Իմ ծանոթը զանգեց՝ հին ծանոթը… Այնքա՜ն հին, որ սովորույթի ուժով փնտրել էր ինձ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25), երբ երրորդ տարին է, որ իմ աշխատասենյակը կրթահամալիրի նոր Կենտրոնում է՝ Մեդիակենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց)։ Կամեցել է անակնկալի բերել… Մուտքն ազատ է, անպահակ հաստատություն. մտել է ու…
– Հետաքրքիր էր, ո՛չ դպրոցական, ո՛չ փակ, ո՛չ սովորական…
– Հայաստանյան դպրոցում տեսահսկման-ձայնագրման-հսկողության համակարգը միշտ գործել է…
– Ասեցի՝ մի քիչ ման գամ, մի տեղ քեզ կհանդիպեմ, ու… Մի դասի չափ պտտվեցի զանգի հույսով… Նայեմ՝ 55 րոպե անցավ առանց զանգ… Նոր շփոթված մեկին հարցրի… Զարմացավ, պատմեց՝ սիրալիր, շատ սիրով… Ինչ քեզնից պիտի լսեի՝ իմացա, ախպեր ջան… Տպավորված եմ. հալալ ա քեզ էլ, քո դպրոցին էլ… Էն մեծ շենքում դու հաստատ անելիք չունես… Մյուս տեղերում՝ չգիտեմ, բայց էստեղ՝ անզանգ, անտնօրեն, լավ էլ կյանք ա…
mskh.am-ի 1-ին էջին ուշադրություն դարձրեք. իսկական այլընտրանք կրթության գործի կազմակերպմանն էլ, մեծ հաշվով՝ հասարակական կյանքին էլ… Կներեք, ուրիշ Հայաստան…
Նորից գիշեր-ցերեկ խառնել եմ. օտար մարդիկ չեք, իմն եք, ի՛նչ թաքցնեմ… Արթնացել եմ 02-03-ի արանքում։ Պարտավոր եմ ու սիրով անցնում եմ mskh.am-ի առաջին էջով… «Սեբաստացի» ռադիոյի 17-րդ հաղորդումը՝ Շամիրամի թողարկմամբ (14 րոպե), քիչ էր, հիմա էլ Գեղարվեստի երկարօրյայի Դիաննա Գևորգյանիռադիոթատրոնը (3 րոպե)՝ իսկն իր պատրաստած փախլավայի նման հալվեց-գնաց, սպասված մնաց…«Սեբաստացի» TV-ում Մարինե Մնացականյանի նախագիծը, որքան էլ մեր հմայիլը (ոնց որ Մարթա+Մարգարիտ+Անի+Սրբուհի կլոն լինի) արագ խոսի, 20 րոպե տևում է… Էս էլ Վարժարանի Մարիամ Միրզոյանի 4-5 րոպե տևողությամբ հոլովակը… Տեսահամերգն էլ հո սարերի ետևում չէ՞…
Բա ես դեռ պիտի իմ օրվա գիրը հանձնեմ Սուսան Հովհաննիսյան քույրիկիս՝ գր-առիս… Իսկ գրասեղանիս վրա Լեռ Կամսարի օրագիրն է, որ նվիրել է Արամազդը հարգելի… պիտի կարդացվի, ավարտվի…
Հարգելի ընթերցողն ինձ հարցնում է՝ ի՞նչն է ամենաշատը ինձ այս շրջանում զբաղեցնում-ուրախացնում… Ջերմություն-ջեռուցումը մեր դպրոցական շենքերում… Յոթ շենք, յոթ կաթսայատուն, ջեռուցման յոթ ներքին համակարգ՝ իր 7x7x7 խնդիրներով… Ես չեմ կարողանում, երբ երեխան, աղջիկը, կինը մրսում են… Այդպիսի անտանելի զգացում ունենում եմ, երբ ինձ սպասում են, երբ ես ուշանում եմ, երբ ես խցանված եմ… Ես վազում եմ, որ հասնեմ… Ինչո՞ւ նորից Բրոդսկու մի ձևակերպում մտքիս եկավ. «Այն պահին, երբ մեղքը գցում եք ինչ—որ բանի կամ ինչ—որ մեկի վրա, դուք խափանում եք ինչ—որ բան փոխելու սեփական վճռականությունը»:
Եղա Նոր դպրոցի կաթսայատանը. շնորհակալ եմ մեր Քաջիկին, Վահրամին, օպերատիվ-ամբողջական վերանորոգվեց, երկու կաթսայի թերությունները վերացան… Ճիշտ է Քաջիկը, կաթսաներն իրանական են, թե գերմանական (Մայր դպրոցում), թե ռուսական (Դպրոց պարտեզում), թե «Եվրոստանի» (Արհեստագործականում), ամենօրյա խնամք են պահանջում, մասնագիտական շահագործում…
Դուք գիտե՞ք՝ ինչ ուրախություն այսօր ես ունեցա Արհեստագործական-քոլեջում. շենքով մեկ՝ 18-ից 20 աստիճան։ Համարձակ մտա տեխնոլոգիայի-կար ու ձևի-դիզայնի՝ Մերի Խանջյանի ընդարձակ, լուսավոր, կահավորված, հիմա ավելացնեմ՝ տաք ու լեցուն Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի 20-ի չափ աղջիկներով՝ կարճ թևերով, իրենց ուսումնական-արտադրական-ստեղծագործական գործով կլանված… Պաչիկներ, Մերի ջան, կեցցե´ս, Արտյոմ Խաչատրյան, որ կենտրոնացար, շաբաթ-կիրակին ողջ մասնագիտական ներուժն օգտագործեցիր… Հետո միասին, Էլյայի հետ 2-4 տարեկանների խմբասենյակից հանեցինք էլեկտրական սալիկները… Ավելորդ են՝ ջեռուցման գործող համակարգն ապահովում է անհրաժեշտ ջերմություն ողջ շենքով մեկ… Տրամադրությունն այլ էր ջերմոց լաբորատորիայում, Թամարի դիզայնի կենտրոնում…
Հայաստանյան հասարակությունն այնպիսի՜ թմբիրի մեջ է. այդպես, կարծեմ, Դավիթն է քնում ցերեկը մեծերի խմբում… Գիշերն այդպես չէ, շարժվում է մշտապես, կողքը պառկել չի լինում՝ խոսում է քնած, արթնանում՝ ջուր, ձու-ձու կակա (Քինդեր ձվիկ) ուզում, ցերեկվա-իրիկունվա-երեկվա վեճը, կիսատը շարունակում… Այս անգամ ազգիս պատած նիհիլիզմն այսպիսի դրսևորմամբ ինձ ներկայացավ՝ 1in am-ի օրվա լրահոսի հայաստանյան լուրերի վերնագրերով՝
Նախորդ տարի Ադրբեջանի տնտեսությունում ներդրվել է 28 մլրդ դոլար: Ռուսաստանի կառավարությունըռեցեսիա է կանխատեսում 2015թ.-ին: Պետդուման կարող է մինչև տարեվերջ վավերացնել Հայաստանի միացումը ԵՏՄ—ին: Ինչպե՞ս եք վարվելու, եթե պահանջեն ՀՀ—ն ու ԼՂՀ—ի միջև տեղակայել մաքսակետ: Պատկան մարմինները կողքից հետևում են, թե ինչպես է դոլարը ձկան պես լողում, իսկ դրամը սկում՝ գասպարավարի լող տալով: 2015-ին ՀՀ առջև ծառացած խնդիրները լուրջ են լինելու: Դրամի արժեզրկումն իշխանության անմեղսունակության քաղաքական հետևանքն է: Գազի սակագինը հնարավոր է վերանայվի: Էս «խիյարի» վրայի բիրկեքը չեն պոկում: Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անտեսանելի են: ԵՏՄ—ից դուրս գալու ի՞նչ մեխանիզմներ կան: Ջանասիրությամբ կներկայացնեմ ԵՏՄ մարտահրավերները: ԵՏՄ կազմում ի՞նչ լեզվով պիտի լինի գրագրությունը: Ի՞նչ գիշերվա մասին է խոսքը, որի մասին նշում է Սերժ Սարգսյանը: Ինձ պոլիտիկայից հարց տվեք (Սամվել Ալեքսանյան): Պայմանագրերի չհակասելը ԵՏՄ պայմանագրին ո՞վ է որոշում: Ռիսկերից ենք խոսում, մինչդեռ մենք գնում ենք ամենառիսկային գոտի: Իսկ նրանք հավատում էին դրամին: Ի՞նչ լիազորություններ է ստանում Հայաստանը: Դոլարի վաճառքի առավելագույն գինն այս պահին 465 դրամ է: Հպարտ մահացեք. ես գիտակցաբար կողմ եմ քվեարկելու ԵՏՄ պայմանագրին:
Ո՛չ մի դրական սպասում, բայց ո՛չ մի սրտանց բողոք, վիճակը փոխելու վճռականության կատարյալ բացակայություն, անգամ անհատի մակարդակով… Բոլորն ամեն ինչ գիտեն… Յուրաքանչյուրն ապրում է իր անհատական-ընտանեկան-խմբային-կորպորատիվ, վստահ եմ, բուռն կյանքով՝ հարսանիքով, ուտուշ-խմուշով, բիզնեսը՝ Երևանում, թե Մոսկվայում ընդարձակելով… Հայաստանն էլ, հասարակական կյանքն էլ, ԵՏՄ-ն էլ, ցեղասպանության 100-ամյակն էլ չեն խանգարում…
Դավթապատումը՝ ահա:
Որոշումս իրականացրի. այցելեցի Դավիթ Բլեյանի «մեծերի» խումբ ժամը 4.00-ի մոտ. Դավթի ընկերների մեծ մասն արթնացել, լվացվել, նստել տաք-լուսավոր-մաքուր-մեծ խմբասենյակում, ետճաշիկ են համ անում՝ իմ սիրած կաղամբ-գազարի աղցանն է ու իմ սիրած բրնձի փլավի հակառակը՝ հնդկաձավարինը… Դավիթը խաղաղ-անուշ քնած է. սա ինքն իրեն զարթնող չէ: Այսպիսով, շաբաթ-կիրակի հետևողականորեն չի քնում, ամբողջ օրն առույգ ոտքի վրա, Երևանով մեկ ուր ուզում ես, տար՝ պատրաստ, իսկ երկուշաբթիից ուրբաթ, ամեն օր ամենաբարեխիղճ-ինքնուրույն քնողն է պարտեզում, ոչ պակաս, քան 3 ժամ, առաջինը պառկողն ու վերջինը վեր կացողը… Լավ, Դավիթ տղա, իրիկունը կխոսենք տանը… Էս էլ խաթր արեցի Սոնա Փափազյանին, ում օբյեկտիվում ահա դու ես՝ որպես ապացույց։
Արմինեն, երևում է, աշխատել է «վրան». իրիկունը համակարգիչն անջատած, դռան մոտ սպասում է, դիմավորում, փաթաթվում՝ տան ամենասիրելի շան նման… իսկական շուն… չնայած, ես երբեք ընտանի կենդանի չեմ պահել. ինչպես հայրական, այնպես էլ իմ տանը չի եղել…
– Եկա ձեր խումբ, Դավիթ (չի թողնում ավարտեմ)…
– Խոր քուն էի մտել, հայրիկ…
Հայրիկ, համակարգիչն անջատեցի, որ Մսրա Մելիքը, Սասունցի Դավիթը, իր ձին, Ձենով Օհանը քուն մտնեն… Ես էլ գամ՝ քեզ դիմավորեմ… դու էլ չբարկանաս… Թափռտում եմ խաղալիքները, որ ինձնից հեռու փախչեն, ես ազատվեմ:
Քիչ հետո նրա սենյակ մտնել չի լինի, եկեք հավաքեք…
– Գիտիկ-միծիկ, պիծիկ-ծիծիկ,- ծիծիկներն անվերջ-սիրելի, միշտ ոգևորող…
– Պապա, տեսա՞ր, օձի պես սողում էի…
Ուժեղ, ճարպիկ շան տղա է մեր օձը…