Այս անծանոթ-օտար-սիրելի քաղաքում․․․
Վերնագիր-սկիզբն այս Լիլիթ Բլեյանի հայտնի երգից է։ Ինչքա՜ն շատ ու լավ աղջիկներ ունեմ․ Լիլիթին, Տաթևին, Շուշանին կարոտել եմ։ Շուշոն, հրես գա, բոլորիս հավաքի, դառնա ծնունդ-նոր տարի․․․ սկիզբ։
Դավիթ Բլեյանը ինքն է սկսել կախարդել ու Ձմեռ Պապու պարկից նվերներ են դուրս գալիս․․․
— Պա՜պ, ե՞րբ է Նոր Տարին գալու․․․ Ե՞րբ է Շուշոն գալու։
Նոր Տարվա գալու օրը հեշտ է հաշվարկել, ինչը ես սիրով, Դավթի հետ անում եմ, իսկ ա՜յ՝ Շուշանի գալու օրը ինքը գիտի ու Ձմեռ Պապը՝ որպես մեր ամենասպասված նվեր․․․
Ես Ձմեռ Պապից մեկ էլ ուզում եմ, ինչպես Անի Մամիկոնյանը մեր 6-րդ դասարանից, առանց պատերազմի աշխարհ․․․ Սիրիական պատերազմը ու հայ-ադրբեջանական պատերազմի ապրիլյան քառօրյան (չի տեղավորվում օրերի մեջ) ինձ մաշեցին․․․
Արմինե մայրիկը Ձմեռ պապից խնդրում է՝ Նոր տարում տանը մնա, մայրիկություն անի, էփի-թափի-դիմավորի, իսկ մանկավարժությամբ էլ զբաղվի իր հավեսին․․․ Դավիթը լուծումը գիտի, որպես ամանորյա հրաշք։
— Մայրի՜կ, ես ուզում եմ, որ Ձմեռ Պապին ինձ Նոր տարում պուճուր քույրիկ բերի։ Պարկը բացեմ, տեսնեմ` մեջը պուճուր քույրիկ է․․․
Ամանորյա ինքնաշեն խաղալիք սիլիկոնե սոսնձից, ալյումինաթղթից:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Կիրակի գիրը այսպես է գրվում-պատմվում, որպես տրամադրություն-օրվա՞ (երեկվա՞), շաբաթվա՞, ապրում․․․ Դավիթ Բլեյանի հետ հյուրասենյակի բազմոցին անշտապ, տղամարդկային թաքուն զրույցի ենք բռնված. Իջևանի, Կապանի, թե՞ Շուշվա անարատ մեղրի ներշնչանքը գործեց։ Ամեն առավոտ այսպես մեղր ենք ուտում․․․
Շուշանի ներշնչանքը գործեց, ամեն առավոտ, մինչև տանից դուրս գալը, փոքրիկ բաժիններով Դավիթը հաց ու մեղր է կուլ տալիս, անուշ է անում․․․ Իմ ականջին մեղուների բզզոց է, աչքերիս առաջ փեթակ-հավաքանիներ․․․
Մեր մանկավարժություն համերաշխ աշխատանքի, սեբաստացի մեղվի փեթակի ջանքերի արդյունք-ներկայություն ամանորյա նախագծերը-հանդեսները․․․ ու ես ճաշակում էի դրանք, որպես մեղր․․․ Ինչպես «Սուրբ Ծննդյան Պատարագի» ուսումնական նախագիծը՝ իր Նարեկով, Շարակնոցով, Ավետիսով, Նունե Մովսիսյանի, Մարինե Մկրտչյանի, մաեստրո Թոփիկյանի, Լուիզ Քեշիշյանի, Քնարիկ Ներսիսյանի, Սվետայի․․․ մեր երաժշտության կենտրոնի աղջիկների, նրանց միջոցով` հարյուրից ավելի սեբաստացիների շաբաթների չարչարանքը․․․ Ու արդյունքը՝ նորացված համերգային դահլիճը՝ իր բզզոցով-մեղրի պես ծորացող շարականով-աղոթքով․․․ Իսկական նվեր ինձ․ ես այսպես ընկալեցի, ի՞նչ շնորհակալություն, ո՞ւմ, ի՞նձ․․․ իմը անարատ-աչքովս տեսած մեղրի վայելքն էր․․․ Թե կա մեկը, որ շնորհակալ է էս վայելքի, այս անուշի համար՝ ես եմ։ Այդպես մայրս էր խեթ նայում իրեն շնորհակալություն ասողին, երբ մեր մեծ ընտանիքը մեծ-կլոր սեղանի շուրջը հավաքվում էր ուտուշի, մայրս` ոտքի վրա, ու հանկարծ, կրթություն ստացածներիցս մեկը շնորհակալություն էր հայտնում․․․
«Սուրբ Ծննդյան Պատարագի» ուսումնական նախագիծ:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Շաբաթն առանձնանում է մյուս օրերից, ինչպես կիրակին․ Ես հեծանվի վրա եմ ու անցնում եմ մեր դպրոցներով․․․ Իմացա՞ք, Արևմտյան դպրոց-պարտեզի, Գեղարվեստի բոլոր սրահներով-կաբինետներով անցա․․․ Այսպե՜ս լավ է, ոչ ոք չի խանգարում, ես այնքա՜ն բան եմ տեսնում։ Խորեն Հազարումյանի հետ հասցնում ենք ողջունել բնագիտատեխնիկական եռօրյա բաց ճամբարի մասնակիցներին։ Սա լավ վարժություն չէ՞ր Էմանուել Ագջոյանի համար` հունվարյան բնագիտատեխնիկականից առաջ։
Ողջ օրը Կենտրոնում, մեր կրթահամալիրի հիմնադիրների հայտնի խմբով մեղվի փեթակ ենք․․․ Մեղրից անուշ գործում ենք. 2017-ի հունվարը՝ իր գիտագործնականի խնդիրներով, մեզ համակել է․․․ Տիկին Աիդա Պետրոսյանի աղջիկները, որ իսկական ծաղրածուի ծառայություն գործեցին, հիացմունք-գույն-տրամադրություն փոխանցեցին այս օրերին բոլորիս․․․ Որքա՜ն ոգևորություն, անելիքներ ակտիվացրին Քոլեջի նախադպրոցականի մեկ դյուժինի չափ աղջիկները։ Անհետաձգելի գործ է։ Աիդա Պետրոսյանի սիրալիր նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում Քոլեջում՝ դեկտեմբերի 27-ին․ մտնում ենք 2017-ի հունվարի Ավագ շաբաթ։
Իսկ մեր խորհրդանիշ Բոնի ձիուն գրկած գերմանուհի ձիավարժի հետ մեր զրույցը Ագարակում ուղիղ եթերով ողջ ինտերնետը կալեկոծեր․․․
Ձմեռային շարքից…
Լուսանկարները՝ միջին դպրոցի կինո-ֆոտոգործի սովորող Վաչագան Խաչատրյանի (8-րդ դաս.)
#886