Թող քո խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ: Սրանից ավելին չարիցն է:
Երեկ շաբաթ էր, այսօր՝ կիրակի…
– Ինչպես բոլոր-բոլորի տներո՞ւմ, հայրիկ…
Այո, Դավիթ Բլեյան: Մենք՝ հայր-որդի Բլեյաններ, շուտ ենք օրը միասին սկսել, «Անահիտ» շարժանկարի դիտումով… այսպես ստացվեց: Արմինեն, իհարկե, քնած է:
Անահիտի ձայնը Դավիթը ճանաչեց-ժպտաց.
– Մեր Նազենի աստղ Հովհաննիսյանն է, պա՜պ…
Ֆիլմն այս նվիրված է Ղազարոս Աղայանի 175-ամյակին, իսկ Ղազարոսը ապրիլը կանցկացնի կրթահամալիրում… Մեր ապրիլյան օրացույցով որոշված, որ մեկնարկեց երեկ, ճիշտ ապրիլի 1-ին:

– Ո՞րն է Հայաստանի խորհրդանիշը, պա՛պ…
Դժվար է իմանալ, թե շաբաթ օրը մեդիաաշխարհում, սեղանի մտավոր խաղերում Արմինեի հետ ինչերի է հանդիպել Դավիթը, ինչ ուսուցում ստացել, ինչ հարցեր են ծագել, մինչ ես ճանապարհներին էի։ Ու իմ պատասխանը ո՞ւր կտանի…
– Փարիզը Ֆրանսիայի խոհրդանի՞շն է համարվում, պա՛պ…
– Հա՜, այդպես Երևանն էլ` Հայաստանի… Կան այլ խորհրդանիշներ էլ, Դավիթ, Արարատ սարը, Արագածը՝ ինձ համար, Արարատյան դաշտը, Սևանա լիճը… Կուզեմ, որ խորհրդանիշ դառնա Զանգին` Հրազդան գետը…
– Չէ՜, պապ, նոր սարքածներից եմ հարցնում, որ մարդն է սարքել, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզի…
Ախր գիտեի, որ ժամ առ ժամ մեծացող այս մարդը շաբաթ օրով լուրջ պատրաստություն է անցել ու հարցերի շարք առանձնացրել հատուկ կիրակիի համար… Հեշտ ու շուտ բաց թողողներից չէ, ոչ էլ Արմինեն՝ շուտ վերկացողներից…

– Պա՛պ, հարցիս դու պատասխանի…
Իսկապես, ինչո՞ւ խուսափենք հարցից, օրագրի ընթերցող, ասեք՝ մեր ձեռքերով-մտքով-հանճարով սարքած նյութական արժեքներից, ուզում եք՝ Խորհրդային շրջանի, ուզում եք՝ անկախության, ո՞րն է Հայաստանի խորհրդանիշ դարձել, համարվում…

Երեկ՝ ապրիլի 1-ին, կրթահամալիրի օրացույցով որոշված «Զանգի` մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը» նախագծով մեկ դյուժին սեբաստացի ուսուցիչներով Զանգվի աջ ափով, հոսանքին հակառակ, Սեբաստիա-Լենինգրադյան-Կիևյան-Կոմիտաս փողոցներով հասանք «Քանաքեռ» ՀԷԿ , հետո Կորեայի ձորով, Նոր Հաճնի, Նոր Գեղիի-Քարաշամբի կամուրջներով, Բջնի-Սոլակի ջրերով, Դդմաշենով, Հրազդանի ՀԷԿ-ով, լճով մինչև Հրազդան գետի սկիզբը… Դադարներով, իհարկե, հիացումի հարթակներով, որ Աբովյանի հերոսների ու մեր նոր Զանգիի ժառանգորդներն են… Նոր Զանգիի խորհրդանիշը՝ իրենց հայացքով-սիրով-վերաբերմունքով առօրյա… առ Զանգի: Իմ հերոսները, իմ ճամփորդական նյութերը, Զանգվի նոր փաստագրությունը-ազգագրությունը, որ իհարկե հիմք են դառնալու Աբովյանից 180 տարի անց «Զանգի» նոր հավելվածի համար… Պիտի գրվի, չէ՞, եթե պիտի մեր ձեռքերով քանդվի-մաքրվի, բռի միջամտությունից՝ շինարարական ու կենցաղային աղբից ազատվի ողջ պարգև Զանգին՝ իր 141 կմ-անոց ընթացքով մեր հայրենիով… մեր Զանգվի ճանաչումով-հայտնագործումով, մեր՝ Զանգվի ավազան Հայաստանի բնակչի ինքնաճանաչումով-հաստատումով, որպես Զանգի՝ Հայաստանի նոր խորհրդանիշի ստեղծումով…
– Դավիթ ջան, իմ այո-ն այս է…

Նույնքան բարեխղճորեն, շնորհակալ եմ Գևորգ Հակոբյան-Էմանուել Ագջոյան-Յուրա Գանջալյան հետախուզական ընկերությանը, պատրաստվում ենք ապրիլի 8-ի՝ օրացույցով որոշված «Մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը»՝ դեպի Մայր Արաքս, Արաքսավան բնակավայր, Զանգիի գրկախառնության անցումի նախագծին…

Իսկ երեկ ողջ ճանապարհին զանգեր-հաղորդումներ-ողջույններ մեր ուսումնահայրենագիտական, ճամփորդական խմբերից՝ Թբիլիսիից, Տավուշ-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջանից, Ժայռ-Սևանից, Երևանից, Զանգի-Քաղսիից, պատվավոր ընդունելություն-հանգրվանով մեր Տաթև Աբրահամյանի ընտանիքում…  Ողջո՜ւյն մարդուն, կրկին ողջույն Մահարու խոսքերը որտեղից-որտեղ հասան իմ ականջին. ձեզ լինի:

– Դու ես Հայաստանի նոր խորհրդանիշը՝ մեր ձեռքով սարքած,- արթնացած Արմինեն իր պատասխանն է ուղղում Դավթի հարցին, ով իր սենյակի հատակին պառկած՝ նոր կառուցումով է տարված…
Իսկ ես՝ խաղաղ, «ձեր այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ» ընտրության կիրակի-հանգրվանի մաղթանքով: Քիչ հետո բարեխիղճ-կարևոր դուրս կգանք քվեարկության, ինչպես վաղը կգնանք գործի՝ կրթահամալիրի Բանգլադեշը մեր սարքած խորհրդանիշ դարձնելու վճռականությամբ։

«Գուրգեն Մահարի». կարդում է Աշոտ Բլեյանը: Ձայնագրությունը՝ Արմինե Աբրահամյանի:

Explore More

Ի՜նչ կին… Մարիամ Միրզախանի

Մեր ժամանակի ամենա-ամենա-ամենականացին էր, մաթեմատիկոս, իրանցի. 40 տարեկանում մահացավ… Ճանաչո՞ւմ էինք նրան՝  ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորին, որ 2014թ. Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան է ստացել, իսկ 2014-ին դարձել առաջին

Ես տեսել եմ դա. և դա ինձ բավարարում է…

Ես ի՞նչ գիտեի, որ արթնանալու եմ գիշերը 3-ին. չգիտեի, որ Ղազարյան Հասմիկ ամենաինտելեկտուալի «Ես մարդ եմ» հրապարակումն ինձ տանելու է ռուսական «Կուլտուրա» ալիքի՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հաղորդում… Ու ես 40

Կյանքը եռանկյունում ու եռանկյունուց դուրս…

— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն