Օրագրի ուշադիր ընթերցողը հետաքրքրվում է իմ տոնական փոստով. ուզում է, որ ես առանձնացնեմ դրանից ամենա…, տեղին բառ եմ փնտրում՝ ամենա…, ու չեմ գտնում: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այս առիթը՝ ուսուցչի միջազգային օրն օգտագործել է… Ընթերցող սեբաստացու աչքով որ նայում եմ, այս՝ Կանադայից մեր սովորողների հայրիկի նամակն առանձնանում է…

Պարոն Բլեյան, ողջույններս։ Նախ ասեմ, որ եռյակ տղաներիցս երկուսը սովորում են Ձեր դպրոցում։ Իրավմամբ կարող եմ ասել «Ձեր դպրոց». Դուք այն վաստակել եք։ Ես մյուս՝ երրորդ տղայիս հետ, դժբախտաբար, ապրում եմ Կանադայում՝ Տորոնտոյում։ Երրորդ որդիս հաճախում է տեղի բարձր ռեյտինգ ունեցող հանրային դպրոց։ Համեմատությունս՝ Ձեր և այս դպրոցի միջև, Ձեր դպրոցի օգտին է։ Ես ուրախ եմ, որ տղաներս սովորում են Ձեր դպրոցում։
Սիմոն Ղոնախչյան                  

Հայաստանի այս և՛ հեղհեղուկ, և՛ խորացող ճգնաժամի շրջանում կրթահամալիրի բոլոր ակտիվների համախմբումն է մեր խնդիրը, դրանց ողջ ներուժի ներգրավումը կրթահամալիրի զարգացման նախագծերում… Մեր ակտիվը, նախ և առաջ, պատվիրատու-ծնողն է, հեղինակային կրթական ծրագրերում՝ մեր հուսալի-իրական գործընկերը… Ահա ինչու՝ կարևոր է կոնկրետություն-փոխվստահությունը մեր առօրյա հարաբերություններում… սկսած վարչական խորհրդի նիստում Գեղարվեստի 4-րդ դասարանցի Սեդա Սահակյանի ծնողի՝ երկարօրյա խմբում իր սքանչելի աղջնակի ստացած աննշան վնասվածքի հետ կապված զանգին իմ ու Արմինե Թոփչյանի անմիջական արձագանքից… Նույն Գեղարվեստի դպրոցում ծնողական ակումբի գործունեության վստահ-տպավորիչ մեկնարկից…

Իրենց մտքերով սեղանի շուրջ են հավաքվել Գեղարվեստի 2-4 տարեկանները: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Կրթահամալիրի կառավարման խորհրդի կազմում ծնողները կարևոր ներկայություն ունեն՝ խորհրդի չորս անդամ։ Ավարտվում է 2012-ին երեք տարի լիազորությամբ ընտրվածների՝ կրթահամալիրի խորհրդի անդամ լինելու ժամկետը… Հիմա՝ ընտրությունների ամսում-շրջանում կարևոր է, որ կրթահամալիրը, ինչպես միշտ իր ողջ պատմության ընթացքում, սկսած 1989 թվից, ունենա կառավարման գործուն մարմին-խորհուրդ և այդ կազմում սովորողների շահը հեղինակային մանկավարժության մեջ գիտակցող-պաշտպանող ծնող ներկայացուցիչներ… Հիշեցնեմ, որ կրթահամալիրի կառավարման խորհրդի կանոնադրությամբ որոշված տասնհինգ անդամներից վեցը ներկայացնում են կրթահամալիրի դպրոցների մանկավարժական խորհուրդները, երկու ներկայացուցիչ՝ կրթահամալիրի քոլեջի ուսանողները, և երեք ներկայացուցիչ խորհրդում նշանակում է կրթության և գիտության նախարարը…

Գեղարվեստի 5 տարեկանների ուսումնական պարապմունքը Ռուսական պատկերասրահում: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Օրագրի իմ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, որ վերջին շրջանում իմ մուտքն ինտերնետ սկսում եմ նախ և առաջ Սիրիայում ընթացող-խորացող պատերազմի մասին նյութերին ծանոթանալով, Ռուսաստանի փաստացի ռազմական միջամտությունից հետո, հատկապես… Ավագ սերունդը չի մոռացել՝ ինչպես խորհրդային զորքերը 1979թ. մտան Աֆղանստան ու խրվեցին… Աֆղանական պատերազմը հազարավոր զինվորների սպանդանոց դարձավ, արագացրեց Խորհրդային պետության փլուզումը… Թվում է՝ հիմա Սիրիան է դառնում այդպիսին Ռուսաստանի դաշնության համար… Եվ քանի որ, ցավոք, Հայաստանի ներքաղաքական-տնտեսական վիճակն ուղիղ կապվում է Ռուսաստանի վիճակի-տնտեսության հետ, մենք Հայաստանում անմիջապես կզգանք նոր թափ առնող սիրիական պատերազմի հետևանքները: Ընդամենը երեք ուղղակի մեջբերում իմ գիշերային անհանգիստ ընթերցանությունից… Կներեք, որ այսպիսով փոխանցում եմ իմ անհանգստությունը… հեռու-մոտիկ հայաստանյան իրադարձություններից սնվող…

То ли еще будет ой, ой, ой… Ինչպես ռուսական՝ մեր ժամանակի հայտնի երգում:

Գեղարվեստի 2-րդ դասարանի սովորողները Կոմիտաս են երգում-խաղում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Օրագրի ընթերցող ծնողը հետաքրքրված է աշնանային արձակուրդով՝ ինչու է կրթահամալիրում և պետական հանրակրթական դպրոցներում տարբեր ժամանակ տրվում աշնանային մեկշաբաթյա արձակուրդը… Կարծում եմ՝ օրագիրը հարմար-պատշաճ վայր է նման պարզաբանումների համար… Նախ՝ կրթահամալիրի գործող նախակրթարաններն աշխատում են անընդհատ, և հոկտեմբեր ամսին հնգօրյա շաբաթի սովորական ռեժիմով գործելու են, ինչպես որոշված է ծնողի հետ կնքած՝ ծառայության մատուցման պայմանագրերում… Հետո՝ մենք չենք կարող բոլոր 1-12-րդ դասարանցիների համար միաժամանակ չսկսել ու չավարտել ուսումնական արձակուրդը: Այդպես էլ անում ենք՝ նախատեսված սովորողի ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով և 2015-2016 ուստարվա ուսումնառության պայմանագրով… արձակուրդ է հոկտեմբերի 19-ից 23-ը: Հոկտեմբերի 26-ից կվերսկսվեն բնականոն ուսումնական պարապմունքները կրթահամալիրի հանրակրթական դպրոցների բոլոր սովորողների համար: Պետական հանրակրթական դպրոցներում արձակուրդ տրվում է առաջին դասարանցիների համար՝ հոկտեմբերի 18-ից, մյուս սովորողների համար՝ հոկտեմբերի 26-ից…

Ի դեպ, կրթական փոխանակումների ծրագրերով, անհատական նախագծերով հանրապետության տարբեր մարզերից պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների խմբեր կլինեն կրթահամալիրում, կծանոթանան, կյուրացնեն կրթահամալիրի մանկավարժական ծրագրերը՝ իրենց ընտրությամբ ու կարգով: Ես աջակցելու եմ յուրաքանչյուր սեբաստացի անհատի-խմբի-դպրոցի փոխանակման նախագծին: Ցուցանիշը մեր կրթական փոխանակումների կացարանների զբաղվածությունն է լինելու: Ես արդեն դիմել եմ Սյունիքի մարզի կրթության վարչության պետին, մարզի մեր գործընկեր դպրոցներին՝ հոկտեմբերի իրենց արձակուրդի օրերը կրթահամալիրում աշխատանքային դարձնելու հրավերով… Ինչպես մենք Սյունիքում, Կապանում, աշխատեցինք փառահեղ, անմոռաց ուսումնահայրենագիտական նախագծով…

Եվ քանի որ Լիլիթ Բլեյանի բրյուսելյան համերգը ետևում է, հաճույքով միանում եմ Լիլիթի ետհամերգային բարձր տրամադրությանը և երախտագիտությանը։

Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից:
«Ի՜նչ գեղեցիկ գիշեր էր Բրյուսելում… Շնորհակալություն ինձ այսպիսի զգացումներ փոխանցելու համար…»,- Լիլիթ Բլեյան։

#467

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Արատեսը՝ կենդանի Գլաձոր

Ի բազում ամայ տենչեցեալ եմ այսմ իրագործութեան… Ստ. Օրբելյան Եղեգնաձորի «Վերելք» թերթ։ 1989թ. Վերահրապարակվել է «Գարուն» ամսագրի 1990թ. 8-րդ համարում Այսօր արդեն հանրապետությունում մեծ ճանաչում է վայելում Երևանի Մ. Սեբաստացու

Որոնումիս ճանապարհին անծանոթ, չհոգնեցի, չհոգնեցի ես երբեք…

Այնպես չէ, որ իմ կյանքում բլոգային անշարժություն է։ Հա՛, նույն ժամն է՝ երեքը գիշերվա, բայց կիտրոնաջրի կողքին փոխինձ է թարմ-գայթակղիչ, Դավիթ Բլեյան լուսնահարը, մի բոյի՜ն նայեք, քշել է, սպասել չի