Երևանի քաղաքապետարանի տարածած այս հայտարարությամբ ուրախանա՞նք, հպարտանա՞նք… Ես կգնայի այս՝ մայրաքաղաք ներկրված բուսական հողի հետևից… Որտեղի՞ց են բերվում այս բուսական հողերը մայրաքաղաք… ի՞նչ են լինում հետո այդ տարածքները… Բուսահողը Հայաստանում վաճառվո՞ւմ է… մրցույթո՞վ… Թե՞ քաղաքապետարանը կոմպոստների, ոչ բուսական հողից բուսական հողի ստացման տեխնոլոգիաների կիրառման տնտեսություն ունի… Ինչո՞ւ չունի: Ես, օրինակ, կարգելեի մի որոշ շրջան, ասենք՝ 3 տարի, արգելք կդնեի բուսական հողի վաճառքի վրա… Արգելքները չեն գործո՞ւմ, տեղ են բացում նոր կոռուպցիոն ռիսկերի համա՞ր… Լավ. ինչո՞ւ չի կարելի բուսական հողին տրվող գումարը՝ հողի արժեքով, նրա բարձումով ու տեղափոխումով, որպես ներդրում դիտել տարածքների հողային բարելավման մեջ… Մարդկանց վճարենք հողի որակի լավացման, դրա պաշտպանության-պահպանության՝ մշտական խնամքի համար… Եթե որոշում կայացվի Երևանի օրինակով եզրաքարերի (բորդյուրների) գործածումը կասեցնելու մասին՝ նորերը չկառուցվեն, թե չշարվեն, հները քանդեն-վերացնեն, բուսական հողի ծախսը, նրա պահանջը երկու անգամ կպակասի… Այսպիսի բնապահպանական լուծումների է կարոտ Հայաստանս, այսպիսի նախաձեռնությունների… գոնե առանձին քաղաքների, գյուղերի, գոտիների մակարդակով…
Հեծանվային պարապմունքները Մայր դպրոցում շարունակվում են:
Կրթահամալիրում անցկացված՝ հանրապետության ուսուցիչ-հասարակագետների անդրանիկ հավաքում, որ կայացավ «Երկիր մեդիա» TV-ի տեղեկատվական աջակցությամբ, ես հանդես եկա մի նախաձեռնությամբ՝ Էջմիածին քաղաքը հայտարարել հեծանվային տարածք, գոտի… Երևանը շատ ավելի դժվար է հարմարվելու հեծանվին՝ որպես ոչ թե զարդ, զբաղմունք, խաղ, այլ իրական փոխադրամիջոց, ինչպես հիմա Բանգլադեշում ինձ է այն ծառայում… Էջմիածինը՝ հեծանվային քաղաք-գոտի: Օրերս ես ու իմ հավատարիմ հեծանվորդ ընկեր Գևորգ Հակոբյանը պատրաստվում ենք այցելելու Էջմիածին, հեծանվային-հետազոտական շրջայց կատարելու, տեղում ուսումնասիրելու այս նախաձեռնության պայմաններն ու հետևանքները… Հարթ, սիրուն, հոգևոր Էջմիածնի համար ավելի լավ-էժան-արմատական, նոր կեցություն պարտադրող-կազմակերպող նախագիծ-նախաձեռնություն դժվար է մտածել… Ո՞վ կկանգնի գործի գլուխ… Իհարկե Էջմիածնի քաղաքապետը՝ ունենալով Մայր Աթոռի, նրա հոգևոր՝ երիտասարդ, կրթված, աշխարհ տեսած խավի աջակցությունը… Խնդրեմ, թող Էջմիածնի քաղաքապետը հրավիրի, ես վեր կենամ գամ ու ներկայացնեմ հրապարակավ իմ նախաձեռնությունը… Ինձ ոչինչ պետք չէ…
Եվրոպական երիտասարդական պառլամենտի ամառային ֆորում-ճամբարի ամփոփում-կլոր սեղան Ավագ դպրոցի ընթերցասրահում:
Մեր անխոնջ Անի Հովհաննիսյանը, կարծես, լսում էր այս օրերին իմ չվերջացող խոսակցությունը Արման Գրիգորյանի՝ մեր Գեղարվեստի ուսումնական կենտրոնի նոր ղեկավարի հետ, առկա-հեռակա… Ի՞նչ կա ծանրացնելու, կերպարվեստ-ջուր-հեծանիվ երրորդության սկզբունքով կազմակերպվող ամառային պլեներների-ճամբարների ստեղծումից էլ թեթև, մարդկային, երեխայահաճո գո՞րծ… Ահա, Անին Բանգլադեշի կրթահամալիրում, Մայր դպրոցում ստեղծած ճամբարը տեղափոխել է այգիներ… Շշմելու է, Անի ջան… Երեկ ես, տիար Գևորգն ու Արմինե Թոփչյանը՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարը, (ես ու Գևորգը՝ լողալով) հենց կերպարվեստի՝ որպես լրացուցիչ կրթության, ու գեղարվեստի բանգլադեշյան բաց կենտրոնի ստեղծման մասին էինք խոսում… Պլեներներ միաժամանակ Բանգլադեշի բոլոր այգիներում… Ջուր, կերպարվեստ, հեծանիվ… Հենց այդ ժամանակ ձիարշավարանից վերադարձան, անշուշտ, մեծ աղմուկով, Գեղարվեստի՝ մեր մշտակարկաչ Կարինե Մամիկոնյան հոբելյարի ճամբարականներն ու լցվեցին մեր մեծական լողավազանը…
Միջին դպրոցի 1+1 ճամբարային առօրյան:
Լուսանկարները` Անի Հովհաննիսյանի:
Ի՞նչ էր մնում ինձ ու Գևորգին անել. հիանա՞լ՝ հիացանք, անվտանգության մի քանի խորհուրդ տվեցինք, հետևեցինք, նստեցինք մեր հեծանիվներն ու փասա-փուսեքս քաշեցինք…
Դավիթ Բլեյանը երկու անգամ է գիշերվա քնից արթնանում։
Մեկը՝ ժամը 5-ին մոտ: Կանչում է.
— Մամա՜… մամա՜…
Իր սենյակից աչքերը փակ իջնում է ցածր-հարմար մահճակալից և ուղիղ-ազատ գծով թփթփալով՝ մայրիկի մոտ: Ես այս ամենին հետևում եմ աշխարհի իմ անկյունից…
Հետո արթնանում է 7-ի և 8-ի արանքում… Գիտեք՝ այս անգամ՝ ճոճանակ-լողավազան-պարտեզ: Պարտեզ նորից սիրով է գնում, նվերներով (մրգեր-խաղալիքներ)՝ իր ընկերներին, սառն ավազանում լողալու մասին իր երեկվա-այսօրվա քաջագործությունների պատմություններով: Ես Դավթի կողքին եմ, 2-րդ պլանից օգնելով, եթե դրա կարիքն ունի:
— Շո՛ւտ արա, Դավիթ, չուշանանք…
— Որ շուտ չգնանք, կուշանա՞նք…
— Ինչի՞ց կուշանանք, հայրիկ…
— Որ ուշանանաք, ի՞նչ կլինի…
— Արի մի անգամ ուշանանք, տեսնենք՝ ի՞նչ կլինի… Ես ուզում եմ՝ միասին ուշանանք…
Ա՛յ, էդ մեկը չեմ կարող, Դավիթ ջան, ես ուրիշ մարդ եմ դառնում այդ ուշանալու ընթացքում… Ուրիշ փորձություն մտածիր…
Դպրոց-պարտեզի մեծ լողավազանում լողում են 2-3 տարեկանները:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Ֆոտոխմբագիր` Մարթա Ասատրյան
#406