Բարի առավոտ, իմ այս գրի ընթերցող ու չընթերցող:

Թող բացվի արեգակ վրեդ,
Թող գան ցրեն քունն աչքերեդ…

Դավիթն իր հայելին ունեցավ՝ իր հասակի, իր հասակի ծորակի մոտ, ընդարձակ պատշգամբի իր տարածքում, որ ինքնուրույն կարող է գործածել ըստ հարկի… Ուռա՜… Մեծերս ապրում ենք մի աշխարհում` մեր ստեղծած կամ մեզ փոխանցած ֆիզիկակական միջավայրով, որ եթե անգամ հարմար է, ապա միայն մեծահասակներին՝ սկսած աստիճաններից, շքամուտքերի և բնակարանների դռներից, բռնակներից, մահճակալներից, աթոռ-սեղաններից, այլ կահ-կարասուց… պատուհաններից ու ծորակ-ցնցուղ-նստակոնքերից… Այդպես ենք կառուցել, մե´զ համար: Իբր միշտ երեխաների կողքին ենք, ամեն ինչ նրանց համար ենք արել, անում և անելու: Ավելին, ամեն ինչ, ինչպես Երևանում` թե՛ մեծահասակների, թե՛ մանկահասակների հաստատություններում, կառուցված է որպես առողջ ոտքերով ու ձեռքերով (յուրաքանչյուրից երկուական), լսողությամբ, տեսողությամբ, չափահաս մարդկանց ֆիզիկական աշխարհ… Որ զրկե՞նք երեխաներին ինքնուրույնությունից, որ առանց մեծերի նրանք չկարողանա՞ն: Իսկ ֆիզիկական խնդիրներ ունեցողները ավելորդ անհարմար զգան, չկարողանան առանց խնամակալների օգնությա՞ն:

Մեզանում թե՛ մանկավարժությունը, թե՛ նրա  ֆիզիկական աշխարհը կառուցված են զորանոցի նման: Զորանոցային է եղել և մնում իր խորքում, որքան էլ արտաքին շատ պսպղուն բաներ կան այսօր ու օր- օրի շատանում են: Կան սրանց մասին շատ ուսումնասիրություններ. մեր Գևորգ Հակոբյանը հաճախ է նման բաներ փնտրում համացանցում, գտնում, ուղարկում սեբաստացի ուսուցիչների էլեկտրոնային հասցեներին: Մնում է գլխավորը՝ կարդալը, յուրացնելը… Լոռեցու ձայն հնչեց. «Պարտա´դիր ա՞˜»: Այո՛, պարտադիր է: Եվ ես ձեզ առաջարկում եմ կարդալ կամ վերընթերցել Ջ. Ռոդարիի «Երևակայության քերականություն» գրքի «Երևակայությունը, ստեղծագործությունը, դպրոցը» գլուխը: Վարձատրված կզգաք, խոստանում եմ: Ես՝ գիտեք, խասյաթով մարդ եմ, ամենաառանձնահատուկ պայմանների կարիքով, բայց ես «յոլա»-ի թշնամին եմ: Շարունակ իմ միջավայրը փոխում եմ, հարմարեցնելով այն ինձ, իմ նման մարդուն: Ախր, գիտեք, առանձնահատուկ պայմանների կարիքի փոխարեն ճիշտ է գործածել անհատական կարիք, մեկս մյուսից տարբեր մարդիկ ենք բոլորս, դե, այսպես է Աստված ստեղծել մարդուն. ահա ինչու մանկավարժություն մտնելու առաջին օրվանից՝ 1978-ից, որպես Երևանի թիվ 10 դպրոցի փոխտնօրեն, 1985-ից, թիվ 183 դպրոցի տնօրեն, 1989-ից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ես ունեցել եմ իմ մանկավարժական դավանանքը, որն անփոփոխ է՝ իսկական հանրակրթությունը ներառական է: Ասել է թե՝ կրթություն բոլորի համար, որպես անհատի կրթական պատվեր, անհատական կարիքով անձանց համակեցություն կամ հասարակություն: Սա ենթադրում է ուսուցման ոչ սովորական կազմակերպում, ավելի պարզ՝ մանկավարժության և մանկավարժական մեթոդի դպրոց: Ես ինձ լավ եմ զգում այն մտքից, որ Բլեյանի դպրոցն այսօր առավել այդպիսին է, քան երբևէ: Ե´վ փոխքաղաքապետ, և´ նախարար-փոխնախարար եղած շրջանում ես դավանել-գործել եմ մեկ միասնական դպրոցի անհրաժեշտության գիտակցմամբ. իսկական կրթությունն, ինչպես կյանքը իրական, ներառական է:

Մի խեղճ ու կրակի մեկը, Թումանյանը կասեր. օխտը կորածի մինը: Երբ ես մարդուն որևէ ձևով վիրավորում եմ, իմանում են: Հոգով-սրտով ներողություն, սա այդ դեպքը չէ, պարզապես տանել չեմ կարողանում խեղճությունը, որը մեզանում թույլ չի տալիս, որ կայանա քաղաքացիական հասարակությունը: Տիկի՛ն, ասում եմ ես, իմ տեսքով, մտքով, թվում է՝ դիմացինին  լսելի, ասում եմ, արժանապատվությունդ մի՛ ոտնահարի ու ձեռիցդ բաց մի՛ թող, ցանկացած պարագայում: Չի՛ լսում: Ահա կինը մոտենում է, երկա՜ր, երկա՜ր, անվե՜րջ ներկայանում է. քստմնելի տեսարան, բայց ինձ պարզ էր ասելիքը սկզբից, ու ես միջամտում եմ: Պատի եք դեմ առել, փակուղում եք հայտնվել ու որպես ելք` հիշել մե՞զ:

Դավիթն արթնացել ու մայրիկի հետ լացով է վիճում, այնքան բարձր, որ ես չլսել, չմիջամտել իմ անկյունից՝ չեմ կարող. Դավիթն ուզում է հենց հիմա «Մաշան» նայի, իսկ մայրը քունը դեռ չի առել: Ննջարանի մեր պատուհանը նայում է երաժշտական դպրոցին: Շենքը բարձր է, որ արևելք է ծածկում: Մի աղունիկ կարծես Լիվինգստոն ճայ լինի՝ հայացքով դեպի արևը: Պայծառ օր է: Մենք Շուշանի հետ պիտի գնանք Սևանի Ծաղկունքը՝ այցելելու էկոճամբարի մասնակիցներին: Դավիթը ոչինչ չի մոռանում. «Պապա, պիտի գրես Մաշա ու youtube-ը կբերի…»: Դու կնայես, իսկ ես կգրեմ. ահա և քեզ ներառում:

Պարզապես պետք չէ խտրություն դնել երեխաների մեջ, տիկի՛ն: Պարզապես, ինչպես երեխայի առանձնահատկություններին հարմարվում և հարմարեցնում եք սովորական ընտանեկան միջավայրը, ռեժիմը՝ ստեղծելով երեխայի համար սոցիալական միջավայր, այդպես էլ պետք է պահանջել յուրաքանչյուր դպրոցից` փոխել կազմակերպումը, որ հարմար դառնա յուրաքանչյուրին, անկախ նրա առանձնահատկությունից: Դպրոցն իր կազմակերպմամբ, որպես զորանոց, վատն է և՛ կարիքով, և՛ ձեզ արտակարգ թվացող երեխայի համար: Պարզապես դուք և ձեր արտակարգ համարվող երեխան հարմարվում եք զորանոցային կազմակերպմանը, ներառվում, իսկ կարիքով ձեր երեխան խոցելի է, դիմադրում է ու դուրս մղվում, և ահա փորձում եք նրան տեղավորել մեր միջավայրում: Կներե՛ք, լսե՛ք, որքան էլ ցավալի է: Մենք ներառում ենք ընտանիքով, ովքեր ջոկողություն չեն դնում իրենց երեխաների միջև:  Դո՛ւք, հեռո՛ւ մեզանից, խեղճությո՛ւն:

Տաթև Ավետիսյանի առաջին դասարանն էլ դաշնամուր ունեցավ, հիմա հերթը Դպրոց-պարտեզի Սաթենի առաջին դասարանինն է: Սաթենը նոր է Դպրոց-պարտեզում, ընդամենը մեկ տարի կրթահամալիրում, բայց տեսեք, սկսել է աչքի ընկնել: Նրան նկատել են, նրան աջակցում են, որ լիարժեք հանդես գա արդեն փորձառու և հեղինակություն վայելող Տաթև Ավետիսյանի կողքին: Միաբանենք մեր ջանքերը, ու թող մեր բոլոր 5-6 տարեկանները, 2014-2015 ուստարում էլեկտրոնային գրատախտակի հետ ինտերնետ միջավայրում ունենան նոր հանրակրթական գործիք՝ դաշնամուր: Թող կենդանի կատարումը, համերգը գան դասարան, որտեղ հանդիսատեսն է կրթվում: Թող նվագեն ծնողը, սովորողը, ուսուցիչը: Նվագեն, երգեն, լսեն ու ծափահարեն լավ երաժշտությանը, որ դպրոցը լինի ներառական:

Դավիթը հիմա էլ դեղձ է ուզում, կլպած: Կնոջ-մոր կլպած դեղձը չի ուտվի: Ա՜յ, երբ տղամարդ-հայրիկն է դա անում, անշտապ, որպես կիրակի օրվա թիվ մեկ գործ, զմայլվում դեղձը խլշտող իր տղայով-աղջկանով (սա վարձատրությունն է մեր), և ի՞նչ: Բակունցի, Չարենցի, Թումանյանի կերտած, իմ ժամանակի հերոսը դարձած Խաչատուր Աբովյանը հայտնվում է իմ կողքին նորից: Պարզ է, հիմա ինձ համար դժվար է: Ես անձնային, կրթական տարածքից հայտնվել եմ հասարակական-քաղաքական խնդրահարույց եզրում. Ա՜խ, այս ինտերնետը…

«Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ…
Օ, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում-ոգու հոգնություն ե՛ղկ,-
Անտեսնելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ…»:

Շաբաթ օրն ինձ շամփրածն անհաղթահարելի է. մենք ապրում ենք նշանառուի նշանառության ներքո, չե՞նք տեսնում: Ես նայում եմ պատուհանից, տեսնում դիպուկահարին, որ նշան է բռնել սահմանին կանգնած իմ շրջանավարտին, իմ հարազատին, իմ թանկագին անծանոթին… Կրակիր ի՛նձ, եթե պիտի կրակես. ես դրան, իրոք, պատրաստ եմ, իսկ այսպես ապրել, որպես հացակեր, իբր՝ այդպես էլ պիտի լիներ, շաղակրատել, ես չե՛մ կարող:

Դավիթը սահմանում է մինչև ժամը իննի գործողությունների հերթականությունը.  իմ առաջարկով որոշում է «Սկզբում «Սոնա յար»-ն եմ լսում, հետո գլուխկոնծի եմ անում, հետո ճոճանակ եմ ուզում նստեմ, հետո գնում եմ լողանամ… պապա՛, հըյութ եմ ուզում, մայրիկն է դեղձի հըյութը սարքել»: Լսեցի՞ք` մայրիկը, ոչ թե հայրիկը: Մայրիկը ոչ միայն արթնացել, այլև սուրճ է խմում էլ ավելի անշտապ: Մեր գործն է, որ կինը չշտապի, չլարվի: Օրվա գիրը հենց այն տեղն է, որ պիտի ասվի. մեր գործը տղամարդիկով, վատ ենք անում, ավելի ու ավելի վատ:

Ողջ գիշեր քրտինքի հետ տարբեր «փուֆ»-եր ու «փիֆ»-եր հավաքվել են Դավթի մազերի մեջ, ձեռքերի ափերում, մաշկի ծալքերում, վիզիկի ու պուպուլիկի վրա… և Դավիթն ամեն օր առավոտյան լողանում է, որ մաքրվի սրանցից, լինի ինչպես իսկական Սասունցի Դավիթը՝ մաքուր, ուժեղ: Մնացյալը կեղծ է: Մեր ժամանակը մաքուր և ուժեղ Դավիթների սուր կարիք ունի: Բարի կիրակի է, ու ընտանեկան խաղաղության բարի վայելում, ընթերցող ու չընթերցող ազգուտակ: Ափսոս, որ Նազենի Հովհաննիսյանը չեկավ Ծաղկունք: Դե, թող քեռուն և Դավիթ եղբորը համոզի, որ ավելի կարևոր կիրակի է ունեցել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Մեր լավ բարեկամ, դասական Վահրամ Մարտիրոսյանը նոր հրապարակումով կհայտնվի՞ սեբաստացի ավագ դպրոցի հանրային թիրախներից մեկում՝ միասին կամ առանձին։ Ինքնավարության ռեժիմով ապրող կրթահամալիրի պատանի քաղաքագետները, Սամվել Թամազյանի՝ թափ հավաքող նորաստեղծ Ազատ խոսքի ակումբն իր «Քաղաքական սերունդ» նախաձեռնությամբ,

Պայծառ ու արցունքի պես ջինջ ճամփորդական օրեր

Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝

Լյառն այս վեհանիստ ու բիբլիական

Դավիթ Բլեյանը ջերմություն ունի, մարմնի վրա հայտնվել են ջրծաղիկին բնորոշ կարմիր բծերը… Բայց լավ է, որ մինչև դեկտեմբերի 12-ը կհաղթի դրան, որ չորս տարեկանում մեր հերոսը լայն հասարակությանը ներկայանա իր