Սիրելի Վազգենին

10 նոյեմբերի 1999 թ.
«Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից

 Մորս լռությունից ավելի էինք սարսափում, քան նրա ճիպոտող խոսքից։ Խոսիր, այ կնիկ — համոզում էր շեն ու մեծ Տունը։ Մայրս «ասռել էր», խոսելը չէր գալիս։

Երկար լռել էի։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո խոսելս չէր գալիս։ Ա1+–ի հեռուստադիտողի պահանջը ստիպեց, որ խախտեմ լռությունը ու ամբողջացնեմ Վազգեն Սարգսյանի հետ ողջ հոկտեմբեր ամիս ձգվող ներսումս եղած վեճը, որ սկսվել էր Եգորյան Էդիկի մահվան բոթով։ Վազգենը Եգորի հարգը լավ գիտեր։ Համոզված եմ. որ անկեղծ էին ե՛ւ նրա մահախոսականը, ե՛ւ նրա նախաձեռնած «գնա մեռի, արի սիրեմ» պաշտոնական, Էդիկին պատշաճ հուղարկա­վորությունը… Սա է, որ կբորբոքի, կթարմացնի իմ վեճը։ Նույն Վազգենը ընդամենը երեք ամիս առաջ իր «Միասնություն» դաշինքից դուրս կթողնի Եգորյան Էդիկի «ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, իսկ իր աչքի առաջ իր զինվոր ծաղիկ Ռուբոն Ազգային ժողովից դուրս թողեց Եգոր պատգամավորական թեկնածուին։ Եգորին, ով տասը տարի ապացուցել էր երեսփոխանի իր իրավունքն ու կոչումը։

«Ոչ մի ծրագիր չի կարող իրականություն դառնալ, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, ևայդ մարդը ինքն է», կհրապարակի իր սեպտեմբերյան հեռուստաուղերձում վարչապետ Վազգեն Սարգսյանը՝ համառորեն չտեսնելու տալով, որ այս երկրի ճակատագրի համար իրենց պատասխանատու ևունակ մարդկանց մի զարմանալի խումբ՝Դավիթ Շահնազարյան, Կարապետ Ռուբինյան, Ալիկ Արզումանյան, Վիգեն Խաչատրյան, Վահագն Խաչատրյան (դժվար չէ թվարկելը) իրենց օրը սպանում են սեմինար-սեմինար խաղալով։ Իսկ ինչպե՞ս անել այս դեպքում, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սկսի մտածել, այլեւ գործի, համոզված, որ այս երկրի ճակատագիրը հենց իրենից է կախված,- կհարցնեմ ես կալանատան խցից ու կմնամ անպատասխան։

Ասում եմ՝ շարունակելով Եգորի մահվամբ սկսված մի վեճ՝ Եգորի ու Վազգենի՝ քաղաքական գործչի ու ռազմական գերատեսչության ղեկավարի 1995 թվից սկսած վեճը, երբ զորացող բանակը չի թաքցնում քաղաքական իշխանությունը տարածելու իր հավակնություններն արդեն 1995 թվից, Ազգային ժողովի ընտրություններից սկսած։

Ինքը Վազգենը, պիտի տանկի թրթուրներով անցներ ժողովրդա­վարական եւ Երրորդ Հանրապետության Սահմանադրական կարգի հիմքերի վրայով ու պարզվեր, որ քաղաքական, պետական գործչի նորանոր որակներ դրսևորող-բացահայտող Վազգենը այսքան անպաշտպան է։ Վանոյի գույժը՝ կամուֆլյաժը կմնա…

Կարծես այդպես էլ իրեն ՀՀՇ չհամարեց, օտարությունը ՀՀՇ-ի նկատմամբ ոչ միայն չհաղթահարեց, այլեւ 1995-ին դա վերածվեց չարության, հակամարտության։ Ինքը, թվում էր, Տեր-Պետրոսյանի պաշտամունք ունի ու անընդունակ է դեմ դուրս գալու իր նախագահին։ Դեմ ելավ։ Ինքը ամենաշատը ու անկեղծ կուրախանա բլեյանական դասագրքերով, Անվտանգության խորհրդում կպաշտպանի դրանք, կշնորհավորի, կնպաստի դրանց հրատարակմանը,ու վճռական պահին ոտի տակ կտա դրանք, «կանցնի Բլեյանի մանկավարժության ու Բլեյանի հեղինակության վրայով»…

Հիմա ամենաշատը ես մտածում եմ բանակի մասին։ Ես անհան­գիստ եմ բանակի համար։ Այդքան զրկանքներով ստեղծվածը ինչպե՞ս պահպանել, ինչպե՞ս ծառայեցնել իր կոչմանը, Հայաստանի հզորացմանն ու անվտանգությանը, որ սա էլ Եգորի ժողովրդա­վարության աշտարակի պես չփլուզվի հանկարծ ու տակով չանի Վազգենի փայփայած Արարատյան Հանրապետությունը։

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր — Ու կնայենք Հարդագողի ճանապարհին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր գոյատևման թիրախում հայտնված բանակն ու մեր զոհվող Կարենները…

Խաչատուր Դադայանի «Զմյուռնիայի վախճան»-ը հրապարակումն «Իրատես դե ֆակտո» տպագիր թերթի 2015թ. թիվ 51-րդ համարում կարդացի ամբողջությամբ. շնորհակալ եմ և´ հեղինակին, և´ թերթին, և´ միջնորդ ամենագետ-ամենաանխոնջ ընթերցող Աշոտ Տիգրանյան կրթահամալիրի հասարակագետ-պատմաբանին,

Ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակներում

Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում

Դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ. կամ՝ թույլ տվեք անկեղծ լինել

Սկսում ենք բլոգում հրապարակել 1985-1991թթ հոդվածները։ Շնորհակալություն Մարի Գաբանյանին այդ շարքի թվայնացման համար։ Դպրոց եկել եմ 23 տարեկանում՝ որպես արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ: 7 տարի սիրով աշխատել եմ: Ո՞վ է ասել՝