Սա բոհեմ է… իմ բոհեմը…  Գիշերվա չորսն է դառնում՝ 2-3 ժամ իմ կարդալուց-գրելուց-թերթելուց-դասավորելուց-քայլելուց հետո… Գրելու-պատմելու, անընդհատ ցանկությունը՝ օրագրի 1500-րդից հետո, առարկայացավ…

Քոլեջում մեր ատամհատիկի աիդապետրոսյանական ծեսը Սոնա Կարապետյանի ֆիլմով ինձ մինչև վերջ պահեց էկրանի առաջ… Ինձ լավ զգացի, որ Տաթև աղջիկս՝ իր ուսանող աղջիկների, Մարինե Մկրտչյանի հետ՝ իր խանդավառության-ստեղծականության ողջ ուժով, քոլեջի ուսուցչական-վարչական-սպասարկող անձնակազմը այսպիսի համախմբումով լուսավոր դարձրին ներկա-բացակա՝ բոլորիս օրը… Արձանագրե՛ք 2019-ի օրացույցում ու մի՛ կասկածեք օրացույցին… Էլի ուշանում են մասնակիցների արձագանքները. որպես 2019-ի ծեսի համակարգողներ-մասնակիցներ՝ Տաթև համակարգողի միջոցով ներկայացնելու համար։

Վիգեն Ավետիսի հետ հետաքրքիր է, նրան լսելը, նրա հայացքը… ձևակերպումը… Հերմոնից դեպի Եղեգիս ընդարձակ հովիտ կա. ես կանգնում եմ… Մոտեցանք գետին, Եղեգիսի ափ հասանք. ես նկարել եմ… Բարձր քարափի առաջ կանգնեցինք…
— Ոնց որ պատմության մի բացված էջ լինի,- ասաց Վիգենը…
Ճիշտ որ: Բացված:

Գյոզալ օր է, տաք-լուսավոր կիրակի, ու հեքիաթ ձորում ընդարձակ-երկար, թվում է՝ մարդ չկա, միայն ես ու իմ ընկեր Վիգենը… Լա՜վ, բա մարդն ո՞ւր է… Քիչ առաջ մենք Արատեսում թողեցինք տասնյակի չափ շինարարների, որ ժրաջան աշխատում էին։ Մեկ էլ կգամ, տեսեք, հա՜, դեկտեմբերի 29-ին, ոչ մի կիսատ գործ թող չմնա. այնպես ուզում եմ, որ Սուրբ Ծննդյան տնօրհներքը Արատեսի դպրական կենտրոնի կարգով-էական լինի, և Արատեսի 2019-ի տարին ոչ միայն կրթահամալիրի, այլև հանրակրթության բացված-ամենաշատ կարդացված էջը…

Վիգենի հետ ընտրեցինք Համլետ Խաչատրյան ճարտարապետի հարթակը, քանդակագործական, իհարկե, Արատեսի գեղարվեստից եկեղեցի ճանապարհին, Արատես գետի կիրճին դեպի հարավ-արևմուտք բաց-ընդարձակ հայացքով, որ արևելքից ունի վերակառուցվող եկեղեցին, հորիզոնում՝ ողջ դպրական կենտրոնը իր զարգացումով-ծավալումով, նախագծային 2019-ի ընթացքը միշտ հսկի-սպասարկի… Լավագույն դիրքը՝ իմ ճարտարապետ ընկերոջ համար, իմ քանդակագործ ընկերոջ հետ:

Վայոց ձոր-Արատեսը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Իմ էլ. փոստում Մարինե Ոսկանյանի, Աննա Երիցյանի… ուսումնական նախագիծը՝ ոնց որ Եղեգիսից դուրս գալիս, Շատին չհասած, աջից հերթական քարակոփ գիրքը… առանձնանում է… Այսօրվա ժամը 12։30-ի նախագծային խմբի մասնագիտական հավաքով, դեկտեմբերի 25-ից սկսվող մինչև հունվարի 26-ը՝ Աստղիկ Բլեյանի մկրտությունը-կնունքը Սուրբ Աննա եկեղեցում, բացօթյա տոնախմբությունը բակում եկեղեցու, մատաղի սեղանով, որ իրավունքով տիարի պատվիրում եմ Շուշան Փաշինյանին ու Չաչանակ ընկերներին՝ Գոհար Եղոյանի շնորհալի հովանու ներքո… Ով եկավ՝ մասնակից է, եթե ուսումնական նախագծով այս մեկ ամսում տանը, թե կրթահամալիրի ճամբարում սովորել է. առանց սովորելու՝ ի՛նչ յուրացում ծեսի, երեկ՝ հարսանիք, այսօր՝ ատամհատիկ, վաղը՝ մկրտություն… հանրային ուրախության, օրորների ձայնասկավառակի շնորհանդեսի… Քանի՛ երեխա է կնքվում Հայաստանում ամեն օր… ու տեսեք՝ հանրակրթության քանի՜ պարապմունք ու հանրակրթության կենդանության քանի գրգիռ պիտի դառնար ամեն մի հանրային այսպիսի ուրախություն-հավաքը-խորհուրդը…

Այ, այսպես՝ երրորդ անգամ. պատրաստված եմ լինում ուրիշ պատումի, բայց օրը՝ իմ օրվա ապրումով ուժեղ, իրենն անում-թելադրում է. երեկ քաղաքային ամանորյա ուրախություն-տոնախմբությունն էր իմ գրչի տակ, այսօր՝ ծնունդը, ատամհատիկով, մկրտության խորհրդով…

Քանդակի պարապմունքի մեկնարկ Վիգեն Ավետիսի հետ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Իսկ պատրաստվում եմ ես քանի օր անդրադառնալ նրան, ինչ այսօր փողոցում է նաև արծարծվում՝ որպես հանրային թեմա, հանրապետական կառավարման նոր կազմակերպմանը,սրանից բխող՝ կառավարության նոր կառուցվածքին, դրանց հանրային արձագանքին, թե լռությանը, փողոցում, թե սոցիալական ցանցում… Երեկ էլ իմ ընկերների մի զույգ Արատեսից վերադարձի ճանապարհին, Արփա գետի ափին, հա՛մ հյուրասիրում էր, հա՛մ պնդում-քաշում ինձանից իմ վերաբերմունքը… Վերջում էլ թե՝ խոստացիր, որ պիտի արտահայտվես… Վաղվա իմ գրո՞ւմ, Վիգեն Ավետիս և ընկերներ. տեսնենք…

Եվ ոչ միայն այս օրակարգով, այլև յուրաքանչյուր օրվա, իմ գիրը-պատումը անընդհատ է. աղճատված կյանքով չէ որ ես ապրում եմ, որ գիրն էլ լինի հատվածական…

Համլետ Խաչատրյանի հիշատակի օրվան տանից-գերեզմանոցից հետո, կարգով, հացի սեղանի շուրջ, նոր մարդիկ են, նաև ինձ հետաքրքիր, հատկապես Համլետի կուրսեցի ճարտարապետ ընկերներ, որ դրսում են ապրում, Քուվեյթում, Ֆրանսիայում, սգացել մի տարի ու հիմա այցելել են շիրիմին՝ մխիթարելու և մխիթարվելու… Մեծ, Համլետի թարմ հիշողությամբ լսարանն այնքան լավ ընդունեց «Միշտ ներկա» բլոգի գոյությունը-շարունակությունը, որ տեղում այսպիսի տեսանյութ ստացա ու… խոստումներ…

Իսկ մեր հինգ տարեկան Մոնիկայի հայրիկի՝ Մանուկ Սուքիասյանի հետ մեր աշխատանքային հանդիպումը որոշված՝ «Մանկավարժի, մանկավարժական օրագիր» նախագծի համար հանրային հարմար հարթակ որոշելուն ուղղված, վերածվեց նաև քաղաքական ինտերվյուի. Մանուկը՝ երրորդ հանրապետության երկրորդ սերնդի քաղաքական ակտիվի ներկայացուցիչ, առիթն օգտագործեց ու գարեջրի սեղանի շուրջ առաջին սերնդի՝ միշտ Նոր ուղի Աշոտ Բլեյանից իրեն միշտ հետաքրքիրը-չպարզաբանվածը պարզելու համեղ գարեջրի սեղանի շուրջ…

Մեր ժամանակներն են, մեր խնդիրները՝ քաղաքական կյանքով ու մեր փոփոխվող դերերով, բայց միշտ քաղաքացի՝ ակտիվ ու պատասխանատու, չենք կարող կողքից նայել, միշտ ճիշտ դուրս եկողի եզրահանգումով… Թումանյան Հովհաննեսն էր, այս հայացքի համար ասում՝ միշտ վերջումը, միշտ վերջումը… Որ ի՞նչ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1533

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,

Կյանքն ինչպես կա, սիրելիներ…

Այսքա՜ն երկար գիշեր, որ ո՛չ տեղդ ես գտնում, ո՛չ անելիքդ, չես քնում-չես զարթնում-չես աշխատում, գիշերն անցկացնում ես շուռումուռի մեջ, իհարկե, գեշ երազով ու կորցնում ես լուսաբացը… Հա, անլուսաբաց գիշեր ստացվեց,

Ճամփորդական բացահայտումները՝ տեսանյութով

Ճամփորդության երկրորդ օրն է, Փարիզում հայտնի «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանի հյուրընկալ ընտանիքում ենք։ Երեկ՝ կեսգիշերին, Ժիրայրն ու Շուշան Բլեյանը դիմավորեցին մեզ Փարիզի շատ տպավորիչ՝ Շառլ դը Գոլ