Սեպտեմբեր, 2008թ., Երևան www.newcaucasus.com

Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի նախկին Լուսավորության նախարարի հետ  

Ինչպիսի՞ն են Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները թվում Հայաստանից:

— Դժբախտաբար, Ռուսաստանում շարունակում է գերիշխել կայսերական մտածելակերպը: Կարծում եմ, որ Վրաստանում օգոստոսի 8-ին սկսված ռազամական գործողությունները նախօրոք պլանավորված էին: Եթե Հարավային Օսեթիայում չսկսվեր պատերազմ, այն կսկսվեր Աբխազիայում: Ողջ կատարվածը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը վաղուց էր գալիս նրան, ինչ այսօր ունի:

Ես իմ միջով եմ անցկացրել այն ամենը, ինչ Վրաստանում կատարվեց: Երբ ռուսական հեռուստատեսությամբ հաղորդումներ էի դիտում, հասկանում էի դրանց ենթատեքստը. «Ահա, կովկասի ժողովուրդները բարբարոսներ են, և մենք ստիպված ենք փրկել նրանց հենց իրենցից»: Ցավալի է… 200 տարի Ռուսաստանն անում է Կովկասում, ինչ ուզում է: Իսկ մենք մինչ այժմ չենք կարողացել իմաստնանալ ու ընդհանուր լեզու գտնել… Ինձ համար սա ամենակարևոր դասն է, որ քաղել եմ օգոստոսյան իրադարձություններից:

Վրաստանում կատարված իրադարձություններն ինչ-որ կերպ ազդեցի՞ն Հայաստանի վրա:

— Իհարկե, Վրաստանում տեղի ունեցածն անդրադարձավ մեզ վրա: Սակայն Հայաստանը կարող էր ավելի սուր զգալ դրանք, եթե զարգացման ռեժիմում ապրեր: Ավաղ, մենք այդ ռեժիմում չենք: Հայ հասարակությունը, ընդհանուր առմամբ, ինչ-որ բան կորցրեց, սակայն այդ այնքան էլ ցայտուն չէ: Դժբախտաբար, մենք այդպես ապրելու սովոր ենք և հաճախ, մենք մեզ հաշվետվություն չենք էլ տալիս: Սա կործանարար է մեզ համար: Հայաստանն այսօր ապրում է ինչ-որ ուրիշ աշխարհում՝ գործնականում մյուս երկրներից անկախ: Մենք ապրում ենք փակուղում: Հաճախ ստացվում է այնպես, որ աշխարհում կատարվող իրադարձությունները քիչ են ազդում Հայաստանի վրա, Հայաստանի տնտեսությունը, կարծես, իրեն-իրեն է զարգանում: Մենք արդեն սովոր ենք մեկուսացված ապրել:

Վրասատանով ընկած ճանապարհը շատ արժեքավոր է Հայաստանի համար, այն կենաց ճանապարհ է: Բայց մյուս կողմից, կարող եմ ասել, որ Հայաստանն այնքան սովոր է մեկուսացված կյանքին, որ ամենայն հավանականությամբ, առանց այդ ճանապարհի էլ կկարողանա գոյատևել: Ի դեպ, Վրաստանն էլ պիտի դրանից ելնի: Եթե Վրաստանում կարծում են, որ մեզ ինչ-ինչ նախագծերից հանելով, ճամփան փակելով կարելի է Հայաստանին պատժել, դա այդպես չէ: Դա չի ազդում:

Այն ժամանակ կային Հայաստանում և մարդիկ, ովքեր ուրախանում էին Վրաստանում տիրող իրավիճակով: Ինձ հիմա շատ է տխրեցնում, երբ լսում եմ.
— Լավ է, որ Ռուսաստանը պատժեց Վրաստանին:

Մոսկվան կարո՞ղ է Հայաստանին իբրև ռազամվարական զինակից օգտագործել ռուս-վրացական հակամարտության մեջ:

— Կարծում եմ, որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, Հայաստանն իր երկիրն է համարում, իր տարածքը: Մոսկվան արդեն հիմա օգտագործում է Հայաստանը: Մինչ այժմ, հայտնի չէ՝ Վրաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործվե՞լ են արդյոք Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները, թե՞ ոչ: Այո, հայտարարում են, թե չեն օգտագործել, սակայն ո՞վ է հավատում: Հասարակությունը չգիտե, անգամ, արդյոք գույություն ունի՞ ռուսական բազայի վերահսկման համակարգ: Համոզված չեմ, նաև, արդյո՞ք Ռուսաստանի Գլխավոր շտաբը տեղյակ կպահի Հայաստանին՝ իր բազան Վրաստանի դեմ օգտագործելու պարագայում: Եթե Մոսկվան որոշի օգտագործել բազան, ապա ցանկացած դեպքում կանի այդ:

Կարծում եք՝ Մոսկվան կարող է փորձել կռվեցնել Հայաստանն ու Վրաստանը՞:

— Իհարկե: Մենք՝ երեք ազգերս՝ ադրբեջանցիները, հայերն ու վրացիները, մեղավոր ենք, որ Ռուսաստանին հիանալի առիթ ենք ընձեռել՝ ներքաշելու մեզ վեճի մեջ: Երեք ազգ չեն վստահում իրար, իսկ գլխավոր խաղաքարտերը Ռուսաստանն է ստանում: Վրացիները կարծում են, թե կարող են ինչ-ինչ սեփական հարցեր լուծել՝ Հայաստանի շահերը շրջանցելով ու չհամաձայնեցնելով նրա հետ: Այսինքն, Թբիլիսիում գտնում են, թե բավական է միայն Բաքվի հետ համաձայնեցնել, և Բաքու-Ախլքալաք-Կարս երկաթգծի կառուցման հարցն արդեն որոշված է: Այսպիսով, Վրաստանն է´լ ավելի խուլ փակուղի է մտցնում Հայաստանին՝ նրան չտալով Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս գալու ոչ մի հնարավորություն: Բայց չէ՞ որ սա մեզ բոլորիս համար կործանարար է: Պատճառը, որ Հարավային Կովկասի բոլոր երկրներն այսպիսի խնդիրների համախումբ ունեն այն է, որ մենք կորցրեցինք հնարավորությունը, որը Մերձբալթյան երկրները ԽՍՀՄ փլուզումից հետո օգտագործեցին: 1990-ին ես, որպես ՀՀՇ վարչության անդամ, եղա Ռիգայում. մերձբալթները մեզ հրավիրել էին ադրբեջանցիների հետ հանդիպելու համար: Դեռ այն ժամանակ նրանք ասում էին, որ յուրաքանչյուր քայլ, որ ելնում է մեկ ազգի շահերից, այսպես թե այնպես, պիտի անպայման համաձայնեցվի մյուս ազգի հետ, որից հետո նոր միայն կարելի է միասնական որոշում կայացնել: Նրանք մեզ սովորեցնում էին, որ Հարավային Կովկասի երկրները ևս պիտի գնան Մերձբալթյան հանրապետությունների ուղով: Սակայն մենք չընկալեցինք այդ: Մենք ոչինչ չքաղեցինք Մերձբալթյան երկրների տված դասերից: Հենց այս է պատճառը, որ այսօր մենք թանկ գին ենք վճարում: Այսօր Ռուսաստանը լավագույնս օգտագործում է մեր երկրների միջև առկա բոլոր հակասությունները՝ մեզ իրար դեմ հանելով: Իսկ մենք շարունակում ենք չվստահել իրար, ընդ որում, ինչպես ժողովրդի, այնպես էլ պետական մակարդակով: Սա է հարավկովկասյան երկրների փոխհարաբերությունների հիմնահարցը: Ամենավիրավորականն այն է, որ անվստահություն կա նաև ժողովուրդների մակարդակով:

1992թ. ես Բաքու մեկնեցի: Պետք էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվեն: Այն ժամանակ Ադրբեջանում նախագահ էր ընտրվել Էլչիբեյը՝ կրթությամբ արևելագետ, Հայաստանում՝ նույնպես արևելագետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Թվում էր՝ նրանք պիտի կարողանային հասկանալ իրար, թվում էր՝ նոր մտածելակերպի դարաշրջան ենք թևակոխել, որը պիտի կառուցվեր վստահության հիմքերի վրա, սակայն… Վստահության դարաշրջան չեղավ:

Ցավոք, Ռուսական կայսրությունը շարունակում է իր գոյությունը, իսկ մենք ոչինչ չենք կարող հակադրել նրան: Բայց մենք էլ մնում ենք այնպիսին, ինչպիսին եղել ենք. մենք այնքան չենք հասունացել, որ պատերազմներն արգելենք մեր սեփական տանը:

— Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները վերջնականապես բաժանեցին իրարից Հարավկովկասյան երկրները: Դուք խոսում էիք այն մասին, որ մեր երկրները բաց են թողել վստահություն կառուցելու իրենց հնարավորությունը: Արդյոք այսօր ինչ-որ հնարավորություններ մնացե՞լ են: Մանավանդ, որ Հայաստանը գնում է դեպի Ռուսաստան, իսկ Վրաստանը՝ Արևմուտք…      

— Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է գնալ դեպի ինչ-որ մեկը: Եթե մենք շարժվենք իրար ուղղությամբ, Արևմուտքն էլ կգա մեզ ընդառաջ, կլինի մեզ հետ: Ինչպե՞ս կարող է որևիցե մեկը գնալ դեպի Արևմուտքի երկրներ ու լինել նրանց հետ, եթե չի կարողանում իր հարևանների հետ լեզու գտնել: Չէ՞ որ մենք չենք կարող աշխարհագրությունից փախչել, մենք այստեղ բոլորս միասին ենք ապրում: Կարճ ասած, անհնարին է, որ հարավկովկասյան մի երկիրն ապրի Եվրախորհրդում, մյուս երկիրը՝ Ռուսաստանում, երրորդը՝ էլի ինչ-որ տեղ: Մենք չունենք գլխավորը՝ մտածելակերպի, համագործակցության արևմտյան ստանդարտը, Արևմուտքի դեմոկրատական արժեքները: Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք լուծել նորմալ համակեցության խնդիր՝ առանց փոխհամագործակցության: Այո, մենք շատ ժամանակ ենք կորցրել, բայց լավ է ուշ, քան երբեք: Եվ որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի շատ են կորուստները: Մի՞թե բավական չէ, որ մեր երկրներն անընդհատ կորուստներ կրեն:

Ինձ շատ վիրավորեց այն փաստը, որ օսեթ ու վրացի ժողովուրդները թույլ տվեցին այն, ինչ օգոստոսին տեղի ունեցավ: Ադրբեջանցի և հայ ժողովուրդները նույնպիսի վայրագություն թույլ տվեցին միմյանց նկատմամբ, և արդեն բացարձակ կարևոր չէ, թե ով է ավելի մեղավոր: Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում Ռուսաստանը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա շարունակում է վերահսկել իրավիճակը, բայց արդեն պաշտոնապես: Ռուսաստանն ու իր «խաղաղապահները» վաղուց օկուպացրել են Աբխազիան ու Հարավային Օսեթիան, սա փաստ է: Ռուսաստանի կողմից նրանց անկախության ընդունումը նույպես ոչինչ չի փոխում: Նրանց անկախությունը ճանաչելով Մոսկվան ցույց տվեց, թե ինչի էր ձգտում այսքան տարի: Ամեն բան իր տեղը դրեց: Ես երբեք չեմ հասկացել՝ ինչ ասել է «սառեցված հակամարտություն»: Հակամարտությունը կամ կա, կամ չկա:

— Հայկական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ դուրս եկավ Ռուսաստանի գործողություններին Վրաստանում, այն նույն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները պարզապես լռեցին…  

— Ինձ հիասթափեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, շատ կուզեի, որ այն չլիներ, բայց… Գիտեմ, որ Տեր-Պետրոսյանի շատ ընդդիմադիր ակտիվիստներ նույնպես համակարծիք չեն նրան: Միգուցե այդ պոպուլիստական հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը փորձում էր փրկել շարժումը մասնատվելուց: Ընդդիմադիր շարժումը մի յուրօրինակ խճանկար է, որ բաղկացած է ամենատարբեր կարծիքներից ու տեսակետներից: Եթե Տեր-Պետրոսյանն իրականում այդպես է մտածում, ապա վատ է: Այդ թվում և իր համար: Կարելի է նաև ասել, որ Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր շարժման համար Վրաստանի ու Ռուսաստանի միջև ծագած առճակատումը բոլորովին ժամանակին չէր: Բոլորը կենտրոնացան արտաքին իրադարձությունների շուրջ, և այդ ամենի մեջ չկորչելու համար Տեր-Պետրոսյանը որոշեց ինչ-որ բան ասել:

Դուք ասում եք, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, ովքեր այդ հարցում համաձայն չեն ՏերՊետրոսյանի հետ, սակայն նրանց ձայները չլսվեցին…

— Օ րինակ, ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանն ասում էր, որ համակարծիք չէ Տեր-Պետրոսյանի հետ:

Վրաստանի իրադարձություններն ինչ-որ կերպ կարո՞ղ են փոխել Հայաստանի ներքին իրավիճակը:

— Արմատապես դժվար թե ինչ-որ բան փոխվի, սակայն դարնք անշուշտ կազդեն: Այդ իրադարձությունների ֆոնի վրա գործող իշխանությունն ամրապնդեց իր դիրքերը: Հայաստանի իշխանություններն օգտագործեցին պահը՝ լեգիտիմ դառնալու փայլուն հնարավորություն ստանալով:

Վրաստանում օգոստոսյան իրադարձություններից հետո Դաշնակցություն կուսակցությունը բարձրացրեց վրացական Ջավախեթի տարածաշրջանի անկախության հարցը: Ի՞նչ եք կարծում, փորձեր կարվե՞ն սրելու իրավիճակը Ջավախքում:

— Այդպիսի փորձեր ու միտումներ եղել են միշտ: Կան ուժեր, որոնք առաջիկայում ևս կփորձեն ապակայունացնել իրավիճակը Ջավախքում: Սակայն ինձ համար շատ կարևոր է, որ Ջավախքի բնակչությունը չի ենթարկվում այդ ապակողմնորոշումներին: Վրաց ժողովուրդն ու իշխանությունները պետք է գնահատեն դա: Ջավախքը կարող է ամուր կամուրջ դառնալ Հայաստանի և Վրաստանի միջև: Ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը չպետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր լինի, այլ դառնա մեր երկրներն իրար կապող կամուրջ: Ցանկացած ժողովուրդ ուզում է իր կյանքով ապրել, և իշխանությունները պարատվոր են ապահովել ժողովրդի նորմալ ապրելու իրավունքը: Մի՞թե ջավախահայությունը մեղավոր է, որ գոյություն ունի Դաշանակցություն կուսակցությունը, որ ապակողմնորոշողներ կան:

Հայաստանում ես հաճախ եմ լսել այն կարծիքը, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտություններն արդեն լուծվել են: Ընդ որում լուծվել են հենց ի շնորհիվ պատերազմի…

Ես առավել հարգալից կվերաբերվեի աբխազների կամ օսեթների՝ ինքնորոշվելու ձգտումին: Սակայն ամեն ինչում նրանք ապավինում են բացառապես Ռուսաստանին, և Մոսկվայի կողմից նրանց անկախության ճանաչումն իրենց՝ աբխազների կամ օսեթների ընդունած որոշումը չէ: Մոսկվան մարիոնետային ռեժիմ է մտցրել Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում և գործում է ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբում: Ես շատ եմ ուզում հավատալ, որ Աբխազիան վերջնականապես չի կորչի Ռուսաստանում, որ կգա մի նոր սերունդ, որը կսկսի մտածել ազգի յուրօրինակության պահպանության մասին: Այն դրությունը, որում այսօր գտնվում է Աբխազիան, Աբխազիայի վերջն է: Ամենայն հավանականությամբ նույնը վերաբերում է նաև օսեթ ժողովրդին: Ասել է թե այդ տարածաշրջանները պետք է առավել ինքնուրույն, դառնան, որպեսզի կարողանան ինքնուրույն որոշել, թե ինչպիսին պիտի լինեն իրենց հարաբերությունները Վրաստանի հետ: Եվ վրացիներն այդ ուղղությամբ պիտի աշխատեն ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիները՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Չկա պարզ ու արագ ճանապարհ: Նոր վրացական կայսերական մտածողությունը ձախողվել է: Ցավոք, ինքը՝ Վրաստանը չի կարողանում ազատվել այն մտածելակերպից, որն իրեն դուր չի գալիս և որը հատուկ է Ռուսաստանին:

Դուք խոսում եք վրացական կայսերական մտածելակերպի մասին: Ի՞նչ եք կարծում, Վրաստանը կկարողանա՞ր Սուխումիի և Ցխինվալիի հետ ընդհանուր լեզու գտնել առանց երրորդ կողմերի:

— Թբիլիսին վաղուց արդեն պիտի ապացուցած ու ցույց տված լիներ աբխազներին և օսեթներին, որ իրենք իրապես կարող են ազատություն ստանալ նոր Վրաստանի կազմում: Դա պետք է ապացուցել առանց ուժի գործադրման և երրորդ ուժերի օգնության: Իհարկե, պետությունը պետք է հզոր լինի: Բայց ի՞նչ ասել է հզոր լինել: Մեր կողքին գտնվում է Ռուսաստանը, որը միշտ պատրաստ է ապացուցել, որ մեզնից ուժեղ է: Մենք պետք է Ռուսաստանից ուժեղ լինենք մեր երկրների կյանքի գրավչության առումով:

Ես, իբրև կրթահամալիրի ղեկավար, բավականին երկար ժամանակ է, ինչ փորձում եմ կապ հաստատել իմ վրաց կոլեգաների հետ: Ավա՜ղ, նրանք անհաղորդ են: Մենք  Ադրբեջանի օրեր անցկացրինք Հայաստանում, բայց ինչո՞ւ այդ բոլորը մոռացվեց, ինչո՞ւ չշարժվեցինք առաջ: Հասարակական ինստիտուտները չեն աշխատում: Հայաստանն Ֆրանսիայի հետ ավելի մեծ կապեր ունի, քան Վրաստանի: Մեր երկրներն ապրում են իրարից մեկուսացված: Սահակաշվիլին, Ալիևն ու Սարգսյանը որոշումներ են ընդունում, հասարակություններն ապրում են իրարից անկախ, իսկ Պուտինը Հարավային Կովկասի պղտոր ջրում ձուկ է որսում:

Ի՞նչ կասեք Հարավային Կովկասում Արևմուտքի դերի մասին:

— Հնագույն առածն ասում է. «Օգնիր ինքդ քեզ և Աստված օգնության կհասնի»: Նույնիսկ, եթե Աստծո դերում Հարավային Կովկասում հանդես գա Արևմուտքը, նրա օգնությունը չի փրկի մեզ, մինչև մենք ինքներս մեզ չօգնենք: Երևի թե հակամարտության սկզբում մենք ավելի մոտ էինք դրանց լուծմանը, քան հիմա: Բայց այսօր ևս չեմ տեսնում այլ ուղի, քան հասարակության ակտիվացումն ու ժողովրդական դիվանագիտությունը: Առանց մեր հասարակությունների ակտիվության  Արևմուտքը չի օգնի մեզ: Իհարկե, Արևմուտքը կարող է մարդասիրական օգնություն ուղարկել, օժանդակել ԶԼՄ-ների զարգացմանը և այլն, սակայն մենք ինքներս պիտի շահագրգռված լինենք զարգանալ:

Շատ բան հիմա կախված է հենց Վրաստանից: Վրաստանին եզակի հնարավորություն էր տրվել, այն համաշխարահային համագործակցության կենտրոնում էր: Հայաստանում շատերն էին ողջունում Վարդերի հեղափոխությունը, մենք հույս ունեինք, որ մեզ մոտ էլ փոփոխություններ կսկսվեն: Ցավում եմ, բայց Վրաստանը շատ լավ հնարավորություն բաց թողեց: Հուսով եմ՝ ոչ ընդմիշտ… Վստահ եմ, որ Վրաստանն այլ կերպ կնայի իր ժողովրդին, որը կցանկանա նոր Վրաստանում ապրել: Վրաստանի բոլոր ժողովուրդներին անհրաժեշտ է խաղաղություն ու ազատություն:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չե՛մ հասկանում…էդ չի նշանակում, որ տուպոյ եմ էդ աստիճան…

Աշոտ Բլեյանի անչափ հուզիչ խոսքը՝ Վանո Սիրադեղյանի մասին։ Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր: Անչափ հուզական ելույթ ունեցավ հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր…

Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին մենք հայ պատգամավորին տեղավորեցինք «Ադրբեջան» հյուրանոցում

«Vesti.Az»-ն առաջին անգամ հրապարակում է 55 հայ պատգամավորների Դիմումը Ադրբեջանի կառավարությանը Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ մինչև հիմա շատ են գաղտնիքներն ու մութ պահերը… Այդ մութ պահերից մեկն Ադրբեջանի և Հայաստանի