Ես սիրում եմ խոհանոցը, խոհանոց-ակումբային միջավայրը. վերցնում ես քո շատ սիրելի աղցանը՝ կարտոֆիլի հետ, նստում ակումբում՝ երեկ ուսուցիչների մի խմբի, այսօր՝ սովորողների հետ, ու զրուցում ես, երբ դադարում ես ուտելուց… Լինում ես դիմացինիդ, կողքինիդ հետ… Այնքա՜ն հետաքրքիր էր լսել ճաշող վեց-յոթերորդ դասարանցիներին։ Մայր դպրոցի այս մի թևում խոհանոց-ակումբը գործում է, ստացվել է… իսկ մյուս թևո՞ւմ՝ համերգային դահլիճի նախասրահ-ակումբո՞ւմ… Այս օրերին աշխույժ է… Ավագ դպրոցի տղաները պատրաստում էին… Երեկ անակնկալ հանդիպեցի Վահրամ Թոքմաջյանին՝ Միջին դպրոցում. սովորող-սովորող, ուսուցիչ-սովորող, ուսուցիչ-ուսուցիչ, գումարած… անծանոթ այս տարածքն ինձ համար այնքան պարզ-կենդանի եղավ… Ոչինչ, որ այս ամենը եղել է, նորից է… ու հաստատում է, որ մեր կրթական ծրագրով ապրում ենք, մեր կյանքով սա է ճանապարհը… Առանց մանկավարժական-ընտանեկան խոհանոցի չի լինի… Շատ մի՛ նայեք ինձ. երբ ես անելիք-ասելիք եմ ունենում, սպասել չեմ տալիլս, իմացվում է, իրականանում է… Երբ չեմ գործում, չեմ ասում, այնպես չէ, որ եղածի հետ համաձայն եմ… Ասածս հենց կրտսեր դպրոցի խոհանոցին է վերաբերում. ի՞նչ եք նախաձեռնել-սկսել-զարգացրել, որ իմ աջակցությունը չեք ստացել… Սեբաստացու այս օրերին խոհանոցը մի՛ շրջանցեք… Տեսե՛ք, տպավորվել է այնքա՜ն ու այնպե՜ս, որ պատմում եմ:

Մեդիադահլիճում կոնֆետի անձրև է: Հարավային դպրոց, 1-ին դասարան:

Կենդանասերների-շնապահների առաջին խմբի պարապմունք-հանդիպման համար շնորհակալ եմ Քնարիկին Ներսիսյան, Գեղարվեստի նախակրթարանի սան Դավիթի հայրիկ, մեր խոհարար Սաթենի ամուսին, կինոլոգ* Վահեին… Տպավորված եմ: Ագարակում այսպիսի սկիզբն ի՞նչ շարունակություն-զարգացում կունենա, ինչո՞ւ պիտի չունենա-չծավալվի… Լուսինե Աբրահամյանի, Խորեն Հազարումյանի… նրանց միացած մեզ հայտնի Կարո Մանդալյանի, այսքա՜ն կենդանասեր-կենդանապահ սեբաստացիների, Ագարակի՝ նման միջավայրում… Դուք կունենաք իմ առավելագույն աջակցությունը… Կարո Մանդալյանի ու Խորեն Հազարումյանի որոշումը՝ Ագարակում թռչնասերների ակումբ հաստատելու, ես ոչ միայն ողջունել եմ, այլև Կարո ընկեր-մասնագետի հետ համբերատար անցել եմ մեր ունեցածով, այսօրվա-վաղվա անելիքում իմ մասնակցությունն եմ հաստատել… Իրական ներառական ուսուցում-ներառական կյանք-բաց համայնք հնարավո՞ր է առանց կենդանապահության, կենդանիների խնամքի-ուսուցման: Ասված է արդեն. մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն: Ես սա ոչ միայն գիտեմ։ Կանենք այնպես, մեր ընտանեկան կյանքը կկազմակերպենք այնպես, որ թշնամանքը որևէ ձևով բուն չդնի մեր տանը, չդառնա տնեցի:

Արևմտյան դպրոցի այգեպանների պարտիզապուրակային ուսումնական աշխատանքը հարակից տարածքում:

Հաջորդը, իհարկե, ձկների աշխարհն է, սեբաստացի ակվարիումի ստեղծումը… Վիեննայում Դավիթ Բլեյանի հետ երկու-երեք ժամ շրջում էինք հայտնի ջրերի աշխարհով: Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած մի բունկեր (շինություն, որի նման այսօր Երևանում տասնյակներով կգտնես) Վիեննայի մի «արկածախնդիր» վերածել է տեսնելու-ապրելու անհրաժեշտ մի աշխարհի, որի իններորդ և տասնմեկերորդ հարկերից  (տանիք-հարթակներից) ո՜նց է բացվում-ներկայանում եվրոպական մայրաքաղաք Վիեննան՝ ինձ խելքից հանող տանիքներով… Օրեր կանցկացնեմ միայն այս հարթակներում… Իսկ իննից տասնմեկերորդ հարկից յուրաքանչյուրում որքա՜ն տարբեր գույնի ու տարիքի մարդիկ էին երջանկացած շրջում-ապրում… Դավիթն այնքա՜ն ոգևորված, բարձր իր ռեժիսուրան էր թելադրում օպերատոր մայրիկին.
— Սա նկարի, տես, նկարի, որ տանեմ  ընկերներիս ցուցադրեմ…
Ո՞վ կհասցնի-կսկսի մեր ակվարիում ստեղծողների հավաքը կազմակերպել… Մեր դպրոց-պարտեզների նկուղներում այնքա՜ն հարմար-ազատ տարածք կա… Սեբաստացու օրերի՜ց էլ հարմար միջավայր-խթան այսպիսի՝ միևնույն է, արվելիք նախագծի սկզբի համար… Նախաձեռնություններով, դրանց քանակով-ուսումնական արժեքով որ չափենք Սեբաստացու օրերը՝ որպես համասեփականատերերի ստուգատես…

Փողոց-անցումների անվտանգության հարցերով կրթահամալիրի տնօրենի հերթական հանդիպումը քաղաքապետարանի, թաղապետարանի ներկայացուցիչների հետ:

Երեկ մեր երաժիշտներ Հասմիկ Մաթևոսյանի ու Մարինե Մկրտչյանի Հարավային և Հյուսիսային դպրոցների երաժիշտ սովորողների հանդիպումը խառնարան-Մայր դպրոցում, Արևելյան դպրոցում ընտանեկան համերգը և լանջերին հինգ տարեկանների արևելք-հյուսիս մարզատոնը, Հյուսիսում՝ Գեղարվեստի ցուցադրությունը, Արևմուտքում՝ հեծանվուղու վերաբացումը, շրջակա միջավայրով հեծանվով զբոսանքը, հինգ տարեկանների բիզնես նախագիծը, Հարավում՝ պտղատու այգու ընդարձակման նախագծի մեկնարկը-որոշումը, Խառնարանում հայտնի ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի վարպետության պարապմունքի աշխույժը… հնարավորություն տվեցին ինձ՝ հաստատելու իմ հնչեցրածը. մենք հաստատում ենք մեր հարազատությունը-համերաշխությունը որպես մեկ ամբողջություն, մեր ուսուցում-կյանք-ապրելը՝ առանց դասարան-դպրոց-տարիք-ընտանիք-փողոց սահմանների, գաղափարների, նախաձեռնությունների, փորձի ազատ տեղաշարժի, պատասխանատվությունը սրա՝ որպես համասեփականատերերի… Ես վճռականորեն թույլ չեմ տա, որ փողոցը կեղտաջրով ապականի ջերմ-լուսավոր խնամված միջավայրը մեր… Մենք եղել և մնում ենք կյանքով-կյանքում սովորողների դպրոց՝ մեր շրջակա աշխարհը փոխելու առաքելությամբ… Ահա ինչու Միջին դպրոցի յոթերորդ թե Ավագ դպրոցի իններորդ դասարանցիների մի խումբ, մի երկուսը չեն կարող Սեբաստացու այս օրերին չկանգնել հանրային-հրապարակային դատարանի առաջ…

Բառարան

*Կինոլոգիա —  (հուն.՝ κύωνλόγος) գիտություն շների մասին: Ուսումնասիրում է շան ցեղատեսակները, շների դասակարգումը (որպես կենսաբանական միավոր), շան մարզիչների և խնամակալների հոգեբանությունը, ինչպես նաև շների կենսաբանական զարգացումը ու գոյության կռիվը։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 843

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից

Այ էսպես, կադր-կադր…

Այս պահին, առտու 04.00-ին-04.30-ին Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկում ձյուն չի գալիս, Նառա Նիկողոսյան… Քո նշած պահին՝ 00.04, Դավիթ Բլեյանից փախած (այ քեզ ամենախոս-անհոգնել մարդ), քնած եմ եղել… Բնակարանի իմ

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,