Աճող աշխույժով-ընդգրկումով, առանց զոռի-վարչարարության, ձեր մասնակցությամբ-ձեր աչքի առաջ «Ֆինանսական գրագիտություն» անգլերենով ուսումնական նախագիծն անգլերենի տոն դարձավ, մի խումբ երիտասարդ արտասահմանցիներ կարողացան մեր միջավայրում մանկավարժության հնարավորությունները մեզ ներկայացնել… «Դպիր»-ում  նախագծի արդյունքների հանրայնացման նույնքան տպավորիչ-մարդաշատ-լուսաբանված կլոր սեղանից օրեր անց մեր կրթահամալիրում էր արտասահմանցիների՝ այս անգամ վրաց մասնագետների խումբ… Վրաստանը, ընկերներ, նույնքան արտասահման է, որքան Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Թայվանը, Իսպանիան, Թուրքիան… Եվ թվում է՝ վրացախոս տասներկուերորդ դասարանցի թբիլիսցի հմայիչ աղջիկների քառյակը՝ վրացերենի մասնագետ-ուսուցիչների հետ, պիտի վրացերենի ուսուցումն ընտրած յոթից տասներկուերորդ դասարանցիների կյանքում բերեր նույն աշխույժը… Որքա՜ն էլ ժամանակը կարճ՝ կարելի՞ էր միասին ապրել… Ինձ հետաքրքրեց, թե ինչո՞վ է զբաղված եղել վրացախոսների մեր խումբը փետրվարի 19-ին՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, երբ ապրում էինք, չէ՞, օրը՝ որպես անձնական տոն… Հայ-վրացական բարեկամության մեծ պաշտպանի, խորհրդանիշի ծննդյան օրը կարելի էր, չէ՞, միայն վրացերեն հաղորդակցվել, միասին քայլել Բանգլադեշով-Երևանով…

Մեր վրացի հյուրերը՝  Գեղարվեստի կենտրոնում:
Լուսանկարները՝  Տիգրան Իսկանդերյանի, Մարինա Մկրտչյանի։

Ինչո՞ւ դա դարձավ միայն Հռիփսիմե Առաքելյանի ու կրթահամալիրի դպրոցների մի խումբ ուսուցիչների գործը, որոնք, իհարկե, լավ արեցին, և ոչ կիսավրացախոս մեր սեբաստացիների… Ինչո՞ւ նախագծային ուսուցումը չի դառնում վրացերենի ուսուցման կազմակերպման ձևը՝ կրթական փոխանակումների՝ Վրաստանի հետ այսպիսի «Հանրակրթական կամուրջներ» իրական-ծավալվող համագործակցության պայմաններում… հարգելի՛ Ռինա Շագինյան: Այն, ինչ մեր հեղինակային կրթական ծրագրով մենք անում ենք, վրացերենն ու Վրաստանը, Թբիլիսին դարձնելով իրական հայաստանցու կրթության-ճանաչողության առարկա, եզակի է, իհարկե, ողջ հայ-վրացական անկախ պետականությունների գոյության ընթացքում… Բայց ես խոսում եմ հեղինակային կրթության զարգացման՝ ուսուցման կազմակերպական ձևերի իրագործման մասին ու այդ առումով… Մեկ բառով՝ ես դժգոհում եմ, դպրոցների ու մանկավարժության լաբորատորիայի ղեկավարների ուշադրությունն եմ հրավիրում… Ինչո՞ւ վրացերենի, իսպաներենի, ֆրանսերենի, հետո նաև անգլերենի, ռուսերենի ուսուցման կազմակերպումը, որպես հեղինակային մանկավարժության տեխնոլոգիա, չդառնա առաջիկա մեր ստուգատեսի ինքնուրույն ուղղություններից մեկը…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ճամփորդությունը Կոտայքի մարզ: Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Մայրենի լեզվի միջազգային օրը, այս անգամ՝ կիրակի, փետրվարի 21-ին, մեկնարկեց կրթահամալիրում… «Մայրենի լեզվի օրեր»-ով, գրաբարի բաց օլիմպիադայով… Ուռա՜… Մարտի 18-ին, ժամը` 15:15, Մարմարյա սրահում յուրահատուկ համերգով կամփոփենք գրաբարի օլիմպիադայի արդյունքները. մարտի 18-ին, հիշեցնում եմ, մեր Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է… Պատահական չէ այս օրն ընտրված՝ իբրև մի շարք ստուգատեսներ-նորամուտների խաչմերուկ-հարթակ՝ մրցանակների հանձնման… Հասարակագիտության ստուգատեսին ներկայացվում է հեղինակային կրթության մի նոր բաղկացուցիչ, որ անվանված է «Ընթերցում ենք Կտակարան քահանայի հետ»: Հեղինակային կրթության ծրագրով դավանանքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ ուսուցչի, սովորողի համար պիտի նկարագիր ձևավորող հոգևոր կրթություն դառնա:

Իմ մտքերը տեխնոլոգիական հանրակրթական զարգացմամբ-խթանմամբ են հիմա զբաղված, կրթահամալիրի տնօրենն իր ողջ ուժով, իրավունքով գործում է… Սպասե՛ք ինձ ձեր ուսումնական պարապմունքներին, մեծ ու պստիկ հավաքներին… Ես անհապաղ կարձագանքեմ ուսումնական պարապմունքների ողջ բազմազանության տեխնիկական-նյութական-մեթոդական կազմակերպման բոլոր առաջարկներին… 2016-ի գարնանը մենք պիտի ունենա՞նք ծառերի տերևների ու մանր ճյուղերի մշակման աղացը, ջերմոց-սածիլանոցը Քոլեջում, հետո նաև՝ բնասերի դպրոցում, լիարժեք կգործի՞ և ե՞րբ, բնասերի խանութ-լաբորատորիան մեդիակենտրոնում՝ որպես կենդանաբան-բուսաբանի ծառայությունների կենտրոն… Ե՞րբ սովորողների առաջին  խումբը կմտնի լիարժեք գործող գործիքաշինական արհեստանոց՝ իր մշակած նախագիծ-գծագիրն իրականացնելու… Ե՞րբ կսկսի գործել հեծանիվների նորոգման արհեստանոցը, Խորեն Հազարումյան և Սամսոն Բուլղադարյան:

Մայր դպրոցի ճանապարհին հանդիպեցի Ավագ դպրոցի Ադել Միքայելյանին. տուն էր գնում Ադելը ու այնքա՜ն լեցուն էր, որ ինքն իմ սկսած զրույցը թեքեց ճապոներենի ինքնապարապմունքների ուղղությամբ, որ նախաձեռնել է 7-րդ դասարանցի Սամվել Բալախչյանը. լսեիք-տեսնեիք: Այսքա՜ն մոտիվացված սովորող… այն էլ՝ բազմազբաղ Ադելի դեպքում, որ թվում է՝ ո՛չ ժամանակ պիտի ունենար, ո՛չ ուժ…

— Պա՛պ, դու հոգնում ես, ես չեմ հոգնում… գիտե՞ս,- Դավիթ Բլեյանն է ասում ինձ։ Ծնվե՜ց, ահա, այս աստղը, կիրակի իրիկունը՝ տասնմեկի մոտ… Մայրիկն արդեն հրաժարվում է նրա հարցերին պատասխանելուց, վիճում-կռվում են մայր ու տղա, ու ինձ այլ լուծում չի մնում, քան միջամտելը, Դավթին քնեցնել փորձելը, խորամանկելը, կարճ կապելը…

«Մեծ լվացք»: Վրաց գործընկերների հետ համատեղ նախագիծը Գեղարվեստի կենտրոնում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Մարինա Մկրտչյան
# 591

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ աստվածատուր երեխան սեփականացվում է

Ես հիմա պատրաստվում եմ դիլիջանյան ամենամյա 2-րդ բիզնես ինովացիոն ֆորումին՝ «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով անցկացվող դիլիջանյան բաց միջազգային հավաքին, որին կազմակերպիչ տնօրեն Հայկ Չոբանյանի՝ մեր միջին դպրոցի Արփիի և

Ծով համբերությունն էլ հորից է

Երեկ իմ թղթերի մեջ տեսա մի գրառում, որ գիր չեկավ այդպես էլ․․․ Իրիկունը ուշ, որ կարդացի, հիշեցի․․․ Ռափայել Պատկանյանի նշանավոր բանաստեղծության չորս տողը, որ արտագրել էի սոցցանցից՝ Էդգար Էլբակյանի գրառում որպես․․․