«Ապրել միասին»-ը վերնագիր չէ, այլ բանաձև. 2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսն է՝ հաստատված օրերս Փարիզում ընթացող ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում: Սա է դրվելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում: «Երևանյան պակտը կարտացոլի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը»։

Միասի՞ն ենք ապրում հիմա… հռետորական է հնչում… Հայաստանի և Եվրոպական միության միջև օրերս Բրյուսելում հաստատված  շրջանակային համաձայնագիրը, ֆրոնկոֆոնիայի գագաթաժողովի պատրաստությունը, նոր համակեցության անհրաժեշտությունը կհամախմբե՞ն հայաստանյան կենսունակ ուժերը, բոլորիս իրական փոփոխությունների կմղե՞ն… Իմ գիրը սրա լրատուն է:  Հայաստան-ԵՄ համաձայնագրի օգտին է այս հարցումը. եվրոպացիների 78%-ը երջանիկ է ԵՄ-ում ապրելու համար… Հանուն երջանիկ ապրելու… Հայաստանում, միասին:

Արևմտյան դպրոցի նախակրթարանում նախաճաշ է:

«Ապրել միասին» կարգախոսի հոմանիշը հանրակրթության մեջ (կա՞ այդպիսի բան՝ կարգախոսի հոմանիշ) ամբողջական ներառականությունն է… Անի Նավասարդյանի այս դիտարկումը, որ ես հասցեագրել եմ դասավանդողին, համապարփակ ինքնավարության-ինքնուրույնության-ինքնասպասարկման (որքան հնարավոր է վաղ, որքան հնարավոր է շատ) դրսևորում է… Իհարկե, բայց առանց հերթի, բացառելով հերթը, զիջելու-ընդառաջելու մշակույթ ձևավորելով… Ավագ դպրոցի խոհանոցի մասին իմ առաջարկ-նախաձեռնությունը դպրոցի ղեկավարն ու կազմակերպիչներ Լուսինե-Ջուլին… ի՞նչ արին… Հանձնարարություն չէ՞ր. այնքան շա՜տ են իմ աշխատանքում հանձնարարությունները…. Սրտախառնոց են առաջացնում… Նախաձեռնությունը, ուշադրություն հրավիրելը, էլ չեմ ասում առաջարկը պիտի որ բավարար լինեին Տիարով, միասին ապրող հավաքանու համար… Ի՜նչ ոգևորիչ նախագիծ է՝ մինչև Ամանոր, մինչև հունվարյան ուսումնական ճամբարներ ունենալ մեր Ավագ դպրոցին պատշաճ խոհանոց-ակումբ… Ինչո՞ւ իմ այս առաջարկը չդարձավ ավագ դպրոցի սովորողների գոնե մի խմբինը… Հարցնում եմ: Հատկապես, որ այս տարվա մեր հունվարյան ճամբարում ունենք մասնակցության հայտ և՛ Վրաստանից, և՛ Գյումրիից, և՛ Արցախից….

«Ուսումնական Գյումրի» նախագիծը միասին ապրելու մեր կեսնական տարածքի ամբողջացմանն է ուղղված… Ինձ այնպես է ոգևորել, իմը դարձել, որ երեկ Շուշան Բլեյանի հետ էլ քննարկում էինք ընտանեկան ամանորը Գյումրիում անցկացնելը…
— Ի՞նչ կա Գյումրիում, պա՛պ…
— Նոր տարի, Շո՛ւշ, նորացող քաղաքում կյանքի թարմություն ստանալու-հաղորդելու հնարավորություն՝ ընդամենը 120 կմ-ի վրա…
Կրթահամալիրի օրացույցի Գյումրիի հավելված ունենալը, հավելվածով դեկտեմբերին միասին ապրելու գործողությունները լակմուսի թղթի (վաղուց չէի գործածել, կա՞ հիմա այդ թղթից մեր բնագիտության լաբորատորիայում) ազդեցություն-նշանակություն է ստանում… Այսպիսի նամակ-առաջարկ-համաձայնագիրը ես բավականությամբ եմ ստորագրում:

Արևմտյան դպրոցի նոր խնձորենիների պուրակում:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների հինգ տարեկանանների ստուգատեսը հերթական՝ նոյեմբերիկը, նկատելի քայլ առաջ էր… Կարճացան ոչ միայն Արևելքում գտնվող դպրոց-պարտեզի ու քոլեջի անցումները, այլև դեպի Արևմուտք՝ ուսումնական Ագարակ ու ծածկած լողավազան… իրական ուսումնական աշխատանք է դառնում պարտիզապուրակային գործունեությունը…

Վրաց գործընկերների հետ կլոր սեղանին գեղարվեստի հարթակում աչքերս-ուշքս կտրել չէր լինում գեղարվեստից քոլեջ ձգվող կանաչ ուղին նախապատրաստող կարմիր աշնանացանից… Այո, մեր աշնանացանը այսպիսի՝ կարմիր գույն ունի… կանաչը կտեսնեք մինչև գարուն ո՜նց կպատի… Միասին, ապրելու-գործելու հայրենի տարածք դառնո՞ւմ է մեր արվարձանը…

Կիրակի՝ ցերեկվա ժամը 11-ը չեղած, Անահիտ Մելքոնյանը ոչ միայն ոտքի վրա է, իր ընկերների հետ քոլեջում, այլև հասցրել են Հայանիստից բերված 16 ծառով սալորի-բալենու խոստացած շարքը ավարտել… Սա էլ աշնանատունկ է, որ գարնանը կանաչը-ծաղիկը բոլ լինի… Վահրամն ու Էլյան, իմ սիրելի տեխնիկայով-էքսկավատոր-բուլդուզերով, քոլեջի շուրջ, երկար տևող աշնան հնարավորություններից լիուլի օգտվում են… Շնորհակալ եմ կրկին:

Քոլեջ-Արևելյան դպրոց անցումի բալենիների տունկ:

Իմ աչքը հիմա Նոր դպրոցից Մայր դպրոց՝ «Վահան Ասատրյան» պուրակով, տգեղ անցման վրա է… Միքայել Ղազարյան ու ընկերներ… Հրեն երկրագործական ի՜նչ եղանակ է խոստանում մեր անբաժան ընկեր Գագիկ Սուրենյանը։ Ես իմ արձակուրդի երկրորդ շաբաթն անցկացնելու եմ այս «Լաչինի միջանցքի» յուրացման վրա…

#1221

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Երբ ես փոքր էի», կամ «Դու մի լսի, բարկացի, պապ»

Դավիթ Բլեյանը վերջին օրերին հաճախ է գործածում «Երբ ես փոքր էի, հիշո՞ւմ ես»… Երեկ ձեռքին հայտնվեց ծծակով ջրի շիշը, այն դեպքում, որ երբեք ծծակ չի գործածել… Ծծակով շիշը, չամաչեց, տանից

Одна радость կամ Ода к радости…

Օրվա գրի վերնագիրը, որ հայր ու որդի Բլեյաններինն է, երեկ ծնվեց Արմինեի մեքենայում՝ դպրոցի անձրևոտ ճանապարհին, ու լրացվեց Գևորգ Հակոբյանից տնօրենի լիազորությունները ետ առնելու իմ ճամփորդությամբ, երբ հեծանվով պտույտ արեցի

Բացառենք բռնությունը, հաստատենք օրինականությունը՝ դառնալով մեկ՝ հայաստանյան հասարակություն

Անթույլատրելին, իհարկե, իրար դեմ, թե իրար մեջքով կանգնած ժողովրդով երկու նվիրական-խորհրդանիշ հրապարակն է՝ Ազատության և Հանրապետության, դատարկ ու շրջափակված Ազգային ժողովը, կառավարարության՝ մեծաքանակ ոստիկանությամբ պաշտպանվող մուտքուելքը… Ներող եղեք. երկու այծերի պատմություն է