— Ոչինչ, ես էլ առանց սուզվելու-խաղալու ջուրը կմտնեմ… արագ մաքրվելու համար…
Սա Դավթի առաջին պատասխան-փոխզիջումն է Արմինե մայրիկ-ուսուցչուհու ջղային արգելքին՝ առավոտ ժամը ութին.
— Չէ՛, ոչ մի լողանալ, ես ուշանում եմ…
Ես ու Դավիթն ենք, իհարկե, մեղավոր, որ Արմինեն ուշ է արթնանում…
— Մեկ է, չենք հասցնի, մեկ է, 15 րոպե կքաշի մազերդ ֆենով չորացնելը. ես դրա ժամանակը չունեմ… Լվացվի ու վերջ…
Դավիթը լողարանում՝ հրելով մի կողմ լվացարանի դիմաց դրած աթոռակը.
— Ես էլ առանց օճառվելու, հովազի պես. հովազները հո օճառաջրով չե՜ն լողում… միայն ցնցուղ կընդունեմ… ջրվեժի տակ կանգնած… Մարմինս քոր է գալիս, միայն դեմքս չի…Անո՜ւշ…
Արագ, խելացի, ինքնուրույն, մի բառով՝ հասուն. մարդու հավե՜ս է գալիս… Էլի անուշ…

Պարզվում է՝ Դավթի մազերը ֆենել կարողանում եմ։ Դավիթը չի դիմադրում, երբ ես հագցնում եմ իրեն՝ ներքնաշորից սկսած…
— Պաˊպ, լավ էլ ստացվում է… Հասցրինք:

— Ինչպե՞ս են որսագողերը գազաններին ոչնչացնում…
Պատմում եմ՝ ինչ գիտեմ. ոչ միայն հրացանով որսագողության, այլև թակարդների ու անտառային ճանապարհների՝ ճյուղերով ծածկած փոսերի մասին, որտեղ հայտնվում են Դավթի սիրելիները՝ անօգնական վիճակում… Չափն անցա, երևի… Ո՜նց հուզվեց ու հուզեց…
— Լավ, պապ, ո՞ւր են էդ ոստիկանները, ինչո՞ւ չեն գալիս՝ որսագողերին բռնում, ինչո՞ւ չեն պաշտպանում վայրի գազաններին… Ուզում են, որ բոլորը վերանա՞ն…

— Պաˊպ, ինչո՞ւ, երբ աչքերս բացում եմ, երազները վերջանում են… Էլ չեմ տեսնում:

Գեղարվեստի նախակրթարան. 2-4 տարեկաններ:

Ինքս ինձ խոստացած չորրորդ այցելությունն եմ կատարում իմ հարազատներին… Այս անգամ իմ ավագ հարսին, մեծ եղբորս միջնեկ տղա Պետրոսի ընտանիքին… Որքա՜ն ազնվականություն ու լույս կա ամբարված Ռոզալիա տիկնոջ մեջ, որ շատերիս է մայրություն արել… Որքա՜ն խաղաղվեցինք իմ ընտանիքով՝ այս մեծ ընտանիքում, որտեղ շոշափելի-գնահատելի է Պետոյի տիկնոջ ներդրումը: Շնորհակալ եմ:

Այցելությունից հետո մեր տանը նույնքան խաղաղ սկսում ենք նախօրոք որոշած խոսակցությունը.
— Դավի՛թ,- ասում եմ,- հիմա երեքով՝ ես, դու, մայրիկը պիտի պայմանավորվենք, որ քո սենյակ ես գնում իրիկունը ժամը տասին ու ինքնուրույն պառկում-քնում ես… Մինչև ժամը տասներկուսը գիշերվա տանջում ես մեզ, առավոտյան էլ ուշանում ենք գործից… Ոչ էլ կարողանում ես կարգին լողալ:
— Էդքան մեծ չեմ, պապ, մի քիչ էլ թողեք՝ մեծանամ, հետո…

Հեղինակային հանրակրթության ծրագրերի նախագծերով բաց ուսուցման առկա համակարգում ընդգրկված են մեծ թվով սովորողներ և ուսուցիչներ… Թափ հավաքող փետրվարյան ուսումնական բաց ստուգատեսները՝ «Հանրակրթական դիջիթեքը», մարմնամարզականը, «Կարդում ենք Թումանյան, Չարենց, Տերյան», բնագիտատեխնիկականը՝ մի-մի նախագիծ են տարողունակ… Սրանց միջոցառումներ չես անվանի…

Այսօր, նկատեցի՞ք, «Հեղինակային կրթական ծրագիր 2016»-ով կրթահամալիրում մեկնարկեց երկու նոր նախագիծ… Անահիտ Հարությունյանն ու Զառա Առաքելյանը կհամակարգեն «Հինգ-վեց տարեկանների ուսումնական պլանշետ» նախագիծը: Կրթահամալիրի նախակրթարաններում 2016-ին հանկարծ հինգ ու վեց տարեկան դարձածները պարտեզից դպրոց ճանապարհը կանցնեն գազան կտրած՝ ինքնուրույն, առավել ինքնազարգացող, ինքնակրթվող, հրճվանքով՝ հաղթահարելով կարդալու-գրելու-հաշվելու-չափելու-լսելու-խոսելու-երգելու-նկարելու…բոլոր այլ ձևերով ինքնաարտահայտվելու հմտությունների ձևավորման ճանապարհին դարերով տեղադրված արգելքները, թակարդները… Պատահական չէ Դավթի այս նոր գործիքի վրա գրված «Թուր կեծակի»-ն… Իսկ մյուսների վրա մեր հեղինակային կրթական ծրագրի անունն է՝ «Մոբիլ ու ստեղծական»: Ոչ մի քառսուն գազ խոր հոր՝ իր ջաղացքարով, ոչ մի որսագող Մսրա Մելիք՝ մեր իմացումի անվերջ ճանապարհն ընտրած սեբաստացիների համար… Ասենք՝ բարի՜ ճանապարհ այս, մեր հեղինակային կրթական ծրագրով տարիներ պատրաստված, մեկնարկին…

Գեղարվեստի 5-6 տարեկաններ. «Շնորհակալություն, շա՜տ համեղ էր»:

Երեկ Մեդիակենտրոնում ես հրապարակային ընդունեցի Աիդա Պետրոսյանի առաջարկը՝ «Պարտեզ ընտանիքում» ուսումնական նախագիծն սկսելու-ղեկավարելու մասին… Որքա՜ն մեծ պաշարներ-ուժ ունի ամբարած հայ մարդու ընտանիքը՝ որպես հեղինակային մեր ծրագրի կրթական միջավայր, որ այս նախագծով ոչ միայն սկսում ենք գնահատել, այլև գործածել մանուկների համար՝ սկսած… ծնունդից… մինչև… սահմանափակվենք հինգ-վեց տարեկանով, քանզի այս տարիքի սեբաստացուց մինչև չափահաս մարդը՝ կես կամ մեկ քայլ է՝ ժամանակին հաշվել է Լև Նիկոլայի Տոլստոյը… Ո՛չ մի փակուղի հակադրության, չիք և իներցիա մեր սեբաստացիական աշխարհում. այսպես՝ աշխատանքի ուղղությունը փոխելով, նոր մի ճանապարհ բացելով է, որ ընդարձակվում-տիեզերական է դառնում մեր ուսումնական աշխարհը…

Ես իմ աշխատանքում հուսահատ լինո՞ւմ եմ, թևաթափ՝  հարցնում են: Ավա՜ղ, այո: Վերջին անգամ ե՞րբ, շարունակում են: Երեկ 14:40 րոպե, երբ այս երկու նախագծերի մեկնարկով թև առած՝ Մեդիայով-Գեղարվեստով իջա Մայր դպրոց ու կրթական պարտեզի մեծ զբոսայգու հրապարակում, կրթական կենտրոնի հենց կենտրոնում… տեսա բնագիտատեխնիկական ուսումնական կենտրոնի ղեկավար Էմանուել Ագջոյանին՝ ծխախոտը բերանին՝ սովորողների խմբի մեջ… Ու կողքին՝ բնագիտատեխնիկական ստուգատեսի կազմակերպիչ Գնել Հարությունյանը… Կարևոր չէ՝ ինչ էին ասում-անում մեր ուսուցիչները հայտնի… Սեբաստացիական աշխարհը փուլ եկավ… ինչպես օրեր առաջ մարզադաշտի հենց մուտքի մոտ… ծխախոտով ուսուցիչների մեր մյուս հարգելի զույգին տեսնելիս. Յուրա Գանջալյանն ու Վահրամ Թոքմաջյանը՝ կրթահամալիրի Մայր դպրոցի մուտքի անցուդարձի մեջ… Ասռեցի՝ կասեր մայրս, ուշքի չեմ գալիս: Շարունակությունը կարդացեք այս նյութում…

4-5-րդ դասարանի դիզայնի ընտրությամբ գործունեություն. պատրաստում ենք «Handmade» պապիե-մաշե:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր և լուսանկարների հեղինակ՝ Արմինե Բաղդասարյան
# 573

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միշտ ուզեցել եմ, շատ եմ ուզեցել, այնքան, որ…

Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ

Ի՞նչ մնաց ութ հազարի եզրագիծը հատելուն…

Վերջապես, կատարվեց այն, ինչի մասին այդքա՜ն խոսվում էր մեր ցեղում, մեր տանը, մեր Դպրոց-պարտեզում, խմբում, ամեն Աստծու առավոտ-իրիկուն՝ Արմինե մայրիկ Աբրահամյանի մեքենայում, ամեն հանդիպողի-ծանոթ-անծանոթի հետ… Դավիթ Բլեյանն իսկական Աշոտիկ է դարձել.

Մի մեծ արև, մի տաք ջերմություն ու մի տոպրակ գույների ուսումնական հունվար

Տիարի օր է հունվարի 9-ը՝ սեբաստացիական ճամբարի մեկնարկը, մեր սերնդին փոխանցված հիշողությամբ՝ «արյունոտ կիրակի», հայոց նորագույն անկախ պետականության պատմությամբ՝ հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը… 2017-ի Գրական ակումբի մեկնարկի նախորդող օրն