Ինչպե՞ս գտնել
Ճիշտ կոշիկ
Դժվար ճանապարհի համար,
Որ գոնե ոտքերդ ամուր գետնին լինեն,
Երբ գլուխդ երկնքում է

Լիլիթ Բլեյանն օրը սկսեց ինձ հետ իր այս գրառմամբ, որ լրիվ պատահաբար գտա ֆեյսբուքում, ուր ես այլ կերպ չեմ լինում։ Հետո իր այս երգը «Չթողնես երբեք»… իմ խնդիրը դարձավ Լիլիթից խուսափելը, որ գիրը-պատումը կիրակի սկսեմ-ավարտեմ, քանի Արմինեն-Դավիթը կարևոր քնած են, քանի Դավիթը հուշիկ չի արթնացել, մտել խոհանոց, բացել սառնարանը, ընտրել իր առավոտվա համակարգչային հանդիպման հետ վայելք շոկոլադը․․․ Չթողնես երբեք․․․

«Այդպիսի համարձակություն ես երբեք չէի տեսել։ Ես հպարտանում եմ այդ ծերունու արարքով, քանի որ ոչ բոլորը կանեին այդպիսի զոհաբերություն։ Այդ վերջին տերևը փրկեց աղջկա կյանքը։ Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին, որ միշտ պատրաստ լինեն հանուն իրենց հարազատի, ընկերոջ այդպիսի զոհողության»,- գրում է մեր Միջին դպրոցի 7-րդ դասարանցի Դանիել Միզրաչհին՝ Դավիթ Բլեյանի կորած Ադրիանայի եղբայրը, ում հետ ես պատրաստվում եմ երկուշաբթի հանդիպել․․․ Մի միջադեպ մեդիակենտրոնում իր ճղոցով իմ ականջում է ու չի լքում․ գուցե հանդիպումն այս օգնի․․․

Կրթահամալիրային շաբաթվա քրոնիկոն տնօրենի օբյեկտիվից…

Չմոռանամ երբեք, երկուշաբթի, առանց հետաձգման, փարվեմ 11-րդցի Լուսինե Ալեքսանյանին՝ «Սուրհանդակը Գեղարվեստի տանիքից» ռադիոթողարկման համար․․․ Սվետա Ճաղարյանը կրթահամալիրի խորհրդի վերջին նիստին առաջարկում էր երաժշտության-պարի դպրոց, թե ուսումնական կենտրոն անվանումը փոխարինել երաժշտության լաբորատորիայով․․․Տեղն է՝ հարցնենք, ի՞նչ վիճակում է մեր Կայի երաժշտական լաբորատորիան։ Ամեն ուսուցիչ, ով գործող արվեստագետ է՝ մայրենիի, կերպարվեստի, թատրոնի, թե․․․ ազգագրության, ունի հնարավորություն-պարտավորություն՝ իր մանկավարժական լաբորատորիան ստեղծելու․․․ Ասում եմ պարտավորություն, քանզի կրթահամալիրի հոմանիշ է ճանաչված մեր հեղինակած մանկավարժությամբ արհեստանոց-արվեստանոց լաբորատորիան․․․ Վերջին հանդիպման ժամանակ, մեր ազգագրագետ-խորհրդատու Արգամ Երանոսյանը կարևորեց ազգագրական առաջադրանքներում պատանիների լաբորատոր-ստեղծական գործունեությունը, երբ պատանին անգամ յուրացրած ազգագրական նյութի հետ ստեղծական է վարվում նաև․ առանց սրա ի՞նչ յուրացում, ի՞նչ կենդանի մարդ ու հետաքրքիր-ապրող հասարակություն․․․ ի՞նչ հանրակրթություն՝ գերեզմանոց կամ զորանոց․․․

Մաստարա գետը Արտենիի ճանապարհին:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ընթերցողը կիրակիի իմ գրի կտարակուսի՞, եթե չպատմեմ Մաստարա գետի, որի ափին մեր առաջին բրդուճները կերանք, 2017-ի իմ խոստման՝ շաբաթվա Արտենի սարի մեր նվաճման մասին․․․Տասնչորս սեբաստացի՝ գրագետ, բոլորն էլ առաջին անգամ, ու յուրաքանչյուրը՝ պատմող, սկսած 6-րդցի Սամվելից, ով կեցցե՛, ամենաժիրն էր, ամենաառաջինը․․․ Դեռ կպատմեն, սկսել են, հրե՛ն Թոփչիկը մեր համարձակ-սրատես, mskh.am-ի գլխավոր էջի համար կարևորը ասել է ֆոտոփաստաթղթավորելով․․․ Հաջորդ շաբաթ օրը, չգիտեմ՝ որ սարը կլինի, թե երգչախմբի հետ հայրենագիտական ինչ նախագիծ, բայց ես ճամփորդության-քայլքի-թափառումի այս պահանջն ունեմ մի տեսակ բնական․․․ Չմոռանաս երբեք։

Հին ընկերներով-առաջնորդներով՝ Արտենիի բարձունք…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ոսկեվազ-Օշականը մի տեսակ ճանաչման դաշտ չեն թողել մեր Մարինեի Ոսկեհատի համար, բայց կարծեմ գտանք. ի՜նչ քարափ է տուֆե քարի, գյուղով մեկ ձգվող, քարափի գլխին եկեղեցի-աշտարակը տեսնելու բան է․․․ այսպիսի տպավորիչ գյուղին արժեք ու ճարտարապետական ուղեցույց պարգևող․․․ Ափսոս, որ գյուղացիք չեն տեսնում, առայժմ չեն կարևորում այն աստիճանի, որ տգեղ միջամտում են, փոխանակ բացեն, մաքրեն, ի ցույց դնեն, զարմանան շարունակ ու փոխվեն․․․ Չթողնես երբեք։ Կգտնենք ժամանակ, ձև, գյուղի սովորողների հետ այս քարափով անցնելու, որը մեզ Մարինեի պես աղջիկ է տվել. բա իր քույրի՜կը, ում չտեսանք, իր երկու բալիկների հետ, ինչպես չտեսանք և իր ատաղձագործ հայրիկին։ Աշխատավորներ են ու արդար վաստակով են ստեղծում իրենց ապրուստը։ Շաբաթ օրվա Արտենիից ձգվող այս քարափը մնաց, Մարինեի շփոթմունքը մեզ հետ մեր համառ մուտքից իրենց տուն, մութով, սեբաստացիական թափով․․․ ողջ խմբով, մայրիկի տոկունությունը, շնորհքը, հա՛մ աշխատանքը գյուղի թռչնաբուծականում, փաստի առաջ, մենակ այսպիսի՜ հյուրասիրություն, թեթև, ժպիտով, պատրաստակամ։ Մարինեի քույրիկն էլ ամուսնացել է գյուղում։ Ասյպիսի՜ Ոսկեհատ․ ո՞վ կմտածեր։ Արտենիից ամեն ինչ երևում է։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

#1187

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զգացմունքների վավերագրություն գիր է…

Քաղաքը «դուխ» է, և կարող է պատկանել բացառապես «դուխով» մարդկանց, քաղաքը տեղով մեկ մի մեծ հանդգնություն է․․․ Վարդ Սիմոնյանի մարտի 3-ի հրապարակումը՝ հատված իր «Զգացմունքների վավերագրություն»-ից ներկայացնում եմ իմ օրագրի

Այո՛, կրեդոն ընդդեմ դոգմայի…

Չնկատեցի` ինչպես կիրակի եղավ, ու իմ գիրը՝ վեց օր շարքայինից հետո կիրակիի գիր, թվով 787-րդը դարձավ։ Հիմա ի՞նչ անեմ, հաղթահարեմ այս անակնկա՞լը, սովորական մարդկային ծուլությո՞ւնը, որ ինչպես մարդկային մի բան խորթ

Ի՞նչ կլինի, եթե վերադառնան պատերը, պատեր լինեն կյանքում

Պատերն ամենուր են, Նարե Հովհաննիսյան ու ընկերներ, ձեր, այսպես ասենք, արտաբանգլադեշյան ինքնուրույն կյանքում… Բայց դրանք՝ պատերը, կան ու դեռ կվերադառնան կրթահամալիր, ինչպես ընդունված է բնորոշել՝ մեր սեբաստացիական աշխարհն անպատ, եթե