Այսպիսին է ինձ երևում ու բոլոր սեբաստացի ճամբարականների հունվարի կյանքով դառնում մեր կրթահամալիրը. այսպիսի՝ բաց, անվախ, բացճակատ, ժպտերես համակարգի կողմնակից ու շինարար է ճանաչում մեզ կրթահամալիրի խորհրդի նախագահ, Լևոն-Հրաչյա զույգերի, Արեգի, Նարեի հայրիկ մեր Արամազդ Ղալամքարյանը… Ես ավելացնելու մի բան ունեմ՝ մեր հունվարյան ճամբարի ութերորդ օրը՝ լեցուն իր գիտագործնականի 7 կլոր սեղաններով, իր համերգ ներկայացումներով, իր ձմեռային խաղերով-ճամփորդություններով… նախաձեռնություններով-անակնկալներով… իր կորեացի ու թուրք կամավորականներով՝ մեր գործընկերներ ԱՅՍԵԿ ծրագրի: Ու իմ գիրը-օրը որպես առիթ եմ օգտագործում՝ հղելու Արամազդին իմ փոխադարձ հիացմունք-հարգանքը՝ իրենով ու իր ընտանիքով… Այսպիսին է լինում սեբաստացիական ընտանիքը՝ համերաշխ ու մասնակից-ներառված, յուրային:

Օրն իմ սկսվեց ուրախությամբ-սպասված անակնկալներով. միջին դպրոցի կլոր սեղանին կենտրոնական ընթերցասրահում ես հանդիպեցի մեր Դիանա Զորյանի ու Էմմայի հետ, քիչ հետո միասին մասնակցեցինք իրենց ուսուցիչ ընկեր Հասմիկ Թոփչյանի սաների ներկայացմանը… Մեր կրթահամալիրը՝ որպես ավազան, ինքնամաքրվող, ծովի պես… Իսկ օրն ավարտեցի ափսոսանքով, որ ահա, չի ջնջվել. ոչ մի կերպ չկարողացա ֆիզիկապես ներկա լինել Ավագ դպրոցի ընթերցասրահում Հասմիկ Ղազարյանի ու իր հայտնի ընկերների ներկայացմանը… Հիացած եմ, կեցցեք. իսկ օրեր առաջ Էրիկ Ոսկանյանին արած  իմ առաջարկը՝ «Սեբաստիա» համերգասրահում իր ընթերցող հետևողների հետ ստեղծագործական հանդիպում ունենալու, ահա, ուժի մեջ է… Մեր ուսումնական կյանքի ճամբարային կազմակերպումը՝ ուսումնական բաց նախագծերով շարունակական, ինքնաստուգման, ինքնաճանաչման ազատ ընտրության ժպտուն հարթակներով- ստուգատեսներով-հավաքներով-ներկայացումներով հունվարով չի ավարտվում, փոխանցվում է հունվարի 30-ին, մեկնարկում է նոր կազմակերպմամբ՝ որպես ուսումնական 3-րդ շրջան, որ կտևի մինչև սեբաստացիական ֆենոմենի՝ հունիսի մեկնարկը՝ իր բաց լողափերով, բանգլադեշյան նույնքան բաց պլեներով…

Երկարացված օրվա ճամբարի հեծանվային մրցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ասել եմ՝ ուսումը մեր հարկ է լինի ինչպես կյանքը՝ անընդհատ ու անձնական… Վիլյամ Սարոյանի պիեսն եկավ ականջիս իր վերնագրով. «Քո կյանքի ժամանա՞կը», ա՛յ, անխոնջ գրական ակումբ…

Մեր ճամբարը ուսումնական իրականություն է՝ ճամբարականի հավեսով, անակնկալներով, նախաձեռնություններով… որպես մի ճամբարական եմ խոսում-գրում-ապրում… Երեկ Արևմուտքի ճամբարում ես հանդիպեցի-առերեսվեցի իմ գրի հերոսներից Վաչագան թագավորի քրոջ՝ Եվայի հետ՝ ավելի սքանչելի, քան պատկերացնում էի իմ ողջ երևակայությամբ…   Ա՛յ քեզ ընտանիք սեբաստացիական: Ու կարծես հայելիներով իրենց հնարավորությունները բազմապատկող ուսուցիչ-ջոկատավարներ տեխնոլոգ Զառայի, երաժիշտ-ֆլեյտահար Տաթևի, մայրենիի Տաթևի նախաձեռնությամբ պայմանավորվեցինք փետրվարի 19-ին ընդունել Թումանյանական օրերի տիկնիկ-շքերթը…

Շարունակությունը լսեք. Մարմարյա սրահում մեր հերթական շշմելո՜ւ համերգ-ներկայացմանը պայմանավորվեցինք պատրաստվել հունիսի 1-ի՝ հազար ճամբարականի մասնակցությամբ 2017-ին մեկնարկող ֆլեյտա-շվի-սրինգների… ամենամյա երթին… Գիտե՞ք քանի տեսակ կա… 2000՝ ասում է Սեբաստացի Տաթևներից ֆլեյտահարը… Դրանց մեջ՝ և սրինգն ու շվին մատչելի… Պատկերացրեք ֆլեյտաների, հետո դափերի թանգարան-դասարան… ստեղծագործական երաժշտական լաբորատորիա… ինչպիսի՜ խմբեր-համերգներ, ինչպիսի՜  պատվիրատու է դառնում հանրակրթական մեր ճամբարը` բազմազան ճաշակի երաժշտությամբ…

Կրթահամալիրի Քոլեջի հունվարի 18-ի կլոր սեղան:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Իսկ մեր Քոլեջի կլոր սեղանում՝ հմայքն ու հավեսը ճամբարային առօրյայում գումարած-եռապատկած Մարինեի, Անիի, Սուսանի, Հյուսիսային ճամբարի գեղարվեստի ցուցասրահում՝ կրթահամալիրի «Ձայնադարան» նախագծի ղեկավար Հասմիկ Մաթևոսյանի լեցուն ներկայացումների ընթացքում իմ քավորությամբ կորզած-պայմանավորվածությունները-նախաձեռնությունները տնօրենի իմ արխիվում անխախտ տեղ ունեն… Ես աշխատում-գործում-ապրում եմ երրորդության սկզբունքով՝ ամբողջական, որպես մեկ…

Եվ ահա ինչու, հրապարակում եմ որպես իմ որոշում. «Սինխրոն* հեծանվախաղ» նախագծի կազմակերպումը վստահում եմ Անդրանիկ Մարգարյան, Վարդուհի Հայրյան, Հասմիկ Պողոսյան, Դավիթ Առաքելյան, Էլլադա Բաբայան նախաձեռնող ճամբարային խմբին, իսկ «Սինխրոն* լող» նախագծի կազմակերպումը՝ քույրիկներ Արինա և Էլինա Հակոբյաններին, Տաթև Համբարյանին…

Իսկ Դավիթ Բլեյանը մազերը կտրել է կսկիծով.
— Որ լողից-հեծանվից հետո չգզգզվեն, պա՛պ, խանգարում են, հո չե՞ն մարդիկ անընդհատ իմ ետևից գան, ինձ սանրեն, ֆենեն…

Հա, հաջորդ շաբաթ, հունվարի 27-ի ուրբաթ-ներկայացման ծրագրում ճամբարական հագուստների-աքսեսուարների ցուցադրությունն է՝ որպես հագուստների դիզայներ-մոդելավորող Թերեզ Թումանյանի ջոկատի գործունեություն-համակարգում:

Իսկ Դավիթ Բլեյանն ու Սոնա քույրիկ Հովհաննիսյանը երեկ ճամբարային օրվա վերջում հանդիպեցին սկզբում մեր տանը, հետո՝ Լիլիթ Բլեյանենց, ու սկսեցին բնագիտատեխնիկական ստուգատեսին համատեղ հայտի-աշխատանքի ներկայացումը…
— Կհասցե՞նք, Սոն,- հարցնում է Դավիթը շփոթված,- ե՞րբ է, հո չի անցել ժամկետը…
— Էդպես, որ շաշ-շաշ խոսես, ոչ էլ կսկսենք…,- Սոնան է ժպտում, հիանում իր կրտսեր եղբայր-քեռիով։
Միայն բախտ ունենայիք ինձ պես ներկա լինելու…

Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբար. հեքիաթասաց:
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի:

Կհասցնեք հաստատ, հո միայն դուք չեք, ես Էմանուել Ագջոյանի, Հերմինե Անտոնյանի, Միքայել Ղազարյանի… դպրոց-ճամբարների ղեկավարների հետ խորհդակցելով, իմ իրավունքով ստուգատեսների, հայտերի փակման օր-ժամ հայտարարում եմ հունվարի 29-ը՝ 23։59… Այդ օրը քնելուց առաջ՝ ճիշտ այդ ժամին, իմ ձեռքով փակեմ-քնեմ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#909

*Սինխրոն- համաժամանակյա, միաժամանակյա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենագեղեցիկ հանդիպումները՝ դեռևս չկայացած․․․

Կեցցեն մեր ուսուցիչները-մարզիչները՝ դահուկներով, իրենց պատրաստած-հարթեցրած վազքուղու վրա… Արամազդ Ղալամքարյանը փետրվարի 2-ի նիստում այնքա՜ն վստահ էր, որ իր հինգերորդցի սեբաստացի Լևոն-Հրաչյա զույգը իր ուսումնական նոր գործիքով՝ դահուկներով այնքա՜ն կհաջողի, որ կկարողանա

Մեղեդի ծննդյան… համերգ եկեղեցում

Որտե՞ղ փնտրեմ իմ այսօրվա պատումի սկիզբը… Մակարավանքի շրջակա անտառի բացառիկ ծառերի հավաքական ազդեցությա՞ն, թե՞ հեծանվով Արգիշտի փողոցից Լուսավորիչի խաչմերուկը հատելիս Իտալական փողոցի երկայնքով ինձ լույսերով-շատրվաններով դիմավորող այգու, պատվիրատու Վարդանյան եղբայրների