Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան…
Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն
Լիր, Օթելլո և Համլետ:
Թումանյան
Իսկ մենք ոգևորման կարիք ունենք՝ երեկ-այսօր-վաղը․ հո չե՞նք կարող ընդհատել մեր ճամփան կամ այն երգով չանցնել, հրաժարվե՞նք մեր կյանքով ձեռքբերումից, որ ունեք նաև շնորհիվ մեր բոլորի ընկեր Սեյրան Ավագյանի... Այսքա՜ն շռայլ լինել, այսքա՜ն անվան համապատասխան, որ իր շուրջը բոլոր սեբաստացիների՝ երգչախմբի ու նրանից էլ դուրս, իր հետ Բանգլադեշում եղածի, մեր սրահներից մեներգածի, Հայաստանով մեկ, Թիֆլիսով, աշխարհով քայլածի ընկերոջ զգացումը փոխանցեմ… Մեր ընկեր Սեյրանը՝ մեռավ, քնեց, հանգստացա՞վ… Ահա սա է, որ կարող է մեզ մխիթարել, երբ աշխարհի մեր կենտրոն Բանգլադեշում, քո կրթահամալիրում, որպես շշուկ ինձ հասավ քո չքանալը։ Ես նստեցի հեծանիվ ու մտա մեր նոր պուրակներից մեկի մանկական ժխորի մեջ՝ խմբասենյակների մուտքի-ելքի աստիճաններին նստոտելուն, լողալուն-չփչփալուն, ջրախաղին պատրաստ մի քանի տասնյակ 2-ից 5 տարեկաններին հետևելու՝ տկլոր, թիթիզ… Քեզ արժանի տեսարան էր, Սեյրան. մի քանի քայլ առանձնացա… Արարատը վեհ ու իրական, դեմ-դիմաց… Ահա այսպես, քեզ արժանի ու քեզ հալալ…
Եվ չի լսվիլ նորա ձայնը
Իմաստներով ոգեշունչ….
Քո կարծիքը ինձ-մեզ համար միշտ կարևոր է եղել, ընկեր, ու հարցրել ենք, լսել ենք… Դու ինձ, մեզ անկարծիք թողեցիր վերջնականապես․․․
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Քանի՞ տանը հիմա դաշնամուր ու կարի մեքենա կա… Այս զուգահեռն առաջացավ Մերի Խանջյանի կար ու ձևի մասնագիտական կրթության ուսանողների՝ երիտասարդ ու կենսափորձով կանանց դիպլոմային նախագծերի հրապարակային պաշտպանությանը… Ամեն մեկը մի կենդանի-իրական պատումով, մեր ընկեր Սեյրանին արժանի. ինչպե՞ս իմացան մեր քոլեջի, ընկեր Մերիի՝ երիտասարդ, ավելի ու ավելի հմայիչ, հետաքրքիր, գործուն-կարևոր այս աղջկա, մասնագիտական խմբի, շնորհի մասին, ինչպե՞ս եկան՝ ամեն մեկը իր վախերով-սպասումներով-ճամփով ու հիմա… մեկ տարի իրար հետ կար ու ձևի լուսավոր, կենդանի, քոլեջում-արհեստանոցում ապրած-ընկերացած-երգած-հաց կերած-հարազատացած-սեբաստացի դարձած, ներկայանում են իրենց ձևած-կարած հագուստով, իրենց շոշափելի-իրական-անհատական-կենսական ձեռքբերումներով… Ես ներկա էի կարողությունների մանկավարժության, կյանքի դպրոցի մի տպավորիչ ներկայացման, ես եկել էի Մերի քույրիկիս-գործընկերուհուս եղբայրաբար գրկելու, բարձրաձայն ասելու՝ շնորհակալ եմ, Մերի ջան։ Հիմա աղջիկներիդ հետ դուրս եկեք կրթական պարտեզի, կասկադի բաց պոդիում. անցե՛ք մինչև Գեղարվեստ ու «Սեբաստացի մոլ», հանրայնացրեք մեր տեխնոլոգիական կրթության հեղինակային մանկավարժությունը, այնպես արեք, որ տներում աղջիկները, մայրերը, կանայք կարի նոր մեքենաներ ունենան, նույնքան գրավիչ ու անհրաժեշտ՝ ինչպես պլանշետը… որ գործեն-խաղան-ստեղծեն-պատմեն-ապրեն, ինչպես պլանշետով․․․
Նոր դպրոցի նախակրթարանի լողափ-պուրակի բացում:
Լուսանկարները՝ Հասմիկ Ղազարյանի:
— Դավի՛թ Բլեյան,- հանդիսավորություն եմ տալիս սրանով իմ խոսքին,- կարդացել եմ, որ դինոզավրերը մոծակների պատճառով ոչնչացան…
Չի հապաղում․
— Չէ՜, պապ… սպասի ցույց տամ քեզ՝ ինչպես են վերացել դինոզավրերը,- ձեռքը գցեց պլանշետին, վարպետորեն միացրեց-գտավ տեսանյութը…
— Տե՜ս, պապ,- մատը դրեց վրան,- առաջացած սառույցները, սառցե դարաշրջանը դինոզավրերի վերջը տվեց… Էդ ժամանակ ո՛չ շենքերն էր ստեղծել Աստված, ո՛չ մոծակներին․․․
Արմինեի գործը ավելի ու ավելի դժվար է, հուսամ՝ ոչ սիզիփոսյան, մի կենսական տարածքում հա՜շտ ապրել երկու, ինչպես ինքն է բավականությամբ շեշտում, Աշոտների հետ…
Ճամբարային հեծանվային խաղեր Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:
Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:
Մնաց, սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցող-չընթերցող՝ ինձ շնորհավորեք 1995թ. հուլիսի 13-ին Շուշան Բլեյան ունենալու համար…. Մարդ մի Շուշո ունենար, կարող էր նույնը ասել… Իսկ ես… Մենք իմ աղջիկներով-թոռնուհիներով, Դավիթով Արմինեի նախաձեռնությամբ ու շնորհով երեկ հավաքվել էինք… Բո՜լ տեսա-խոսեցինք, հիացանք մեր ջանասեր երգուչուհի- գեղեցկուհով… Վիեննան դեռ կիմանա…
#729