Է՛լ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների սաների աշնանային վազքի անդրանիկ մարաթոն՝ բազմամարդ-դիտարժան, է՛լ 2-5 տարեկանների օր՝ թոնրում հացթխումով (հրեն, իմ հացն էլ Գեղարվեստում պահ տված), է՛լ բուռն փորձեր-յուրացում կրթական կասկադի վաղվա (այսօրվա) զարմանք-իրադարձություններից առաջ, է՛լ հյուրեր-ընդունելություն Լոռու մարզի ուսուցիչների, Խաչիկ գյուղից, Օհանավանից, է՛լ դաստիարակների մանկավարժական լաբորատորիա… Բոլորը սպասում են տիարին, տիարը մտքով-սրտով յուրաքանչյուր սեբաստացու հետ է, մեր Օրերի յուրաքանչյուր նախաձեռնության մասնակից… Կեցցեք, տպավորված եմ, ամենաշատը ուրախանում եմ, երբ լավ գործերը կատարվում են առանց ինձ։
Իսկ ես ու հետևողական Արմինե Թոփչյանը (նրա առաջին բաց ծով դուրս գալն է երկարատև տնային կալանքից հետո) Միջին դպրոցի հեծանվավարների մի խմբով՝ սովորողների-ուսուցիչների հետ պիտի չափենք Մայր դպրոցից Էջմիածնի խճուղով Մարգարա՝ հայ-թուրքական սահմանն ընկած հեծանվուղին… Պիտի կանգնենք այսպես դեմառդեմ Մարգարայի պատանիների, ուսուցիչների հետ՝ հայացքով դեպի մետրերի վրա, ցանցից այն կողմ հայ-թուրքական սահմանը, Մարգարայի նշանավոր կամուրջը, մեր բնական սահման Արազ-Արաքսը, հետո՝ մեջքով դեպի մեր դարավոր հարևաններն ու քսանվեց տարվա (1991թ. սեպտեմբերի 21-ից հաշված) ցանկապատը, պիտի հարցնեմ.
— Լավ, հետո ինչքա՞ն այսպես… Երբ Արաքսից այն կողմ մի մեծ աշխարհ է՝ մեր կենսական շահերի, հեռանկարի, այսօրվա չլուծվող խնդիրների լուծման ուղիներ…
Բանգլադեշ- սահմանամերձ Մարգարա ճանապարհով…
Երասխահունցիք՝ սովորող-ուսուցիչ, Մարգարայի ճամփին մեր հեծանվային ներխուժումից շվարած, ինքնաբուխ տոնի վերածեցին մեր հանդիպումը։ Այդպիսի ուրախությունը շուրջպարի-պարերգի է տրվում, չի մոռացվում… Իսկ Մարգարայի դպրոցի ընդունակ-եռանդուն, յուրահատուկ ժպիտով տնօրինուհի Արուսյակ Մուրադյանը հիացրեց իր սովորողների և ուսուցիչների հետ խելամիտ հյուրընկալությամբ… Կարոտել էինք իրար. պարեցինք-երգեցինք դպրոցի՝ թվում է Արաքսի ափ ձգվող դաշտում, համով հյուրասիրեցին, լավ քայլեցինք, եղանք իրենց նշանավոր պուրակ-կենտրոնում գյուղի, մատուռում աղոթեցինք, քայլեցինք դեպի Արաքս, Երևան-Մարգարա-Թուրքիա նշանավոր, այո, հայոց, հայաստանցիներիս համար կյանքի ճանապարհով… Ապրող ժողովուրդը չի կարող օր առաջ չանցնել այս կամրջով… Արաքսի այն ափին էլ մենք ենք՝ մեր պատմությամբ, մեր ներկա-բացակայով, մեր ապագայով, հուսամ՝ մոտակա, վաղվա… Ծավալուն խոսակցություն է. հենց դրա համար էլ այստեղ եմ՝ Մարգարայի կամրջի վրա, որ նորոգեմ այս խոսակցությունը։ Մնացածը՝ այսօր, Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» ակումբում, վաղը՝ իմ գրում, Մարգարայի, Երասխահունի ուսուցիչների սովորողների հետ մեր Բանգլադեշում…
Երասխահուն-Մարգարայում…
— Պա՛պ, քո մայրիկի ծննդյան օրը ո՞րն է…
Դավիթ Բլեյանը առավոտ շուտ, մինչև լողարանը, մազերը կտրած, ոնց որ Աշոտիկ իսկական, հասցրել է մահճակալում նորածին մայրիկին սիրել-շնորհավորել… Արմինեի երանության գրկից մի կերպ փախցրել եմ Դավթին լողարան և ուղիղ եթերին արժանի զրույցը վռազ պիտի պատմեմ…
— Իմ մայրիկը չէր կարող ծննդյան օր ունենալ, Դավի՛թ, ծննդյան տարին էլ պայմանական մի բան էր մորս համար, մեզ համար… Ի՜նչ տարիք, ի՜նչ օր ծննդյան, երբ ինքը ստեղծված էր իր ուժով մեզ ծնելու, երբ-ինքը ուժի աղբյուրն էր Բլեենց… երբ բոլորիս օր ու արևն ինքն էր բաշխում…
— Պա՛պ, մայրիկը դառնում է… տարեկան…
Ա՛յ, էդ մեկը պիտի չասեիր, այդ ճակատագրական թիվը վանիր… Այսպիսի սիրուն-ջահել-շնորհքով մայրիկ եմ քեզ պարգևել, արմանք-զարմանքն էլ ֆեյսբուքը բռնել է, տես…
Շնորհակալ եմ Արմինեին Դավթի ու ինձ հետ ստեղծած այս ընտանեկան եռանկյունու համար… Զուլում կառույց է կենսունակ…
Օհանավանի, սեբաստացի երկրագործների նվերը կրթահամալիրի հյուսիսում:
#1211