Սպասված, Օրագրով փնտրված Մարսել Պրուստի գիրքը՝ «Կորուսյալ ժամանակի որոնումներում» ընդհանուր անունով շարքը, իմ սեղանին է արդեն երկու օր. գիրք նվիրելու օրով սիրելի Մարի Գաբանյանն ինձ սրանով պարգևատրեց, ու վերջապես բացում եմ ծանր ու մեծ…
Բավականին երկար ժամանակ շատ շուտ էի անկողին մտնում: Հազիվ մոմս հանգած՝ աչքերս արագ փակվում էին, ու ժամանակ չէի գտնում ինքս ինձ ասելու՝ քնում եմ…
Պրուստի գրքի առաջին տողերն են: Կկարդա՞մ-կփակվի՞ այս գիրքը… Փոխարենը հիմա ես ավելի ուշ ու երկա՜ր, այսքա՞ն երկար եմ քնում, այնպես, որ հազիվ հասցնում եմ մինչև Արմինեին ու Դավթին պարտադրված վերկացը` գիրն օրվա ավարտել, փակել… ինչպես և այսօր…
Քիչ ուշ էլ Դավիթը, որպես ուրու հալածական, որպես տեսիլք, անցավ միջանցքով, որ չհասցրի տեսնել անգամ… Թույլ շրշյուն մը մնաց իրենից… Ետևից գնացի, ստուգելն անհրաժեշտ է. իմ տեղում է, լուռ:
Ես հիմա դժվար-շատ դժվար եմ կարդում, ինչպես և գրում. Տիարը, Օրագիրը անկեղծություն են ենթադրում-պարտադրում՝ երաշտ է …
Այսպես էլի է եղել, այսպես էլի կլինի,
Հարկավոր է գուցե մեզ հոգու երաշտն այս դժնի…
Դժնի-դժխեմ… Այս բառազույգը, որ վերջին օրերին չի լքում ինձ, բերեց իր հետ տողերն այս, որտեղի՞ց… Վաղ պատանեկան շրջանում ես պատմվածքներ-ոտանավորներ գրում էի. պատառիկներ-ծվեններ հնարավոր է մնացած լինեն և՛ վիրտուալ, և՛ ֆիզիկական աշխարհներում իմ… Հնարավոր է, որ դրանցից է…
Փոխարենն է՛լ ավելի սրվել է իմ լսողությունը. լսում եմ ասված-չասվածը ու կարող եմ նեղանալ, ավելի փակվել-հեռանալ: Ո՞վ է մեղավոր. մարդը ի՞նչ մեղավոր է, չի էլ ասել… Փախուստի-ճամփորդության, ըստ Թումանյանի՝ պանդխտության, շրջան է՝ որպես թերապիա, իսկ ես պիտի բարեխիղճ տնօրենի պարտականություններ կատարեմ, հրեն օրացույցը, որ նաև իմ կազմակերպիչն է, ինձանից դուրս ու ինձանից էլ բարձր մի իշխանություն՝ լիգիտիմ-օրինակարգ: Իսկ աշխատանքը, ես այդպես դաստիարակվել եմ, իմ բնույթն է, հարկ է կատարել բարեխիղճ… ավելի ու ավելի…
Արագածոտնի մարզ. Դաշտադեմ, Սուրբ Քրիստափոր եկեղեցի:
Լուսանկարները՝ Սիրանուշ Թումանյանի:
Իրականում ես պանդուխտ եմ-ճամփորդ եմ… Ու Թումանյանի «Պանդուխտ եմ, քույրիկ» բանաստեղծության տրամադրությունը պարբերաբար համակում է ինձ…
Ես էլ վիրավոր գնում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զզված, ամենքին թողած,
Քեզ էլ կթողնեմ…
Բոլորը աշխատանքով հաղթահարելի բաներ են. ինձ աշխատեցրեք-ոգևորված ձեր գործով՝ ինձ քաղեք-հանեք իմ բնական ընթացքից, որ ես միշտ լեցուն լինեմ գործերով, որ չպանդխտեմ երկար ձեզնից, մեր աշխարհից: Հիմա ես ինձ լավ եմ զգում հատկապես կրթահամալիրի քոլեջում. մարտի օրացույցով որոշված զարգացումները, Նվարդը-Սյուզին, Աիդայի Ճնճուղները պարտավորեցնում են, շնորհակալ եմ:
Հայկազ Արշակյանն իմ Լիլիկ Բազեյան քույրիկի առաջնեկ թոռն է, չորս-հինգ տարեկան, թուրքագետ-արևելագետ իմ կրտսեր եղբոր՝ Գրիգոր Արշակյանի ու Լուսինե պայծառ հարսիկի առաջնեկը: Սեբաստացի աշխատողներն իմ նշանավոր ավագ քրոջը՝ Նեկտարին են ճանաչում-մեծարում, ափսո՜ս, Նեկտարի փոքր աղջկան, Լիլիկին, չեք ճանաչում… Լիլիկը, ում հետ նույն դպրոցում ենք սովորել, ինքը՝ ինձանից մի տարի բարձր դասարանում, նույն թաղում ենք ապրել, ես իր պահած քեռին եմ նաև, շշմելու աղջիկ-մայր-կին-քույր է, այնքան, որ հուզվեցի… բերեմ միայն մի թեմա, մի տպավորություն անջնջելի, որ օրեր առաջ ակտիվացավ ու պատմել է պահանջում, որպես ելք ապրումի-ազատումի… Օրեր առաջ այցել էինք Արշակյանների հայրական օջախ՝ Հայկազի 40 օրական դարձած Դավիթ Արշակյան եղբոր համար մեր աչքալուսանքը տալու: Դավիթ Բլեյանը հիվանդ էր, ափսո՜ս, չեկավ Արմինեի հետ… Իսկ իր եղբայր Հայկազը, պարզվեց, դռների մոտ վաղուց իրեն է սպասում… Իմ ձայնին ընդառաջ վազեց, չհասկացավ-չընկալեց-մերժեց կատարվածը ու…
— Բա ո՞ւր է քո Դավիթը…
Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների դիմանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի:
Պայծառ երեկո եղավ Գրիգորի կրտսեր եղբայր սիրելի Կարենի ու նրա ընտրյալ Անիի, մեկուկես տարեկան դարձող Միքայելի հետ, իմ իսկական պանդուխտ փեսայի՝ Լիլիկի ամուսին, միշտ ներկա Միքայել-Միշայի ականջը կանչե՞ց Կրասնոդարում… Լիլիկի եղբայր Մանուկի ու իմ հարս Գայանեի, Լիլիկի ավագ քույր Զոյայի Ազատ որդու, հարս Աննայի ու իր Մերի աղջկա, իմ քույր Էդիտայի հետ… Երեկո-ցուցադրություն եղավ Միշայի ու Լիլիկի՝ համարյա քառասուն տարվա համատեղ կյանքով-նվիրումով-տեղծումով… Երկու եղբայր՝ մի բակում, հայրական օջախը շեն պահող…
Ես սիրում եմ մեր Բլեյան-Բազեյան-Հովհաննիսյանների երկրորդ-երրորդ սերունդը, հիմա ավելի ու ավելի կոնկրետ ջանքեր եմ գործադրում անձնական, որ նրանց միջև հարազատական կապերը սերտանան ավելի ու ավելի… Տաթև Բլեյանը, Էդիտը Հովհաննիսյան, Աննան Բլեյան անփոխարինելի դերկատարում ունեն… Ու Տաթևը խոստացել է այս օրերին Վահանի ու Դավիթ Բլեյանի հետ այցելել Լիլիկ Բազեյանին ու իր եղբայրներ Գրիգոր-Կարեն Արշակյանների շեն-ջերմ հարկի ներքո Հայկազին, Միքայելին ու Դավթին խաղ պարգևել… Լիլիկը տոկուն կին է, ուրիշը չէր տանի իրեն անարդար համակած հիվանդությունը. նա իր տղաների, ամուսնու, հարսների, իր ստեղծած օջախի, իրեն գնահատող հարազատների հետ ոչ միայն դուրս եկավ վիճակից, այլև, մայրս կասեր, շերեփն առավ իր ձեռքը նորից… Իմ պայծառ-զարմանալի քույրիկ Լիլիկը՝ տարիների դասվարը նաև… իր հարս-աղջիկների հետ վճռական-համերաշխ-արդյունավետ-սիրով լեցուն մի դպրոց է ստեղծում, մի սեբաստացիական իսկական ընտանեկան մասնաճյուղ…
Արևելյան դպրոցի նախակրթարանի սաները թղթե տիկինիկներ են պատրաստում:
Լուսանկարները՝ Սյուզան Սարգսյանի:
Ի՜նչ օր էր, ի՜նչ հիշողություն, ու որքա՜ն ինձ օգնում է այդ օրվա ապրումը… Ի՞նչ անեմ. դուրս եկավ իմ օրագիր, դարձավ պատում, ավարտ իմ 944-րդ գրի: Շնորհակալ եմ, քույր իմ Լիլիկ, դու ինձ հուզեցիր-օգտակար եղար կրկին: Կրկին քույր ես քո պանդուխտ քեռուն…
Ընթեցարան
- Շվեդ քաղաքական գործիչը հայտարարել է աշխատավայրում ինտիմի համար ընդմիջման անհրաժեշտության մասին
- Կրթվածության ամենաբարձր ցուցանիշն ունեցող 10 երեխաները
- Վանդալները գրաֆիտիներ են արել Վաշինգտոնի հայտնի հուշարձաններին
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#957