— Ի՞նչ եք կարդում հիմա, ի՞նչ է դրված ձեր սեղանին,- հետաքրքրվում է իմ օրագրի համառ ընթերցողը։
Մխիթարյան հրատարակության «Գրական ցոլքեր» շարքից՝ Արփիար Արփիարյան ու Միսաք Մեծարենց։ Այդ շարքի գրքերը «դպրոցական գործածության համար պատրաստված գրական և դաստիարակչական պահանջներու համաձայն» բերել եմ կրթահամալիր 1991-ին, երբ Երևանի փոխքաղաքապետի, Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակում ուղեկցում էի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Վենետիկ-Սուրբ Ղազար։ Շարքը հավանում եմ։ Տեղն է հարցնեմ՝ ինչպե՞ս է այն հիմա գործածվում. արձագանքեք։ Մեծարենցը, գիտեք, իմ թուլությունն է, իմ մորֆին, որ ես ընդունում եմ անհրաժեշտ չափով, ըստ հարկի, նաև քննչական մեկուսարանում 1999-2001 թթ գտնվելու շրջանում…
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր…
Արփիար Արփիարյանի «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» արտահայտությունն իմ քաղաքական գործունեության բնաբանն է, և՛ 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններում, և՛ ՀՀ ԱԺ 2003թ․ ընտրություններում իմ թեկնածուական ծրագրի գլխագիրն է, 1988-92թթ․ իմ քաղաքական հրապարակումների ժողովածուի անունը։ «Կարմիր ժամուցը և կարգ մը մանր յօդուածներ, ինչպես նաև ամբողջ Օրուան կյանքը շարքը լի են այս երգիծաբանի ճշմարիտ առաւելութիւններով, որոնցով օժտած է ան մեր գրականութիւնը… Իր կուսակցական գործունեութիւնը կը կարօտի քննութեան, հարազատօրեն մեկնաբանուելու համար։ Ստոյգ է այս ամէնը, բայց անկարելի է իր մէջ գտնել վատութիւն, մատնութիւն և ճշմարիտ ազգասիրութիան պակաս»,- գրում է «Գրական ցոլքերի» առաջաբանում Հ․ Ճանաշյանը և ավելացնում․ «Մեռաւ եղբայրադաւ գնտակէ մը, Գահիրէի մեջ։ 1911-ին իր գերեզմանին վրայ բարեկամները կանգնեցին յուշարձան մը իր գրական կեղծանուններու արձանագրութեամբ»։
Ջրացատկի նոր հմտություններ:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Բանգլադեշի մի շարք թաղամասերի ջրազրկումը պարտադրեց մեր մանկական ճամբարների ղեկավարներին, համակարգող Նաիրա Նիկողոսյանին խելամիտ որոշում կայացնել՝ միասնական ճամբարային առօրյա կրթահամալիրի Գեղարվեստում… Կեցցե՛ն մեր Գեղարվեստի մեծ ու փոքրերը, որ տպավորիչ ցուցադրեցին ճամբարականներին իրենց անձնական, նյութական միջավայրի ներսի-դրսի բոլոր առավելությունները․ ես, միամիտ չլինեք, իբր տարված հողային աշխատանքների իրագործման մեծ ու անհետաձգելի ծավալով, տարբեր ռակուրսներով-դիտարաններից, նաև տանիքից, հետևել եմ այս օրերի ճամբարային միասնական գործունեությանը, ծովին Գեղարվեստի ու նրա շուրջ ճամբարականների բազմաբնույթ գեղարվեստական-մարզական անցուդարձին… Կեցցե՛ք, հալալ է, շնորհակալ եմ… ու ձեզ այսօր միասնական-ամենուրբաթյա արշավով-քայլքով կճանապարհեմ Երևանյան լճով Զանգվի ձոր։ Տեսնեմ՝ բարդություններ ո՞նց եք հաղթահարում, ինչպիսի՞ն են ձեր ճամփորդական խուրջինն ու հավեսը… Սրանով նոր երթուղի ենք ստեղծում նաև կրտսեր սեբաստացիների համար՝ կրթահամալիր-Սեյրան Ավագյանի բարձունք-Երևանյան լիճ-Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքով Հրազդանի կիրճ-Մանկական երկաթուղի-թունելով Մաշտոցի պողոտա…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Քոլեջում, Հիմնականում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում աշխուժացել են նախակրթարանների ամառային պարտեզների նորացման-ընդարձակման աշխատանքները․ հանգիստ չեմ թողնի, ավելին՝ պրծում չունեք, եթե ավազահրապարակները, լողափերը, պուրակները չեն դարձել 2-5 տարեկանների հետաքրքիր-անվտանգ-հիգիենիկ-զարգացնող ինքնաբուխ-բնական բազմաբնույթ գործունեության միջավայր։ Կներեք, բայց երևակայության, նորարար լուծումների պակաս կա, որ պահանջում է կոնկրետ նախաձեռնողականություն, բարեխիղճ հետևողականություն ամեն մի դաստիարակից, դպրոց-պարտեզի ղեկավարից։ Անմահանա եղեք ձեր իրագործումներում, հակառակ դեպքում՝ «բերել եմ ես ձեր մահը»… «Կատակով ասեցի»,- կավելացներ Դավիթ Բլեյանը։
«Ընկերություն» աշխատանքային ջոկատը
բարեկարգում է լողափը, մաքրում լողավազանը:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Իսկ մեր հարևան Շվեյցարիայում բացվել է առանց պատերի և առաստաղի առաջին հյուրանոցը։ Խնդրեմ, հիացե՛ք, Nullshtern հյուրանոցով, որ թարգմանաբար նշանակում է ՝ «Զրո աստղ»։ Զրո աստղ՝ հյուրանոցին, բայց անթիվ-անհամար՝ գլխավերևում։ Թանկ է․ օրը 210 ամերիկյան դոլար՝ 1 հոգու համար, գումարած ճանապարհը դեպի Ալպեր։ Սրա՝ յուրաքանչյուրին մատչելի այլընտրանքը կա կրթահամալիրում ու այս ամառ լիուլի գործում է մեր Սևանի «Ժայռում»… Օգոստոսի 1-ից Հիմնականի խումբը, հետո՝ Քոլեջի-Գեղարվեստի աշխատանքային ջոկատի, ու այսպես՝ մինչև հոկտեմբերի վերջը։ Ի դեպ, Բանգլադեշում մեր ու Սևանում ամառային շրջանն ավարտվում է նոյեմբերի 1-ին. մեր ծովերն իրենց բացօթյա լողափերով գործելու են անընդհատ։ Սևանի «Ժայռի» այլընտրանքն էլ կա՝ վրանային արշավը… Ստեղծում եք խումբ, վերցնում եք անհրաժեշտ պարագաներ մեր արշավախմբային կենտրոնից, մշակում երթուղի ու, հայդե, աստղերը հաշվելու… Ամառ է, արձակե՛ք ձեզ։
#745