Մարդո՛ւ կորուստը կորուստներից ամենամեծը, ամենաողբերգականն է… Այստեղից էլ տենդագին փնտրտուքը մարդու, նրա հայտնաբերման ուրախությունը ու թողած տպավորությունը՝ անջնջելի…
Մի սիրուն Աղասի Քանաքեռի կորած տներում որ տեսավ Խաչատուրը մեր ո՜նց գրականություն-լեզու բերեց մեզ… Ու Աբովյանն էլ ահա իր հետքերով, տեսեք, բաց չի թողնում… Քնարիկ Ներսիսյանի ֆոտոպատումը թարմ թատրոնի բլոգում կարդացեք. և՛ սկիզբ է, և՛ վերջ՝ մարդու, այո, Ուսուցիչ-մարդու՝ Աբովյանի հետքերով, այո, 141 կմ-ոց Զանգվի ավազանում, այո, մարդու հայտնագործումով… Կարդացեք որպես երիտասարդ կնոջ մի ուղևորություն, մանկավարժությամբ համակված առաջնորդի կենդանի ծրագիր-ուղեցույց… Բա ֆինա՜լը պատումի, արտագրում եմ. «Անցնելով այս բոլոր կտորները՝ հասկանում ես, որ սա և՛ իրական է, և՛ անիրական: Մի կողմից՝ այն ծավալը, որը կարժևորվի, կմաքրվի միայն ոգու փոխանցման, համակվածության միջոցով: Պարզ է, որ ամեն հատվածում էլ մի Վանիկ, մի Սոսե կգտնվի, և այս իրական մարդկանցով կկարողանանք գտնել մեզնից օտարած մեր գետը: Վստահ եմ, որ դրանից ոգևորվում են բոլորը, քանի որ ազատության միակ ճշմարիտ զգացումն այն է, երբ մարդ գիտակցում է, որ հենց նոր մարդկայնորեն վարվեց։ Իսկ մենք չէ՞ որ երջանիկ ենք լինում, երբ հանդիպում ենք մարդու, որը չի կորցրել իր մարդկությունը։ Եվ հրաշալի է, երբ, հանկարծ միջիցս լույս աշխարհ ես հանում Մարդուն…»։
Մի Վանյա՝ տարիքն առած, Կորեայի ձորում, աշխարհի՝ իր ստեղծած անկյունում, թե մի երիտասարդ Սոսե՝ իր ծննդավայր Քարաշամբի եղեգի նման, որ կամրջից տարավ մեզ աստիճաններով մինչև խառնարան Զանգվի ու Արայի, մինչև իր արտապատկեր ուռենի, վերջում բաց թողեց, երբ համոզվեց՝ կգանք… Մարդու կանչը, կանչերից ամենազորեղը, որ կանչեց՝ կգանք, էլի կգանք, ո՞նց չենք գա… չե՞նք ուտի Վանյայի խոստացած թութը, մենակ կթողնե՞նք Սոսեին իր զորացած վստահության հետ, որին խոստացանք, որ գալու ենք տարատարիք սովորողների հետ Քարաշամբի անմոռուկ կամրջի բոլորը մաքրելու, խառնարանը՝ Զանգվի Քարաշամբի գյոլը նորից լողափ դարձնելու…
Այգեպան, ին՞չ ես անում, շամբը բուրաստան չի լինի․
Օձը որքան գեղեցիկն ըլնի, վարդի՞ն սիրական չի լինի․
Կատուին ուսացընես օրը հազար նազ ու նաբաթ․
Տիրասեր եւ բարեսիրտ, յայտ է, իբր շան չի լինի…
Հակառակ մեր գուսանի սիրելի դարձած երգի՝ մի Սոսե-եղեգ հենց ապրիլի մեկով Զանգվի շամբը բուրաստան դարձրեց…
Ամենուր է այս սիրուն Աղասու փնտրտուքը, ուրիշ կրակ կա՞. անգամ ներսինը՝ աստվածատուրը, անշեջը, կհատնի, թե ժամանակին չհասավ մարդու հրեղենը, անսովորը՝ իր մարդկային հմայքով… Քանի՜ սեբաստացի ուսումնական գարուն նախագծով «Վախթանգ Անանյանի» հետքերով այս օրերին, տեսա՞ք mskh.am-ով, սովորողների-ուսուցիչների մեդիատիրույթների ֆոտոպատումով, որքա՜ն ուրախությամբ լեցուն եղան-տուն բերեցին չէ՞, ուր ամենը ճամփին չթողին… Մի Աննա Բեգլարյան, տեսեք, ինձ նման, որ աշխարհի բանը տեսածը չի մոռանում, փոխանցեց մեզ իր որդու՝ վեցերորդ դասարանցի Արմեն Ղազարյանի բերած ուրախությունը. «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Դիլիջանում երեխաների ճամփորդությունը կազմակերպելու համար: Տղաս վերադարձավ շատ տպավորված: Հանգիստը կազմակերպված էր բարձր մակարդակի վրա, բովանդակալից, և դրա ապացույցն են այն պատմությունները, որոնք արդեն երկրորդ օրն է մենք լսում ենք տանը»:
1981-1982-ին հայրենագիտական խորացված ուսուցմամբ դասարանի պատանիների հետ Ջավախք-Արցախ-Սյունյաց աշխարհներն էինք արշավում-ճանաչում… հեքիա՜թ. և այդ ամենը կարծես անծանոթ, հայրենիքի բոլոր ծայրերից իրար գլխի հավաքած պատանիների համար իրար հետազոտելու-հայտնաբերելու մի լաբորատորիա էր… Այսպես է նաև այսօր՝ մեր բոլոր ճանապարհներին՝ Աբովյանի թե Վախթանգ Անանյանի հետքերով։ Շատ բան ջնջվել է, բայց Գրունիկ Դավթյանի, Նունե Ջելոյանի, Մելքոն Խաչատրյանի… Կարեն Ավետիսյանի… հրեղեն տեսքը շարունակ հուրհրում է… Ե՛վ Թմկաբերդի ճանապարհին, և՛ վերելքին, և՛ գագաթին բարձր, հայացքով դեպի Փարվանա լճի հայելին, խմբերգությամբ հնչում էր Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը, տարբեր ծայրերից-հերթականությամբ՝ որպես ձոն իրարու, իրար մեջ՝ մարդու անդունդը քաշող հիացքի…
Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ,
Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ։
Լսեք, կարդամ հենց հիմա, որ ազդեցությունը հաղթահարեմ ու օրվա գիրն ավարտեմ…
Դավիթ Բլեյանը ընտանեկան դպրոցում, Արմինեի ձևակերպած արձակուրդի օրերին, տեսեք՝ խաղաղ-կոնկրետ ի՜նչ աճ ունեցավ… եղեգնի պես նկատելի: Կարդում է գործնական, գրում պետքական, հաշվում բնական, հիմա էլ անցել է կոտորակներին… Էս աշխահագրական-հայրենա-աշխարհաճանաչողական-մաթեմատիկական-բնագիտական-լեզվական լոտոներով–խաղերով այնպես է տարվել, որ մեզ, ինձ համար հատկապես հիմար վիճակներ է ստեղծում… Այսքան բան որտեղի՞ց-ո՞նց գիտի, այս ե՞րբ… դեռ վեց տարեկանին էլ 8 ամիս կա… Հետևից չենք հասնի, ոչ էլ ուզում ենք… Թող ինքն իր ճամփով, թափով… իր կրթությամբ առաջ գնա… Նոր բոթասներն էլ հագել, հիշեցնում է, որ Արագածի գագաթի համար սրանք ամենահարմարն են… Գագաթը գրոհելու շրջանն է ճշտում. հա՛մ ձյուն լինի, հա՛մ հալոցք, հա՛մ ծաղիկներ բազմաբյուր ու բազմերանգ…
– Պա՛պ, կարո՞ղ է տիար Գևորգը չգա… Ինքը շատ խնդիրներ գիտի, թող գա, պա՜պ…