Չգիտեմ՝ պատրաստվո՞ւմ է իմ Օրագրի ընթերցողը կրթահամալիրի տնօրենի 1000-րդ անընդհատ գրին՝ իմ բլոգապատման հոբելյանին, և ինչպե՞ս է պատրաստվում… Հանկարծ Ազգային ժողովի ընտրությունների թոհ ու բոհի մեջ այս գոզալ, Թումանյան Հովհաննեսը կասեր՝ կուլտուրական նշանակության առիթը չտեսնելու-չլսելու տա: Կնեղանամ:

Մեր Մարալ Կարապետյանն էլ զգույշ պիտի լինի, հա՛, ԱԺ պատգամավորի թեկնածու է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով, հա՛, կիրակի արդար-առցանց ընտրությամբ, Ելքի ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Հերմինե Անտոնյանի կազմակերպած քվեարկությամբ, ընտրվեց կրթահամալիրի կազմակերպիչների մասնագիտական խմբի ղեկավար… Հանկարծ չոգևորվի, որ թուրը աջ ու ձախ կտրում է, մեր կրթությամբ սոցիոլոգ կոնֆլիկտաբանը ու Միջին դպրոցի վեցի մեկերի Արամ Պետրոսյանի հրապարակ հանած աղետի դեմը չառնի… Տեսեք՝ Գյումրին պատած աղետից քանի՜ տարի է անցել, բայց ընտրողները շարունակ մեծացող, սերնդափոխությամբ, հերթափոխով իրար փոխանցում են, չեն մոռացել, որտեղ իշխանության թեկնածուին պատահում են՝ հիշեցնում են… Այսօրվա սովորողը, Մարալ ջան, վաղվա քո ընտրողն է ու հիշաչար, հո էս մի ընտրությամբ քո քաղաքական կյանքը չավարտվե՞ց… Ինչի՞, ո՞ւմ վրա է հույսդ… Տես, Արեգ Սերոբյանը 4-րդ դասարանում իր հետ կատարված աղետը ոչ մի կերպ չի մոռանում, Արամ Պետրոսյանի կողքին է… Լուծո՛ւմ գտիր:

Հաղարծնի վանք, Դիլիջան:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Սուրեն Կարապետյանի՝ հավատարիմ հայրենագետի, Ավագ դպրոցի 2016-2017-ի շրջանավարտի՝ Հայաստանում զբոսաշրջության նախադրյալների ու հեռանկարների վերաբերյալ ինչպես Ջերմուկին նվիրված, այնպես նաև ավանդույթի ուժ ստացած մյուս  հրապարակումներին հետևում եմ… Այնքան եմ հարգում, արժևորում ուսումնական ճամփորդությունների ժամանակ նման ուսումնական աշխատանքը սովորողի, սովորողների խմբի, որ… շիտակ չլինել չեմ կարող. սա, հարգելի Մարթա-Սուրեն, ուսումնասիրությո՞ւն է… Ես չեմ ուզենա՝ այն այսպիսի տեսքով գա կրթահամալիրի օրացույցով նախատեսված հասարակագիտական ուսումնական նախագծերի ստուգատես… Ստուգատես, որի ընթացքին-պատրաստությանը ես նվիրում եմ ավելի ու ավելի մեծ ժամանակ… Համեցեք ստուգատեսյան շահառուների խմբերի՝ սովորողների-հասարակագետների, փետրվարի 23-ի՝ «Հարթակ» ակումբում նախատեսված քննարկմանը… Ստուգատեսին ներկայացվող աշխատանքների հետազոտական տարրը պիտի բոլոր միջոցներով զորացնել…

Իմ աշխատանքի՝ կրթահամալիրի ճանապարհին, առավոտյան, հենց հասնում եմ Ծովակալ Իսակովի՝ դեպի Լենինգրադյան փողոց նոր կամրջի շինարարությամբ ստեղծված լանջերին՝ մի ամբողջ հունվար, փետրվար ձյունե ճերմակ ծածկով, նույն պատկերն է առաջս գալիս… Սեբաստացիները՝ տարբեր տարիքի ու կարգի, տարբեր գործիքներով, ինչ-որ նախագիծ են իրականացնում, քանդակում-ծեփում… Ձյունը հրես կհալչի-կգնա, ու կմնա իմ «ափսոս»-ը… Չեմ էլ ուզում՝ իմ ասելով լինի… Դավիթ Բլեյանի համառ ձայնն է ականջիս…
— Ինչո՞ւ պիտի քո ասելով լինի, Տիար տնօրեն… Թող, ես երբ կուզենամ՝ կանեմ…,- ու շարունակում է իր սիրած գործը, իմ ասածը-ուզածը չի անում…

Բարեկենդանին ընդառաջ 1-5-րդ դասարանցիների համատեղ նախագիծ` տեխնոլոգիա-հայրենագիտություն:
Ֆոտոշարը՝ Իվետա Ջանազյանի ֆեյսբուքյան էջից:

Վաղուց այսպիսի հիմար վիճակում չէի հայտնվել. երեկ՝ ժամը մեկին մոտ, Առնո Բաբաջանյան պողոտան վազքով հատում էին կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներ Հարություն Չրաղյանը,  Յուրի Օհանյանը, Միքայել Մնացականյանը… Մի քանի մետրի վրա վերգետնյա անցումն էր… Սովորողները պատժվեցին, ինչպես տեղեկացա, բայց… վշտացա… Ժամը 11-ի մոտ էլ՝ կրթական պարտեզի թիվ 181 դպրոցի կաթսայատան մոտ հանդիպել էի մեր 12-րդ դասարանցուն… Ուղեկցեցի ավագ դպրոցի գրասենյակ… Իրեն էլ կպատժեն, ու նորից վշտացա… Հետո Արևմուտքի դպրոց-պարտեզում Շունն ու կատվի տոնախմբությունը… կարծես ինձ մխիթարություն եղավ։ Մեր երաժշտական-թատերական սրահին արժանի բացում, թվում է՝ երբեք չհնացող 130-ամյա պատմության Թումանյանին վայել խաղով՝ մայրենիի Արմինեի, Տաթևների, Սոֆյայի, Զառայի, Սոնայի, նրանց սաների։

Մուտքագրում են Արևելյան դպրոցի 1-ին դասարանցիները:
Ֆոտոշարը՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Մարդկանց միայն մեկ տոկոսն է ցանկանում իմանալ ապագան ըստ հոգեբանների… Դավիթ Բլեյանն այն տոկոսի մեջ է, որ ցանկանում է իմանալ և՛ ապագան, և՛ անցյալը, իր նշանավոր հարցերով՝ բա հարյուր միլիարդ տարի հետո ի՞նչ է լինելու…, բա ծիծիլիոն տարի առաջ ո՞նց է եղել…

— Բա որտեղի՞ց գիտեք՝ ինչ է եղել… էդքան ապրե՞լ եք, որ գիտեք, պա՛պ…
— Չէ… Դավիթ… Գիտնականներն ուսումնասիրում են, կարդում են ուրիշների ուսումնասիրությունները, նայում… քննարկում, որ իմանան…
— Դե, ես էլ եմ այդպես անում…Գիտնականը քանի՞ տարեկան է լինում…

— Չեք թողնում, որ նայեմ՝ իմանա՞մ…
— Դավիթ, շուտ անջատի, հայրիկի գլուխը արդեն գնաց դրա (պլանշետի) ձենից…
-Էդքան շուտ հայրիկի գլուխը ո՜նց կգնա…

Թե ինչո՜ւ չէր կարելի լուսանկարիչ Փրայսթաժի այս ֆոտոնախագիծն իրականացնել, ասենք, կրթահամալիրի Բանգլադեշի լանջերից, արտերից մեկում. միայն հեղինակին է հայտնի՝ ինչու էր պետք սրա համար գնալ Ֆինլանդիա…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#956

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառ է, արձակե՛ք ձեզ, ու, հայդե, աստղերը հաշվելու…

— Ի՞նչ եք կարդում հիմա, ի՞նչ է դրված ձեր սեղանին,- հետաքրքրվում է իմ օրագրի համառ ընթերցողը։ Մխիթարյան հրատարակության «Գրական ցոլքեր» շարքից՝ Արփիար Արփիարյան ու Միսաք Մեծարենց։ Այդ շարքի գրքերը «դպրոցական

Նստակյաց գրողի ո՛չ տեղ, ո՛չ կերպար… «կինոյի տիար» եմ ես

Լելա Ճինճարաուլին՝ Ախալքալաքի թիվ 3-րդ դպրոցի տնօրեն մեր գործընկերը, որ 2017-ին, խիտ-սպասված կապերով հաստատեց-բացահայտեց իրեն, յուրահատուկ դիտողականությամբ-հոգևորով-ազնվական մի կին, փորձության ենթարկեց իմ օրացույցը-օրագիրը… աշխատաժամանակը… երկու օրով։ Զանգ՝ գալիս եմ… Բարով եկավ։

Շարժման Բաղրամյանով, պայքարի Խորենացիով՝ սիրո և համերաշխության Հրապարակ. այսպիսի հաղթական անցում…

Աշխատանքային երկուշաբթի դարձած շաբաթ օրը նշանավորվեց Արևելյան դպրոց-պարտեզի մարտ-ապրիլին պատրաստված տարածքների ձևավորման, ճիմապատման, կանաչապատման վճռական սկսումով… Հատկապես դպրոց-պարտեզի բարձունք-սարալանջի կանաչապատումը ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս․ անտանելի էր, երեկ սկսվեց