— Դավիթ Բլեյան, արի՛, արի այստեղ նստի, կողքս, հասկանանք, մեկ է, դու ես որոշելու, ինչո՞ւ ես փախչում:

– Չէ՛, ես չեմ որոշելու…
– Բա ո՞վ է որոշելու:
– Դու ես որոշելու, հայրիկ ես, որոշելու ես…

Դավիթ Բլեյանի 2015-ի կյանքում բեկում է, մեր սրտակեր մեդիահերոսը հրաժարվում է ֆոտոօբյեկտիվից, որևէ պատճաբանություն չի ընդունվում. մեջքով շուռ է գգալիս ու վերջ: Սրանով իմ Օրագիրը, բլոգը զրկվում է մի կարևոր գրավչությունից… Տեսնենք, որքա՞ն է տևելու այս կեցվածքը…

Նոր տարվա առաջին օրերին իր ավտոպարկը նորացնող-լրացնող Դավիթը հիմա էլ չի բաժանվում նոր ստացած մեքենաներից նաև գիշերը. մորաքուր Ռուզանից և Մարտիրոսյանների բարեկամ Սուսանից ստացած կարմիր մարդատար մեքենան և դպրոցական ավտոբուսը քնել են իր հետ մահճակալում, զարթնել. ու Դավթի առաջին նախադասությունը.
– Ո՞ւր են կարմիր ու դեղին մեքենաները…

Երեկ երեկոյան, ես համաձայնեցի իմ աշխատասենյակը հատկացնել որպես կայանատեղի Դավթի ավտոտնտեսության համար ու… փոշմանեցի… Հիմա իմ սենյակ մտնել չի լինում, ոնց որ Մալաթիայի շուկայի խաչմերուկը…
– Դավիթ, ախր մեկ ժամ իրար հետ կարգավորեցինք…
Դավիթը, կարծես ոչինչ չի եղել, այլ աշխարհում է…
– Ոչի՜նչ, հայրիկ, մի՛ շտապի, քաղաքում ենք, ոստիկանները կգան, կկարգավորեն խցանումը:

Վրաստանը միայն Թբիլիսին չէ, որքան էլ բացատրելի, բնական է սեբաստացիներիս հատուկ վերաբերմունքը հայոց երբեմնի մշակութային կենտրոններից մեկի, հմայիչ, գրավիչ, այսօր ևս նորոգ, հին Քուռ գետի երկու ափերով երկարաձգվող վրաց մայրաքաղաքի նկատմամբ… Վրաստանը նաև միայն Բաթումին չէ, որ հայաստանցիներիս համար էլ այսօր բանուկ-ձգող ծովափով, շեշտակի կառուցվող Բաթումով… Նույն կերպ Հայաստանը միայն Երևանը չէ` Ծաղկաձորով կամ Սևանա լճով… Ես՝ օրինակ, վերջին տարիներին ձգտել եմ լինել Վրաստանի Թելավիում, ինչպես եղա՝ շնորհիվ Գեորգի Մոմցելիձեի, Սինաղի Սիրո քաղաքում` անցնելով հայտնի Կախեթի դաշտերով… Կրթահամալիրի վրացախոսների ակումբին, նրա ղեկավար-վրացերենի ուսուցիչ Ռինա Շագինյանին ու Հռիփսիմե Առաքելյանին, Գեղարվեստի Ավագ դպրոցին եմ թողնում Կախեթի շրջանային կենտրոն Թելավիի մեդիա-արտ ուսումնասիրումը. ինչո՞ւ 2015-ի ուսումնական նախագծերի՝ քաղաքային պլեների շրջանակում չլինենք Թելավիում, թափառենք, նկարենք, երգենք, բեմադրենք… Հանրակրթական կամուրջներ գցենք Բանգլադեշ-Թելավի, ինչպես գցում ենք, չէ՞, Բանգլադեշ – Գլդանի:

Ընդամենը օրեր առաջ կարդացի, որ Ռուբեն Վարդանյանի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գործունեության շրջանակում հայ մասնագետների մի խումբ Վրաստանի Թելավի քաղաքում ուսումնասիրում է հին, փոքրիկ քաղաքի վերակառուցման-բարեկարգման փորձը… Նաև այս փորձն է պատրաստվում օգտագործել ֆոնդը Դիլիջան առողջարանային քաղաքը՝ իր հայտնի, գրավիչ բնությամբ, քաղաքաշինական հարմար, յուրահատուկ միջավայրի վերածելու համար… Խոսքը նախ և առաջ հին մեկ-երկու հարկանի փայտե, քարե անհատականության դրոշմ ունեցող տների մասին է… Եռակի ուրախացա: Նախ` Դիլիջանի, դիլիջանցիների համար: Նույն Ռուբեն Վարդանյանի կառուցած Միջազգային դպրոցի, ՀՀ ֆինանսական կենտրոն մեծ համալիրի, մի քանի  մեծ առողջարանների ծավալվող շինարարությունը հասկանալի ուրախության հետ մտավախություն է բերել՝ չփչացնե՞նք, իր դիրքով ու հնարավորություններով եզակի այս քաղաքը մեր գերակտիվ միջամտությամբ… Հետո ուրախացա Ռուբեն Վարդանյանի ու նրա հիմնած «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների»` IDeA-ի համար, մի գրագետ, հրապարակային գործող փողատեր ու մի ճիշտ, ներքևից վերև արդիական, հանրային ծրագրեր իրականացնող  հիմնադրամ… Ուրախանանում եմ  Դիլիջան քաղաքի զարգացման մոտակա հեռանկարի նկատմամբ նրբանկատ վերաբերմունքից, որում Ռուբեն Վարդանյանն սկսում է թիվ 1 դերակատարում ունենալ… Եվ վերջապես` երախտահիշատակ նկարիչ Վանիկ Շարամբեյանի համար, ում հետ բախտ եմ ունեցել մոտիկից ծանոթ լինելու 1980-ականներին, երբ ղեկավարում էի հայագիտական խորացված ուսուցման ստեղծումը Երևանում… Հիմա հերթով, բայց՝ ոչ մի գրում. վերջից սկսենք:

Նկարիչ, ծնունդով դիլիջանցի, ավաղ, վաղամեռիկ, Վանիկ Շարամբեյանին հանդիպեցի իմ` հասարակական- համալսարանական կյանքից հանրակրթության անցման (կարծում եմ, տպավորիչ, տեսանելի մուտքով) հենց առաջին շրջանում… Հայագիտական խորացված ուսուցման ավագ դասարանների գործունեության սկսումը Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, որի փոխտնօրենն էի սկսած 1979 թվից, դպրոցի նորացման, զարգացման իմ բերած ծրագրի իրականացումը ենթադրում էր և՛ հայագիտական հանրակրթության, հանրակրթական ծրագրերի քննարկում-մշակում-կազմակերպում, և´ շենքի նորոգում, վերակառուցում, ընդարձակում… Շարամբեյանին, ով Հայաստանի ժողովրդական ստեղծագործության` այն ժամանակ մեծ հեղինակություն ու համբավ վայելող թանգարանի նույնքան հայտնի հեղինակավոր տնօրենն էր, անհնար էր շրջանցել, չհանդիպել այս ճանապարհին: Նախ` նա հայտնի կամեցող, ընդառաջող, բաց, մատչելի գործիչ էր… Հետո` որպես արվեստագետ-գնահատող՝ իր իմացությամբ, ճաշակով, լայնախոհությամբ ու նրբանկատությամբ միայն խթանող դեր էր խաղում, միշտ աջակցողի, նպաստողի` անկախ առաջարկվող նախագծերում  իր մասնակցության չափի ձևի, կարգավիճակի… Չորս դրվագով փորձեմ ներկայացնել իմ ճանաչած ամենաամբողջական արվեստագետ-մշակութային գործի կազմակերպիչներից մեկին, չորս տպավորություն, որոնք ահա՝ երեսուն և ավելի տարիներ վառ են, առիթը եղավ ակտիվանում ու պատմում են…

Պլանի գլխի սև շենքը` Ժողստեղծագործության թանգարանի, այսօր էլ կա, գործում է որպես կենտրոն-թանգարան: Վանիկ Շարամբեյանի ոչ սովորական կաբինետում եմ… Այնքա՜ն առաքինի, բարյացկամ, մեծ մարդասեր, նրբանկատ… Մտնում են տարբեր մարդիկ, ժողվարպետներ հաճախ, ովքեր տարբեր կիրառական գործեր բերել են ցույց տալու, բոլորին իրենց արածը գլուխգործոցներ են թվում, մտածում են բարձր գնով վաճառել թանգարանին կամ էլ ցուցադրվել… Ահա մի 70-ն անց տատիկ բերել է աֆրիկյան թեմաներով մի ողջ տեսարան՝ գործել–դրվագել–տիկնիկներ է սարքել՝ կապիկներ, նեգրեր, էկզոտիկ բնություն, էկզոտիկ մարդիկ… Ի՞նչ է ասելու Շարամբեյանը: Շարամբեյանը ժամից ավելի պատմել տվեց տարեց կնոջն իր ծննդավայրի, իր հայրական տան, իր տեսածի մասին… Հետո խնդրեց, որ ժողվարպետ կինն իր տեսածը դրվագի, ներկայացնի բերի, անպայման կվերցնի…

Պատմում եմ Վանիկին իմ դպրոցի ընդարձկման-ընդլայնման ծրագրերի մասին… Ո՜նց է լսում, ոգևորվում… Ասում է.
– Ես փողատեր չեմ, իմ պաշտոնն էլ շինարարությանդ չի օգնի, բայց ես լավ քարտաշ եմ, Աշոտ ջան…  Հենց շինարարությունդ սկսի, ինձ կանչի (կամարով արվեստանոցներ կային նախատեսած) գամ, արվեստանոցների պատերը շարեմ…

Բարի էր, շատ բարի, կամեցող… Մի անգամ անկեղծացավ.
– Աշոտ ջան, իմ տված օգուտն ի՞նչ է մեր երկրին, ա՜յ, հնար լիներ` իմ սիրտը մասերի բաժանեին… Մի մաս դնեին Լավրիկի մեջ (Լավրենտի Բարսեղյան, մշակութային-թանգարանային գործի հայտնի կազմակերպիչ), մի մաս` Հենրիկի  (Հենրիկ Իգիթյան,  մանկական գեղագիտական կենտրոնի տնօրեն, Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստաբան)…- էլի մի քանի անուններ տվեց, հիմա չտամ,- բարիանային… ինչքա՜ն կշահեր նրանց կազմակերպչական տաղանդից հանրապետությունը… եթե մի քիչ չարությունը պակասեր…

Մի պատմություն էլ կանեմ, եվրոպացիների բարեկրթության մասին, երկար է, ուրիշ առիթով…

Օրերից մի օր, երբ ինձ ավելի ճանաչեց, հենց դիլիջանյան շրջայցից հետո ասաց.
– Աշոտ ջան, հենց որոշես կրթությամբ, մշակույթով չզբաղվես, փող աշխատես, հարստանաս… իմ Դիլիջանի տներն անտեր չթողնես…

Դիլիջանը, նրա հայտնի փողոցը,  ինձ համար նախ և առաջ Վանիկ Շարամբեյանի Դիլիջանն է, ում նախաձեռնությամբ և ում անձնային` մարդու կյանք դարձած ջանքերով վերականգնված-պահպանված-վերակառուցված թողամասում ես առիթը բաց չեմ թողնում իմ սեբաստացի ընկերների հետ թափառելու, որի հրապարակում մեր համերգ-ցուցադրությունը, վստահ եմ, 2015-ին կկայանա… Ահա ինչու, ես, շարունակելով զբաղվել կրթությամբ-մշակույթով (մեր մանկավարժության մեջ կրթություն և մշակույթ բառերը հոմանիշներ են), նոր դիլիջանյան ժամանակի մասին ( հուսանք, աղոթենք ու մասնակիցը դառնանք) ես պատմեցի Նոր տարվա երրորդ օրը…

«Հույսով ուրախացեք, բարին խորհեցեք, համերաշխ եղեք, միմյանց հետ խաղաղություն պահեցեք», այսպե՛ս Նոր տարի բերենք, 2015-ը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարտին հայտնվում է ձնծաղիկը, ու ծնվում է, ջա՜ն, Տաթևիկը

Իմ օրվա գիրը՝ օրագիրը, օրվա մասին թվով վեցհարյուրիններորդ անընդհատ իմ գիրը-պատումը, օրվա իմ ապրածը՝ որպես պահին ասված խոսք, որ գործողություն դարձավ կամ կդառնա… որտե՞ղ թողեցի խոսքս երեկ ու հիմա ի՞նչ եմ

Աշխարհի ամենամահացու թույնը…

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում

Ամոնաշվիլու նախանձը շարժող…

Երբ բոլորը քնած են… Գեղարվեստի նախակրթարանի չքնածների մասին դաստիարակ Տաթև Աթոյանի բլոգում ներկայացված տեսանյութի դիտումով եմ սկսում իմ օրը, իմ 464-րդ գիրը… Հետո ի՞նչ պիտի արվի այս նյութի հետ, ինչպես