապ ջան, կներես… Այսպես ես դիմեցի երեկ իմ Շամխալբեկ հորը, երբ ավարտել էի թվով 1278-րդ օրապատումն անընդհատ ու ընկղմվել գոլ ջրի բաժակով մի հեռավոր փնտրտուքի մեջ խորը-անանցի… Չփոխեցի-չավելացրի. հա՛մ գրել

Ձյունաթաթախ-առանձնահատուկ…

Հոգատարությունն այսպես է լինում՝ կոնկրետ։ Ու անկախությունն այսպես է լինում, որպես հոգատարություն․․․ Արհմիութենական կազմակերպությունը կրթահամալիրի 50000-ական դրամով պարգևատրել է կրթահամալիրի աշխատողներին, որոնց որդիներն այսօր ծառայում են հայոց բանակում․․․ Առիթի այսպիսի