Վահան Թոթովենցի միշտ սիրելի-հուզիչ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» պատումի արձագանքով ու մեր հունվարյան ուսումնական ճամբարների հաղորդակցային աշխույժից ծնվեց իմ կենսապատումի հերթական, թվով 910-րդ գիրը․․․ Միջին դպրոցի Գոհար Եղոյանի մոբիլ ջոկատի հետ հարավ տանող, Սվետա Ճաղարյանի համերգից հետո Խառնարան-Մայր դպրոցից դեպի հյուսիս-արևելք ձգվող ճանապարհներին, ոգեղենությամբ հարազատացած ճամբարականների․․․ Առավոտյան հյուսիսից արևելք՝ Քոլեջի գիտագործնականի ճամփին Գեղարվեստի Կարինե Խառատյանի ջոկատի հետ ճամփորդական խաչումներից լսվող աշխույժի ձայներն ուրախության վիտամին C են ինձ համար, ստեղծական ուժի աղբյուր․․․ Ու այս ճամփեքը չեն ավարտվում․ որպես խաչմերուկ՝ ինձ համար քարվանսարայի-դիտարանի նշանակություն ունի մեր մանկավարժական ստեղծագործական հավաքներից ամեն մինը․․․ զարմանալի, անակնկալի բերող դպրոցական մեր շենքերի մուտքերով․․․ Տեսեք՝ որքա՜ն անպաճույճ է, ասենք, Քոլեջի մուտքը․ մի շրջադարձ՝ ներբակային պուրակ կրթական կասկադի արևմուտք նայող բարձունքից, հինգ-վեց բազալտե աստիճան, մի սովորական եվրոդուռ, ու քեզ երկուսից չորս տարեկանների ինքնաբուխ աշխարհն է կանչում-տանում, ինչպես Քնարիկ Ներսիսյանին․․․ Չկան անծանոթներ այս խնամված հետաքրքիր միջավայրում․․․ Էլ ո՜ւր գնաս, որքան էլ կլոր սեղանի կանչը գրավիչ-պարտավորեցնող է. հասել ես․․․ Աստիճաններով վեր ջերմոց-լաբորատորիան է մեր Շողիկի ու մեր Խանջյան Մերիի տեխնոլոգիայի սրահը՝ նույնքան խնամված-լուսավոր-ժպտերես․․․

Կլոր սեղան Քոլեջում:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։

Նույն ցանցը ես ընկա ուղիղ երկու ժամ հետո հարավի դպրոցում։ Շամիրամի դպրոցի մուտքի մոտ շտապում եմ. րոպե չունեմ, թափանցիկ դռներով պիտի աջ անեմ աստիճաններով․․․ Բայց հենց մուտքից հեծանվաերթը՝ Հասմիկ Պողոսյանն իր ճամբարականների սինխրոնով, քեզ քաշում-տանում է․․․ Բաց, տարատարիք մարդկանց հետ մեկ ժամ հոգեպարար հաղորդակցությունից հետո էլ քեզ ճանապարհում է  Լուսինե Նազարյանի ջոկատի հեծանվային սինխրոնը․․․ Այս ե՞րբ մեր երրորդ-չորրորդ դասարանցիներն այսպես վարպետացան․․․ Ի՜նչ հետաքրքիր զարգացումներ են լինելու հունվարի 23-27-ի՝ նախագծային ուսուցման երրորդ, ստուգատեսային շաբաթում․․․

Հյուսիսային դպրոց:
Ճամբարականների ներկայացման փորձեր:

— Հա, հասկացա՜նք, հերիք է խոսեք,- սաստում է ճամբարական Դավիթ Բլեյանը,- սպասեք՝ ընկեր-ձեռնոցս գտնեմ՝ Ջրվեժի ձյուներ եմ գնալու։ Որ գոռգոռացիք՝ ի՜նչ․․․
Նա անտեսանելի վարպետությամբ անաղմուկ հասցրեց իր օրաբաժին ձուձու-կական մեր տան բարձր աստիճաններով իջնելիս բացել, փշուրներով կերավ, թուղթը գրպանը դրեց, մեքենայի մեջ էլ դեռ ուզում է հավաքել ձուձուի միջի խաղալիքը՝ մանր մասերով․․․ Ա՜յ քեզ վարպետություն, ա՛յ քեզ մանր թե նուրբ մոտորիկա, որի զարգացումը թերագնահատելու մասին մեզ շարունակ հիշեցնում են թուղթ ու գրիչի, անգիրի դպրոցի պաշտպանները…

— Պա՛պ, դու չգիտե՞ս՝ ինչի իմ ջոկատի Ավետը չի գալիս․․․ արդեն քանի՜ օր․․․
Ու թվարկում է․
— Անուլիկը գալիս է, Ալեքսը․․․ Ադրիանան գալիս է․․․
—  Դավի՛թ, քո գործը չէ՞, որ իմանաս՝ ինչու ընկերդ չի գալիս արդեն քանի՜ օր, իսկ դու քո ձուձուն ես խփշտում․․․
— Ես ջոկատավար չեմ, պա՛պ, էդ իր գործն է․․․
— Դու քո գործը լավ արա, պապ, ես իմ գործը ճամբարում գիտեմ․․․
— Պա՛պ, ճամբար ենք գնում երեքով, հետո, երբ հասնում ենք Բանգլադեշ, քանդվում ենք՝ ամեն մեկը՝ իր բանի՞ն․․․
— Դու քո ջոկատն ունե՞ս, պապ, մայրիկի պես…
— Լավ է, պապ, որ ջոկատները ազատ ու խառն են լինում։ Թե չէ ես Ջրվեժում ո՞նց ձնե մարդուկներ կպատրաստեի, այդքան սահնակ կքշեի…
— Պա՛պ, Ձմեռ պապը, կուզեմ՝ էս բոլոր մեքենաները, ավտոբուսները, օդանավները․․․ խաղալիք սարքի, հավաքի բերի ինձ տա․․․
— Եվ ոնց, որտե՞ղ ես տեղավորելու, Դավիթ տղա․․․ առանց էն էլ՝ քո սենյակ մտնել չի լինում․․․
— Սարքի սենյակս՝ մտի․․․ Ինձ տղա մի՛ ասա, դու ես տղա․․․
— Եվ ի՞նչ ասեմ, Դավիթ Բլեյա՞ն․․․
— Ինձ ասա Սասունցի Դավիթ կամ Սասունցի, իմ ընկերների նման։ Պապ, ինչո՞ւ Ձմեռ պապին անցյալ տարի եկավ մեր տուն՝ իր պարկով, ձյունանուշի ու ծաղրածուների հետ, իսկ այս տարի թաքուն եկավ-գնաց․․․ Ի՞նչ եղավ էդ Ձմեռ պապին, չեմ հասկանում․․․

Սահնակներով ֆլեշմոբ լանջերին:
Հյուսիսային դպրոց։

Իսկ 2016-ի լրագրական հրապարակումներից իմ առանձանցրած շարքի հեղինակ Արամ Պաչյանը շարունակում է «Հրապարակ»-ում իր «Քաղաքագրություն» շարքը։ Կարդացե՛ք գոնե «Զորյան՝ Աբովյան փողոցը» այս լրագրականը։ Կարդացե՛ք, որ ունենաք նույն զարմանքը․․․

Քայլում են՝ ինչպես դաշտում, ու գոհ են, որ արգելք չկա, որ կառք չի անցնում, կարելի է մինչեւ իսկ պառկել — էլ ի՜նչ աջ, էլ ի՜նչ ձախ… Կառքերի անցուդարձը, երթեւեկն արգելված է Աբովյանով, ուստի եւ մեծ տհաճություն են զգում շրջողները, երբ պատահաբար մի արտոնյալ ավտո է անցնում։ Դա հուզում, զայրացնում է ամենքին.
— Այսպես էլ անկարգությո՜ւն…
— Ո՞վ է թույլ տվել, որ սա անցնի Աբովյանով:

— Այսպես Աբովյանը կդառնար բուլվար… — այսպիսի ավարտով իմ գրի վերջակետը դրեց Սուսոն։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 910

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,

Գիր ճանապարհի՞…

Կարդացե՞լ եք Թամար Ղահրամանյանի հիմնավորումը՝ Պարսկահայք ուխտագնացության. «Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար՝ 1601-1712թթ. ապրել են պատմական Հայաստանի Սալմաստ գավառում, իսկ ավելի կոնկրետ՝ Փայաջուկ գյուղում, այն նույն

Սպասել. ընտրանք։ Չէ´, պարտադրանք։ Գործենք…

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝