Հիանալի է, արի նստիր, խոսենք, թե չէ խռովելս որն է… Վիկա Նավասարդյանն այսպիսի տրամադրություն փոխանցեց ինձ, ու ես իմ հունվարի 16-20-ի կարևոր անելիքի՝ խոստացած-պահանջված իմ նախագծով գնում-գալիս էի, տալիս-առնում… Թողեցի երկուշաբթիի իմ օրվա սկզբին. էստեղ են ասել՝ էսօրվա գործը վաղվան մի՛ թող… Նստեցի, որ ձևակերպեմ գիշերվա 4-ի-5-ի արանքում։ Նախ՝ իմ էլեկտրոնային փոստն եմ բացում. օր է, այսպես է սկսվում… Տեսնեմ՝ իմ գործը սիրալիր արած է, մաքրած դրած…
«Հարթակ» ակումբը կրեատիվ մի տարածք է Գեղարվեստի դպրոցում: Իր բնույթով արտիստական միջավայրի մաս է և ինքնարտահայատման նոր հարթակ: Այն ստեղծված է մանկավարժական հավաքների, քննարկումների, նախագծերի, զրույցների, կամերային համերգների, գրական ընթերցումների համար: Ակումբի անդամ, մասնակից կարելի է դառնալ նախապես ներկայացված հայտի միջոցով: Ակումբի հյուր –հեղինակը կարող է լինել կրթահամալիրի աշխատող, սովորող, ծնող, ցանկացած ոլորտի գործիչ: Հավաքները կլինեն թեյի, սուրճի կամ համեղ ուտեստի սեղանի շուրջ, որը կպատրաստի տվյալ օրվա, հավաքի հեղինակը: Ակումբի լսարանը կարող է լինել մինչև 30 հոգի:
Նպատակը՝ «Հարթակն» ինքնարտահայտման մի տիրույթ է, որտեղ հյուրի կողմից ներկայացվող բովանդակությունը կհնչի մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում, անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանա լսարանի կողմից:
Աջակցությունը՝ ծափեր, քննարկում, կարծիք և այլն:
Ակումբի կազմակերպումը։ Հավաքի հեղինակը մեկ շաբաթ առաջ հայտ է ներկայացնում, որում նշում է բովանդակությունը, ներկայացնում հյուրերի ցանկը, հյուրասիրությունը:
Ակումբում ծխելն արգելվում է:
Կադրեր Նելլի Արղությանի տեսադասի պատրաստման աշխատանքներից
Այսպիսի Քնարիկ ունենք՝ անխոնջ-անաղմուկ, ոչ էլ քնում է, բանում է: Հալալ է: Հարթակ թող կոչվի. և՛ բարեհունչ է, և՛ իմաստով: Անկասկած է, որ գիտագործնականի հավաքի այս լեցուն շաբաթը ոչ միայն չի խանգարի, այլև կկազմակերպի, որ «Հարթակ» ակումբի միջավայրի ստեղծման-կահավորման աշխատանքները պատշաճ ավարտ ունենան հունվարի 3-րդ շաբաթում՝ 23-27-ին ակումբի բարի գալուստը կատարելու համար… Ես ինձ հաշիվ տալիս եմ, ավելին հրահրում եմ, պատրաստ եմ իրադարձությունների այդպիսի զարգացմանը, և հունվարը իր իմաստային երեք շաբաթների շղթայով հարթակ է ինչու միայն ինձ, յուրաքանչյուրիս համար՝ կարևորից խոսելու, այդ խոսքի կարևորը գո՛րծ դարձնելու, այդ գործում սեբաստացիական աջակցությունը ստանալու, մեր ստեղծած նոր հնարավորությունների կրթահամալիրում մեր ուժով-առանձնահատկություններով ներառվելու-ներդրվելու համար: Կհանդիպենք «Հարթակում»:
Մեկնարկեց գիտագործնական հավաքը. լուսանկարները՝ Գոռ Խլոյանի
— Իմ ջոկատն ավելի լավն է, քան իմ… դասարանը…
Արմինե Աբրահամյանի փոխանցմամբ, սա 4-րդ դասարանցուց ինքնաբուխ թռած գնահատական է մեր հունվարին: Ուռա՜…
Դավիթ Բլեյանին լսեք, կիրակիով. չի տեղավորվում մեր անձնական կյանքում…
— Ես գնում եմ ուրիշ մոլորակ ապրեմ, որ չհիվանադանամ, չմեռնեմ… Դավիթն այս հայտարարությունն արել էր երեկ: Իմ երեկվա գրում կարդացեք, եթե կասկածում եք: Կիրակի օրով շարունակեցինք խոսակցությունը:
— Էդ ո՞նց, Դավիթ,- հետաքրքրվում եմ ծիծաղից պայթելս հազիվ պահած. տեսեք ոնց է հասունանում կիլոմետրանոց քայլերով…
— Հա, նստեմ մի բան, թողնեմ գնամ ուրիշ տեղ ապրեմ, ձեզ հետ ապրել չի լինում… Սկայպով կամ վայբերով կամ մի բանով Վիեննա, Շուշանին հասնեմ…Նեղացած է մոր վերաբերմունքից, ով գիտնականի կեցվածքով պատրաստվում է իր գիտագործնական հավաքին:
Շուշանի հետ վայբերով, իհարկե, խոսեցինք՝ գործից եկած, բեզարած, ուտելով… Դավիթը՝ ճչալով… Պատմելու բան չէ, բնակարան-ընտանեկան կյանքն էլ՝ անձեռնմխելի… Շուշոն Դավթին խորհուրդ տվեց նախ՝ Խարբերդ, միջնեկ քույրիկ Տաթևի մոլորակ հասնի…
— Էլ մի՛ խոսա, բավականա խոսես, հասկացա, քո չափ չե՞մ հասկանում…- Դավիթը ճչում է իմ հեռախոսով։
Քիչ հետո իմ համակարգչի էկրանին հայտնվում է Սոնա Հովհաննիսյանը՝ բնագիտական փորձ կատարելիս…
— Բնագիտատեխնիկական ստուգատեսին այսպես են պատրաստվում, Դավի՛թ Բլեյան, տեսնո՞ւմ ես՝ ինչ թոռնիկ ունեմ…
— Դո՛ւ տես, Աշոտ Բլեյան, թե ես ինչ քույրիկ ունեմ:
Հյուսիսային դպրոց-պարտեզի ճամբարականները
Ես հաշվեցի, ամեն ինչ հրապարակված-բաց է, ստուգեք, հեղինակային կրթական ծրագրով այսօր մեկնարկած գիտագործնական հավաքի կլոր սեղաններին ներկայացված են մի հարյուրի չափ մանկավարժական թեմա-խնդիր, հարյուրից ավելի հեղինակ ուսուցչի, նախագծի արդյունքներ… Մասնակից-համահեղինակ տարատարիք սովորողների քանակը հեշտ չէ հաշվել… Հավաքի օրերին ներկայացվող համերգները ավարտական-հերթական միջոցառումներ չեն, այլ հեղինակային ծրագրով իրականացված մանկավարժական նախագծերի արդյունքներ, դրանց համակցություն… Սրանցում ընդգրկված տարատարիք սովորողներին և երաժիշտ, ոչ երաժիշտ ուսուցիչներին էլ հաշվեք… Մեր մանկավարժական հավաքը այսպիսով, մի ամբողջական-շարունակական-չավարտվող, Հասմիկ Ղազարյանի բերած եզրույթը գործածենք, բաց նախագիծ է, կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման պարտադրված հարթակը… Քանի ուսուցիչ-սովորող ուսումնական այսպիսի գործունեությամբ ինչպիսի՛ կարևոր-որոշիչ որակներ-հմտություններ է ձեռք բերում-հղկում-ամբողջացնում… Բոլոր կլոր սեղաններին մասնակցել չեմ կարող, իմ հարգելի գործընկերներից յուրաքանչյուրին հավաքի որևէ հարթակում լսել չի հաջողվի, բայց իմ շաբաթվա աշխատակարգում կա յուրաքանչյուր ներկայացում (հրապարակումը պարտադիր է նույն օրը) յուրացնելը, յուրաքանչյուր հոդված մարսելը… «Դպիրի» համար լավագույն-գտնված ձևաչափ է սա՝ օրական հավաքի 1-2-3 հոդված… Թե չէ՝ հավաքվում էր մի համար «որքան շատ մասնակից-թեմա, այնքան զարմանքը մեծ» սկզբունքով… Կարդալու համար չէր… Արդեն երրորդ օրն է, համոզվեցի, որ հավաքի հրապարակած ոչ մի հոդված ինձ չշրջանցեց… Շաբաթ օրվա՝ Մարինե Մկրտչյանի Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր, Շամիրամ Պողոսյանի Շամիրամի այգիները հարավում, Ժաննա Հակոբյանի О некоторых особенностях иноязычного образования, երեկվա՝ Հասմիկ Ղազարյանի Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն, Քնարիկ Ներսիսյանի Նոր Գեղարվեստ: ARTասահման այսօրվա հոդվածները «Դպիրի» նոր մշակույթ են մանկավարժության մեջ։ Չեմ ասում հայոց, Հայաստանի, անկախ պետության 25 տարվա, ասում եմ՝ հանրակրթության մեջ… Տպավորված եմ հուզվելու աստիճան: Շնորհակալ եմ որպես ընթերցող, շահառու՝ հայրիկ-պապիկ-քաղաքացի, կեցցեք, ասում եմ որպես ձեր գործընկեր Տիար… Զարմանալի մասնագիտություն է՝ մանկավարժության հեղինակ:
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#907