— Հայրիկ, իմացի, քնելու եմ, արթնանամ, առավոտը գա, լողանամ-սրբվեմ, սիրուն շորեր հագնեմ, գնամ Բ-4-ի պարտեզ, մեծերի խումբ… Իմացա՞ք,- Դավիթ Բլեյանը երեկոյան հրապարակում է իր ողջ ծրագիրը։
– Իմացա, Դավի՛թ տղա, ուրախացա, ես ի՞նչ պիտի անեմ:
– Պիտի ինձ օգնես, չգիտե՞ս: Հայրիկ, սրանք իմ դրսի կոշիկներն են, սրանք, որ հագիս են, տան կոշիկներն են, սա դրսի շալվա՞ր է, դու ո՞նց ես ասում սրան…
– Տաբատ:
– Սա իմ տանը հագնելու տաբատն է…
– Պապա, գրկի, մոտիկից տեսնեմ՝ ժամը քանիսն է…
– Մայրիկ, ինձ Դավիթ Բլեյան մի՛ կանչեք, Սեբաստացի էլ մի կանչեք, Սասունցի էլ չեմ ուզում, մենակ ասեք՝ Դավիթ: Դավիթ ասեք, լսեցի՞ք:
– Հայրիկ, ես ուզում եմ՝ երկուսով «Սասունցի Դավիթը» կարդանք, հետո ես «Սասունցի Դավթի» մուլտիկը նայեմ…
Կարդում ենք, հետո 10 րոպեով նայելու իրավունքից է օգտվում… Արմինեն՝ տարված «Սեբաստացի» ռադիոյով, ես՝ իմ գրասեղանի առաջ հայ-վրացական-ադրբեջանական «Թեքալի» նախագծի այս տարվա նյութերն եմ կարդում, Դավիթն առիթից օգտվել, մի մուլտից մյուսին է անցել:
– Դավիթ, – ասում եմ,- բա պայմա՞նը, բա 10 րոպե՞ն…
– Հայրիկ, ուզում եմ՝ կապիկներին ուղարկես քնելու, որ ես ազատվեմ սրանցից…
Ժամուկես տևեց Դավթի՝ Արմինեին քնեցնելը։ Ես հյուրասենյակում համակարգչի առաջ եմ ու ականջի ծայրով, բայց պարզ լսում եմ Դավթի մենախոսությունը՝ պատմում է ու պատմում. ի՜նչ մայրենի է, ու ինչ առույգություն… Գնամ տեսնեմ՝ Արմինեն հանգել-քնել է, Դավիթը, նստած իր անկողնում, պատմում է՝ շուրջը բազում սիրելի գրքեր ու մեքենաներ… Ինձ էր սպասում մեր անքունը.
-Արի, հայրիկ, միասին «Պոչատ աղվեսը» կարդանք, հիշո՞ւմ ես…
Իրոք, երբ ե՞նք վերջին անգամ պոչատի պատմությունը միասին խաղացել… Ու Դավիթը վարպետորեն խառնեց պոչատի ու ծտի հեքիաթները… Ես էլ դիմացա մեկ ժամի չափ… Ու արթնացա գիշերը 04.00-ին. ահա, գրում եմ…
Արտեմ Խաչատրյանին, ով նոյեմբեր ամսին նկատելի ջանքեր է գործադրում Քոլեջ-արհեստագործականի բակը բարեկարգելու-ընդարձակելու, գարնան կանաչապատման աշխատանքներին պատրաստ վիճակ ապահովելու, նոր, ավելի խելամիտ մուտք ունենալու. մեր երեկվա հայտնի այց-շրջագայությունը մեր սեփական աչքերով տեսնելու, ոտքերով անելիքը տնտղելու համար էր… ինչպիսի՜ աշուն էր Արհեստների ավագ դպրոց քոլեջում. տեսեք: Դեռ մի տերև էլ «պոչիկներին» ընկավ…
Ընդառաջ գնամ Արտեմին իմ օրագրում ու քաղաքական դարձնեմ իմ պատումը: Սկսեմ երեկվա իմ անտառային ծրագրային այցից Սպիտակ: Ի՞նչը կարող էր ինձ բազմազբաղ այս շրջանում կտրել բերել Լոռի՝ մի ամբողջ օրով։ Մաքուր քաղաքական, հեռահար նպատակադրությամբ այց էր, Արտյոմ ջան: Առանց Ռոբին Հուդերի ի՞նչ ազատություն, ի՞նչ ազատ հայրենիք, ո՞վ նվաճի այն… Ռոբինները ծնունդ են անտառի… Հայտնի բան է, որ մեր անտառային ծածկույթի ներկա ծավալն ու որակը չի ծնի ռոբինհուդեր. նոր որակի անտառներ են պետք… Եվ ահա, ես աջակցում եմ Բնության համաշխարհային հիմնադրամին այս գործում. սկսել ենք անանտառ Սպիտակից: Այս տեսության հայտնի մասնագետը, իհարկե, Գրիգոր Խաչատրյանն է. ինձ նման գործիչները, տես, տարածում-կիրառում են «Անուն բարձր ու վսեմի» կոնցեպտը…
Հիմա գանք, եղբայր, իմ օրագրի քաղաքական ընդհատված պատումին։ 1992-ի սկզբին դեմ հանդիման իրար՝ իրենց անկախ պետականությունը նվաճած Հայաստանի և Ադրբեջանի դրկից հանրապետությունները, խորհրդային երկրի վերջին շրջանի ծնունդ Ղարաբաղյան հակամարտությամբ… Առաջացա՞վ երկու անկախ երկրների միջև համակեցություն հաստատելու անհրաժեշտություն՝ անկախ պետությունների քաղաքական ողջ ներուժով ու գործիքներով, առանց շտապելու, փոխադարձ վստահության միջավայր ապահովելով, խորհրդային շրջանի բարիդրացիության բոլոր գործոնների առավելագույն ներգրավմամբ քաղաքական ուղիներ փնտրելու՝ բացառելով հակամարտության վերածումը նոր-նոր ձևավորվող պետական բանակներով պատերազմի, դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով… Սա հնարավոր էր հատկապես Խորհրդային պետության փլուզմամբ, Ելցինյան Ռուսաստանի անկախ դաշնության առաջացմամբ, Խորհրդային բանակի կազմալուծմամբ… 1992-ի սկզբին ստեղծվեց մի վիճակ, որ Ադրբեջանում և Հայաստանում տեղակայված 4-րդ և 7-րդ զորամիավորումները թողնում էին Հայաստանն ու Ադրբեջանը. Մոսկվայի գործոնը, միջամտությունը նվազագույն աստիճանի էր… Իսկ Թուրքիան առաջիններից էր, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց… 1992-ին հենց Թուրքիայի բարի կամքի դրսևորման արդյունքում էր, որ հնարավոր եղավ Հայաստանին օդի և ջրի պես անհրաժեշտ հացահատիկը Հայաստան տեղափոխել Թուրքիայով… 1992-ին կայացան Տեր-Պետրոսյանի, թեկուզ ոչ պաշտոնական հանդիպումները Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ: Նույն տարի Դեմիրելն ընդունեց Հայաստանի Առաջին փոխվարչապետ Հրանտ Բագրատյանին. ես հիշում եմ, թե ՀՀՇ վարչության նիստին ինչ մանրամասնությամբ ու կարևորությամբ էր նա պատմում այդ հանդիպման մասին, շեշտում Դեմիրելի անկեղծությունը Հայաստանի հետ նոր հարաբերություններ և համակեցություն հաստատելու գործում… 1993-ին Թուրքիան ամբողջությամբ միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ ի պատասխան սկսված հայ-ադրբեջանական պատերազմի…
Իմ օրագիրը, իհարկե, այսպիսի հարցադրումների, քաղաքական այլընտրանքի հիմնավորվածության ու հնարավորության ներկայացման ձևաչափ չէ: Ինձ մնում է ցավով արձանագրել, որ «Հայոց համազգային շարժում» կազմակերպությունը՝ որպես իշխող քաղաքական ուժ, նրա վարչությունը, պարզվեց, իրավիճակային-իներցիոն գործունեության են ընդունակ, նոր որակի պետականության կայացման խիզախություն չունեն, իսկ վարչությունում իմ ու իմ մի քանի ընկներների ջանքերը, որքան էլ դրանք խիզախ-նվիրված էին, կարող էին մնալ սոսկ որպես նախաձեռնություններ… Այս ամենի կուլմինացիան 1992 թ. ապրիլի վերջն էր, երբ հայտնի էր, որ հայ կամավորական ջոկատները դիրքավորվում են Շուշիի մատույցներում՝ Շուշիի գրավման «Հարսանիք լեռներում» օպերացիան իրականացնելու համար…
Քաղաքական օրակարգում Իրանի նախագահ հեղինակավոր Ռաֆսանջանիի միջնորդությամբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Մամեդովի ուղիղ հանդիպում-երկխոսությունն էր՝ նշանակված Թեհրանում… Մեծ, շատ մեծ էր հայ կամավորական ջոկատների գայթակղությունը՝ օր առաջ քանի սերնդի երազած Շուշիի բարձունքը նվաճելու, Շուշին ադրբեջանցի բնակչությունից ազատելու, 1920 թ. կոտորածիհամար սրանով վրեժխնդիր լինելու, բայց, կներեք, այս օրակարգը քաղաքական չէր ու իմը չէր… Չեմ կարող խախտել օրագրի պայմանավորվածությունը՝ խոսել միայն վավերագիր, ոչ երբեք հետին թվով (հայի հետին խելքով) սրբագրված տեքստերով… ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի 1992 թ. ապրիլի 22-ին (ապրիլի 22-ից երկու օր առաջ, նրան ընդառաջ) «Մենք հասել ենք այն սահմանին, որ պիտի կանգ առնենք» հրապարակումից տառացի մեջ եմ բերում եզրափակումը, որ քաղաքական օրակարգի իմ բանաձևն էր.
«Արագ հաղթահարելով վախի ծնունդ ատելությունը թուրքի նկատմամբ, խաղաղ կարգավորելով Ադրբեջանի հետ մեր վեճը, շուտափույթ հաշտվելով ադրբեջանցու հետ, ազատվելով վրացու կերպարի ընկալման նախապաշարումներից, զուլալելով մեր պատմական հիշողությունը քաղաքակիրթ արժեքներով՝ լծվելու ենք մեզ այնքան սազող ստեղծագործական աշխատանքին՝ դրսեւորելով մեզ բնորոշ լավագույն գծերը՝ աշխատասիրություն, կենսունակություն, աստվածատուր շնորհք: Թե չէ չարանալու ենք՝ արդար—ողբերգու ազգի կերպարով՝ մահապարտի կռիվ տալով մեր հարևանների հետ, շարժելով աշխարհի գութը: Մաքառման դատապարտված, կներեք, ճանճի պես, կկորչենք… Կտրիճ Սարդարյանի հիշեցումը տեղին է, եթե չսթափվենք այսօր, դարը կփակենք այնպես, ինչպես սկսել ենք: Բայց ուզում եմ, որ ճիշտ լինի նաեւ այն, որ մենք հասել ենք սահմանին, որից կարող է սկսվել մեր նոր վերելքը»։
Հոդվածը, որ այնքան աղմուկ հանեց, ու այնքան ընթերցող ունեցավ, տպագրել էր ՀՀ պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը… Ինչպիսի՜ խելահեղ-բեկումնային ժամանակներ էին…
Ես հիշում եմ ՀՀ նախագահի՝ Թեհրան այցի՝ ՀՀՇ-ի օրեր, օր ու գիշեր տևող քննարկումները… Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, Թեհրան մեկնեց… Տարա՞վ իր հետ ՀՀՇ վարչության հավանությանն արժանացած հայ-ադրբեջանական կոմյունիկեի տեքստը… Հենց Թեհրանում մայիսի 8-ին իմացավ Շուշիի գրավման լուրը… Սա խոսում է անկախ պետության ու նրա քաղաքական ղեկավարության անլրջության, Թեհրանի միջնորդական այս բացառիկ առաքելությունը (այն էլ 1992-ին) անփառունակ ձևով ձախողելու մասին… կրկնում եմ՝ Խորհրդային պետության ու բանակի փաստացի չգոյության, հայ-ադրբեջանական քաղաքական սկսված երկխոսությանը Թուրքիայի, Վրաստանի աջակցության պայմաններում… Կարելի էր, չէ՞, հետաձգել Շուշիի գրավումը…
Ֆիննական բաղնիքի սկզբունքով է կառուցվում իմ օրվա գիրը՝ 3-րդը՝ հոբելյանականը 150-րդից հետո… Ի նշանավորումն այսօրվա մեր ակումբ-հավաքի… հայտնվենք մեր մանկավարժության շոգեբաղնիքում… Կարինե Բաբուջյան-Արմինե Թոփչյան, Կարինե Խառատյան—Սոֆյա Գրիգորյան՝ այսպիսի երաժշտական ներկայացումներով, անկախ դրանց ծավալից ու տեսակից, սկսում ես շոշափելի զգալ դասվար-դաստիարակի մեր երաժշտական կրթության ուղղակի ազդեցությունները, «Սեբաստացիներ» և «Շրխկան» համույթների մշտական ներկայությունը մեր մանկավարժական աշխարհում… Ավելի հետևողական ու համարձակ՝ գործեք-խիզախեք, սիրելիներս, դուք դրան, իհարկե, պատրաստ եք:
Սպիտակից վերադարձի ճանապարհին, միկրոավտոբուսի խաղաղ միջավայրում մի ամբողջ ժամ լսում էի մեր էկոակումբների ղեկավարին: Պարզվում է՝ արդեն երկուսն ունի մեր ջանասեր-նպատակասլաց Մարթան՝ արդեն երեք տարեկան դարձող Ավագ դպրոցինը ու նորածին Միջին դպրոցի 6-րդ դասարանցի հայրենագետ տղաներինը… Մեղավոր եմ. տարված սեբաստացի-ուսուցչի ու սովորողի գործունեության ամբողջական կրթական միջավայրի շուտափույթ ստեղծմամբ՝ ես բաց եմ թողնում շատ կարևոր զարգացումներ…
Հետևեք իմ օրագրին ամեն օր, որ կրթահամալիրի մանկավարժական ոչ մի զարգացում բաց չթողնենք։