Պուրակ, կածան ու համբույր,
Քնքուշ խոսքեր ու ստեր:
Գ. Մահարի

Մահարին իմ սեղանին է. չգիտեմ՝ նոր ուսումնական տարում ինչպես եք վարվելու իմ ազնիվ-տոկուն բարեկամի գրականության հետ… Էս Տերյան-Չարենցի քաշվածի հետ… Ո՞նց է գոնե մի շրջան գալու դառնալու էս մեր սեբաստացի ծռերի, ասենք, Նորայր Ասատրյանի, Գոհար Հովհաննիսյանի, Արփի Սահակյանի… սեղանի գիրք…
Մահարու հետ, ինչպես ես, օրինակ, իմ անծանոթ-ծանոթ ընկերներով, Աբոյի հոպարությամբ` Ալբերտ Տոնեյանի ուղեկցությամբ, Գողթ-Գեղարդ-Աժդահակ աշխարհով անցանք, Նավասարդ 4905-ի առիթով,  անցնելո՞ւ ենք հայոց փախեփախի-կործանումի-վերածննդի 20-րդ դարով, իմ պապերի մանկությունով-պատանեկությունով, կանգնելո՞ւ ենք մեր երիտասարդության սեմին… Հասունանալո՞ւ ենք… Կուզեմ մի բան՝ Մահարու հետ ազնիվ վարվենք, ախր, ինքը այնքա՜ն եզակի է, այսքան մենակ, այսքան հուզիչ…

Մնաք բարով, երգեր մշուշոտ ու տարտամ,
Հնչիր, վեհ քնար, Նորքում, հերկում, երկրում,
Վարդերից էլ վառման, մայիսից էլ փարթամ,
Ես արյունով, ահա, քո խոսքերն եմ գրում…

Կեսօրին Գեղարվեստում:

Ի՞նչ եմ ուզում… որ քայլել կարողանանք մեր աշխարհում մեր առօրյայի-աշխատանքի մեջ, կրթահամալիրի Բանգլադեշում թափառում լինի, պուրակ-կածան-բարձունք լինի, ոտքով, հեծանվով, որ դպրոցից դպրոց, գործունեությունից գործունեություն անցում լինի՝ իր բնական դադարներով ու ազատ ընտրությամբ, որ սեբաստացի սովորողների օրացույցը չդառնա կաբինետային փակումների շարան…
Հա, ես զայրանում եմ այս ծխող, բջջայինը երկրորդ ղեկ դարձրած, անխնամ արտաքինով վարորդների վրա այնքան ու այնպես, որ կարող եմ ոչ միայն напротив գնալ, այլ հեծանիվով քշեմ նրանց վրա…

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում:

Մայրս, գիտե՞ք, տանից-հայաթից մեր, հայաթին կպած թաղեցի կանանց համատեղ նստումից-խորաթայից չէր բացակայում… Մեր տունը կողպեք չուներ, երբեք փակ չի եղել…Միշտ մեր մայրը տանն է եղել… Աղջիկներ ամուսնացրեց, թոռներ ունեցավ… Մի դեպք գիտեմ, մի զավեշտ, որ ինձ հետ է կապվում, որ … կպատմեմ. ես չեմ շտապում ու հոգնում իմ ապրածը պատմելիս… Ահա, մայրս 1967-ին երևի, հայտնվում է Երևանի ամենաաղմկոտ Սև շուկայի՝ տրամվայի գծերով փողոցում, իր բոխչով. երևի հորս շուկա ինչ-որ բան շտապ պիտի հասցներ… Ու ընկնում է տրամվայի տակ… հա-հա, տրամվայը անցնում է մորս վրայով… Մայրս՝ իմ տեսած ամենաուժեղ մարդը… Տրամվայը ոչինչ չէր կարող անել, մայրս պիտի ապրեր ու ապրեց… Երբ աչքերը բացում է, զարմացած բժիշկներին (ոնց է որ ապրում է, խոսում է, շարժվում է), ասում է.
— Էն ջահել տղան (տրամվայի վարորդը) մեղավոր չի, ես եմ գեժ-գեժ փողոցն անցել…
Իմ մեծ եղբորը ստիպեց-ամեն ինչ անել, որ այդ տղային դատարանում հանկարծ չնեղացնեն… Որ վարորդին նեղացնեին, եղբայրս մորս ձեռից պրծնողը չէր…
Ես իհարկե, մորս թարսության ու հորս զայրույթի խառնուրդն եմ. դա արտահայտվում է իմ բռնկումով-ցասումով… Կներեք, ամենքին ու յուրաքանչյուրին եմ ասում, ամեն անգամ, կներեք… Սա արդարացում չէ, արդարացնելու բան էլ չեմ ասում… Մամա՜ ջան, սրա ճարը-դեղը ո՞րն է…

… Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը, հիշել եմ ուզում, վերհիշել և գրել, գրել հեշտ ու թեթև, գրել և զգալ, որ քունքերս խփում են ներքին հուզմունքից, գրել անմշուշ, պայծառ՝ իմ մանկության ընկեր, վաղամեռ Մայիսի նման:
Գ. Մահարի, Մանկություն

Ավագ դպրոցի սովորող Աստղիկի և Քոլեջի սաների կրակոտ պարը քնից առաջ:

Մահարին է իմ սեղանին ու… կարծրատիպերից ավելի կարծր սերունդը ներկայացնող Նորայր Ասատրյանի գիրը, որ համառորեն «Գրապտույտի» էջերից ինձ է նայում… Չգիտեմ՝ կարդո՞ւմ է «Սասնա ծռերի» կադրային գնդապետ հարգելի Վարուժան Ավետիսյանը… Կարևոր չէ՞, որ նրանք իրար հանդիպեն, ճանաչեն, այս հեղափոխությունն անողներով…

Կրթահամալիրի Դպրոց-պարտեզ երեկոյան մտել էի՝ օրվա շինարարական-բարեկարգման աշխատանքների վիճակը նայելու, և… հանդիպեցի հայերենագիտական ֆլեշմոբի ճամբարի սաներին, Վանուհու և Հռիփսիմեի շուրջ, ընթրիքի սեղանին… Ի՜նչ ուրախ, գոհ միջավայր են կարողացել ստեղծել Վանուհին ու Հռիփսիմեն. կեցցե՛ք… Այսօր էլ գրավիչ ճամփորդություն ունեն Բջնիով-Հրազդան գետով-Սևանով…

Ջրի հրճվանքով…

2015-2016 ուստարում հեղինակային կրթական ծրագրի այս նորույթը՝ ուսումնական աշխատանքի ֆլեշմոբը ի՞նչ գրանցում ունեցավ մեզանում. յուրայնացվե՞ց, սեփականացվե՞ց սովորողի ու նրա ընտանիքի, ուսուցչի ու մեր բարեկամների կողմից, դարձա՞վ մեր կրթական ծրագրի մշակողը, կազմակերպողը, տարածողը այնպես ու այնչափ, որ մենք 2016-2017 ուստարում առանց սրա չենք ապրի-գործի ու գիտենք սրա զարգացման-ծավալման ուղին… Հարցնում եմ:

#765

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1988-ի երկրորդ շարժի մասին է իմ դժվար գիրը

Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների

Ամեն մեկը պիտի իր բարձունքն ունենա, ինչպես իր… խաղալիքը

Լուսանկարը՝  Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։ «Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և

Սնահավատությունը լա՞վ է, թե՞ վատ․ գիր է․․․

Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե