Այս անգամ՝ Որոտանի, նրա եզերքին փռված Սյունյաց աշխարհի, որպես Աշխարհացույցի մաս…

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Համո Սահյան

Ճիշտ նույն ժամանակ` օգոստոսի 6-ին, օրը կիրակի, առավոտ 7-ին, երբ Երևանում-Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցուց սեբաստացի պատանիներն սկսեցին Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար իրենց շարժը, Սիսիանի Սպանդարյան և Ծղուկ գյուղերից Բլեյանների ուխտավոր հարազատությունը սկսեց Ուխտասար-Ծղուկ գագաթի նվաճումը․․․ Ճիշտ նույն ժամին, կիրակի օրվա վերջին, երբ մենք ուխտն ի կատար, հարազատներով մտնում էինք տապից ժամանակի զգացողությունը կորցրած Երևան, սեբաստացի պատանիների ջոկատը Հայաստանի պաշտպանության նախարարության ավտոբուսով, մեր սուսերամարտի մարզիչ Միքայելի ու նետաձիգ Գևորգի առաջնորդությամբ Ասկերանի Բալուջա գետն էր հատում ու մտնում Նոր Այգեստանի մեզ հարազատ դարձած զորամաս՝ արցախցիների հետ հերթական բանակումի․․․

Հալալի-գոհունակության երրորդություն ապրեցի ես այդ ընթացքում, մեկ՝ Ուխտասարի Ծղուկ գագաթին, հարազատացած մարդկանց հետ․ ախր, ճանապարհը մինչև այս, շոգին-կրակին, փոշու մեջ, երկար ցնցող ամենագնացում, հետո, Ուխտասարի լճի ու ստորոտի միջև փռված սալարկով, հետո թեք սարով, մինչև գագաթ, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու վճռական-հարազատությունը վերելքով հաստատած Բլեյան-Թադևոսյան-Բալոյանների հետ․․․ Ծղուկից այս աշխարհը՝ չորս կողմ բացվող, ափիդ մեջ, օտարերկրացիների տարբեր խմբեր, լիճն ու ավազանը իրենցով արած, տեսարան, որ կմնա-չի ջնջվի՝ ինչպես նախորդ անգամ Աբուլի գագաթից․․․ Ուրիշ ինչպե՞ս դու կունենաս այս զգացումը-ապրումը-հիացումը, ուրիշ ինչպե՞ս կհայտնաբերես քեզ մինչ այս անհայտ աշխարհն այս, որ մի բառով չես կոչի, երկուսով՝ Ծղուկ-Ուխտասար․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Հալալի-գոհունակության երկրորդ զգացումը՝ ժամեր հետո, լճի պաղ-զուլալ ջրում, նորից Դավթի և ուխտավորների խմբով․․․ Օխա՜շ. ի՜նչ վրանի տեղ է, ըստ վարորդ-ուղեկից Վալերի, անգլիացիների մեծ խումբը, որ 7-րդ օրն է գիշերում, գործից հասկանում է․․․ Աշխույժ է շուրջբոլորը, լողացողները քիչ են, Երևանից եկած հայերը մտմտում են, ինչի՞ մասին՝ չի իմացվի, Առաջին հանրայինը նկարահանումներ է անցկացնում, մնացածը ֆոտոպատումի ենթակա է մեր աչքերով, որ հուսամ՝ ձեզ ջիջիլի նման կփոխանցվի․․․

Հալալի-գոհության երրորդ զգացումը Ծղուկի նշանավոր հողագործ-երկրագործ Վաղարշ Բլեյանի՝ Գեորգի Բլեյանի Սիսիան աշխարհում հայտնի թոռան հյուրասեր տան առատ սեղանի շուրջ կշեշտի բիձա Գեորգիի երևանաբնակ որդին՝ վաստակով ուսուցիչ ֆիզիկայի, մանկավարժ-կազմակերպիչ Յուրիկը, ուխտը ինքը, որպես եղելություն, կայացած ի տես բոլորիս ու բոլորիս մասնակցությամբ․․․ Ես գիտեմ, իհարկե, որ այն չէր լինի առանց ինձ, ու դրանից հալալ երրորդությունը ճաշակում եմ լիուլի․․․

Դավիթ Բլեյանն այս ընթացքում երկար լեփ-լեցուն սեղանի տակ է, իրեն ուղղված ծափերով․․․ Վաստակել է մարդը։ Ճամփա անցավ՝ լճով-գագաթով․․․

Մի քանի պատկեր, որ պատմելիս-գրելիս, ահա, կենդանացան, առաջ եկան․․․ Որոտանի կիրճով պտույտը, որ տեղի տալով Սիսիանի հիմնական դպրոցի տնօրեն, հին-լավ բարեկամ Հովհաննես Ալեքսանյանի ու իր անբաժան երկրագործ Ֆեդյա ընկերոջ, Բլեյանների թևով անցկացրինք Սպանդարյան գյուղում, գիշերեցինք սահյանական հովվերգությամբ լեցուն գյուղական տանը՝ Արմինեի, Շուշանի, Արևիկի, Դավթի, Արամի ու Յուրչոյի հետ․․․

Շուշոն Բլեյան, Սպանդարյան լճի ափից առանձնացած, մինչ մենք լողում ենք, լճի մեջ ցցված մի քարի վրա է․․․ Տեսեք՝ Վիեննայից ուր է հասել, ինչեր է տեսնում, ինչեր կպատկերի դեռ…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Շուշանի-Արևիկի ներկայությունը․․․ Ինչպես Տաթևն ասաց, երբ Ծղուկի գագաթից փոխանցեցի գավաթի նվաճման փաստը. «Լավ կլինի՝ Վահանը հետևի իր Դավիթ քեռուն, իսկ Արևիկն ու իր մորաքույր Շուշանը արդեն հարազատ են, իրար գտած…»։

Երևան վերադարձին, Գորայք գյուղ չհասած, դեպի ջրամբար-լիճ շտապող Որոտանի ոլորանը․․․ Ինձ կանչում է ու կկանչի այնքան, քանի ես կանչին-ձայնին, Որոտանի կիրճ պատկերի հետ, սեբաստացիների, թե Բլեյանների մի խմբով չեմ բարձրացել, ասում են՝ 10-15 կմ-ն այս, մինչ նոր զգացումի վայելքը, դեպի․․․ Որոտանի ողջ երկարությամբ, աղբյուրներից իր ակունքի, Խալխա լճակից, Ծղուկի ջրամբարով,  Սիսիանով, Գորիս-Կապանով մինչև Մեղրի, մինչ Արաքս գետաբերանը․․․

Լճափին քնել, քնով եմ անցել…
Մնացածն ասի թող Որոտանը։
Համո Սահյան 

Սա էլ մի աշխարհ է Հայաստանում, որ արժե գրանցել որպես ուխտի ճամփա, ինչպես Սևանից սկիզբ առնող Հրազդանով, մինչ գետաբերանը Արաքսի․․․ Ես գնացել էի Ծղուկի Բլեյանների ուխտով, բայց նաև Որոտանի հետևից, ու մոռացումից ուզում եմ գետը դուրս բերեմ… Ինչպես Իսահակյանի գովերգած Ախուրյանն է մեզ համար Շիրակ աշխարհ ստեղծել-պահում, այնպես և Սահյանի երգած Որոտանն է Սյունիք-Զանգեզուր աշխարհը ստեղծել. մարդիկ սա չե՞ն տեսնում։ Սպանդարյանցիներին ես Որոտանն էի ցույց տալիս… Էս ո՞նց են վարվում մայրական ստինքների հետ…

Իմ պատումը «Որոտանի եզերքին»՝ վաղվա գրում…

#1113

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական գիր, ամենօրյա պատում

Որ նոր տարին շարունակենք, ինչպես ավարտում ենք, կամ հակառակը սրա… Օրերն իմ այդպիսին են տարեմուտի, ու երեկը բացառություն չեղավ, եղավ հերթականը… Համերաշխ ստեղծումի ցույց էր մի, խիտ ու տոնական, որ այն

Ուսուցում առանց գրատախտակի. կենտրոնում ինքնակրթությունն է

Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը

Մեռնեմ-պրծնե՞մ․․․ Չեմ թողնի․․․

Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․