Դավիթ Բլեյանը հասավ, իհարկե, իր վերջին օրերի մուրազին. իմ Հասմիկ ավագ քույրիկն իրեն բնորոշ բարեխղճությամբ կատարեց Խաչվերաց տոնին հայտնաբերած Դավիթ թոռնիկի տատիկությունը, այցելեց Դավթին Դպրոց-պարտեզ, նվերներով… նոր մեքենա, քինդեր-ձվիկ ու էլի կոնֆետներ… Իր համար էլ հայտնաբերեց Բլեյան Տաթևի աշխարհը՝ Արևմտյան դպրոց-պարտեզը, Դավթի նոր մոլորակում եղավ… Ուրախացա՜վ-աշխարհով մին եղավ Դավիթը…
— Թող ամեն օր գա, կգա՞, պապ, լա՜վ, թող շաբաթ օրը մեր տուն գա, պապիկին էլ կբերի, կհյուրասիրենք, կխաղամ հետը…
Հասմիկ տատիկի բախտը բերեց. հինգ տարեկանների նոր խմբասենյակի նորամուտն էր երեկ, Մարինե ուսուցիչը մեծ-հատուկ տորթ էր թխել-չարչարվել օրվա համար, ուրախություն-աշխույժն էլ՝ բազմակի… Այս խմբում-մոլորակում մենք դեռ կհանդիպենք և՛ ընթացող աշնանային հավաքի օրերին, և՛ էլի… Մարինեն ծո՜վ մտքեր ունի, անիրագործելի չի թողնի, մեզ էլ մասնակից-ներդրող կդարձնի… Ա՛յ, օրինակ, Գևորգ հոպարը, Նազենի աստղն ու բոլորը՝ էս շարքում, մինչև Արևիկ Տատինցյան, քույրեր-եղբայրներ. Հասմիկ տատիկը ճամփեն բացեց, այցելե՛ք Դավթին ու իր երեսուն ընկերներին, ձեր նվեր գործիքներով-զարգացնող խաղերով, ուսումնական այլ պիտույքներով օգնե՛ք Մարինեին, իսկական՝ Արեգակնային համակարգում թվով 10-րդ մոլորակը ստեղծելու Արևմուտքի պարտեզում…
«Տղաների հասարակություն». 2016-2017 ուստարվա առաջին դասարանցիների մեջ գերակշռում են տղաները: Ֆոտոշարքը՝ Ռաֆայել Խաչատրյանի։
Իսկ «Սեբաստացի» ագարակում անհամբեր սպասում ենք առաջին պոնիին, առաջին զույգ իշուկին…
Գլուխ գովել-փչել կարողանում է մեր հինգ տարեկան հերոսը… Մարինեի առաջարկով պատմում է իր քույրերի-եղբայրների մասին ու սկսում է փոքր քրոջից…
— Դավի՛թ,- զարմանում է Մարինե ուսուցիչը,- դու փոքրիկ քույր ունե՞ս…
— Ունեմ, ուսուցչուհի, մայրիկս իր փորում է պահում…
Մայր ու տղայի գաղտնիքների շարքի՞ց է… Տո, թող լինի, թո՜ղ ես չիմանամ… Ամեն ինչից հո տեղյակ չե՜մ լինի…
— Իմ հայրիկը մայրիկից տասը տարի փոքր է,- հայտարարում է ընկերներին…
Ընկերներն էլ խմբով փորձում են գլուխ հանել Տիարի տարիքից. դե, մի կողմից Սոնան՝ չքնաղ թոռնուհիս, պնդում է, որ ես իր պապիկն եմ, մի կողմից՝ ուսուցիչները-ծնողները հպարտանում են, երևի, որ ես իրենց տնօրեն-ուսուցիչն եմ եղել, մյուս կողմից՝ մայրենիի իրենց սիրելի պսպղան ուսուցչուհի ընկեր Արմինեն, որ առիթ-անառիթ ներկայանում է իբրև Դավթի մայրիկ… մյուս կողմից՝ Դավիթը, որ համառորեն չի ուզում, որ ես երկուսը մեկում լինեմ՝ պապիկ-հայրիկի դերում… Վերցրել ու այսպիսի լուծում է գտել մեր հերոսը… Իրիկունը, տանը՝ արդեն լրիվ լուրջ ասում է.
— Պա՜պ, հիմա դու քանի՞ տարեկան ես:
Համոզված, որ այս հարցը սկսեց հետաքրքրել օրագրի բոլոր յոթ հարյուր իննսուն գրերի բոլոր ընթերցողներին՝ արևելքից արևմուտք, հյուսիսում ու հարավում, որոշեցի առաջին անգամ խաղաղ պատասխանել.
— Ես վաթսունմեկ տարեկան եմ, Դավիթ, ծնվել եմ 1955թ. սեպտեմբերի չորսին… Ու անհամբեր սպասում եմ սեպտեմբերի չորսին… Իմ սիրտ նորից սար կուզե, ձգուկ…
— Բա մայրիկը քանի՞ տարեկան է, հայրիկ:
Այսպիսին է լինում հասունությունը մեր հինգ տարեկանների խմբում՝ օրերով, ժամերով…
Արմինե մայրիկը, թվում է, հենց սրան էր սպասում. շնորհակալությո՜ւն հարցի համար, тут как тут…
— Ես, Դավիթ ջան, հայրիկից փոքր եմ ուղիղ քսաներեք տարի…
— Պապ, քսաներեքը շա՞տ է, թե՞ քիչ… Ասա՛…
Այստեղ ընդհատվում է իմ օրագրի ընտանեկան մասը…
Նոր նախագծի մեկնարկ Ավագ դպրոցում:
Նախագծի հեղինակ՝ Լուսինե Մանուկյան։
Աջ ու ձախ հարցնում են իմ վերաբերմունքը վարչապետի փոփոխությանը…
— Քաղաքակա՞ն փոփոխություններին,- հարցով ճշտում եմ ես: Ուզում եմ, որ մենք նոր վարչապետով ազդարարենք հայտարարված-երկար սպասված-խոստացված քաղաքական փոփոխությունների մեկնարկը… Երեկվա՝ ազգային ժողովի նոր աշնանային նստաշրջանի առաջին օրով 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերի հայտարարության ստորագրումը թող լինի փոփոխությունների ծիծեռնակը… Հայաստանում իրական փոփոխությունները ենթադրում են հանրորեն ընդունելի քաղաքական ընտրություններ ու պիտի հանգեն դրան… Սարերի ետևում չեն 2017-ի համապետական ընտրությունները՝ պետական իշխանության… Հայաստանի համար, յուրաքանչյուրիս համար քաղաքական՝ «նոր գինին նոր տիկերի մեջ» փոփոխությունների պահանջը օդ ու ջրի պես հասունացած է այնքա՜ն, որ հիմա, հիմա… Եվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը թող դառնա այդ փոփոխությունների վարչապետը… Բարո՜վ: Թռուցիկ հանդիպումները հանած՝ ավելին չգիտեմ, քան կենսագրությունը նրա, քան իրեն ավելի լավ ճանաչողների դրական կարծիքը: Այսպիսի փոփոխություններն առանց խիզախումների չեն լինում. մեր նոր վարչապետը, ասում են, դրան պատրաստ է կենսագրությամբ, ապրածով: Յուրաքանչյուրիս խիզախումների ժամանակն է՝ խոսքով, գործելու, խնդիրները հանրային նոր հարթակում լուծելու ժամանակն է…
Ես ձեզ խոստացել էի իրագործումների 2016: Սրա համար պետք է նաև Երուսաղեմ ուխտի՞ գնամ, գնում եմ:
«Փոքրիկ սեբաստացիներ». դիմանկարների շարք։
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 790