Երրորդ օրն է՝ մեր տանից դուրս եմ գալիս հեծանվով ոչ թե Խանջյանով վար, այլ վեր. վերակառուցվող-արդիականացվող-բարեկարգվող-կանոնակարգվող (ադպես է գրված վերնիսաժը երիզող կապույտ պաստառին) վերնիսաժի փողոցով՝ Գլխավոր պողոտայով, Բուզանդի փողոցով մտա Հանրապետության հրապարակ։ Մի շրջան արեցի, երկու զարմանք հավաքեցի և Վազգեն Սարգսյանով-Բեյրութով-Գրիգոր Լուսավորչով-Հաղթանակի կամրջով-Ծովակալ Իսակովով-Սեբաստիա փողոցով իմ սիրած հարթակին դադար առա՝ հայացք-հիացմունքս Մասիսին՝ նրան զարմանքս ձևակերպելու…
- Կարելի՞ է այդքան անհոգի վարվել բուսական սևահողի հետ։ Չգիտեմ՝ որտեղից ընտիր սևահող են բերում ու հերթական անգամ լցնում շինաղբախառն գազոններին՝ վերնիսաժի ողջ երկարությամբ… Ի՞նչ եղավ գազոնների նախկին բուսահողը-ծածկը, որտեղի՞ց այս շինաղբը… Ինչպե՞ս կարելի է «այսպես ափաշքյարա բարեկարգել»…
- Ժամը 8։15 Հանրապետության հրապարակում՝ ոնց որ ամայի տարածքում… Վա՜հ, էս Երևանի կենտրոնի հայերն էլ են այսքան ուշ զարթնո՞ւմ։ Լույսը Երևանում հուլիսին բացվում է, ա՜յ, հենց հիմա ստուգեցի, ժամը 5։44, հերիք քնեք, վե՛ր կացեք, վեր… Չեք վախենո՞ւմ՝ խոր քնով ընկնեք, արտերը մնան հնձելու… Ու երգն էլ չստեղծվի։
Կարծես կորցնում եմ նորից քունս. մի քանի օր արթնացա գիշերը 3-ին, այսօր՝ երկուսին… Դավիթն էլ՝ ինձ պես։ Օրեր առաջ իջավ իր մահճակալից ու սկսեց գիշերել մարմնամարզական մեծ ներքնակի վրա, մահճի հարևանությամբ, առյուծի պես տեղը փոխելով… Այսօր էլ քնել էր հատակին, ներքնակի մոտ… առյուծի պես…
Ի՞նչ անի իմ կենսագրության, զբաղմունքի տեր մարդը գիշերով՝ կարդա, գրի, նորից կարդա… դուրս գա պատշգամբ… Ես՝ իմ մտքերով, իմ աշխարհում։
Հայաստա՜ն… Ընթերցասերների ճամբարը Լոռիում է։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Մտքերով զորակոչիկների հետ եմ. սեբաստացի-ոչ սեբաստացի՝ բոլորն իմն են… Չեմ կարող (չեմ ուզում) կասկածել վիճակահանության ազնվության վրա… Ընդունենք ու անցնենք առաջ։ Մեկին ընկավ Արցախ ծառայությունը (զորամասը), մյուսին՝ Հայաստան… Ուրախացա՞վ-տխրե՞ց նրա հետ դրսում-տանը-գործի տեղից բարի լուրի սպասող հարազատը… Այսպես, վիճակահանությա՞մբ են ծառայության վայրն ընտրում Արցախում. ինչո՞ւ այդպես չէ: Ինչո՞ւ Արցախում ծնված, մեծացածը, ապրողը, հաշվառում ունեցողը չի ծառայում Հայաստանի զորամասերում… Եթե Հայաստանից զորակոչվածը համառում է ու պնդում Արցախում ծառայելու վրա, ի՞նչ է լինում վիճակահանության հետ… Մտացածին չէ այսպիսի պոռթկումը պատանու. կրթահամալիրի ավագ դպրոցի այս ուսումնական տարվա շրջանավարտ Արսենն Ալեքսանյանն, օրինակ, բողոքել է, որ իրեն բաժին չի ընկել Արցախը։ Ինչո՞ւ… Ինչո՞ւ չի կարելի պարտադիր երկու տարով ծառայությունը այնպես կազմակերպել, որ Հայաստանից և Արցախից զորակոչվածները միասին-խառը ծառայեն՝ մեկ տարի Արցախում, մեկ տարի Հայաստանում. չէ՞ որ նրանք Հայաստանի բանակում են ծառայում՝ մեկ կանոնակարգով-ռեժիմում-պայմաններով, մեկ նպատակով… Ես կարող եմ որքան ուզեք հիմնավորումներ բերել այս խառը-միասին ծառայության օգտին, փոխարենը սկսել եմ հարցախույզ անցկացնել, դեմ-անհաղթահարելի փաստարկ որոնել… Կա՞: Հրապարակեք, եթե ՀՀ օրենքով որոշված գաղտնիքների շարքում չէ:
Ջրացատկ Հիմնական դպրոցի լողափում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Գիտեք՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիները Արցախի իրենց հասակակիցների հետ հուլիսին-օգոստոսին տասնօրյա ռազմամարզական «Ասպետ» ճամբարում՝ Արցախում, Ասկերանի Նոր Այգեստան գյուղի մոտ, Բալուջա գետի ափին գտնվող զորամասում նախաբանակային պատրաստություն էին ստանում, միասին ապրում, զինվորների և սփյուռքահայ հասակակիցների հետ, մեր միջոցով մասնակցում էին հայաստանցի այլ պատանիներ: Այդպես եղել է չորս տարի՝ 2012-2015-ին. իսկ այս տարի մենք հրավեր չստացանք: Ճամբարը չի կազմակերպվում անվտանգությա՞ն նկատառումներով: Ուրախացա՞ն հայաստանցիները, սեբաստացիները… Հայաստանում կամ Արցախում չգտնվե՞ց անվտանգ համապատասխան միջավայր… Իմացեք, սովորողների նախաբանակային պատրաստության մեր այլընտրանքը, որ որպես կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթության ծրագրի բաղկացուցիչ, մշակում, կազմակերպում ենք կրթահամալիրում տարիներ շարունակ, ներկայացնելու ենք ՀՀ պաշտպանության և կրթության նախարարների մասնակցությամբ օգոստոսի 19-20-ին Սևանի «Ժայռ»-ում անցկացվելիք հանրապետական բաց սեմինարին… Հաստատ է, «Նախնական զինվորական պատրաստություն» կոչվող առարկան, որ որպես պարտադիր առարկա ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարների հաստատած միասնական ծրագրով ու կարգով իրականացվում է հանրապետության դպրոցների 9-12-րդ դասարաններում, և՛ բովանդակությամբ, և՛ կազմակերպմամբ էական փոփոխություններ պիտի կրի… Շնորհքի հարց է: Մենք սիրով ու բարեխիղճ բերում ենք մեր փորձը:
Ճամբարականների բացօթյա պերֆորմանս:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Ոչինչ չի կարող շեղել ինձ այսօր պարտեզային լողափերում մեկնարկող 2-5 տարեկանների ջրացատկի առաջնությունից։ Որքան պարզ միջոցներ կան մեր երեխաներին կատվազգիների նման ուժեղ, ճարպիկ-ճկուն, խելացի մեծացնելու։ Ահա ինչու՝ ես մտմտում եմ «Ամենա-ամենա-վայրի կատուն» ստուգատեսի մասին։ Օգնեք ինձ օգոստոսին այն կրթահամալիրում իրականություն դարձնելու։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#730