Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին

«Նամակներ կալանատնից», 2000թ

1989թ. նոյեմբերին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժում քաղաքական կազմակերպության հիմնադիր համագումարը: Համագումարն ընդունեց ՀՀՇ գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:

Կան լուրջ հանգամանքներ, որոնք ստիպում են ինձ տասը տարի անց անդրադառնալ այս փաստին, անարձագանք չթողնել ՀՀՇ 10-ամյա տարեդարձը: Չնայած այն բանին, որ 1992թ. նոյեմբերին «խաղաղ» դուրս եմ եկել ՀՀՇ-ից ու Կտրիճ Սարդարյանի հետ հիմնադրել «Նոր ուղի» կուսակցությունը: Բայց այնուամենայնիվ…

Ես քաղաքական գործչի մկրտությունը ստացել եմ ՀՀՇ-ում, նրա հիմնադիր համագումարում ընտրվել եմ վարչության անդամ ու կազմակերպության ղեկավար մարմնում աշխատել մինչև 1992թ-ի նոյեմբերը:

Անդրանիկ հանրագումարում ընդունված ՀՀՇ քաղաքական ծրագիրը դարձավ հայոց անկախ պետականության ատաղձը: ՀՀՇ գաղափարախոսության ծնունդ է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: ՀՀՇ-ն ստանձնեց Երրորդ Հանրապետության ոչ միայն հռչակման, այլև Երրորդ Հանրապետության կայացման պատասխանատվությունը: ՀՀՇ-ն դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի իրավահաջորդը, գործելով որպես ազգային նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրման թիվ 1 պատասխանատու: Ահա թե ինչու «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամները հայտնվեցին ՀՀՇ վարչության կազմում:

Հիմա ինձ հարազատ է արձանագրության լեզուն, ու թույլ տվեք որպես իրողություն արձանագրել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրաճանաչ ձեռքբերումները, անկախ դրանց հասարակական արժևորումից ու այդ ձեռքբերումների նկատմամբ անհատական-կուսակցական խմբային վերաբերմունքից, ՀՀՇ իշխանության օրոք են եղել. Խաղաղ անցում խորհրդային պետական կարգից-կուսակցական հանրապետականի, ժողովրդավարական, օրինական և խաղաղ 1990-91թթ. իշխանափոխությունը, Հայաստանի անկախ պետականության խաղաղ-օրինական հռչակումը, Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» անկախության ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատրիբուտների ստեղծումը, Հայաստանի պետական կարգի՝ լիբերալ-դեմոկրատական արժեքների ամրագրումը հանրաքվեով ընդունած Սահմանադրության մեջ, սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների արմատավորումը…

Այս բոլորը 1989-90թթ. ՀՀՇ «ակտիվի»  ժամանակակիցն է ու կատարվել է ՀՀՇ հայտնի գործիչների ղեկավարմամբ: Այդ քաղաքական «ակտիվը» տարբեր անվանումներով (ՀՀՇ, ԱԺՄ, «Նոր ուղի», Ժողովրդավարական հայրենիք, Լիբերալ-դեմոկրատական, «21-րդ դար» և «Ազատություն» կուսակցություններ, «Արմատ» հասարակական կազմակերպություն) այսօր էլ քաղաքականության մեջ է: Ինչո՞ւ այդ ակտիվից ես, օրինակ, կամ Դավիթ Շահնազարյանը այսօր էլ որպես ՀՀՇ ենք ընկալվում, իսկ, օրինակ, Արշակ Սադոյանը կամ Վազգեն Սարգսյանը՝ հակահհշական: Ձևակերպենք այս որպես հռետորական հարց ու… արձանագրենք. վերը թվարկած ձեռքբերումները արագ օտարվեցին ՀՀՇ-ից, ազգայնացվեցին կամ յուրացվեցին առանձին խմբերի ու անհատների կողմից, իսկ այս ընթացքում մարդկանց կորցրածն ու ձեռք չբերածը, բոլոր ձախողումները «մեղսագրվեցին» ՀՀՇ-ի 90 թվականի արխիվից առանձնացված մի խմբին: Այսօր էլ ՀՀՇ այդ խումբը՝ «ավերումի ու թալանի հերոսները» (բոլորը) ոչ միայն հանրապետությունում են, ոչ միայն չեն հեռացել Հայաստանից…, այլև չեն էլ պատրաստվում հեռանալ ու անպաշտոն ու անպաշտպան, չնայած իրենց շուրջ բորբոքվող ատելության ու վրեժխնդրության մթնոլորտին, քրեական հաշվեհարդարի վտանգին՝ քաղաքականության մեջ են: Եթե սրանց նպատակը իրենց իշխանության տարիներին քանդելն էր ու թալանելը, նրանք վաղուց աշխարհի տաքուկ անկյուններում պիտի վայելեին իրենց կուտակածը: Բայց փաստ է, որ ՀՀՇ իշխանավորները շատ ավելի համեստ էին իրենց անձնական  ու պաշտոնական կենցաղում, քան նորերը: Դը Գոլը պահանջում էր կա՛մ իրեն ամբողջությամբ վերցնել, կա՛մ հանգիստ թողնել: Այսպիսի իրավունք ունի և ՀՀՇ-ն, իր գործունեության ամբողջական-քննական գնահատում:

Հատկապես, որ, հայտնի իշխանափոխությունից հետո երկու տարի է չի երևում, թե իշխանությունը գրաված խմբերն ու անհատները, ձերբազատված ՀՀՇ-ից ու նրա քաղաքական ծրագրից, ի՞նչ տեսանելի-ընդունելի այլընտրանք են առաջարկում հայաստանցիներին: Ի՞նչ է, ապացուցեցի՞ն, որ այս երկու տարում ժամանակը ի օգուտ հայաստանցու և ղարաբաղցու աշխատեց, որ ունենք ոչ կոսմետիկ ձեռքբերումներ…
Պատասխանատվությունը Երրորդ Հանրապետության, լիբերալ-դեմոկրատական՝ ժամանակակից Հայաստանի համար Երրորդ Հանրապետության բոլոր  պատասխանատուներին կամա թե ակամա դարձնում է անբաժան, պահանջում հրաժարվել «առաջինի» ամբիցիայից, ու իրար մեղադրողի, «պուպուշ երևալու» ու չքմեղանալու գործելակերպից: Պատասխանատվությունը կայացած քաղաքական գործչի համար նախևառաջ անհատական է, ինքն իր առաջ, իր հայտարարած-քարոզած գաղափարներին, արժեքներին և կենտրոնական սկզբունքներին: Սրանից չես փախչի:

Արձանագրեմ: Ռևանշը մեր ճանապարհը չէ: Պիտի գանք համաձայնության գլխավոր հարցում, որ հաստատենք անխախտ ու նորոգ միություն՝ Գլխավորում:

Պիտի սկսենք այնտեղից, որտեղ կանգնեց ՀՀՇ առաջնորդն ու Երրորդ Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Լրջանալու պահը» հոդվածի դրույթներից:

Տասը տարվա քաղաքական կյանքը Երրորդ Հանրապետության պատասխանատուների համար դպրոց էր, ուր մենք նաև սխալների վրա ձեռք բերեցինք ժամանակակից պետական գործչին անհրաժեշտ որակները: Սրանք, իհարկե, պիտի դրսևորվեն գործով ու գործում: Իսկ գործը, բոլորիս կյանքի գործը, որ իմաստավորում է մեր կյանքը, ապահով ու բարեկեցիկ Հայաստանն է, որպես ժամանակակից մարդու և հանրաճանաչ իրավունքներով հայաստանցու արժանապատիվ կյանքի մշտական բնակատեղ, գրավիչ նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

18 հոկտեմբերի, 1999

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարնան շեմին` չարքերը քշելու ժամանակ

Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք… Մենք առավելագույն

Ինչքան բան կարելի է այսօ՛ր փոխել մեր աշխարհում, եթե…

Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից,