Նվիրում եմ իմ ստեղծական թոռնուհուն:

– Հայրի՜կ, դու էլ ե՞ս ուրախ…- Դավթին մայրի՞կն է սովորեցնում, ո՞նց է առաջանում այս հարցը…

Ես, իհարկե, ուրախության աստիճանի լավ եմ զգում այս մտքից. Արևիկ Տատինցյանը՝ իմ միջնեկ թոռնիկը, Տաթևիկի սքանչելի սեբաստացի դուստրը 10 տարեկան է:

– Ուզում եմ իմ Արևիկի հետ խոսամ,- խոսեց Դավիթը:

Արևիկը, ինչպես միշտ, Դավթի հետ հարաբերվում է մեծ, խելացի քույրիկի նման՝ ուրախ, թեթև, ընդառաջող, ուսուցանող-իմաստուն: Արևիկի համար մի տեսակ տեղին չէ, արհեստական է այս՝ «ե՞րբ դարձար 10 տարեկան» բացականչությունը: Միշտ հասուն, միշտ հետաքրքիր, այնքան, որ առանց որևէ ճիգի կարող ենք հարցնել՝ ընդամենը 10 տարեկա՞ն է մեր Արևիկը: Շնորհակալ եմ Աստծուն, Տաթևիկ ջան, քեզ՝ այսպիսի պարգև Արևիկի համար: Մնացածը մենք կասենք, կանենք երեկոյան, երբ Արևիկի քեռի Դավթի հետ կայցելենք, ու միասին, հարազատ մարդկանցով կանցկացնենք ժամեր…

Ձու-ձու կակայի բացակայությունը հերթական անգամ, տեսեք՝  ի՜նչ ցասում, լաց, պահանջ է առաջացնում Դավթի մոտ…  ողբում է մեր տղան, հոնգուր-հոնգուր լաց է լինում, աղի արտասուքները թափվում են. «Հայրի՜կ, ձու-ձու կակա…»,- այս անգամ իր սքանչելի Մելինե, Մարիամ քույրիկները, որպես շտապ օգնություն, որպես անհետաձգելի ցավազրկող, հասցրին ձու-ձու կական, թե չէ ի՞նչ էինք անելու, շվարել մնացել էինք: Ի՞նչ անես, երբ փոխարինող ոչինչ չի ուզում: Միտքը տեղն է, չես շեղի-կաշառի, միայն՝ ձու-ձու կակա: Մի շնչով ուտում է կեղևը, բացել տալիս տուփը, տեղում հավաքում-խաղում-հանգստանում-դարձի գալիս: Ձու-ձու կակաների մասին այս ապուշ տեսանյութը (թե՞ ինձ է ջղայնացնում այն, այդպիսին չէ) կարող է նայե՜լ ու նայե՜լ… Երեք տարեկան դարձող մեր Դավիթը նույն ագահն է մնում՝ կարդալիս, հեծանիվ քշելիս, գնդակ տշելիս, լողանալիս… Դավիթն ավելացրեց` քնելիս: Ագահ-անհոգ Դավիթ Բլեյան:

– Фиолетовий՝ մանուշակագույն, – այսպես՝ անհատապես տեսանյութ նայելով,  ռուսերեն է սովորում մեր տղան:

Շաբաթը լավ հնարավորություն է ծավալուն ուսումնական նյութերը կարդալու, հետաձգած, մի կողմ դրած տեսանյութերն ամբողջական դիտելու համար: Հաճույքով դիտեցի Վահրամ Թոքմաջյանի և Անի Սարգսյանի հոկտեմբերյան համագործակցության արդյունքները. ուսումնական արձակուրդին Վահրամ Թոքմաջյանի նախաձեռնությամբ՝ Ավագ դպրոց-վարժարանի հայագետների խումբը Սյունիքում ավարտին հասցրեցին «Դավիթ Բեկ և Մխիթար Սպարապետ» ուսումնական նախագիծը: Սրանից օգտակար, տարածելի ու տպավորիչ արդյո՞ւնք: Դիտե՛ք «Հալիձոր» և «Անգեղակոթ» տեսապատումները և միացեք իմ «կեցցեք»-ին: Մեդիագրադարանի և Սեբաստացի TV-ի գործունեությանը, սիրելի Զառա Առաքելյան, Անի Սարգսյան, Սուսան Մարկոսյան, Վահրամ Թոքմաջյան, մեդիագրադարան ստեղծող մեծ ու փոքր սեբաստացիներ, պիտի հիմա անդրադառնաք: Սրանով կլուծենք նաև ուսումնա-հայրենագիտական՝ մեզանում մեծացող, ծավալ կազմող ճամփորդությունների կոնկրետ, ուսումնական բաղադրիչը: Թարմ ու հաջողված օրինակի զարգացմամբ բարդ թվացող խնդիրները ավելի հեշտ է լուծել, բայց սա հնարավոր է, եթե կրթահամալիրով մեկ, մասնավորապես Ավագ դպրոցում ողջ հասակով, առաջին պլան գա կրթական ծրագրի հեղինակը՝ հետազոտական աշխատանքի սովորույթ և կարողություն ունեցող ուսուցիչը:

Տեղեկանք՝ վիկիպեդիա հանրագիտարանից. Լեռնային Ղարաբաղում (Արցախում) 1989 թ. ապրում էր 189.000 մարդ, որոնցից 77 տոկոսը հայ էր, 21.5 տոկսը՝ ադրբեջանցիներ, մնացած 1.5 տոկոսը կազմում էին ռուսները և քրդերը:Շուշի քաղաքում 1989 թ., ըստ մարդահամարի տվյալների, բնակվել է մոտ 15 հազար մարդ, որից 2 տոկոսն է միայն հայ եղել: Կներեք, ես չեմ վստահում այսօրվա՝ ո՛չ պատշոնական, ո՛չ հակապաշտոնական  վիճակագրությանը, ուստի չեմ բերում այսօրվա թվերը: Ես հիմա հաճախ եմ լինում Արցախում և իմ դիտարկումները կառուցում եմ իմ տեսածի, իմ լսածի, իմ ուսումնասիրածի վրա: Հավաստի, ամբողջական, օպերատիվ վիճակագրությունը եղել և մնում չլուծված խնդիր մեզանում:

Շուշիում առաջին անգամ ես եղել եմ 1982-ին, հայագիտական ուսուցմամբ դասարանի սովորողների և ուսուցիչների 15-16 հոգիանոց արշավախմբով: Վրան ենք խփել, գիշերել Ջդլդուզ կոչվող տեղանքում, թափառել քաղաքում, հետո շարունակել մեր արշավը Ստեփանակերտով մինչև Գանձասար, Մարտակերտ, Թառթառ-Խանչեն գետերի հովիտներով, Տոնաշեն, Երիցմանկունք… Ոտքով-վրանով, օրեր ու օրեր. ի՜նչ թափառում էր, ի՜նչ ճանաչում. Արցախ աշխարհի հայտնագործություն: Շուշվա կյանքն է տպավորվել: Ի՜նչ աղմկոտ, լիքը մարդկանցով, առևտրով քաղաք էր՝ ներսուդուս անող հանգստացողներով, տասնյակ ճամբարներով: Մեր՝ ժամերով թափառում-քայլքն եմ հիշում Շուշիի նշանավոր փողոցներով՝ սալարկված, նեղլիկ, մեկը մյուսից գրավիչ հարյուրամյա տների շարքով: Մտել ենք դրանց բակերը. դրանց ճռնչացող, փայտե դարպասներն եմ հիշում… Կրթահամալիրի Գեղարվեստի Ավագ դպրոցի սվորողների և ուուցիչների մի խմբով, 2012 թ. դեկտեմբերին նորից եղել ենք Շուշիում: Ի՜նչ ձյուն էր գալիս… ու մենք թափառում էինք ուրիշ Շուշիում, ուր ավերակներն էին՝ շշնջացող ավերակները այն տների, որ շեն էին, կենդանի 1982-ին: Հիմա՝ ո´չ մարդ, ո´չ աղմուկ. ձյունն էր ու մենք…

1992թ. մայիսին հայկական ջոկատներն իրականացրին «Հարսանիք լեռներում» հայտնի գործողությունն ու մայիսի 8-9-ին մտան, ազատեցին Շուշին ադրբեջանցի բնակիչներից ու զինյալներից: Ու Շուշին, ամբողջովին հայկական Շուշին նորից հայտնվեց կրակի բոցերի մեջ, բայց այս անգամ հեղուկ վառելիքի բռնկվող շշերով կրակի էին տալիս ու ոչնչացնում հայոց քաղաքային-մշակութային ժառանգության արժեքները Շուշիի ազատարարները… Հետո քանի՜ օր Շուշին ծխացել է… այսպե՞ս էինք վրեժ լուծում 1920-ի համար, հրդեհներով տոնում, ցնծում, ուրախությունը ազատարարի…  «Մեր»-ի զգացումը չունեի՞ն Շուշիի ազատարարները, չէի՞ն հավատում, որ բնակվելու են Շուշիում, որ այն լինելու է ազատ Արցախի, Հայաստանի անկախ հանրապետության ու ողջ հայության մշակույթային կենտրոնը, այրում, ավերակ-անմարդաբնակ էին դարձնում Շուշին, որ ադրբեջանցիները այլլևս չվերադառնա՞ն, բայց չէ՞ որ արցախյան ազատամարտի չորրորդ տարին էր, ու 1991-ի սեպտեմբերին հանրաքվեներով հռչակված էին Արցախի և Հայաստանի հանրապետությունները: Ամեն տարի, Շուշիի ազատման օրվա՝ մայիսի 8-9-ի կապակցությամբ տոնախմբություններ են լինում, հայտնվում են էկրաններում և կայքերում Շուշիի հայտնի ու անհայտ ազատարարները ու ամենայն մանրամասնությամբ  ներկայացնում 1992-ի մայիսի գործողության անցքերը: Ամեն ինչ ժամերով, օրերով, ուղղություններով պլանավորել էինք ու չգիտեիք կամ անտեսե՞լ էիք գլխավորը` ինչ էիք անելու ադրբեջանցիներից ազատ Շուշիում, ովքեր էին ստանձնելու Շուշիի պահպանության պատասխանատվությունը, չէ՞ որ քառամյա ազատագրական պայքարի փորձ ունեիք: Ես դեռ չեմ լսել, չեմ կարդացել Շուշին կրակի տալու պատմության մասին ոչ մի խոսք: Այդպես էլ, տարբեր առիթներով, ծրագրերով Շուշիում լինելով, չեմ հասկանում, թե ինչու, ինչպես հնարավոր չէր թույլ չտալ, բացառել, կանխել Շուշիի ոչնչացումը, ինչո՞ւ չէր կարելի դաժանորեն պատժել հայոց մշակութային, քաղաքային մեծագույն արժեքի հրձիգին:

Շուշիի ճակատագիրն այսպես եղավ. 1920թ. հայ-թաթարական պատերազմի ժամանակ, ադրբեջանցիները ամբողջությամբ ավերեցին Շուշիի հայաբնակ հատվածը: 70 տարի ադրբեջանաբնակ Խորհրդային Շուշին վերականգնման բարդ  ու ծավալուն աշխատանքը ինչպե՞ս պիտի իրականացվեր: Եվ ահա, 1992թ.-ին Շուշին նորից ավերակների է վերածվում: Հայտնի բան է, որ շատ ավելի դյուրին ու էժան է նոր քաղաք կառուցելը, քան Շուշիի նման հին քաղաքը վերականգնելը: Վերջին տարիներին Շուշիի փողոցները հնարավոր արագությամբ ասֆալտապատեցին՝ ասֆալտի խճի հաստ շերտի տակ թաղելով քաղաքի նշանավոր, սալարկված փողոցները: Տարեկան մեկ-երկու թանգարան-կառույց, Գյուղակադեմիայի զարզանդ շենքի նման շինություն, իսկ քաղաքաշինական արժեք ներկայացնող Շուշիի հարյուրավոր բնակելիներ, աշխարհիկ այլ շինություններ, ինչպես օրինակ՝ նշանավոր ռեալական ուսումնարանը, հողին են հավասարվում: Անծածկ, անձրևի և ձյան տակ, արդեն քսաներկու տարի:

Կրթահամալիրի Գեղարվեստի Ավագ դպրոցի արվեստագետների ամենամյա պլեներին այս տարի նաև միացան Շուշիի քոլեջի դասախոսներն ու ուսանողները: «Ավերակները շշնջում են» նախագիծը մեր կրթահամալիրի ու մեր միջոցով Շուշիի ճակատագրով անհանգիստ մարդկանց մասնակցությունն է Շուշվա վերածննդի գործին:

Ավելի պատասխանատու խնդիր կա. ի՞նչ է ստացվելու Շուշիի այսպիսի վերականգնումից: 2014-ի մայիսի 8-ին կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների ջոկատը` Արտեմ Խաչատրյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտի իրենց հասակակիցների հետ մասնակցեց «Հարսանիք լեռներում» անունով Շուշիի տոնակատարությանը: Մենք Շուշիում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունի-Ճարտարում, Ասկերանում, Հայաստանում, Արցախ աշխարհի մեր տասնյակ ու տասնյակ գործընկերների հետ ամենատարբեր ուսումնական, ռազմամարզական, հայրենագիտական-մշակութային նախագծեր ենք իրականացնում: Արցախում, Հայաստանում միասին ապրում ենք, միասին լուծում խնդիրներ, որ դժվարությունները արդար բաշխենք, անկեղծ հարաբերվենք, պատրաստ՝ շահագրգիռ, սրտացավ քննարկելու մեր կյանքի ցանկացած հարց:

Արևիկն էլ այս տարվա ամռանը եղել Շուշիում իր ընկերների հետ և մինչև այսօր պատմում է բնիկ շուշեցի Միշա Խաչատրյան պապիկի, նրա մեծ ընտանիքի ընդունելության, ուշադրության և հյուրասիրության մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս ամառը, աշունը, ձմեռը խրոխտ անցնելու շրջան է…

Որ գարունը կգա, չի ուշանա… «Խրոխտ»-ը կորել էր, երեկ սոցցանցով եկավ վերնագիր դարձավ, ոչ որպես «դուխով»-ի փոխարեն, ես եղել և մնում եմ կենդանի լեզվի կրողն ու ջատագովը: Պարզապես բառարաններ քիչ

Ամենագեղեցիկ հանդիպումները՝ դեռևս չկայացած․․․

Կեցցեն մեր ուսուցիչները-մարզիչները՝ դահուկներով, իրենց պատրաստած-հարթեցրած վազքուղու վրա… Արամազդ Ղալամքարյանը փետրվարի 2-ի նիստում այնքա՜ն վստահ էր, որ իր հինգերորդցի սեբաստացի Լևոն-Հրաչյա զույգը իր ուսումնական նոր գործիքով՝ դահուկներով այնքա՜ն կհաջողի, որ կկարողանա

Սուս-փուս, անընդհատ…

Սուս-փուս, անընդհատ, առցանց ու ֆիզիկական միջավայրում, ամենահաս՝ յուրաքանչյուր դեպքում՝ անհատական, թե՝ խմբով. հարմարվող, պատրաստակամ, նրբանկատ…Ո՞ւմ մայրենիի ուսուցիչը չէ Սուսան Մարկոսյանը, ո՞ւմ հետ համահեղինակ չէ, որպես մայրենիով մանկավարժության խմբագիր, գործըներ… բոլորիս