Ես մտածում եմ սահմանափակել Դավթապատման ծավալն օրագրում, բայց ջուրն իր ճամփան գտնում է… Առատ գալիս է ու գալիս. թող գա, աղբյուրի պակաս ունի մեր իրականությունը, դրա ծնունդն է իմ այս բլոգապատումն էլ…
Առտու 6.30-7.00-ի արանքում ես զբաղված եմ բնակարանով մեկ փռված փոքր մեքենաների համար մի հարմար կայանատեղի գտնելու խնդրով. կարմիր գծերը մեզ էլ չեն օգնում… Գտա դանակ-պատառաքաղների մի մեծ տուփ. տեսնես Դավիթը կհավանի՞…
– Քինդեր-ձվիկ եմ ուզու՜մ,- Դավթի գոռոց-ձայնն է, ավելի ու ավելի բարձր, նույն պահանջ-սպառնալիքը… Չմոտենալ չի լինի. Արմինեն քնած է, թե ձևանում է… Հանկարծ արձագանգում է.
– Քնի մեջ է խոսում Դավիթը, կանցնի…
Բայց չի անցնում… դու ես քնի մեջ խոսում…
Երեկ ուշ երեկոյան ավագ քույրիկիս տանից գալիս «պատահմամբ» անցնում էինք կրպակի մոտով և նորից այս ձվիկի հարցը կանգնեց… Հիմա փող չունենք… Ու Դավիթը շարունակեց.
– Վաղը մայրիկն ապարատից փող կհանի, 2 հատ կառնեք…
Հիմա կարծես վաղը եկել է…
– Դավիթ, վաղը գալիս է, բայց միանգամից չի գալիս,- խոսում եմ ես՝ հարմար տեղավորվելով մահճակալին, Դավթի կողքին,- պիտի մութը ցրվի, լույսը գա, մարդիկ արթնանան, տես, մայրիկը քնած է, աշխատողները քնած են, վարորդներն էլ են քնած, ու մետրոյի գնացքները… Վահրամն էլ… Դեռ արևը պիտի գա…
– «Արև-արևն» եմ ուզում լսեմ, հիմա… տար ինձ ժամանակը ցույց տուր մեծ ժամացույցով…
Ու ես, ժամն առտու 6.00-ին, մեծ ու փոքր սլաքով ժամանակն եմ ցույց տալիս… Էս «Google»-ի որոնումին էլ որ նայենք «Արև-արև դուրս արի»-ն ու «Արև-արև եկ, եկ»-ը միայն սեբաստացիներն են երգում… Մի կուշտ լսում է՝ 3-4 անգամ…
Հետո սկսում ենք փոքր մեքենաների՝ իմ գտած կայանատեղին կառուցել. կայանատեղիում հավաքվում են բնակարանով մեկ որպես մկնիկներ վխտացող՝ Դավթի մի քանի տասնյակ փոքր մեքենաները… Այս գործը Դավթին ոգևորեց, ու արև-արևը մոռացավ…
– Հիմա գնանք լողարան, հայրիկ. ուզում եմ չրմփամ, դու տեսնես…
Ժամը 7.30 է…
Դավիթ ունենալն ու ամենօրյա բլոգապատում երաշխավորելը պահանջում են, որ արթնանամ առտու ժամը 04.00-ին. քոնն են, գոնե առայժմ, այս երկու ժամերը, որ ընկած են 04.00-ի և 06.00-ի արանքում… Գրիր, կարդա, խոսիր… Քնած է աշխարհը, Դավիթը, Արմինեն…
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ:
Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը:
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա:
Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
ժըպտում է աստված:
Բայց ես վաղ էի ուրախացել… Իրիկունը, երբ Մեդիայից տուն եմ մտնում, Դավիթը համակարգչի առաջ մուլտ է նայում, իսկ բնակարանով մեկ վխտում են իմ ծանոթ, մեր ընտանիքի անդամ դառած մկնիկները… Դավիթը ջախջախել է կայանատեղին…
– Դավիթ (ջան ասելս չի գալիս), էս ի՞նչ ես արել:
– Շպրտել եմ. լա՜վ եմ շպրտել, հայրիկ:
Գիտեք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով պատրաստվում ենք 2014-ի դեկտեմբերի 16-ի «Կրթահամալիրի գեղարվեստը. գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրություն-ուսումնական նախագծերի տոնավաճառին՝ համատեղ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հետ՝ որպես կրթահամալիրի հիմնադրման հոբելյանական 25-րդ տարվա ամանորի ամփոփման ակորդներ՝ ամանորի նվերների փոխանակում: Գաղափարը՝ մեզնից, սովորողների ուսուցիչների անհատական, խմբային, հավաքական հեղինակային կրթական նախագծերի ներկայացման տեսքով, հանրային աջակցությունը՝ բարեգործական հիմնադրամներից, անհատ բարերարներից, սրտից, կամեցողությունից, հեղինակային կրթական ծրագրերի մեր պատվիրատուներից ու գործընկերներից… Սա կրթական նախագծերի անդրանիկ տոնավաճառն է, որի հաջողությունը կապահովի նրա ամենամյա լինելը: Մենք՝ սեբաստացի սովորող և ուսուցիչ, մեր շնորհն ենք բերում ձեզ՝ որպես տոնական ուրախություն, համերգ, պարատուն, ցուցադրություն… Ինձ խնդրել են մեկնարկի խոսք գրել: Այսպիսի խոստում կատարել եմ 2012-ին՝ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ստեղծման առիթով: Խոսքս ազդեցություն ունեցավ. շնորհակալ եմ: Կրթահամալիրի գործունեության մեջ հիմնադրամի մասնկացության մասին կարդացեք, խնդրեմ, հիմնադրամի կայքէջում, իմ բլոգում:
Մենք 1988-ին բացված հայաստանյան հասարակության ծնունդ ենք, և կրթահամալիր ստեղծած թիվ 183 դպրոցի ուսուցիչներով տեսանելի մասնակցել ենք հայաստանյան փակ հասարակության բացմանը: Մեր 25 տարվա մոբիլ ու ստեղծական՝ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման ամենադժվար պահերին ապավինել ենք հասարակական առաջադիմությանը՝ դիմել ու ստացել եք նրա աջակցությունը:
Որպես կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ կարող եմ արձանագրել 25 տարվա գլխավոր արդյունքը՝ կրթական ամբողջական ներդրումային միջավայր՝ անհատի, խմբի, հավաքանու՝ ամենախիզախ կրթական նախագծերի իրագործման համար: Համեցեք: Մենք պարգև չենք ուզում մեր 25-ամյա համերաշխ-անդադրում-ստեղծական աշխատանքի համար, որքան էլ, թվում է, դրա իրավունքը ձեռք ենք բերել։ Ներկայացվող նախագծերով մենք ամփոփում ենք մեր գործունեության մի փուլ ու սկսում նորը՝ 2015-ը, հանրայնացնում այն՝ ապավինելով ձեր դրամական աջակցությանը: Ահա ինչու՝ մենք ներկայացնում ենք տասնյակ կոնկրետ նախագծեր: Անաչառ եղեք դրանք գնահատելիս և շռայլ՝ դրանց իրագործումը խրախուսելիս… Ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուրի ներկայացրած նախագծի հաջողությունը, հաշվետվությունների ներկայացման բարեխղճությունը: Կրթական նախագծերի տոնավաճառը կմեկնարկի դեկտեմբերի 16-ին և կշարունակվի…. մինչև դրանցից յուրաքանչյուրի իրագործումը կամ դրանից հրաժարումը։ 2015-ի հունվարին և հունիսին՝ հանրակրթական ամենամյա ստուգատեսների ժամանակ, մայիսին և սեպտեմբերին՝ ամենամյա ստեղծագործական հավաքների ժամանակ, մենք կներկայացնենք այդ նախագծերի արդյունքներն ու հետագա զարգացումները, և ամեն օր դուք կարող եք հետևել դրանց իրականացմանը mskh.am-ում, սովորողների և ուսուցիչների բլոգներում: Եղեք ներդրող, բարեգործ, գործընկեր տոնավաճառում առաջարկվող կրթական նախագծերին. եղեք կրթահամալիրի 2015-ի Ձմեռ Պապը:
Արա Թարզյանի արվեստանոցում ոգևորությունը չի պակասում. տեսեք։
ԶԼՄ-ներում փնտրում էի, ինչպես խոստացել եմ, հայաստանյան և այլոց կյանքի իրադարձություն-լուրերը՝ իմ պատումի մեջ տեղավորելու համար։
Իոսիֆ Բրոդսկին իմ կայուն գրական-մարդկային հետաքրքրությունների շրջանակում է միշտ եղել ու կա: 168.am-ի այս վերնագիրը՝ «Դժվար թե այդ որոշումը դուր գա հրեշտակներին, բայց միանշանակ այն հարված կհասցնի չարքերին, իսկ այս պահին դա ամենակարևորն է», օրագրի իմ ընթերցողին կարո՞ղ է գերել՝ կարդալու համար սա, որ ես առանձնացրել եմ որպես օրվա իմ գրի արտա-Հայաստան։
Օրվա հերոսները Հայաստանի, Երևանի այս մեկ-երկու տասնյակ «փողոցում» (լուսանցքում) պայքարող-ապրողմարդիկ են: Բորիս Նավասարդյանի 1ին.am-ի նյութի՝ «Անխոհեմություն է գնալ ու ակնհայտ խորտակվող նավը նստել» վերնագիրն էլ կարդաք, քիչ չէ. այս Եվրասիական տնտեսական միության ճանապարհը թունել տանող է, որից սաղ-սալամաթ դուրս գալն առաջիկայի մեր կյանքն է… Վատ չստացվեց. «Կյանքը Եվրասիական տնտեսական միություն կոչվող թունելում»…
Իսկ մեր իրականությանը միայն սև ակնոցով նայողներին առաջարկում եմ երբեմն-երբեմն դա հանել՝ տեսնելու համար երեկ-այսօր Խանջյան փողոցի աջ ու ձախ մայթերին հայտնված գրավիչ-մեծ աղբամանները… Սրանք կդիմանա՞ն ծխախոտի չմարած մնացորդներից առաջացող (դիտմամբ-պատահմամբ՝ ով որոշի) բռնկումներին… Սրանց փոքրերը չդիմացան ու 2-3 տարում, տեսեք, անհետացան քաղաքի մայթերից… Միևնույն է, կենցաղային աղբը պիտի շենքերից ու շենքերի բակերից, թաղերից, ինչպես նաև բոլոր կազմակերպություններից (դպրոցների-մանկապարտեզների բակերից նախ և առաջ, ինչպես կրթահամալիրում) դուրս գա գլխավոր փողոցներ…
Միևնույն է, հանրակրթությունը պիտի կարող դարձնի սովորողին չզզվելու աղբից, այլ այն ճիշտ փաթեթավորելու՝ փրկելու համար մեզնից ու աղբանոցներից երկրորդական հումքը. հումքի թափոնը հումք է, հարստություն իրական: Չունի արդարացում, որ այսքան սահմանափակ ռեսուրսներով, ասել է թե՝ անպաշտպան մեր հայրենիքի հետ այսքա՜ն անխնա ենք վարվում, թշնամության հասնող աստիճանի…
Կյանք փոխող կրթության և կրթությունը կյանքով փոխելու մանկավարժության մասին է իմ օրագիրը: