Իմ կյանքը-գործը իրավապաշտպանություն են եղել ու մնում․․․ Քննչական մեկուսարանում հենց դրանով էի զբաղված երկար ու ձիգ, ո՞վ կհաշվի` յոթ հարյուր իննսուներկո՞ւ օրեր։ Քննչական մեկուսարանից դուրս իմ առաջին գործը դարձավ «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ստեղծումը․․․ Հետո կանգնեցի բնական ընտրության առաջ՝ կրթահամալիրո՞ւմ, կրթահամալիրի միջոցով շարունակել յուրաքանչյուրի իրավունքի պաշտպանությունը, որ անսահման տարածվում է, թե՞ կրթահամալիրից դուրս․․․ քանզի իրավունքի պաշտպանությունը պահանջում է կոնկրետ գործով կոնկրետ մարդու համար գործունեություն և համատեղում չի ենթադրում, այլ բանի ժամանակ ու ջանք չի թողնում։ Մեր մանկավարժությունը կոնկրետ երեխայի (սովորողի), նրա ընտանիքի, նրա հանրության, բաց հասարակության իրավունքի պաշտպանություն է, որ ենթադրում է սկզբունքորեն բաց համակարգ ու ամեն անգամ փորձության է ենթարկվում հենց կոնկրետ դեպքերի, բացառությունների դեմ առնելով․․․ Բայց․․․ Մայրս այստեղ ասում էր` բայց-ի տակ մի մեծ բան կա պահված։

Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղի ակվարիում-թռչնանոցի էսքիզ-նախագիծ:
Կրթահամալիրի Արևելյան-Արևմտյան-Հարավային-Հյուսիսային կողմնաշխարհի դպրոցների լոգոյի օրինակ:
Էսքիզները՝ Գրիգոր Խաչատրյանի:

 

Ամեն կոնկրետ դեպք, որպես փորձաքար, պիտի զորացնի մեր իրավապաշտպանի կարողությունը, ընդարձակի սովորողի-սխալվելու-ընտրելու, ասել է` կրկին վերադարձի հնարավորությունը, ասել է թե` փակ չպահի կրթահամալիրի դուռը․․․ Մեր սեբաստացիական ավազանը դրանով դառնում է ոչ թե հատուկ պաշտպանվող միջավայր, այլև բաց- ներառական զուլալ, ինքնամաքրվող․․․ Այո, ես շարունակում եմ հունվարի 12-ի գրով սկսած թեման, որ լավ կլինի հենց հիմա կարդաք նորից. կրթահամալիրը մի խմելու ջրի ավազան է, որ հարկավոր է, միշտ մաքուր պահել ․․․ Մեր միջին դպրոցի շրջանավարտ Դիանա Զորյանն ահա, որ իր 10-11-րդ դասարաններն անցել է ուրիշ ավագ դպրոցում, հիմնավորված, գրավոր խնդրում է թույլ տալ դպրոցական շրջանն ավարտել կրթահամալիրում, իր անբաժան ընկերների հետ. «Մերժման դեպքում, ոչինչ տեղի չի ունենա, որովհետև ես հասկանում եմ, որ տարվա կեսից դժվար է հետ ընդունելը»…

Ի՞նչ ենք մենք պատասխանում ինքներս մեզ։ Կրթահամալիրից ազատ ընտրությամբ գնում են տասնյակներ, ոչ հեռացվածներ, կրթահամալիր գալիս են, նաև վերադառնում են․․․ Ինչո՞ւ դառնանք դատավոր, մեղադրող, հատկապես, երբ կան սեբաստացի-մրցանակակիր երաշխավորներ` Էմմա Իսախանյանի ու Նարե Ղալամքարյանի նման։ Արամազդ Ղալամքարյանը, որպես խորհրդի նախագահ, չորս սեբաստացու ծնող, հայերիս երազած հավասարակշռություն (բալանսի) պահապանը չէ՞ կրթահամալիրում․․․ Սկզբունքորեն ավելի ազատ աշխարհ դառնալու ճանապարհով նաև մենք յուրացնում ենք-իրացնում ենք մեր ազատության նոր մակարդակներ, փուլեր․․․

Արևմտյան դպրոցի Քոթոն բակ է կանչում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Այո, ես խոսում եմ կոնկրետ Դիանա Զորյանի առիթով, բայց ուզում եմ, որ այս խնդրին, սիրելի Մարթա Ասատրյան, կրթահամալիրի դպրոցների ղեկավարներ ու սեբաստացիներ բոլոր կարգի, մոտենանք ոչ թե հաստատության` չգիտեմ ինչ նշանակող հարգի պաշտպանությամբ, այլ պատանի մարդու հասունության աջակցության-ընտրության ազատության ապահովման դիրքերից։ Դիանան իր գնալով-գալով մեզ չի վիրավորել, չի արատավորել մեր «մունդիրի» պատիվը։ Հայրս ասում էր` որ մարդ իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք դա անել չի կարող։ Ես չեմ կարող իրավապաշտպան չլինել սկզբունքորեն։ Ահա ինչու խնդրում եմ` ընդառաջեք ինձ ու Դիանային։ Եկեք մեր հիմնական դպրոցի շրջանավարտ Դիանա Զորյանին ասենք` բարի վերադարձ քո կրթահամալիր։

Ես խոսում եմ-գործում եմ-տեսնում եմ մի սեբաստացիական իրական բարձունքից, որտեղից որ այս օրերին ներկայացվեցին ՀարավայինԱրևմտյանՀյուսիսային դպրոց-պարտեզները, որտե՞ղ է տոկուն Արմինե Թոփչյանը հունվարին։ Այստեղ էին տեղափոխել հին ընկերներով մեր մանկավարժական լաբորատորիան շաբաթ օրը Գևորգը, Սուսանը, Մարիետը. ի՜նչ եռուն-արդյունավետ գործ արվեց տասնյակ ու տասնյակ սեբաստացի ղեկավարների, մանկավարժական աշխատողների առցանց մասնակցությամբ։ Այս բարձունքում որպես գործընկեր հանդիպեցի-վայելեցի կրթահամալիրի Գեղարվեստը` իր ուրբաթով-շաբաթով, ծնողով-ուսուցչով-սովորողով, գեղարվեստի կրտսերով ու ուսումնական կենտրոնով․․․ Հարմար զրուցատեղի էր այս բարձունքը, որպես ջերմոց-լաբորատորիա, Շողիկի հետ շաբաթօրյա մեր հանդիպման համար․․․

Հյուսիսային դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Վստահ եմ, որ այս դիրքում-բարձունքում-կարգավիճակում ենք մենք այս կիրակի օրով սեբաստացիների մեծ խմբով՝ առավել ինքնավար-հեղինակային-հայտնի մեր մանկավարժությամբ, այն արժանի ներկայացնելու-հանրայնացնելու-տարածելու մեր սեբաստացիական այլընտրանքի առաքելությամբ․․․ Այս դիրքից են երևում գիտագործնականի շաբաթում մեր բոլոր կլոր սեղանները, նախագծային ջանքերը՝ անհատական, փոքր-մեծ խմբերով ու ջոկատներով․․․ Այս դիրքը- բարձունքը մեր տարիների մոբիլ-ստեղծական համերաշխ ջանքերով նվաճված է, ու այն սկզբունքորեն թողնել չկա․․․ Այս բարձունքից նոր ճանապարհներ են բացվում դեպի գիտություն։

— Ես գնում եմ ուրիշ մոլորակ ապրեմ, որ չհիվանդանամ, մեռնեմ․․․,- կիրակի օրով, պայծառ տրամադրությամբ (իր մեծ քույրիկ` Լիլիթի ավագ դուստր Արաքսիկի 15 տարին բոլորեց) հայտարարում է Դավիթ Բլեյանը։ Շարունակությունը վաղը կպատմեմ. հետևեք իմ գրին։

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Այսպիսի` ֆիզիկական բարձունքներում են հիմա արևմուտքում թե արևելքում, հյուսիսում թե հարավում, Ջրվեժում-Ողջաբերդում, թե Աղվերանում, մեր արհեստանոցներում ստեղծված սահնակներով ճախրում են մեր ճամբարական դարձած մեծ ու փոքր սեբաստացիները։

Դեպի վեր, նոր դիրքեր, բարձունքներ նվաճելու․․․ 2017-ը, այս հունվարը վկա, իրար հերթագայող շաբաթների նախագծային շղթայով, խիզախումի շրջան է։

#906

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծովը ծնկից

Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված  «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա.

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն

Նախաձեռնող սովորող… Չնախաձեռնող՝ չսովորո՞ղ…

Դավիթ Բլեյանն է այսպես, Ռոդարին կասեր՝ շրջում նախադասությունները, իրենց բուն իմա՞ստը մեզ փոխանցելու համար… Իհարկե։ Նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք,