Խաչատուր Դադայանի «Զմյուռնիայի վախճան»-ը հրապարակումն «Իրատես դե ֆակտո» տպագիր թերթի 2015թ. թիվ 51-րդ համարում կարդացի ամբողջությամբ. շնորհակալ եմ և´ հեղինակին, և´ թերթին, և´ միջնորդ ամենագետ-ամենաանխոնջ ընթերցող Աշոտ Տիգրանյան կրթահամալիրի հասարակագետ-պատմաբանին, ով հոգատար թերթախեղդ անելով ինձ՝ օգնում է կուրսի մեջ մնալ՝ ապահովելով տեղեկատվության ստացման միջոցների հավասարակշռությունը… Զմյուռնիան՝ Թուրքիայի 2-րդ խոշոր քաղաքը Ստամբուլից հետո, սեբաստացիներիս ուշադրության կենտրոնում է վերջին 5 տարում՝ շնորհիվ այնտեղ գործող միջազգային տիեզերագիտական ճամբարի, որին մենք մասնակցում ենք ամեն տարի հուլիս-օգոստոսին՝ ստանալով (շահելով) ճամբարի մասնակցության կրթաթոշակ: Մասնակից 12 սովորողի ճանապարհածախսը հոգում են ընտանիքները, իսկ սովորողների խմբին առաջնորդող 2 ղեկավարներինը՝ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպությունն ու «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը… Այսպիսով, կրթահամալիրի 60 դեռահաս-պատանի և 10 ուսուցիչ այս ծրագրով հասցրել են լինել ժամանակակից Թուրքիայում՝ ճամբարային միջավայրում անգլերենով շփվելով ոչ միայն թուրքերի, այլև տասնյակ երկրների իրենց հասակակիցների, գործընկերների հետ, mskh.am-ում ակտիվ-անմիջական-անցենզուր պատմել իրենց տեսածի-լսածի-կարդացածի մասին… Հիմա, երբ 2015-ի մեր «իզմիրցիներն» անհատապես են հանդես գալիս իրենց բլոգներում, ինչպես երեկ՝ Հովհաննես Մելիքյանը, իմ օրվա գրում այսպիսի մի զուգահեռ է առաջանում… Մեր մասնակիցների միակ բողոք-առաջարկը մեկն է՝ Իզմիրի ճամբարը հոյակապ է, բայց ճամբարականներին Իզմիր քաղաքին ծանոթանալու շատ քիչ ժամանակ է տրված… Իսկ հարգելի Խաչատուր Դադայանի պատմությունը Զմյուռնիայի մասին է՝ անհիշելի ժամանակներից մինչև 1922թ. սեպտեմբերի 9-ը, երբ թուրքական զորքը գրավեց քաղաքը, և ջարդերի կազմակերպիչ ու ղեկավար Քեմալ Աթաթուրքը հայտարարեց. «Երկար նայեցեք այս տեսարանին: Սա մեր երկրում օտար միջամտության վախճանն է: Այս կրակը դրա խորհրդանիշն է: Այն նշանակում է, որ մեր հայրենիքը վերջնականապես ազատագրվել է դավաճաններից և առևտրականներից: Այսուհետև ազատագրված ու մաքրազարդված Թուրքիան կպատկանի միայն և միայն թուրքերին»: Հայոց թվաքանակը Զմյուռնիայում, ըստ հեղինակի մեջբերած փաստականի, էական չի եղել՝ 5-12 հազարի սահմանում. «1631թ. 90 հազար բնակչից 8 հազարն էր հայ, 1840 թ. 130 հազարից` 5 հազարը, 1868 թ. 187 հազարից` 12 հազարը, 1898 թ. 340 հազարից` 11 հազարը»: Այսօրվա Իզմիրում… հայ չկա: Եվ տեղի՞ն է հրապարակման եզրափակումը, ի՞նչ է տալիս այն ապրող հայաստանցուն… Oգնո՞ւմ է իր ներկայությունը հաստատել պատմական Զմյուռնիայում, փորձել այն օգտագործել այսօր իր բիզնեսի, հանգստի, մշակութային պահանջմունքները բավարարելու համար: Մեջ եմ բերում. «Զմյուռնահայությունը ենթարկվեց տնտեսական ցեղասպանության, ցիրուցան եղավ, և գաղթօջախը վերացավ: Վերացավ, բայց դա չի նշանակում, թե մենք մոռացել ենք: Թուրքերի այսօրվա ցանկացած նկրտում՝ մոռացության մատնելու աշխատասեր, ազգանվեր, քարից հաց քամող զմյուռնահայությանը, դատապարտված է ձախողման: Մենք հիշում ենք»:
Կրթությունը, օրագրի հարգելի ընթերցողներ, գործողություն պիտի փոխանցի կրթվողին. կրթահամալիրում մենք կրթում ենք իրական գործունեության (կյանքի) և գործողության միջոցով՝ այսօր լիարժեք ապրելու կարողություններ փոխանցելով: Սոսկ մտապահելը, Ցեղասպանության տարելիցից-տարելից կրկնելն ի՞նչ կարողություն է ձևավորում այսօրվա հայաստանցու մոտ, ի՞նչ կենդանի գործողության է մղում: Ա´յ, սա եմ ես անվանում անգիրի (զուբրիտի) դպրոց:
Գեղարվեստի նախակրթարանի սաները ջրում և ցամաքում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Երեկ, օրվա վերջում Մալաթիա-Սեբաստիա եկեղեցում ես հրաժեշտ տվեցի Կարեն Հովհաննիսյանին՝ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի բանգլադեշցի, ֆուտբոլասեր սանին, ով Արհեստագործական ավագ դպրոցը չկարողացավ ավարտել, որովհետև ընտանիքն իր աշխատանքի կարիքն ուներ: «Երևանի Սուրբ Աստվածամայր եկեղեցում այսօր` օգոստոսի 13-ին, տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին` մարտական հենակետում հակառակորդի գնդակից սպանված 23-ամյա Կարեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճաններ, զինվորականներ Հայաստանից և Արցախից: ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում oգոտոսի 12-ին հակառակորդի հրազենից սպանված 23-ամյա Կարեն Հովհաննիսյանը ժամկետային զինծառայող էր, պետք է զորացրվեր դեկտեմբերի 25-ին»:
Ես շփոթված էի, լքված, տեղս չէի գտնում… Ինձ մխիթարեց-հանգստացրեց Դավիթ Բլեյանը, ով տան ճանապարհին այնպես տեղին գգվել էր ինձ, սիրում էր, պաչիկներ տալիս… Մուտքի դռան դիմաց ինչ-որ բաներ էին թափված (ավա՜ղ, միշտ է այդպես) ու Դավիթը կռացավ հավաքելու…
— Դավիթ, ի՞նչ ես անում,- մտքերից (ես հայ-ադրբեջանական 900կմ-ոց սահմանին էի՝ Կարենի հազարավոր ընկերների հետ) սթափվեցի ես…
— Դու բարկանում ես, որ կեղտոտ է լինում ու թափթփված, հավաքում եմ…
Դավիթ Բլեյանը իր պարտեզի ջրավազանում: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Դավիթ Բլեյանը հարցասպան-հարցախույզ է անում՝ իմ, Արմինե մայրիկի պատասխանների միջև հետևողական կրկնելով՝ «խի՜» և «որ անի (ասի), ի՞նչ կլինի…»… Քեզ լսում է շատ ուշադիր, յուրացնում է ասածդ «խի»-երի և «ինչ կլինի» շարանի օգնությամբ: Ինքը չի հոգնում, չի շտապում, չի նյարդայնանում, այլ միտք չի հետապնդում… Նույն կերպ և ես, Արմինե մայրիկը… Ուսուցչի համար կարևոր ամառային վարժասարք (տրինաժոր) է…
Քաջ Նազարն իրականում վախկոտ է, շուրջբոլորը եղած ամեն ինչից վախենում է… Դավիթ Բլեյանը Թումանյանի բոլոր գործերից առանձնացրել «Քաջ Նազար»-ն ու կարդալ է տալիս, քրքրում՝ «խի»-երի և «որ անի (ասի), ի՞նչ կլինի»-ների գործիքներով… Ինչպե՞ս անցնենք «ինչու»-ին… Խի՞ անցնենք. որ չանցնենք, ի՞նչ կլինի… Իսկապես, օգնեք ինձ (մեզ)՝ այս հարցում ավելի վստահ հանդես գալու…
Կրթահամալիրի ճամբարի 5-րդ հերթափոխը Մեղրաձորում: Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Այս օրերին մեդիայում Սահմանադրության փոփոխությունների քննարկման պարտադրանքով հաճախ են գործածում մարդու ապրելու իրավունքի ձևակերպումն-վերաձևակերպումը… Գրված է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Հիմա ո՞վ է ապահովում մեր սահմանադրական գյալաջի անելու, մարզական Համահայկական խաղերը տաշի-տուշիով փակելու իրավունքը. հայաստանյան ու արցախյան բանա՞կը, որոնց կազմում Կարենի նման շատերը՝ իրենց կյանքի գնով արժանանալով հետմահու «Մարտական ծառայության» մեդալի…Ու սրա վերջը ոչ մի կերպ չի երևում: Իսկ ո՞վ է պաշտպանում նրանց՝ մեր շարունակ զոհվող տղաների կյանքի իրավունքը… Էլի՞ բանակը: Կյանքը 25 տարի ցույց տվեց, ցույց է տալիս ամեն օր, որ բանակը, որքան էլ մարտունակ-կարգապահ լինի, չի կարող ապահովել այդ կյանքի իրավունքը. հայ-ադրբեջանական սահմանն այնպիսին է՝ երկար ու բաց, խոցելի, որ այս՝ չհայտարարված պատերազմի ու ցանկացած թույլատրված ագրեսիայի, ցանկացած պատահարի դեպքում զենքի տեսակն է փոխվում, զոհը, հանգամանքները… Մեր գոյատևման, մեր քաղաքական անկարողության թիրախ են դարձել մեր պարտադիր ժամկետային ու պայմանագրային զինծառայողները, նրանցից կազմված մեր բանակը: Դավթի «խի՞»-ն լսո՞ւմ եք…
Հռոդոս հին ու նոր քաղաքը: Հատուկ գրի համար Մարթա Ասատրյանի ֆոտոհաղորդումը: