Համաձայնեք, որ իմ լավ մարզավիճակի մասին է խոսում այսպիսի հաղորդագրությունը:
Կիրակի առավոտյան ժամը  7:30 հեծանվով տանից դուրս եկա և ուղիղ ժամը 8:00-ին Բանգլադեշում, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ էի: Արմինեն ու Դավիթը, իհարկե, քնած են, երազում էլ չեն կասկածում: Թբիլիսիի Էկոճամբար մեկնող Մարթա Ասատրյանի խումբը կազմ ու պատրաստ է: Լավ է, որ վարժարանի բնապահպան պատանիների «Էկոտուր 2015»-ի հայտնի մրցանակակիր խմբին միացել է և փոքրերի խումբը Միջին դպրոցի սովորողներից: Փորձը նաև այսպես է փոխանցվում:  Ճանապարհելուց հետո, մտա Մեդիակենտրոն: Սուսան Մարկոսյանի հետ քննարկեցինք երկուշաբթի մանկավարժական դպրոցի սեմինար-պարապմունքին ներկայացվող` կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլանի փոփոխությունները… Ժամը ինն անց 50 րոպե հեծանվով դուրս եկա Մեդիակենտրոնից. 40 րոպե հետո արդեն տանն էի՝ Դավիթ Բլեյանի հետ իմ կիրակին անցկացնելու որոշումով… Այնպես որ, կիրակնօրյա ընթերցարանի` առողջագիտությանը վերաբերող նյութերի ընտրությանը կարելի է վստահել. ես դրանք փորձարկել եմ, դրանց օգուտները դուք ևս կտեսնեք…

  • Ժաննա Ֆրիսկե լսե՞լ եմ երբևէ՝ չգիտեմ… Նրա լավագույն արտահայտությունների երեսնյակը կարդացի՝ որպես հարգանք ու խոնարհում այս երիտասարդ-տոնական կնոջը, որ կարողացավ իրեն բաժին ընկած փորձության շրջանում հարյուր հազարավոր կարեկիցներ հավաքել. ես` նրանցից մեկը… Ահա Ֆրիսկեին վերագրվող 13-րդ միտքը.
    Ես փոխվում եմ ամեն օր և երախտապարտ եմ յուրաքանչյուր կնճիռի, որ կա իմ դեմքին:
    Ժաննան իր սարսափելի ախտորոշումը համարում էր փորձություն, այլ ոչ՝ պատիժ:

Ջուր ու արև կրթահամալիրի պարտեզներում: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

  • Շատ արտասովոր և հետաքրքիր թեստ Զիգմունդ Ֆրեյդից: Թեպետ կիրակնօրյա, բայց այսպիսի թեստերն ավելի անմեղ են, ժամանցային, հանպատրաստից, զվարճալի: Նման չեն այս հունիսյան օրերին պետության անունից 9-րդցիներին ու 12-րդցիներին պարտադրվող առարկայական թեստերին, դեռահաս-պատանիներից կյանք խլող դաժանությունը չունեն:
    Մի-մի թեստ էլ ամեն կիրակի Նունե Մովսիսյանից ու mskhfilms-ից եք ստանում, որով իրավունք եք ստանում իմ ընթերցարանին անցնելու: Սա կիրակին առցանց միասին լինելու սեբաստացիական հաստատված սովորություն է:
  • Տնտեսապես ջախջախված Ռուսաստանը մեծ վտանգ է Հարավային Կովկասի համար: Ես գիտեմ, որ համառելն օգուտ չի տալիս այսպիսի դեպքերում, բայց հետևողական օրագիր եմ խցկում այսպիսի նյութեր, որոնց ընթերցումը, վստահ եմ, օրագրի իմ ընթերցողին օգուտ կբերի: Արևմուտք-Ռուսաստան պատերազմը, որքան ես եմ հասկանում, ուժգնանում է: Յուրաքանչյուր կողմ գործածում է իր ձեռքի տակ եղած միջոցները… Ռուսները` բիրտ ուժը, զենքի նոր տեսակներ Ուկրաինայում, միջուկային պատերազմի սպառնալիքներ… Ամերիկան, Եվրոպան ու զարգացած Արևելքը՝ նոր տնտեսական սահմանափակումներ, Ռուսաստանի տնտեսական փլուզման գործիքներ…

— Ի՞նչ է, 0-ից էն կողմ էլ բան չկա՞…,- համառորեն հարցնում է Դավիթ Բլեյանը, որ ավելի ու ավելի արագ է հետ հաշվով գահավիժում մինչև 0 ու … կանգնում: Ո՞ւր գնա… Իսկ Գևորգ Հակոբյանը շարունակում է լռել:

Դավթի նկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Բանաստեղծ Մերուժանը, ում 75-ամյակը նշվում է այս օրերին, մեր կիրակին ոչ սովորական դարձրեց՝ իր պոետական սպասված ներխուժումով մեր բնակարան, մի քանի հետաքրքիր-թարմ հրապարակումներով: Պետք է կարդալ: Խոստացա սիրելի Մերուժանին, իսկ նրան ես, Դավիթն ու Արմինեն լսում էինք անբռնազբոս ուշադրությամբ… Այսպիսի կիրակի է գլորվում  Երևանում, իմ աչքերի առաջ…

Բարի ընթերցում կիրակիի ընթերցարանի.

Հունիսի 20-ին Սիրահարների այգում բաց ստուգատեսային ճամբարների ամփոփում-համերգ էր: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայոց աշխարհիկ․․․ ի՜մն ես

Արսեն Աղաջանյանը առիթը պիտի բաց չթողներ իր ընկերների՝ Վիգեն Ավետիսի, Արմեն Դարբինյանի, Արտյոմ Կոնստանդյանի ծննդյան օրը միասին, մի սեղանի շուրջ նշելու, իրեն բնորոշ մարդասիրությամբ, էսթետիկայով․․․ Շնորհակալ եմ, որ ես էլ էի

Նոր սեպտեմբեր է վարգով ընդառաջ գալիս… Բարո՜վ…

Ամեն տարի, քանի՜ տարի, չես հաշվի, ուսումնական սեպտեմբերը (այսքանից հետո ո՞նց նոր անվանես) տարբեր է գալիս՝ և՛ օրով, և՛ տրամադրությամբ… Այս անգամ, այս տարի՝ 2018-ին, նրա գալը ես արձանագրեցի երեկ՝

Կրկնակի ազատման խորհուրդ

Ուղևորություն, որ չի ավարտվում, նորամուտներ սկսվող… Ես, իմ երեկվա օրը՝ սրանց արանքում, ու իմ գիրը՝ թվով 1148-րդը, սկսեց գրվել երեկ երեկոյան, Տաթև աղջկաս ուղարկած այս տեսանյութով… Սպասված, ամեն օր, քանի՞