– Դավիթ, էդ համակարգչի ձենը կտրի, հերիք ա, գլուխս գնաց…
– Ո՜նց կտրեմ, բնագիտություն ա…

Բնագիտական տեսանյութի-հայերեն անիմացիոն ֆիլմաշարի ձայնը իջեցնում է հնարավոր ցածրի վրա… Տեսնելու բան է, ականջը ցուցադրաբար կպցրել է Արմինեի կրթահամալիրային օժիտ պենտիումի (երևի 2005–ի արտադրություն, 2007-ից գործող անընդհատ) էկրանին… Բոլ ծիծաղեցինք-հանգուցալուծվեց-անջատեց. այս ի՜նչ ձայնով են պատմում-ներկայացնում ամենափոքրերին բնագիտության մասին, ուղեկցում նրանց բնության գաղտնիքների աշխարհ: Ես ուզում եմ, խրախուսում-ուրախանում, որ Դավթի համար այդ աշխարհը ամենագրավիչներից է, և… նյարդերս չեն տանում այս սղոցը…
– Արի գնանք, ես լողանամ, ինձ ծակծկող մազերից կազատվեմ, պապ…
Մազերը կտրել են մեր Աշոտիկի, մազերը ծակծկում են մեր նրբիկին…
– Ես էլ՝ էդ հերոսի ձայնից, Դավիթ…

Ես իմ պլանշետի վրա աչքի եմ անցկացնում հենց նոր լրագրող Արման Սուլեյմանյանի ուղարկած «Հանրային դիվանագիտության» այս տեսանյութը
– Պա՜պ, էս ուր մնացիր, ինձ գցեցիր առաջ, դու կորա՞ր, պապ… Հա, բաղնիքում եմ ես…
– Մամ, դու դո՛ւրս արի, թող հայրիկը մնա…
Լողալը՝ հայրիկի հետ, վեցերորդ տարում, վեց տարի… Երկար մնաց լողարանում, խաղաց իր նոր «ձմեռ պապի» նվեր մեքենաներով… Հետո էս մեր ամաչկոտ-ամոթխածը, մորեն մերկ կանգնած լողարանի մեջ, ազատ զրուցում էր մոր հետ… Մայրն էլ զմայլվում-զննում էր իր երկուսը մեկում՝ տղա-աղջիկ ձագուկին…

«Ազգ-բանակումը»՝ Հայաստանով-Արցախով, սփյուռքով-եկեղեցով, փառավոր հանգրվանել էր մարզահամերգայինում… Ես այդ ժամանակ իմ ազգի հետ էի, իմ սիրուն Զանգվում, Փարաքարի ջրանցք-աղբանոցի մոտ, իմ տարատարիք սանիտար սաների հետ, հայտնի սենսեյ Հայկուհու առաջնորդությամբ աղբից Զանգվի ջրանցքն էինք մաքրում, հետո՝ կրթահամալիրի Բանգլադեշի համերգասրահում երգչախմբային դասարանական հանրակրթական ստուգատեսի գալա համերգն էի վարում-ուրախանում-վերառեժիսավորում, իմ նոր, հերթական, խոստացված վերնաշապիկով, հետո՝ կրթահամալիրի քոլեջի ուսանողների հետ մարզական քայլքով Մայր դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ կրթական հարթակներով հընթացս մեթոդական-ուղեցուցային պարապմունք էի անցկացնում՝ նոր Բանգլադեշ-նոր կրթական միջավայր… մինչև հայտնի նոր գեղարվեստի նոր «Ընդհատակ» ակումբում մեկնարկած «Ներսս» մոնոներկայացումը՝ այսքա՜ն թեթև, ոտքի վրա՝ մեծ խումբ սեբաստացիների հսկա ջանքերի-քրտինքի-կասկածների-ոգևորումների շրջան ետևում թողած… Նոր գեղարվեստը որպես մեր իրական կրթական աշխարհ, մեր նոր Բանգլադեշի բաղկացուցիչ՝ բաց-թափանցիկ-մատչելի… Համեցեք, սեբաստացի-ոչ սեբաստացի, ծանոթ-անծանոթ, ձեր նախագծերով-նախաձեռնություններով, ձեր ինստալյացիաներով, ձեր օյիններով… Առանց Քնարիկ Ներսիսյանի այսպես-այս ժամկետում այսպիսի գործ էս հանգուցալուծման չէր բերվի: Կեցցես Քնարիկ, շնորհակալ եմ, տպավորված: Առանց իրիկնային գեղեցիկ Զանգի հեծանվավարգի իմ օրը ինչ վախճան կունենար… Հեծանիվս, ճամփի ընկեր է, հուսալի պիտի լինի, երկար նորոգում անցավ «Ideal Bikes»-ի արհեստանոցում, անշտապ, նոր դադարներով-դժվար անցումներով-վերելքներով փորձարկեցի… Հետևեք իմ գրին։

Տեքստերը, նոր-բարդ, որպես բարձունքի-գագաթի նվաճում, իհարկե, իմ կյանքը-օրը զարդարում են, զանգուլակի պես կանչում… Բայց, ա՜յ, ծրագրեր, չգիտես ում համար գրած, որպես, տեսեք-տեսեք, արվելիք գործ (ո՜վ պիտի անի, ե՜րբ)… Ա՛յ հիմա, փնտրեցի-գտա, մի երկանդամմ (բինոմ), որ առաջին անգամ երևի գործածել էի «Հայ քաղաքական միտք» մատենաշարի՝ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» վերնագրով առաջաբանում՝ Ստեղծագործ խոսք-կենդանի գործողություն…

Որպես ստեղծագործ խոսք՝ ընդունեք «Կրթական պարտեզ» նախագիծը, իր կրթահամալիրի նոր լանջաղբյուր դարձող Բանգլադեշով-մետաքսի կրթական ուղիներով, իր կրթական հարթակներով-բարձունքներով, իր նոր գեղարվեստով, իր նոր կենցաղային մշակույթով, ինքնավարության-ինքնագործունեության-ինքնիրացման-ինքնարտահայտման նոր կրթական միջավայրով… Եվ մեր «Սիրուն Զանգի՝ մի տուտը Սևանի հանդարտ ջրերումը, մյուս տուտը՝ Արազի քրքրած ղողումը» նախագիծը՝ որպես մեզ մեկ հավաքականություն դարձնող հայրենի-մայրենի…

Եթե ուզում ես տունը ապրի, գնա ու բնակվի այնտեղ… Ահա քեզ և կենդանի գործողություն ասվածը, ես սարսռեցի, հիմա, ինչպես Համո Սահյանը իր «Լուսաբաց»-ի մեջ… Ձեզ եմ դիմում, սեբաստացի-ոչ սեբաստացի, մեծ ու պստիկ, ծանոթ-անծանոթ, որ ապրում ենք մեր կրթական պարտեզում, սկսո՞ւմ ենք ապրել մեր սիրուն Զանգվում… Ապրե՛ք: Ապրիլի առաջիկա երեք օրը՝ 22, 23, 24, մայիսի առաջին օրերը, հետո 8-11-ը, ես տեսնում եմ Կրթական պարտեզի-Զանգվի՝ ապրող մարդկանց, անհատների-փոքր խմբերի-ընտանիքների նախաձեռնությունների շրջան, որպես մի-մի կենդանի գործողություն… Ընտրե՛ք ձեր հարթակը Կրթական պարտեզում՝ կրթահամալիրի Բանգլադեշում՝ Ագարակում թե Գեղարվեստում, մեր աշխարհի չորս կողմերում՝ դպրոց-պարտեզներում մեր, մեր Խառնարան-մայր դպրոցում, դրանց անցումներում-շրջակա բակերում. մեր գյուղատնտեսական գործիքները կհերքեն, եկեք տնկիներով ծառերի-թփերի, սերմերով կամ առանց դրա, բրդուճներով, եկեք որպես երկրագործ-ապրեք… Հետո, համեցեք, Էմանուել Ագջոյանի կամ ձեր ունեցած ուղեցույցով, իջեք Զանգի՝ Քանաքեռից մինչև Արգավանդ, Սևանից մինչև Արաքս, քայլեք պարզապես, ճանաչեք-հաշտվեք-հայտնաբերեք Զանգին, նստեք նրա ափին ու ջրին-կիրճին նայեք… Ապրեք: Բնակվելու-բնակչի ժամանակն է՝ նոր կենցաղային մշակույթով մարդու…

Explore More

Մեկ շաբաթ Անդաստանով քայլած ճամփորդի դադարի կիրակի․․․

Դուք եղե՞լ եք Սեբաստացի ագարակում իրիկնային մի ժամի, երբ սարի ետևում շողերն են մեռնում։ Տեսե՞լ եք շառագունած երկինքը մութին մեջ, անցել ագարակով հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս ճառագայթներով ու ագարակի գյուղական իդիլիայում վայելել

Գիտեք՝ հե՞շտ է…

Աշնանային արձակուրդի ընթացքում, երբ Արմինեն ու իր տղուկ Դավիթը մեկ շաբաթ տանը միասին էին, Դավիթը մի անգամ որոշում է․ — Մա՜մ, արի գործերով փոխվենք։ Դու իմ դասերը սովորի, ես էլ

Որ մայիսին բացվի վարդը, ու սոխակը երգի անուշակ…

Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս,