Մերի Խանջյանին ու կարուձևի մասնագիտական կրթության իր ուսանողներին հանդիպում եմ Սեբաստացի մոլից դուրս գալիս ու, ուշադիր նայելով… կոշիկներին, խնդրում եմ չափել Կենտրոն-Քոլեջ ճանապարհը… Հենց տեղ է հասնում, գրում է իմ էլեկտրոնային հասցեին, որ վեց-յոթ րոպեում Քոլեջ են հասել… Այդպիսին են մեր դպրոցները՝ իրարից-Խառնարան Մայր դպրոցից մինչև 10 րոպեի հետիոտն հեռավորության վրա։ Մեր կարճատև զրույցը Մերիի հետ ամոթխած-շիտակ է. ես գիտեմ իմ իրավասության սահմանը և խորապես հարգում եմ երիտասարդ կնոջ ինքնատիպության իրավունքը՝ բոլոր դրսևորումներով… Մեր տանն էլ այդ խնդիրը կա. այդպես էլ չի հաջողվում, որ Արմինե Աբրահամյանն իր խուրջինով-ուսապարկով տանից դուրս գա, գործածի ամենօրյա-հարմար կոշիկներ… Մենք խոսում ենք ուսումնական աշխատանք կատարող մասնագետի, նրա և տարատարիք սովորողների բազմաբնույթ գործունեության մասին, որտեղ կրթահամալիրի Բանգլադեշով տեղաշարժը խմբերով, ասենք, Սեբաստացու օրերին, առօրյա է…
Բաբկեն Փաշինյանի հետ առավոտյան 8։30 Բաբաջանյանի վերգետնյայի մուտքի մոտ մեր խոսակցությունը նաև սրա մասին է… Բաբկենն ավելի ու ավելի մարզական է, առաջնորդող-ինքնավստահ՝ կրթահամալիրի բոլոր հարթակներում… Ստուգում ենք վերգետնյայով անցնող սովորող-ուսուցիչների հանդերձանքը… Ախր, այս տարվա սեբաստացիական օրերին պիտի ունենայինք արդեն տիրապետող մարզական հանդերձանք… Չունենք, լսո՞ւմ եք, չունենք, ու ես սրա բացատրությունը չունեմ։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 08.30-ին կրթահամալիրի տրանսպորտային հանգույցում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Բաբկենի առաջարկն է հրավիրել Գևորգ Հակոբյանին, Մարիետ Սիմոնյանին, Լուսինե Բուշին, …. այս օրերին պարապմունքներ անցկացնելու կրթահամալիրի առանձին խմբերում՝ որոշակի խմբով ուսուցիչների մասնակցությամբ… Ես ավելացնում եմ սրան. կարևոր է, որ Յուրա Գանջալյանի նման տասնյակ ուսուցիչ-մասնագետներ ուսուցմանը վերաբերող թարգմանություններ կատարեն՝ իրենց բլոգներով-«Դպիրով» ներկայացնեն այլոց՝ միջազգային հրապարակված-ներկայացված փորձը… Ինչո՞ւ մեր առանձին ուսուցիչների մեթոդական հոդվածներ չեն հայտնվում, ասենք, «Education Week»-ի նման ամսագրերում: Կարդացի այդ ամսագրից Լիանա Հայթինի «Գրագիտության փոփոխվող դեմքը. ինչպես պետք է կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում» ուսումնասիրությունը…
Ընթերցելն այլևս տպագիր տեքստ ընթերցել չէ: Ընթերցելն աշխարհի ընթերցում է դարձել…
Տպագիր ընթերցանությունը վերջ ունեցող մեկուսի ընթերցանություն է, իսկ թվային ընթերցանությունն ավելի շատ նման է արկածներ որոնելուն: Դու կարող ես կտտացնել մի այլ բանի վրա ու նորից շարունակել ընթերցելը:
Այս մեջբերումն արեցի՝ ասելու իրավունքի համար, թե որքա՜ն բան ունենք մենք՝ մեր սեփական հաջողված-հայտնի-հրապարակա՞ծ ուսուցման փորձը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Սկսե՛ք: Մանկավարժության լաբորատորիան, որ 2017-ին «Փորձարարական ծրագրեր հանրակրթությունում» պետական աջակցությամբ ծրագրերով հեղինակային մանկավարժության տարածման գործուն կառույցի ստեղծման մշակումներն է ավարտում, ոչ միայն տեսադասերի փաթեթի, այլ մեթոդական հրապարակումերի շարքի կարիք ունի:
Ձմռան ընդառաջ նախագծի շրջանակներում բույսերի խնամք Արևելյան դպրոցում:
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:
«Կրթական պարտեզ արվարձանում» մեր նախագիծը նույնպես տարածման ռեժիմում է՝ կենսունակ-անվերադարձ-հաջողակ, կամ այն քայլ առ քայլ կնվաճի՝ սկսելով անմիջականորեն շրջակա աշխարհից՝ մասնավորի թե հաստատության խնամքի պատասխանատվության տակ գտնվող տարածքից, թե տիրազուրկ կտորներից… Տեսեք, Նոր՝ Արևելյան դպրոցի և հարևան համայնքային նախադպրոցական հաստատության միասնական ջանքերը՝ միասնական կրթական կեցության տարածք ձևավորելու ուղղությամբ… Պատնեշները՝ բաժանող, վտանգավոր երեխայի կյանքի համար ու տգեղ, դառնում են անվտանգ-գեղագիտական լանջեր-անցումներ-դաշտեր՝ բաց ուսումնական հանրային տարածքներ… Տեսեք՝ երկրորդ անգամից, Հայկուհի Հովհաննիսյան Սենսեյի ու Գևորգ Գրիգորյանի համատեղ ուժերով, Գեղարվեստի կանգնելով՝ աղբանոցի վերածված հողակտորը դառնում է պուրակ… Պուրակ՝ պուրակի ետևից՝ արևմուտքում, արևելքում, հյուսիսում…
Ինձ ավելի հետաքրքիր է մասնավորի՝ բնակչի հետ հարաբերությունը… Այստեղ է նախագծի, մեր մանկավարժության, մեր հասարակական կյանքի առաջընթացի լուծումը… Նոր դպրոցի հյուսիսային սահմանի հարևանների հետ աշխատանքը տալիս է տեսանելի արդյունք։ Սամվել անունով բնակչի՝ իրենը փաստացի դարձած տարածքը կրթական պարտեզի օրգանական մասը դարձնելու վճռականությունն այս օրերին ինձ ամենազբաղեցնողն է, ոչ պակաս, քան մեր Ագարակի՝ նոյեմբերի 18-ին հայտարարված մեկնարկը… Դանդաղումը հաճախ անհրաժեշտ ժամանակն է գործի խմորման համար, ճիշտ է, բայց և մեր հետևողականության-վճռականության-հանրայնացման թերին, ինչպես Էմանուել Ագջոյանը դիպուկ շեշտեց, մեր ներսում չլուծվածի հետևանք է… Ո՞նց տարածվի, ի՞նչը տարածվի, եթե տարածողը չկա: Էմանուելը, Միքայելը, Գևորգները՝ Ստեփանյան ու Հազարումյան, իրենց միացած Մովսեսի հետ երեկ ցուցադրեցին կրթական պարտեզի տարածման օրինակ. մեկ օրում ամսվա՞ գործ արեցին: Մայր դպրոցի հյուսիս-հարավ առանցքի բացումն ինձ հիացրեց-զարմացրեց իր թափով ու վճռականությամբ…
Ծառատունկ Հարավային դպրոց-պարտեզում:
Աշխատում են 4-5-րդ դասարանցիները:
Օգնեք-միացեք, որ այդպիսի թափով, Բանգլադեշով-քաղաքով մեկ ծավալվի օգտագործված մարտկոցների (էլեմենտների) հավաքումը… Ամեն դպրոցում՝ մի-մի թափանցիկ տուփ, տեսանելի վայրում, ամեն շենքում՝ քաղաքի այս էկոլոգիական նախաձեռնության մի մասնակից՝ սեբաստացի… Եվ Սուսան Ամուջանյանն իր ընկերների հետ երաշխավորում է անկապար-անսնդիկ միջավայր: Երեկ մենք այս նախաձեռնությունը ներկայացրինք նաև «Արևորդի» միջազգային փառատոնի կազմակերպիչներին… Իսկ փառատոնի փակման «Աղբանոցի մեղեդիները» 1 ժամ 20 րոպե տևող տպավորիչ ֆիլմի դիտումից հետո ռոդարիական բինոմն աշխատեց՝ երաժշտություն (ազատություն) + էլեմենտ… Եվ մենք առաջարկեցինք մեկական արկղ տեղադրել բոլոր բջջայինների (հեռախոսների), պլանշետների մարտկոցների համար… Ո՜նց են խանգարում սրանք և՛ երաժշտություն լսելիս, և՛ ֆիլմ դիտելիս, և՛ պաղպաղակ ուտելիս, և՛ թափառելիս պարզապես…
Տեսա՞ք՝ ինչ խոշո՜ր լուսին էր կինո «Մոսկվայի» գլխին երեկ տնկվել…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#842