Դավիթ Բլեյանն այսօր սկզբից մինչև վերջ խաղալով արտասանում է «Արև, արև, եկ, եկ» և «Արև, արև, արի դուս» իր սիրելի երգերը։ Մեր երգերի տեքստերը մյուս առավելությոնն են նրանց, և ճիշտ է, որ որպես տեքստ էլ յուրացվեն, արժևորվեն։ Հետո, երբ բացահայտվում է, որ ես ու Արմինեն լսում-ուրախանում ենք, դրանով միջամտում-ընդհատում Դավթի  ինքնաբուխ (սպոնտան) լեզվագործունեությունը, նա ելքը, ինչպես միշտ, գտնում է.

– Արևը հաղթեց ապուշներին, շողքը գցեց գժերին։
Ես փորձում եմ շրջանցել մեր ստեղծած փակուղին, հատկապես որ Դավիթն արտասանում է՝ խաղալով մեքենաներով, դրանց մեջ, իհարկե, այս օրերին անբաժան մոմ-մեքենաների չբացված տուփը…
– Լիլիթ քույրիկի նվերն է այս տուփը, կորցրել էինք, գտե՞լ ես, Դավիթ, ուրախացա… Մենք այն բացելու ենք դեկտեմբերին՝ քո ծննդյան օրը…
– Արի, արի, սիրուն-ապուշ դեկտեմբեր…

Բնակարանում տեսա-ձայնագրման թաքուն-մշտական հնարավորությունն ինձ ոգևորեց… Երեկվա մեր ակումբ-հավաքում էլ, դրանից հետո էլ նիրվանա-վիճակում էի՝ խաղաղված-ինքնաբավ, անշտապ… Այդ երկու ժամն ինձ համար թերապևտիկ ազդեցություն ունի, ուղիղ ներգործող պրոցեդուրա է… Իմ աչքը, իհարկե, մնաց Դիանա Գևորգյանի թխած փախլավայի չկերած կտորների վրա։ Հիմա, երբ «Չանախի» կաթ եմ խմում, դրա պակասությունը ո՜նց եմ զգում։ Հանաք բան չէ լավ փախլավա պատրաստելը… Կեցցես, Դիանա, փախլավա աղջիկ։

Վերադարձին երեքով էինք՝ Տաթև Բլեյանի և Սոնա Փափազյանի հետ. Սոնայով, գիտեմ, Տաթևն էլ, Արմինեն էլ, ես էլ… ալամ աշխարհն էլ հիացած ենք։ Լավ առիթ է՝ մեքենայում Սոնային խոսեցնելու, նրա մասին ավելի շատ իմանալու… Այս մեծ, միլիոնանոց քաղաքը կարծես բռումս հավաքվեր. Սոնան մեր Կարապետ Սիմիդյանի հարևանն է, 1947թ. ներգաղթած հունահայերի ընտանիքից, ում նշանավոր պապի ցանկությամբ բոլորը դարձել-գործել են երաժիշտներ… Սոնայի համար պարտական ենք նշանավոր Սիմիդ-Հակոբենց մի ուրիշ հարևանի՝ մեր Անահիտ Բեկյան հմայիլին… Ինչքա՜ն մեկը մեկից տարբեր, ու բոլորն էլ հետաքրքիր-հմայիչ-նվիրված աղջիկներ ունենք կրթահամալիրում։ Մի կողմից, որպես մեծ տան հայր, իհարկե, «ես հարուստ եմ, ես՝ բախտավոր»… Մյուս կողմից, Դավիթ ջան, ապուշը միայն դեկտեմբեր չէ, տարվա բոլոր ամիսներն էլ ապուշ են… Սրանց պիտի փախցնեին, խլխլեին, ակումբային հավաքի ողջ ընթացքում հերթապահեին… Լավ, էս մեր տղերքն ի՞նչ եղան. եթե նրանց ուշն ու միտքը էսպիսի աղջիկները չեն, բա, տիար Գևորգ Հակոբյան, ախպեր ջան, մեր մանկավարժությունը մեղքի իր բաժինը չունի՞… Արմատներն իմ ասածի, մեր տեսածի, մեզ տանջող ցավի, շա՜տ խորն են, նշանակությամբ՝ շատ կենսական…

Լավ է, որ կարողանում ենք ու շարունակում ենք թափառել ընկերներով կրթահամալիրի մեր Բանգլադեշում, որ հետևողական վերածում ենք պարտեզի։ Տեսեք՝ Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվն ինչ աշուն է գրանցել՝ այս անգամ Դպրոց-պարտեզում։

– Տես՝ եկեղեցին ոնց որ կենգուրու լինի, հայրիկ,- թռցնում է բերնից Դավիթ Բլեյանը, երբ նրան գրկած՝ մեր տանը իմ աշխատանքային անկյան պատուհանից նայում ենք Խանջյան փողոցին, Դավթին հարազատ դարձած դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ձգվող անցումին… Ես մի քանի անգամ հետո առանց Դավթի մոտենում եմ պատուհանին… Կենգուրո՞ւ… Ինչո՞ւ… Ինչո՞վ…

Դավիթն այդպես էլ չի հավաքում հյուրասենյակի փոքր գրասեղանին ու գետնին թափված նռան հատիկները.
– Ես չեմ թափել, հայրիկ, մայրիկն է թափել, թող մայրիկն էլ հավաքի…
– Քո սենյակում էլ դու ես շաղ տվել գրքեր-թղթեր-խաղերը. ո՞վ պիտի հավաքի, Դավիթ։
– Դու, հայրիկ, ես թափել եմ, դու էլ հավաքի…
Ես լռվում եմ… Քայլն իմն է, ժամացույցն էլ կարծես միացրած լինի։
Այս նույն Դավիթը քիչ հետո հաճույքով, առանց իմ ու քո անելու, լվացքը խցկում է լվացքի մեքենան՝ շրխկոցով, դրան ուղեկցող ձայնով-լույսով փակի, կոճակների հետ խաղա…

– Մայրիկ, ես վաղը շուտ եմ արթնանալու, լողավազանում լողանալու եմ, սիրուն շորեր եմ հագնելու, թողնելու եմ, որ մազերս էն փչիկներով չորացնես…
Ու մեկ էլ.
– Մայրիկ, քո ծիծիկները լափեմ…
Մեր խուլիգանը քնեց իր անկողնում. երկար ժամանակ այսպիսի զիջում չէր արել.
– Հայրիկ, արի պառկի իմ դիմաց, միասին հեքիաթ պատմենք։
Մենք ընտրում ենք «Երկինքը փուլ է գալիս», ու մթության մեջ հայր ու տղա հեքիաթը բերաններիս հանգչում ենք…

Ժամը հինգն է առտու. սկսեց ուժեղանալ ձայնեղ դառնալ անձրևը… Աշունն այս երկարեց, ու անձրևը հորդառատ տեղին է։
Ես ուզում եմ, արձրևի ազդեցությունն է երևի, շարունակել երաժշտական կրթության՝ կրթության մեջ, կրթահամալիրում երաժշտության նշանակության ու տեղի, լուսանկարչության՝ դաստիարակի-ուսուցչի ու սովորողի ձեռքին ֆոտոօբյեկտիվի բացառիկ կարևորության մասին…

Երաժշտությունը և ֆոտոօբյեկտիվը Դավթի դաստիարակ Կարինե Խառատյանի ձեռքում, տեսեք, ի՜նչ շոշափելի է դարձնում մեր մանկավարժությունը, ինչպես է այն «լսվում» մեր տանը։ Դավիթը Սոնայի հետ, իսկ վերջերս՝ նաև մենակ, խաղի մեջ, հեծանիվի վրա մեր մանկական երգերն է հնչեցնում… Տեսեք՝ իմ բլոգապատումը երեկվա որքա՜ն կենդանի է շնորհիվ Կարինե Խառատյանի ֆոտոօբյեկտիվի և երաժշտական խաղերի… Հո մենակ Դավի՞թը չէ. վստահ եմ՝ այսպես շռայլ բաժանում-բաշխում է իր բոլոր քսանվեց սաներին… Ի՜նչ երջանկություն է մեր՝ ծնողներիս կյանքում, մեր ընտանիքներում այսպիսի խմբի, պարտեզի, այսպիսի կրթական պարտեզի գոյությունը… Ես անաչառ եմ որպես հայր, հաստատակամ. ինձ համար գլխավորը դաստիարակի-օգնականի, երաժշտության դաստիարակի բարյացակամությունն է մշտական, մարդու բնույթ դարձած խաղաղվածությունը, մարզական-խաղային լինելը… Երաժշտական ճաշակը ու կոնկրետ երեխային իր սպոնտան դրսևորումների մեջ տեսնելու կարողությունը… Ֆոտոօբյեկտիվը դաստիարակի ձեռքում… Դա պիտի միշտ դաստիարակի հետ լինի, միշտ պատրաստ չխկացնելու, առանց խանգարելու դաստիարակին իր բնականոն գործունեության մեջ։ Դաստիարակի բլոգը երեխայի, ծնողի կյանքում… Լսեցի՞ք ինձ, մեր նախակրթարանների սիրելի ղեկավարներ, «Պարտեզի» խմբագիր Աիդա Պետրոսյան, «Դպիրի» խմբագիր Սուսան Մարկոսյան, վերնագիր եմ ասել, է… «Դաստիարակի (դասվարի) բլոգը երեխայի ծնողի կյանքում կամ երեխայի ընտանիքում»…

Կրթահամալիրում պրոֆեսիոնալ, իրարից տարբեր երեք հետաքրքիր ֆոտոնկարիչ է աշխատում… Սուսան Ամուջանյանը, Անի Սարգսյանը, Մարինե Մկրտչյանը իրենց ներկայությամբ ամենալավն են ցուցադրում այն կարևորություն-նշանակությունը, որ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությամբ տրվում է ֆոտոօբյեկտիվին՝ սկսած երկու տարեկան երեխայի ինքնակրթության խմբից, վերջացած… Չի վերջանում…
«Ֆոտոխցիկը հանրակրթական գործիք». լավ ուսումնասիրություն պահանջող հաջորդ թեման է, իմ առաջարկած առաջին թեմայի հետևողական շարունակումը…
Սուսանը, Մարինեն, Անին՝ իրենց ֆոտո ակումբներով ու ընտրությամբ խմբերով, իրենց սեմինարներով ու իրենց մշտական մասնագիտական աշխատանքային ներկայությամբ միջավայր ու անհատական խմբային ուսուցման հնարավորություն են ապահովում թվային աշխարհում գործող մեր մանկավարժական աշխատողի համար… «Չանախի» այս սառը կաթը ու սև շոկոլադը, որ հաճույքով-անշտապ ճաշակում եմ, վկա… Ծրագրում այս խոսակցությունը իր զարգացումը կունենա… Օգնեք ինձ, խնդրում եմ:

Երեկ ես մեկ ժամ անցկացրի Հիմնական դպրոցի նախակրթարանում, շրջեցի որպես մանկական հեծանվահրապարակ գործող առաջին հարկով, եղա երեք խմբերում ու նրանց բակերում… Առաջին հարկն իրոք կենդանացավ ու Սեբաստացի-պապիկը՝ իր մշտական հսկումով, տեղում է… Ի՜նչ էլ զվարթ տեսք ունի։ Տեսեք՝Մելքոնյան Տաթևի բակը ինչից ինչ դարձավ, ու Սմբատյան Գոհարի խմբասենյակը ինչ «կռասավեց ա»…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։ Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։ Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,

Է՛լ բեթարի ու չհիշվող առաջինի մասին է իմ գիրը

Ես ուզում էի շոգին հեծանիվ քշել. ես շատ էի ուզում երեկվա շատ շոգին հեծանիվ նստել՝ ես միայն դա էի ուզում… Հեծանիվն ազատություն է, ու ես ինքս իմ հեծանվի հետ դուրս

Ստեղծագործ խոսք ու Կենդանի գործողություն

Սա այն է, ինչ ապրիլ-մայիսին, հրապարակավ, բոլորիս աչքի առաջ, մեր յուրաքանչյուրի ակտիվ-պասիվ մասնակցությամբ ցուցադրում է բոլորինս դարձած Նիկոլը։ Թե երկու բառով ասենք՝ Նիկո՛լ ջան, կենա՜ցդ, մեկ բառով՝ շշմելո՜ւ է, ավելի