Ուրբաթն այդպիսին՝ հագեցած, լեցուն է լինում, ինչպես երեկվանը՝ իր օրացույցով որոշված Քոլեջի տոնախմբությամբ-համերգով Մարմարյա սրահում, իր նիստով կրթահամալիրի խորհրդի, որ այդքա՜ն երկար պատրաստվում էր, իր ներխուժումով․․․ Միլենայի մոնոներկայացմամբ, Գեղարվեստի տանիքում․․․
Օրը հագեցած էր այնքա՜ն, որ իրիկունը թատրոն-լաբորատորիայի ուսումնական տարվա անդրանիկ մոնոներկայացմամբ չավարտվեց, որքան էլ խիզախ-տպավորիչ էր Քնարիկ Ներսիսյանի, իր սաներ՝ Միլենայի և Արսենի ստեղծած վիճակը․․․ Իսկական թատրոն։ Ներկայացումից հետո Սուսան Մարկոսյանի հետ մեր հանդիպումն էր ազգագրագետ Արգամ Երանոսյանի հետ։ Թեման թատրոնը չէր, որքան էլ Արգամը՝ որպես մասնակից, տպավորված էր տեսածով․ հոկտեմբերի 30-ին սկսվող պատանեկան ազգագրական-հնագիտական բաց հավաք-ճամբար նախագիծը առանց Արգամի մասնագիտական ղեկավարման չի լինի․․․
Թիֆլիսյան տրամադրություն: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Երբ Արգամի հետ դուրս էինք գալիս Գեղարվեստից՝ մեր զրույցը ճանապարհային դարձնելով, դպրոցի նախասրահում հրեղեն Միլենան շրջապատված էր մեր Ավագ դպրոցի ոգևորված տղաներով․․․ Այս պատկերը կմնա, որպես շաբաթվա լուսանկար․․․ Ես չգիտեի, ուշադրություն չէի դարձրել, ծնողների-ուսուցիչների՝ մոնոներկայացման շարունակություն պատումով իմացա՝ և՛ 11-րդ դասարանցի օրվա հերոսուհի Միլենան, և՛ իր դասընկեր Արսենը հեռավոր գյուղերից են՝ Զանգեզուրի Ճակատենից ու Տաշիրի Լեռնահովտից։ Միլենայենց Ճակատենի տանը օրեր առաջ երկու անմոռանալի օր են անցկացրել, գիշերումով-հյուրասիրությամբ, Մարթ Ասատրյանի «Ամուլսարից դեպի Քաջարան» էկոհայրենագիտական նախագծի 30-ի չափ մասնակիցները․․․
Իսկ ազգագրական գոտիների ձևավորումը Մայր դպրոցում՝ հայրենագիտական-ազգագրական սրահի վերաբացումով, պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, և Ագարակում՝ հին սեբաստացի-հարևան Աբրահամ Հովհաննիսյանի, շաբաթվա կարևորներից էր․․․ Ագարակը մեր պատրաստվում է հաջորդ շաբաթ, որպես ուսումնական կենտրոն, դիմավորել կրթահամալիրի նախակրթարանների 2-5 տարեկաններին, իրենց ծնողներով, դաստիարակներով․․․ Սկսել ենք թոնրատան, խնոցու կազմակերպումը․․․ իսկական, որ վերջում սաները մեր իրենց ձեռով թխած լավաշն ու կարագը ճաշակեն․․․ Այսպիսի նախաձեռնությունները-գործերը, որպես «Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն»-ի ծիծեռնակներ, կարևոր են սեբաստացիական աշխարհը մեր բորբոքելու-խառնելու, Տոնին պատրաստության հավես-անսովորություն փոխանցելու համար։ Նոյեմբերի 13-18-ի օրերը, խոստանում եմ իմ գրում, դրան նախորդող այս շրջանը՝ պատրաստությունը, ավելի հետաքրքիր-մարդկային-հուզական-կոնկրետ պիտի լինի, ինչպես թատրոն լաբորատորիայում մոնոներկայացման մասնակիցների ապրածները․․․
Արևմտյան դպրոցի սովորողների տեխնոլոգիայի պարապմունքը «Ուսումնական Ագարակում»:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Օրը շարունակվեց տանը, խոհանոցում. Արմինեն հյուրասիրում է ինձ ու Դավթին, ես պատմում եմ Միլենայի-Արսենի, մեր Ռոբերտ Սիմոնյանի՝ իմ նազելի քույրիկ Արաքս Թադևոսյանի տղա Ռոբի ընկերների մասին, Դավիթը՝ իր Օշական դասարանային այցի․․․ Իրար հերթ չենք տալիս, համ էլ ես սոված եմ ու Դավթի ախորժակն եմ գրգռում․․․ Մեկ էլ Դավիթը՝ բարձր․
— Լավ հիշեցրիք, մեր դասարանի Ադրիանան ո՞ւր գնաց․․․ ո՞ր դպրոց, պա՜պ․․․
Ադրիանա՜ն, Դավթի սերը, իմ օրագրի-պատումի հերոսներից, մեր յոթերորդցի Միզրաչի Դանիելի քույրիկը, ում մասին այս օրերին խոսում էինք Մեդիակենտրոնում, հայտնվեց․․․ իր հետ և Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգի երաժշտությունը, իմ գրի վերնագիրը դարձած տողով․․․
Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիների ճամփորդությունը դեպի Օշական:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:
Ադրիանան ու էլի շատ սովորողներ, հակառակ իրենց ընտրության, բացատրություններով՝ հարգելի-ոչ այնքան, տեղափոխվում են այլ դպրոցներ․․․ Քանակի մասին չէ խոսքը, երբե՛ք, մենք աճում ենք ամեն տարի հարյուրով, ու հաստատ է, առաջիկայում սեբաստացիների աճը չի կանգնի․․․ Ի՞նչ եղավ մեր Ադրիանան ու էլի շատերը, տարբեր տարիքի, որոնց մենք սպասում ենք, չենք մոռացել․․․ Սեբաստացու օրերը հնարավորություն են, որ բոլորին ոչ միայն հիշենք, որ բոլորը գան, որ բոլորը, ում սպասում են, Տոնին մասնակից դառնան․․․ Հե՛նց այս հիմնավորմամբ նաև նոյեմբերի 13-18-ի շաբաթը ուսումնական նախագծային է որոշված։
Օրը ուրբաթ Ադրիանայով-Հախվերդյանով չավարտվեց, եթե իմ օրը ավարտ ունենում է․․․ Իրիկունը ուշ խոսեցինք Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի՝ մեր կրթահամալիրի անկեղծ բարեկամի հետ․․․ Պատմեցի «Պատանի հնագետ» նախագծով Թբիլիսիից վերադարձած սեբաստացիների մեծ խմբի վառ տպավորություններից, հրավիրեցի իր տիկնոջ հետ կրթահամալիր․․․ Ինքն էլ՝ ինձ, իմ ընտանիքով, կրթահամալիրով ողջ՝ մեծով-պստիկով, հրավիրեց կիրակի օրվա վրաց երաժիշտների համերգին՝ Կամերային երաժշտության տանը, որի դռները բաց են մեր առաջ։ Համերգը նվիրված է Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու սրանով պարտավորեցնող կրկնակի. ընդունեցի հրավերը դեսպանի բոլորիդ անունից, հատկապես որ վրաց երաժիշտները հյուրընկալվում են մեր Գեղարվեստի կացարանում․․․ Այսպիսի՜ հուզիչ-ընդգրկուն հայ-վրացական զարգացող կապեր։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1186