Գովազդ կհնչի՞, թե՞ կդառնա հակագովազդ՝ օրագրի ընթերցողը կիմանա… Իմ Խանջյան-Ծովակալ Իսակով-Բանգլադեշ հեծանվային ճանապարհի ցուցանակներն սկսել են ինձ շեղել, ճամփորդական նոր երթուղի որոշել… Ահա իմ մտքում քանիցս քանդված-բացված պարիսպներից մեկին հայտնվել է «Ուրարտու. բացօթյա լողավազան, 24 ժամ...» բառերը կապտագույն պաստառին։ Բաց դարպասով Իսակովով աջ մտա․ ես ու իմ հեծանիվը… Չմտնեի։ Էն, ինչ ցույց տվեցին օբյեկտի ներսում, մի մեկուսանալու տեղ էր՝ փոքրիկ ավազանով, հասկանալի է, ննջարանով։ Մեր կյանքն է՝ իր պահանջարկով, որ վստահ եմ, մենք մեր ներաշխարհով-շնչառությամբ ենք ձևավորում․․․ Երևանում բացօթյա-մատչելի լողավազաններ չկան ու չեն երևում, իսկ այսպիսի «ուրարտուներ»՝ ինչքան ասեք։ Եկե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ, մեր ծովերին-լողավազաններին, ճամբարներին ու պարտեզներին, աշխատանքային ջոկատներին այլընտրանք չկա․․․

Լողափ-պուրակի բացում Գեղարվեստում:
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի:

Իսկ կրթահամալիրի մեծ, մասնագիտացված, բացօթյա լողավազանը իմ ակտիվում է․ ամառային նախագծերն ավարտենք, սեպտեմբերի 4-ին կարո՞ղ ենք մեր բացօթյա լողավազանի կառուցումն սկսել… Երեկ Էմանուել Ագջոյանի, Միքայել Ղազարյանի ու Խորեն Հազարումյանի հետ օրվա վերջում պլանավորում էինք սեպտեմբեր-հոկտեմբերը՝ մեր խիզախ-ամբողջական կառույցի շինարարությամբ… Գլխավորը հիմա նախագիծն է։

Իմ գրադարակներում գիրք փնտրելիս էլ անակնկալների հանդիպում եմ. հաճույքով շեղվում եմ, կանգ առնում կամ նստում… Ահա մի ծալած թուղթ՝ նշումներով, մի կորած տեքստ` որտեղից-որտե՜ղ… Ժամանակին, գլուխ գովեմ, անգամ դը Մոնտեսքյո եմ կարդացել, գրառումներ արել, նախագծել մի քանի տողով, որ հիմա չես վերականգնի որպես ասելիք, ինչ է՝ շարունակես…
«Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգևոր հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա…»։ Ա՜յ քեզ ձևակերպում՝ անվտանգության մեջ համոզված լինելը հենարա՞ն քաղաքական ազատության համար, որ վայելես-ընկալես քաղաքական ազատությունը, որպես հոգևոր հանգստությո՞ւն… Մեզ համար են ասել՝ «ճամփեն ո՜ւր, ճամփորդն ո՜ւր…», բայց սրա՝ հոգևոր հանգստության ճամփորդնե՞րն ենք մենք եղել Հայաստանի Հանրապետության գոյության 25 տարում…

Գևորգ Հակոբյանի՝ Արագածի հարավային գագաթին հանդիպելու հրավերը ծննդյան օրվա ավանդական առիթն է․․․ Այս վերելքը քանի՜ հին ու նոր սեբաստացու է պարգևել հոգևոր հանգստության պահեր… Նունե Մովսիսյանի «Գրապտույտ» բլոգն առաջացնում է անկեղծության-խոստովանության-ձևակերպման բերած հոգևոր հանգստության, վերելքի պահեր, կրթահամալիրի Ավագ դպրոց ոտք դրած աղջնակի՝ Վիկա Նավասարդյանի համար… «Երբ սիրում ես, սիրում ես ամեն մանրուքը, ծիծաղը, ձեռքերը, խոսքերը, ժպիտը, անունը…». այսպիսի գրապտույտ, որ հաստատ գլխապտույտ է առաջացնում․․․

Արձակուրդի հուլիսյան օրերը, որ միասին են անցկացնում Արմինեն ու յուր Դավիթը, հոգևոր հանգստություն են պարգևում մայր ու որդու… Ես այլ կերպ էի պատկերացնում նրանց հուլիսը, բայց Արմինե մայրիկին միացավ առյուծ Դավիթը.
— Արձակուրդ է, պա՜պ, թող մեր ուզածով անենք…
Թողնում եմ, իհարկե․․․

Թատերական ճամբարի մեկնարկը:

Իսկ Արման Բլեյանի ընտանիքը, ինչպես հազարավոր նման վիճակում հայտնվածները Հայաստանում, հոգևոր հանգստյան մասին կմտածեն, երբ իրենց զավակներն անվտանգ կվերադառնան ծառայությունից․․․Իմ Ստեփան եղբայրը պատմում էր, թե ի՜նչ ապրումներ են ունենում ծնողները զինակոչիկների հավաքակայանում, երբ իրենց ծառայության վայրի ընտրությունը՝ Հայաստան՝ որտե՞ղ, Արցախ՝ ո՞ւր, անցնում են, ինչպես կարևորագույն մի քննություն, մարդկային ողջ կրքերով եռուն… Քննություն ինչի՞…

Մեր լողափային ճամբարի չորս ջոկատները երեկ հանդիպեցին «Սեբաստացի մոլում» ու հուշեցին մեր դպրոցների ճամբարային նախագծերի՝ ամառային պարտեզի, լրացուցիչ կրթության ճամբարի, պատանեկան աշխատանքային ջոկատների ռեժիմի փոփոխության, զարգացումների անհրաժեշտության մասին… Ջրացատկի առաջնությանն ու հեծանվախաղերի ցուցադրությանը ես հետևելու եմ անպայման, իսկ աշխատանքային ջոկատների Սևանի հավաքին մասնակցելու եմ։ Ամառային պարտեզին կանդրադառնանք Նոր դպրոցի և Գեղարվեստի նորամուտերից հետո…

Սևանավանքը:

«Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով»…. Հռոմի պապի խոսքին անդրադարձ անենք Աշոտ Տիգրանյանի հղումով… Սա էլ՝ իմ գրի ընթերցարանը։

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
#728

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկինքներ, որպես երազներ հոգու…

Լուսինեն, Արևիկը ուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ են—կմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքի քարանձավ—աղբյուրի հայտնագործումն իմ

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չե՞մ կարողանա

Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել: Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում. Չեմ

Հայացքս՝ առվի բերանի վիշապաքարերին…

Իրանցի պատգամավորը Հայաստանին մեղադրում է Արաքս գետն աղտոտելու և դրա հետևանքով Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար… Իսկ իմ մտքից չի ելնում Աշտարակի մայր առուն, որ սկիզբ է առնում, իհարկե, Քասաղ