Սիրելի Վազգենին

10 նոյեմբերի 1999 թ.
«Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից

 Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ — համոզում էր շեն ու մեծ Տունը։ Մայրս «ասռել էր», խոսելը չէր գալիս։

Երկար լռել էի։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո խոսելս չէր գալիս։ Ա1+–ի հեռուստադիտողի պահանջը ստիպեց, որ խախտեմ լռությունը ու ամբողջացնեմ Վազգեն Սարգսյանի հետ ողջ հոկտեմբեր ամիս ձգվող ներսումս եղած վեճը, որ սկսվել էր Եգորյան Էդիկի մահվան բոթով։ Վազգենը Եգորի հարգը լավ գիտեր։ Համոզված եմ. որ անկեղծ էին ե՛ւ նրա մահախոսականը, ե՛ւ նրա նախաձեռնած «գնա մեռի, արի սիրեմ» պաշտոնական, Էդիկին պատշաճ հուղարկա­վորությունը… Սա է, որ կբորբոքի, կթարմացնի իմ վեճը։ Նույն Վազգենը ընդամենը երեք ամիս առաջ իր «Միասնություն» դաշինքից դուրս կթողնի Եգորյան Էդիկի «ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, իսկ իր աչքի առաջ իր զինվոր ծաղիկ Ռուբոն Ազգային ժողովից դուրս թողեց Եգոր պատգամավորական թեկնածուին։ Եգորին, ով տասը տարի ապացուցել էր երեսփոխանի իր իրավունքն ու կոչումը։

«Ոչ մի ծրագիր չի կարող իրականություն դառնալ, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, ևայդ մարդը ինքն է», կհրապարակի իր սեպտեմբերյան հեռուստաուղերձում վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ համառորեն չտեսնելու տալով, որ այս երկրի ճակատագրի համար իրենց պատասխանատու ևունակ մարդկանց մի զարմանալի խումբ՝Դավիթ Շահնազարյան, Կարապետ Ռուբինյան, Ալիկ Արզումանյան, Վիգեն Խաչատրյան, Վահագն Խաչատրյան (դժվար չէ թվարկելը) իրենց օրը սպանում են սեմինար-սեմինար խաղալով։ Իսկ ինչպե՞ս անել այս դեպքում, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սկսի մտածել, այլեւ գործի, համոզված, որ այս երկրի ճակատագիրը հենց իրենից է կախված,- կհարցնեմ ես կալանատան խցից ու կմնամ անպատասխան։

Ասում եմ՝ շարունակելով Եգորի մահվամբ սկսված մի վեճ՝ Եգորի ու Վազգենի՝ քաղաքական գործչի ու ռազմական գերատեսչության ղեկավարի 1995 թվից սկսած վեճը, երբ զորացող բանակը չի թաքցնում քաղաքական իշխանությունը տարածելու իր հավակնություններն արդեն 1995 թվից, Ազգային ժողովի ընտրություններից սկսած։

Ինքը Վազգենը, պիտի տանկի թրթուրներով անցներ ժողովրդա­վարական եւ Երրորդ Հանրապետության Սահմանադրական կարգի հիմքերի վրայով ու պարզվեր, որ քաղաքական, պետական գործչի նորանոր որակներ դրսևորող-բացահայտող Վազգենը այսքան անպաշտպան է։ Վանոյի գույժը՝ կամուֆլյաժը կմնա…

Կարծես այդպես էլ իրեն ՀՀՇ չհամարեց, օտարությունը ՀՀՇ-ի նկատմամբ ոչ միայն չհաղթահարեց, այլեւ 1995-ին դա վերածվեց չարության, հակամարտության։ Ինքը, թվում էր, Տեր-Պետրոսյանի պաշտամունք ունի ու անընդունակ է դեմ դուրս գալու իր նախագահին։ Դեմ ելավ։ Ինքը ամենաշատը ու անկեղծ կուրախանա բլեյանական դասագրքերով, Անվտանգության խորհրդում կպաշտպանի դրանք, կշնորհավորի, կնպաստի դրանց հրատարակմանը,ու վճռական պահին ոտի տակ կտա դրանք, «կանցնի Բլեյանի մանկավարժության ու Բլեյանի հեղինակության վրայով»…

Հիմա ամենաշատը ես մտածում եմ բանակի մասին։ Ես անհան­գիստ եմ բանակի համար։ Այդքան զրկանքներով ստեղծվածը ինչպե՞ս պահպանել, ինչպե՞ս ծառայեցնել իր կոչմանը, Հայաստանի հզորացմանն ու անվտանգությանը, որ սա էլ Եգորի ժողովրդա­վարության աշտարակի պես չփլուզվի հանկարծ ու տակով չանի Վազգենի փայփայած Արարատյան Հանրապետությունը։

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր — Ու կնայենք Հարդագողի ճանապարհին։

 

One thought on “Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր”

Թողնել պատասխան Արամազդ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք…

Ամառային ընտանեկան պատում Էդվարդը՝ չորս տարեկան, Բլեյան Արամի տղան, նախորդ օրն իր պապ Թաթոսի հիշատակի հավաքին հասցրել էր պայմանավորվել Դավիթ Բլեյանի հետ հանդիպման մասին… Ու կիրակի առավոտով չորս տարեկան Էդվարդն

Մենք ենք տերը մեր երկրի…

Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։

Մենք չենք կարողանա առանց փոխհամագործակցության լուծել նորմալ համակեցության մեր խնդիրները

Սեպտեմբեր, 2008թ., Երևան www.newcaucasus.com Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի նախկին Լուսավորության նախարարի հետ   — Ինչպիսի՞ն են Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները թվում Հայաստանից: — Դժբախտաբար, Ռուսաստանում շարունակում է գերիշխել կայսերական մտածելակերպը: