Ի՛նչ է հարցնում Դավիթ Բլեյանը գիշերը ժամը 4-ին, երբ հանկարծ արթնանում է … Այսօր, օրինակ.
— Պա՜պ, իրար լրիվ նման, բնակչությամբ ու տարածքով, պետություններ կա՞ն…
— Պետությունը կարո՞ղ է տարածքով ու բնակչությամբ մեծ լինել, բայց հզոր չլինել…
— Ինչպե՞ս են պաշտպանվում փոքր պետությունները, պա՜պ … Միջուկային զենքո՞վ … Թող բոլորն էլ Իսրայելի նման միջուկային ռումբ ունենան…
— Արի մի անգամ էլ գնանք Իսրայել, Երուսաղեմ։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են ստեղծել այդ զենքերը․․․

— Աժդահակ սարը իր անվան նման աժդահա՞ է …
— Չվախենա՜ս, պա՜պ, ես մինչեւ վերջ բարձրանալու եմ, մինչեւ ամենաբարձր գագաթը … Քանի՞ գլուխ ունի էդ աժդահան, պա՜պ…
Հետո ձմերուկ ուզեց, կերավ մի կտոր ու քնեց։ Ու փոխվեց իմ գրի ընթացքը. խոստացել էի այսօր եռապատումի երրորդ կտորով ավարտել Ուխտասար-Ծղուկի այս անգամվա էջը։ Չի ստացվի. հետո, ինչո՞ւ արհեստականացնեմ գիրը, թող իր ընթացքով, Որոտանի նման, գնա…

Ամառային լողափը Հարավային դպրոց-պարտեզում:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Ես ու Դավիթը պատրաստվում ենք օգոստոսի 12-ին Նավասարդյան տոները Աժդահակում, մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ անցկացնել. ափսո՜ս, որ Արմինեն մեզ հետ չի լինելու, լա՜վ սարվոր է դարձել…
— Ոչի՜նչ, պա՜պ, օգոստոսի 19-ին միասին կլինենք Արագածում… Քանի օր մնաց Արագած բարձրանալուն, պա՜պ… Դու էլ ինձ նման սպասում ես անհամբեր…

Արշավից արշավ Դավիթն այսպես, կիլոմետրերով առաջանում է… Երեկ նրա Արմեն եղբայրը նկատեց.
— Էս ո՜նց է մեծացել, լեզու առել, հետը խոսել չի լինում. ոնց որ ի՜նքը մեծը լինի …
— Մնում է ծեծելը, Արմեն ջան…
— Չէ՜, ծեծելով չի կարելի, պարոն Բլեյան, մնում է ընկերությունը …

Այդպես էլ երկու ընկեր անցկացրին երկուշաբթին տանը, իսկ երեքշաբթին, ողջ օրը՝ Արեւմուտքի ճամբարում՝ լողափին, թե լողավազանում…

Տեսե՞լ եք Դավթին, Խաչատրյան Արամին բացօթյա լողավազանում… Եթե ​​չէ, շա՜տ բան եք կորցրել… Ջրում ընկերություն են անում, ապրում, աշխարհի հարցեր քննարկում… Ուսումնական բաց մեր ճամբարի համակարգող Լիլիթ Շահբազյանի լուսաբանում-հաղորդագրությունը Ամառ 2017-ի ամենասիրելի-դիտելիներից է…

Մենք պատրաստվում ենք «Մուտք» խորագրով հնգօրյա ճամբարներին… Մուտք՝ կրթահամալիրի սովորողների համար, մուտք՝ աշխատողների համար. իսկական ուսումնական ճամբար-նախագիծ։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տեսնայութը՝ Արմինե Աբրահամյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=NBsYDeZU4WU?ecver=2]

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր հարթակով, իմ նախապատվություններից է… Ափսո՜ս, որ Երեւան-Սիսիան-Գորիս ճանապարհին քչերն են դադար առնում. ճամփի վերջին կտորն է վատ, աղբյուր չկա, աղբաման, զուգարան… Այսպիսի՞ վերաբերմունք Արենիի նման գյուղում, Մոմիկի հայտնի, եզակի, «կռասավեց» եկեղեցու նկատմամբ… Ինչո՞ւ, հարցնում եմ… Մենք, Ծղուկ-Ուխտասարի ճամփին հանդիսավոր դադար ենք առնում. Շուշոն երգում է, մենք աղոթում ենք միասին … Բլեենք հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են եղել-կան… Մոլեռանդությունը-ձևականությունը խորթ է Բլեենց․ ինչպես իմ հայրն էր ասում.
— Շա՜ն տղա, իմ հոր հավատքն է, չկպնես…
Լեզուն, եկեղեցին, ավանդույթը, պատմությունը… ազգականը, միով բանիվ՝ հայրենին-մայրենին, փոխանցում են, ժառանգվում … Մնացածը անհատականացումը չէ՞…

Բակային աշխատանքներ, Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներ:
Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի:

Այս մասին ենք մենք զրուցում, հաստատում Արենիի եկեղեցում, բարձունք-հուշարձանին, որտեղից ափի մեջ Արփայի կանչող հովիտն է, դեպի Արաքս գնացող մարդամոտ Արփայով… Ափսո՜ս, որ կիրճով մեկ ամենատարբեր անուններով ուտուշ-խմուշի օբյեկտները պատնեշ են դառնում գետի ու անցվոր մարդու միջեւ… Մեր գետերը մեր օրորն են, օրորոցը մեր, եզերքը բնական հիացումի-մտահոգության, աշխատանքի մշտական ​​վայրը ու իմ գրի-պատումի անբաժան ընկերը…

Ես հովվերգության երգիչ չեմ, ոչ էլ դրա ընթերցողը… Չեմ կարող տրվել դրան… Տիգրան Ջերջյանը Մոնակոյից, 1999-2001թթ. իմ բանտարկումի շրջանի-ազատաբերության տոկուն բարեկամը, ոգեւորված է Բլեենց նոր սերնդի հավաքականությունից…
— Ի՜նչ լավ ես որպես նոր առաջնորդ ընկել ու տանում առջեւից…
Ես գործից-հանգամանքներից փախչողը չեմ, սոսկ միջոցառումների, դրանց ուղեկից գովքի տրվող չեմ… Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք։

Լուծելի են եւ օրակարգում Բլեենց ծննդավայր Լանջաղբյուրում մատուռի վերականգնման, գյուղում ստալինյան զոհերի հիշատակի հավերժացման, Բլեենց ծագման մասին տեսաֆիլմի, բլոգի ստեղծման… հարցերը, ամենամյա ուխտագնացություն-ճամփորդությունները… Ու սկսել եմ ավելի կոնկրետ զբաղվել դեպի հին Բայազետ մերոնց առաջիկա ուղևորությամբ։

Կա հարց, որ ավա՜ղ, միայն Լանջաղբյուր-Ծղուկինը չէ՝ հայոց գյուղի-շենի, նրանով անցնող գետի, գետի ու նրա եզերքի, բնակավայրի այսօրվա վիճակի, նրա ապագայի… Եվ այստեղ գտնվող հարազատներդ, որ հենց իրենց շենում չեն տեսնում իրենց ապագան … Ու ազգիդ վիճակը, Ամուլսարի ճակատագրի նման, ծանրանում է սրտիդ …

Հարավային դպրոց-պարտեզ, 2-ից 4 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Ես մեծացող անհամբերությամբ սպասում եմ իմ վաղեմի ընկեր դաշնակահար-կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի ու ջութակահար-դիրիժոր Հայկ Դավթյանի դուետի ելույթին. աշխարհում հայտնի երաժիշտների այսպիսի նախաձեռնությունը ոչ միայն հուզիչ վերաբերմունք է կրթահամալիրի մանկավարժության նկատմամբ, այլեւ ուղղորդող-ավանդույթ ձեւավորող նշանակություն ունի։ Չէ՞ որ ամռանը շատ նշանավոր հայրենակիցներ երկարատեւ լինում են Երեւանում-Հայաստանում, եւ ե՞րբ, եթե ոչ ամռան տապին, կարող են իրենց ներդրումն ունենալ, իրենց կապը հաստատել, հայ ունկնդրին այսպես հարգել …

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 1115

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր Շամիրամ ու Արա Գեղեցիկ․ առասպել և իրականություն․․․

Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի

Երբ շատ է դժվար․․․

Գործող սահմանադրությունն ո՞ւմ հագով է… 

Ի՜նչ վերնագիր է՝ ապագան ալեկոծ մեր ժամանակներում…

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել