Լեւոնն ու Հրաչը 5 օր իրենց դպրոցի կազմակերպած ճամբարում էին, Սեւանի «Ժայռ»-ում … ես, Նարեն ու «Տիեզերք բենդն» (կրթահամալիրի ծնո՞ւնդ) էլ նախավերջին օրվա երեկոյան այցելեցինք իրենց։ Բայց այլ բան եմ ուզում ասել։
Աշակերտ-ուսուցիչ կապը… էդ մտերմությունը, էդ ընկերությունը, էդ համատեղ ջանքն ու քրտինքը, հանգիստն ու խաղը, լողը, արեւը, լողազգեստներով ուսուցչուհիները՝ սովորողների հետ միասին… չեմ կարծում, թե իմ սերունդն ունեցել ա էդ ամենը… Ու ես իմ զույգ կապիկներին ժպտալով նախանձում էի, որ իրենք ունեն Իվետա ՋանազյանԱնահիտ ԳևորգյանՀռիփսիմե Առաքելյան… Ես էլ որպես ծնող շատ երջանիկ ու շնորհակալ եմ, որ կա «Մխթար Սեբաստացի» կրթահամալիր, կա Աշոտ Բլեյան, կան հավես ունեցող ուսուցիչներ։ հավատացեք՝ կա՛ն։

Մեր կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ հայտնի բլոգեր Արամազդ Ղալամքարյանի այս դիտարկումով սկսվեց շարունակվեց իմ գիրը… Հավես ունեցող մարդկանց եմ փնտրում, հավես տալիս-առնում իմ ճամփորդություններում, իմ աշխատանքային նախագծերում, իմ կյանքում, անհավես մարդկանցից շուտ ձանձրանում-փախչում։

Սիսիանցի Հովիկ ու Ֆեդյա ընկերներին հավեսը ուրիշ հմայք է հաղորդում, գումարում-բազմապատկում… Հովհաննես Ալեքսանյանը նոր է ազատվել Սյունիքի մարզի կրթության վարչության պետի պաշտոնից, վերադարձել իր Սիսիան, իր դպրոցն ու Սպանդարյան գյուղի տնով-այգով-տնամերձով, տեսեք, ինչ հավեսով է շարունակում զբաղվել… Ի՜նչ հավեսով պատմում է, որքա՜ն հետաքրքիր, թարմ է իր դիտարկումներում, որքա՜ն գրավիչ անմիջական շփման մեջ… իր քնքուշ կնոջ՝ մայրենիի ուսուցիչ Գոհարի հետ ներդաշնակ. որքա՜ն սահյանական հովվերգություն պարգևեցին երկու ընկեր, իրենց զույգերով, մի իրիկվա մեջ… Իսկ մեր արշավը Ուխտասար դժվար թե կայանար առանց նրանց կոնկրետ-հավեսով աջակցության… Ես խոստացա ու անպայման սիրով առաջիկայում, որևէ կազմով, կքայլեմ Հովհաննեսի հետ Որոտանի եզերքով. ես քեզ, վստահ եմ, հավեսի մանկավարժության իմ ընկեր, հեշտ բաց թողնողը չեմ։

Ծաղկունքի հեղեղ է փրփրում
Անտաոի աչքերի առաջ։
Կարոտած ականջ է փնտրում
Զարթոնքի հողոտ մի հառաչ։
Համո Սահյան

Ճամփորդական լուսանկարները՝ Ամալյա Բալոյանի։

Հին Ծղուկը՝ Բորիսովկան, որ հարևան Բազարչայի՝ այսօրվա Գորայքի հետ հավե՞րժ ննջում է Սպանդարյանի ջրամբարի տակ անցած Որոտանի եզերքին, իմ Որոտանի, իմ մանկության զիլ ձայների ու գույների աշխարհ-եզերքում, իբրև Բլեյան Գեորգիի գյուղում մնացած ժառանգներին՝ Վաղարշ, Արամ, Մհեր Բլեյանների ընտանիքները հանած, կապի-հավեսի ուրիշ տեղ չի տալիս… Գերեզման, ուր հանգչում են իմ ավագ եղբոր բիձա Եգոր Բլեյանը (նրան ես չեմ տեսել), Եգորի լեգենդար որդի իմ բիձա Գեորգին, որ 1930-ականներին Լանջաղբյուրից փախավ-փրկվեց ու Որոտանի եզերքին ինչպիսի՜ շիվեր դրեց՝ վեց որդի ու մի աղջիկ…

Երեք աքսորական-փախստական Բլեյանների ժառանգների ներկայացուցչական հավաք-ուխտի մասին է իմ պատումը՝ բիձա Գեորգիի, ստալինյան աքսորից-ճամբարից հրաշքով կենդանի մնացած, իր մի ոտքով իր կյանքը փրկած-մեզ կյանք տված, Լանջաղբյուրից Երևան գաղթած Բլեյան Շամխալի ու իր հայր Արամի մնացած քոչի, 30-ական թվականներին Լանջաղբյուրից ո՞ր ճանապարհով Նախիջևան հասած Մուշեղի…. Մուշեղի ժառանգները պաշտպանվել-դարձել-գրվում են  Բալոյաններ, ու մեր ուխտին ներկայացել  են Ամալյա-Մուշեղ հավեսով քույր-եղբայրով: Այսպիսի հավաքները ցեղասպանություն-գաղթ-աքսոր-տեղահանություն վերապրածների՝ իրար գտնելու, նոր ուխտով իրար կապվելու հավես է, ու գլխավորը, լսեք՝ մեկ՝ Բլեյան ազգանունով-ուժով նորից ներկայանալու երիտասարդական հարթակ… Ահա ինչու, ինձ համար այնքա՜ն կարևոր էր, որ Ծղուկից մինչև Ուխտասար դժվարին ճանապարհից չհրաժարվեցին Բլեյան-Բալոյան-Թադևոսյանները… Ուխտն ի կատար եղավ, կիսեցինք Վաղարշի հացը, բիձա Գեորգիի Ծղուկի ժառանգների ջերմ ընդունելությունը, բայց ուտուշ-խմուշի չտրվեցինք…

Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:

Շարունակեմ պատկերներ-ձայներ-գույներ-տպավորություններ՝ Որոտան-Ծղուկի շարքը… Մենք քայլեցինք գյուղով դեպի 1980-ի «ջրհեղեղից» փրկված բարձունք, հին ու նոր Ծղուկի գերեզմանոց, երկու նշանավոր բիձեքի՝ Եգորի ու Գեորգիի, նրանց հանգուցյալ ժառագների շիրիմների մոտ նստոտեցինք զրույցի…

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Հ. Սահյան

Ու բիձա Գեորգիի արժանի զավակ Յուրիկը պատմեց իր լեգենդը հոր մասին… ոչինչ էական բաց չթողեց՝ ցույց տալով բիձու և արջի հանդիպման վայրը. հսկա արջի հետ նրա հանդիպումը իրական է, անկասկած, Գեորգիին ճանաչող յուրաքանչյուրի համար… Ինձ համար… նա մանկության, Որոտան-Բազարչայի եզերքին փռված Բորիսովկայի գունեղ-ձայեղ աշխարհի հսկան է, իմ տեսած ամենազարմանալի կենդանի արարածը՝ Մարդ Աստծոն… որ գրկեց ինձ, երբ ես 6-7 տարեկան էի, մեր Դավթի չափ, Որոտան-Բազարչայի ափին, բարձրացրեց-բարձրացրեց, վե՜ր-շա՜տ վեր… Ու նրա աչքերի անհուն բարությունն եմ հիշում, նրա բամբ ձայնը.
— Իմ Շամխալի փոքր տղա…
Առանց այդ ուժի ես իմ վախը հաղթահարողը չէի…

Այդպիսի մի հանդիպում էլ ունեցել եմ Նախիջևանում, երբ «Պոբեդա» մեքենայից իջնելիս ինձ գրկել է Բլեյան Մուշեղը, այսօրվա Բալոյանների նշանավոր նախաստեղծը, ու իր ճամփին հանդիպող բոլորին՝ հայ թե ադրբեջանցի, հպարտ-զարմացած-հիացած ցույց էր տալիս իր Շամխալ եղբոր փոքր տղային… Իմ գրպանները խցկած նողուլ-կոնֆետ-մրգերն եմ հիշում, ինձ ձեռքից ձեռք փոխանցողների ուրախությունն ու արևախանձ դեմքերը… Արաքսի ափին՝ Նախիջևանում…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

#1114

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացե՛ք մեր-ձեր ճանապարհներն առ Արարատ

«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին…

Կրկնազատիկ-Նոր կիրակիի ընթերցարան` հոբելյանական 300-րդ գրից առաջ

Կիրակիին նախորդող շաբաթը աշխատանքային եղավ: Կրթահամալիրի Բանգլադեշը սեբաստացի պարտիզպանները, սովորողների և ուսուցիչների տարատարիք խմբերը, ծնողական կոնկրետ ու սրտաբուխ աջակցությամբ, համերաշխ-կապակցված-խելամիտ աշխատանքով, բոլոր դպրոցներում առանց բացառության, ներկայանալի դարձրին` պտղատու ծառերի շարքեր

Ի՜նչ կին… Մարիամ Միրզախանի

Մեր ժամանակի ամենա-ամենա-ամենականացին էր, մաթեմատիկոս, իրանցի. 40 տարեկանում մահացավ… Ճանաչո՞ւմ էինք նրան՝  ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորին, որ 2014թ. Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան է ստացել, իսկ 2014-ին դարձել առաջին