«Մեթոդական տեսանյութեր» նախագծով «Պարերգերը հանրակրթական երկրորդ դասարանում» Կարինե Բաբուջյանի աշխատանքին սպասում էի․ տասը րոպեանոց տեսանյութը դիտել եմ ոչ միայն ամբողջությամբ-ուշադիր, այլև դադարներով-կրկնադիտումներով առանձին կտորների։ Շնորհակալ եմ։ Բաբուջով շարունակեմ կիրակնօրյա իմ պատումը։ Օրեր առաջ մեր զրույցում Կարինեն անցում կատարեց այս ուսումնական տարվա լուրջ ձեռքերում մեր նոր երաժիշտներին՝ Անի, Աննա, Մարիամ, արդեն այնքա՜ն հանրածանոթ, որ ազգանունները բաց եմ թողնում, մեր մարզիչների երիտասարդական կազմին․․․

Հետաքրիր էր Միքայել Ղազարյանի՝ նրա բնութագրումը, գոհունակություն, որպես անձնական ձեռքբերում։ Որքա՜ն կարևոր են արդեն Միքայելի կյանքում կրթահամալիրը, դրանում նաև հավաքանու և իմ ազդեցությունը․․․ Չգիտեի, չէի մտածել․․․ Հետո Հասմիկը Սիմոնյան շարունակեց այս թեման՝ ձեն-ձենի տված․․․ երբ պատրաստվում էր «Լոֆթ» ակումբ գնալու, անգլերենի մեր նորեկ Լիլիթ Հայկազունու ծննդյան օրվան․․․ Ի՜նչ լավ էր, որ սեբաստացի երիտասարդ-ընդարձակվող կազմը այսպիսի ընկերակցություն է ձևավորել, այսպիսի ընկերային հարաբերություններ․․․ Կրթահամալիրը՝ իր անցած ճանապարհով, իր այսօրով, ծնունդ է նրա հիմնադիր խմբի ընկերության․ մեզ միշտ հետաքրքիր է եղել միասին աշխատելը, ճամփորդելը, պարզապես միասին լինելը։ Այս ճանապարհով է, որ տարիների մեր աշխատանքը վերածվել է համատեղ կյանքի-ապրումի-համերաշխության։

Արուճ-Թալին-Դաշտադեմ երթուղով․․․
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Վրաց մեր գործընկերները երեկ, Գեղարվեստի հարթակում, Կլոր սեղան-հրաժեշտին, սիրուն-հուզիչ-իմաստալից, զարմանքն իրենց բուռն են արտահայտում.
— Դուք ձեզ, պարոն Աշոտ, շրջապատել եք երիտասարդ-գեղեցիկ մարդկանցով, որոնք իսկական ընկերություն են անում․․․
Իհարկե՛. ես մի շտկում-լրացում արեցի՝ սիրունը փոխարինելով հմայիչով․․․
Մեր հավաքանու յուրաքանչյուր երիտասարդ նորեկ, մանկավարժական նորարությամբ համակված, անսպառ հնարավորություններ ունի իր մասնագիտական-մարդկային տաղանդը դրսևորելու-զարգացնելու, իր շնորհքով-ճաշակով-ինքնավստահությամբ, անընդհատ, շարունակ, հմայելու ազդեցությունը զորացնելու․ դա նկատեցին-առանձնացրին և՛ երեք օրով մեզ այցելած վրաց մանկավարժները,  և՛ մեծ խումբ օտարերկրացիներ՝ աբխազ, վրացի, իռլանդացի, թուրք, ռուս, հայ․․․ ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ, Արսեն Խառատյանի միջնորդությամբ, որոնք ընդամենը մասնակցեցին մեր մեդիաուրբաթ-համերգին։

Հրազդանի կիրճով․․․ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Հասմիկ Սիմոնյանը, գիտեք, Դավիթ Բլեյանի սեղանի թենիսի մարզիչն է․ աշխատում է և՛ խմբով, Մելինեի դաստիարակի երկօրյա խմբի հետ, և՛ անհատական․․․ Ես էլ ահա, Հասմիկի հետաքրքրասիրությունը հեծանվային ճամփորդության նկատմամբ կարևորելով, դարձել եմ նրա անհատական հեծանվային պարապմունքների մարզիչը։ Երեկ  մենք երեք ժամ անցկացրինք հեծանվի վրա․ սիրելի է ինձ Հասմիկի ոգևորվածությունը հայտնաբերած հեծանվաշխարհով, Հրազդանի աջ ափից կրթահամալիրի Բանգլադեշ, Շենգավթի կամրջով, դադարներով անցումը ձախ ափ, գետին հակառակ, Ղարիբջանյան փողոցով Գետառի հայտնաբերումով, Կաշեգործների փողոցով, հին երևանցիների հետ սուրճ խմելով-զրուցելով-պայմանավորվելով, Գինու կոմբինատով-Երևանի չեղած բերդի եղած պատերի փշուրների երկարությամբ մինչև Հաղթանակի կամուրջ։  Որպես մասնագիտական զարգացում, անհրաժեշտ մոդուլ ճամփորդ-ուսուցչի, հեծանվով-ոտքով, ես հաճույքով կկանոնակարգեմ իմ հրահանգչի այսպիսի աշխատանքը․ համեցե՛ք, նախաձեռնե՛ք, անհատական կամ փոքր խմբերով․․․

Երբ ճանապարհել էի Դավթի մարզչին, սիրտս Գյումրի ուզեց  կամ Թբիլիսի, իմ աշխարհ, կորսված Երևանով թափառում․․․ Ու, ընտրելու ի՞նչ կա, ի՞նչ է մնացել, այսպես հեծանվով, ժամից ավելի, տուն առ տուն, պատշգամբ առ պատշգամբ անցա․․․ Հանրաճանաչ լինելն ինձ այս դեպքում նաև խանգարեց․․․ Ոչ մի կերպ չի հաջողվում ինքդ քեզ հետ լինել, որպես օտարական, հատկապես, որ տեսածը մեծավ մասամբ վաղը-մյուս օրը չի լինելու, որպես ավերակ-մնացորդ հավաքվելու է էքսկավատորի կովշի մեջ, ու տեղը մնալու է մի անճոռնի շինություն․․․ Չի ջնջվելու միայն իմ հիշողությունից, ու դրանից մնում-մնալու է միայն մի տխրություն, ինքնավստահության կորուստ-մտամոլոր վիճակ, մի անզորություն․․․ Չգիտեմ էլ՝ ինչու եմ լուսանկարում… Ես ապրում եմ սրանից ընդամենը մետրեր հեռու, և իմ բնակարանի անկյունից այս անհետացող աշխարհը հիմա էլ իմ առաջ է…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

#1220

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մայրամուտ էր Հրազդանի կիրճում, ու ես իր դիմաց՝ 24news-ի եթերում․․․

Ինձ Աշոտ պապիկ ասողը՝ Վահանը, այսօր դարձավ երկու տարեկան, իսկ երեկ մտքերի մեջ Քոլեջում հայտնված տիարին Ինգա—Վարդուհու 2-4 տարեկանների սրահի արևմտյան պատուհանից զի՜լ, այնպես, որ յուրաքանչյուրդ լսեք՝ Աշոտ պապի՜կ, կանչում

Իմ օրագրի տոնական էջը՝ հատուկ օրվա համար

Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: