Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն է դառնում, նկատելի թե աննկատ… Սկզբում Գնել Հարությունյանն ու Ալինա Թումասյանը 12 սովորողով, հետո՝ Կարինե Պետրոսյանն ու Նառա Հարությունյանը՝ 22-ով, հիմա՝ Գնելն ու Հռիփսիմե Առաքելյանը՝ 32-ով…
Կրթահամալիրի Հայրենագիտական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանի մոտ գրանցվում են օգոստոսի 8-ին, 12-ին, 16-ին, 20-ին, 24-ին մեկնարկող հերթափոխների մասնակիցները՝ տարատարիք սովորող, ուսուցիչ թե ծնող… Որքա՜ն կենդանի, մատչելի, բաց, իսկը մեր կրթահամալիրի պես, մեր սեբաստացիական աշխարհի ամենագրավիչ օղակը դարձած «Մեղրաձոր 2015» ճամբարը… Կարինե Պետրոսյանն այնքա՜ն ոգևորված է ճամբարով, որ չգիտի՝ ինչ անի ինքնաթիռի տոմսերը… Մարդն ինքը այսպես՝ որպես նվիրյալ սեբաստացի մանկավարժ, թողեց Նոր դպրոցը Նառա Նիկողոսյանին ու իրեն բնորոշ հավեսով, հիմնավոր, կոնկրետ ստեղծում է մեր կրթահամալիրին այնքա՜ն սազող ուսումնական կենտրոն՝ հայրենագիտական-ուսումնական ճամփորդությունների… Կեցցե՛ս, քույր իմ…
«Մեղրաձոր 2015» ճամբարի ճամբարականների այսօրը:Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
— Պապա, ինչո՞ւ ես չկամ,- հարցնում է Դավիթ Բլեյանը` mskh.am-ի Մեղրաձոր ճամբարի ֆոտոպատումներում իրեն չգտնելով…
Ամենուր իրեն է փնտրում-գտնում մեր հերոսը… Իսկապես, ե՞րբ, ինչպե՞ս է Դավիթը նորից հայտնվելու մեղրաձորյան ճամբարում:
— Պապա, գետերում ինչո՞ւ շատ ջուր կա…
Իսկապես, որքա՜ն ջրառատ է մերը դարձած Մարմարիկը… Երեկ ես առաջարկել եմ Գնելին ու սեբաստացի ճամբարականներին սկսել թափով Մարմարիկի «Սեբաստացի» լողափի կառուցումը… Իսկական լողափ՝ սքանչելի ու մեծ, ձորով, հովտով, որ դառնա ասելիք, մատով ցույց տալու, տարածելու բան… Որ լողափ դարձած Մարմարիկը մաքուր, աչքի պես զուլալ պահեն բոլորը՝ տեղացի ու մեզ պես յուրային դարձածները…
— Պապա, որ քիչ ջրում չեն լողում, ի՞նչ ա լինում ջուրը… Թրջվում, ջրոցի են խաղո՞ւմ. հիշո՞ւմ ես առաջին անգամ… Ես ուզում եմ շատ ջրով գետում լողամ քեզ հետ, իսկ քիչ ջրով ջրում՝ մայրիկի և Շուշանի հետ ջրոցի խաղամ…
Դավթի ամենօրյա լողը ծածկած լողավազանում:Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Իմ օգոստոսյան գործունեության թիրախում 2015-2016-ի վեց տարեկան 1-ին դասարանցի դարձող սեբաստացիներն են՝ Լուսինե Պետրոսյանի, Լուսինե Գասպարյանի, Տաթև Թամազյանի նոր սաները… Ինչպես Տաթև Թամազյանն է ձևակերպել՝ 6 տարեկանների 1-ին դասարանը դասարան-լաբորատորիա է, մի նախագիծ, որը խնամքով մշակվում-իրագործվում է ողջ ուսումնական ամառվա ընթացքում… Այսպիսի լրջությամբ ենք մենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերին մեր 6 տարեկաններին:
Որքա՜ն զարմանք-հիացմունք-թափ պիտի հաղորդեն այս նոր ուսումնական միջավայրերը, որքա՜ն նոր հնարավորություններ՝ գործունեության մանկավարժության նյութականացման համար… Որքան էլ մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցների գլխավոր մուտք է դարձել հինգ տարեկանների ուսուցման ծրագիրը՝ պարտեզից-դպրոց սահուն անցումը ապահովելով, միևնույն է, հիմա, երբ առարկայական այս նոր միջավայրերը տեսանելի են, շատ ու շատ ընտանիքներ մեծ հանդիսավորությամբ ընտրում են կրթահամալիրը՝ 6 տարեկանի ուսուցմամբ։ Ահա ինչու՝ ես հրապարակում եմ իմ օրագրում հայտարարությունն այս՝ համեցե՛ք 2009թ. ծնվածներ՝ մեզ ուշի-ուշով հետևած ընտանիքներ, ձեր ազատ ընտրությամբ եկեք վեց տարեկանների մեր առաջին դասարաններից յուրաքանչյուրը… 1-ից 3-րդ դասարանում «Իմացումի հրճվանք» կոչվող կրթական հեղինակային ծրագրի իրագործող դասվարները, բոլորը պատրաստ են…
Հիմնական դպրոցի 5 տարեկանների հերթական հանդիպումը: Լուսանկարները՝ Մերի Խաչատրյանի, Լուսինե Գափլանյանի:
Մարիետ Սիմոնյանը՝ մեր հեղինակային մանկավարժության հիմնադիր խմբից, մեր մանկավարժական լաբորատորիայի աշխատողը, իմ առաջարկով թողեց Միջին դպրոցը, ստանձնեց կրտսեր դպրոցականի ուսումնական կենտրոնի ղեկավարումը՝ հենց այսպիսի հայտարարությունը մեր մանկավարժականի շրջանավարտ-ուսուցիչների հետ իրական դարձնելու համար:
Ջա՜ն, ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը՝ իր սքանչելի մասով՝ Լիլիթն ու իմ Արաքսիկ-Սոնուլիկ թոռնուհիները երեկ այցելեցին մեզ… Սկզբում եկավ կախարդուհի Սոնան` Դավթի նմանակը, քույրերից ամենասպասվածը… Դավիթն ու Սոնան որ հանդիպում են, իրենց ոչ ոք պետք չէ, դառնում են մեկ. մնում է միայն մի հանգամանք։ Լավ է, միասին լողացան, միասին խաղացին, խառնեցին… ո՞նց խանգարես, ի՞նչ ուժով… Սոնան խոստացավ էլի գալ, որ «թափածը» հավաքի… ինչպես ամեն անգամ… Հետո եկան Լիլիթն ու Արաքսիկը՝ իրենց քաղած, իրենց նման գույնով-համով կեռասներով… Միասին կերանք ու հարազատների նման, առանց խանգարող-շտապեցնող Վահեի, իրենցը պարտադրող Սոնա-Դավթի, հիմնավոր քննեցինք հասարակական տրանսպորտի վիճակը ստեղծված… Լուծեցինք… Երևանում սկսեցին հաշտ երթևեկել հետիոտնը, ավտովարորդը, հեծանվորդը… Արաքսիկը ավելի հետաքրքիր է դարձել, ավելի բարալիկ, նուրբ, շրջահայաց… Հավես իրիկուն անցկացրինք։ Իսկ Դավիթ Բլեյանը մազերը կտրել է: Հենց այդպես, ինքնակամ, պարտեզից եկել է, Ռուզան մորարքոջը խնդրել է, թե կտրի… Նա էլ՝ շնորհքով կտրել է: Մեծացել է մեր տղան, հետը կարելի է ցանկացած հարց քննարկել-լուծել, մինչև Չինումաչին գնալ-գալ…
Դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների ամենօրյա ուսումնասիրությունը կրթահամալիրի Գյուղացիական տնտեսությունում:Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի: