Համաձայնեք, որ պակասող մասնագիտություն է… Շնորհակալ եմ Ռեյ Բրեդբերիին՝ մասնագիտական կողմնորոշման, «Ժպիտը» պատմվածքի համար, և կրթահամալիրի Գրական ակումբին, որ մեզ ընթերցանությանը-կյանքին-ստեղծականությանը սիրահարեցնելու գործին է կպել…

Նոր դպրոց-Արևելյանի բակում պադոնների վրա (սրա հայերենը որոշե՞նք, ոչ մեկընդմիշտ, ասենք՝ փայտե կրկնատակ) նոր գրքեր էին… Քիչ հետո մոտեցան Արմինե Մնացականյանի երրորդցիները, Մարի Գաբանյանն ու բացօթյա, ժպիտ-գոհունակություն-փառաբանում առաջացնող ընթերցանությունն սկսվեց… Այսպիսի հարմարավետ անկյուններ ստեղծվեն՝ բացօթյա ակումբային տարածքներ, մեր բոլոր յոթ մասնաշենքերում, Ագարակն էլ հետը… Ու դրանք լինեն ամենազբաղվածը… Ես կաջակցեմ, որ ընթերցանության հարմարավետ անկյուն ստեղծվի նաև Բախշյանի այգում, ձեր ընտրությամբ՝ դպրոցների հարակից թաղային այգիներում… Ի՜նչ ժպիտ առաջացնող-ոգևորող նախագծեր են… Գիտե՞ք, տիկին Անահիտ Բախշյանը որքան բո՜ւռն կաջակցի… Էլի աջակցողներ կլինեն, գրքեր նվիրողներ, Յուքոմը հաստատ անլար ինտերնետով կապահովի այդ տարածքները… Ընթերցանությունն ուղիղ մտքի-մտածողության հետ կապ ունի… Երեկ ես, տիար Գևորգն ու Սուսանը երկա՜ր-խաղաղ լսում էինք ընթերցանության-մայրենիի անհատականացման-կենդանացման ուղղությամբ Մարիետ Սիմոնյանի ներկայացումն ու ժպտում: Ի՜նչ լավ մեկնարկ է՝ 2016-2017-ի:

Միջին դպրոցի սովորողների ընթերցանության նախագիծը կրտսեր դպրոցի սովորողների համար: Ավագ-կրտսեր քույր-եղբայրների տեսարան:

Ժպիտներ պարգևեց ինձ և «Սեբաստացիներ» համերգային դահլիճը՝ իր նորամուտով… Հետո, համերգից հետո Սվետա Ճաղարյանն ինձ պատմում էր 2016-2017-ի համերգաշրջանի մասին՝ Կոմիտասյան օրե՜ր, Սեբաստացու տո՜ն, տարեվերջյան ամենամյա համերգ-ներկայացո՜ւմ (ենթադրում եմ՝ համերգի վայրի ընտրության համար միջազգային բաց մրցույթ կհայտարարվի)… Ամեն մի համերգը՝ մի-մի նախագիծ, ժպիտ-ոգևորվածություն առաջացնող… Իհարկե: Իսկ համերգականներին, 4-9-րդցիներին ես ժպիտ առաջացնող նույն հարցն էի տալիս աջուձախ.
— Դու քո ձեռքին ֆլեյտա բռնած կա՞ս… մատներդ դիպե՞լ են… շուրթերդ հպվե՞լ են… քո ականջով լսե՞լ ես դրանից առաջացած ձայնը…
— Ո՜չ… ոչ… ոչ…
Զարմանալի գույն ունի մեր նոր երաժիշտ-ֆլեյտահար-ֆլեյտայի ուսուցիչ Տաթև Մանվելյանը. տեսնեի՜ք նրան համերգի ժամանակ, համերգից հետո… Քանի՜ անգամ մոտեցա… Մամա ջան, Սարոյանը կասեր՝ ես սիրահարվեցի այս անսովոր զբաղմունքի տեր աղջնակին, նա կարող է մի սրնգով աջուձախ օգնել սիրահարվելու, անկախ տարիքից, զբաղմունքից, սեռից… մի ֆլեյտայով… այսքա՜ն մոբիլ ու ստեղծական… թեթև… Համարյա ընթերցանության պես:

Քոլեջ-Նոր դպրոց կրթական կասկադի ճիմապատումը շարունակվում է:

Դուք տեսաք՝ որքան ես վճռական էի տրամադրված, կենտրոնացած մի անցման վրա՝ կրթական կասկադով Նոր դպրոց-Քոլեջ հյուսիս-հարավ անցման վրա… Քանի՜ ամիս ես կրճտացրել եմ ատամներս ու ասել՝ լավ, հետո… Այսօր ես ինձ ասացի՝ մի՛ անցիր։ Ու անցնում եմ այս ճանապարհով արդեն չորրորդ անգամ, մինչև… Ճիմապատողները՝ Սևանից վարպետ Վահագի աշխատանքային խումբը, Արեն Շահնազարյանն ու Վահրամ Մարտիրոսյանը Նոր դպրոցի և Քոլեջի աջակցող ժպիտների ներքո ինձ նվեր մատուցեցին-պարգևատրեցին… նոր ճիմապատ, կանչող լանջերով, ուղով… Սա էլ քեզ նոր ուղին, Բլեյան ջան, բռնի ու այսպես անցիր կանաչող մետաքսի ճամփով… ո՞նց ծռես ճամփեդ՝ պիտի կանաչի, ջրվի, շուրջդ ժպիտով լցվի, սրնգի-ֆլեյտայի ձայներ լսվեն, ու լանջերին՝ պառկած ընթերցողներ… Այդպես էլ եղավ՝ հայտնվեցին իմ սիրելի քույրը՝ Էլյան, Քոլեջի ուսանողներ Միքայելը, Գեորգին, Վահեն, ու խմելու-ոռոգման ջրերի շիթերը խփեցին… Հետո երկա՜ր ուսպասված անձրևն եկավ. երկինքը ժպտաց մեզ օրվա համար…

Քոլեջի մանկավարժական խմբի «Աղվեսագիրք» նախագիծը Արևելյան դպրոց-պարտեզում: 

Լուսանկարների հեղինակ, ֆոռոխմբագիր՝ Արմինե Թոփչյան:

# 792

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էրզրումից Շուլավերով Բանգլադե՞շ…

Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր. – Ես հայրիկի շան տղեն եմ… Սա ավագ

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է

Իմ էլ. փոստը… որ գիր է, պատում…

Ու պատուհան՝ դեպի սեբաստացիական աշխարհը բացվող, որ օրվա աշխույժի իմ թափի մեջ չի երևում… Դիրքի հարց է. դրա համար չի՞ ստեղծված պատուհանը՝ աշխարհը քեզնից դուրս տեսնելու համար…  Մի օրում այսպիսի