— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած…
— Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ…
— Այդպես ո՞նց կլինի, ես էլ եմ ուզում այդպես… Բայց չի լինի… Ո՞վ չի ուզի` իր համար քնի:
Քիչ առաջ ես էլ Արմինեին եմ փորձել արթնացնել. մեր խոսակցությունը ո՞նց եթեր տաս, ո՜նց չտաս… Որ տաս՝ ո՞նց կլինի, համարյա անձնական կյանք ներխուժում՝ իր անձեռնմխելիությամբ… Որ չտաս, էլ ինչի՞ ես գրում, ո՞վ կկարդա քո օրագիրը… Արամազդը մեր՝ Ղալամքարյան ժամանակին զգուշացնում էր.
— Նաև ուրիշ բաներ գրի, տիար, միայն մանկավարժությամբ ո՞նց ես ընթերցողին պահելու… Ա՜յ, սերերից գրի, սիրային արկածներից…
Ես մտնում եմ ննջասենյակ՝
— Դավի՜թ, էս քնա՞ծ ես…
Դավիթն առյուծի նման թռչում է ուղիղ գիրկս.
— Սպասում էի, որ դու գաս, ինձ գրկես, տանես լողանամ, պապ…
Դավիթ Բլեյանն ընկերների հետ իր Դպրոց-պարտեզում։
Լուսանկարները՝ Շողիկ Սահակյանի։
Ես միշտ ինքնուրույն եմ արթնացել: Է՜հ, մայր եմ ունեցել, է՜… Շորտերի համար, տղայի թե աղջկա, ուշքս գնում էր։ Իսկ մայրս, ահա, շորտերի հետ գետրիներ (սռնապան) էր հագցնում.
— Մեծ տղա ես,- ասում էր,- ոտքերդ բաց չի լինի, գիտրին ծածկում ա…
Պատկերացրի՞ք մե՜ծ տղային (5-6-րդ դասարան)՝ կարճ տաբատով ու երկար գուլպաներով… Ինչ-ինչ, մորս հետ վիճել ես չէի համարձակվում, այդքան ուժ չունեի… Մի անգամ լուսահոգի քույրս՝ Էմման, ելքը հուշեց, երկաթգծեր չհասած, երբ մեր թաղն իր ահ ու սարսափ մասով՝ մորս, հեռվում էինք թողել, գիտրիները հանեց ու դրեց պայուսակը… Մնում էր՝ չմոռանամ ետ դարձի ճանապարհին հագնելը…
Հիմա այսօր ուրախ եմ՝ Արմինեն նոր շորտ է գնել, որ շաբաթներ առաջ նեղում էր, երեկ հագա՝ իսկը վրայովս: Այսպես ամառային նախագծերն ինձ հիացնում են…
Երկակի տրամադրությամբ արթնացա… Երևի երեկվա սատկած սագից եկած տրամադրությո՞ւնը չեմ հաղթահարել, թե՞ մեր դպրոցներից Հիմնականի ու Նոր դպրոցի ղեկավարների նամակները՝ հեծանիվների վիճակի մասին… Նոր-նխշուն ձիուկներ եմ հանձնել ձեզ. դուք քշեք ու չկարողանա՞ք խնամել… Ես հիշեցի, թե ոնց էի գուրգուրում իմ «Շկոլնիկ», հետո «Օռլյոնոկ» հեծանիվները… Չէի կարողանում նորոգել՝ ընկերներով էինք հավաքվում կամ էլ գտնում էինք թաղի վարպետին… Ո՞ւմ քունը-հանգիստը կտաներ, որ հեծանիվը անսարք լիներ, չպլպլար…
Դպրոց պարտեզի ծովերը…
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Գիտեք, Մայր դպրոցի գլխավոր մուտքը որոշել ենք Կրթական պարտեզի մեծ դաշտի կողմից անել. մեր ամեն օր ավելի ու ավելի խնամված-գրավիչ դարձնող Մայր դպրոցի մուտքը սիրելի-գրավիչ է բոլորիս, շատերս ենք այս վիճակի գործուն մասնակիցը… Նույն վիճակը ստեղծում է մեր Մայր դպրոց երկրորդ մուտքը՝ Բաբաջանյան պողոտայից… Որքա՜ն կարևոր է, որ մեր հունիսյան ջանքերը մատնացույց անեն այս բանուկ-մեզ ամենահարազատ պողոտայով ընթացողները՝ ծանոթ-անծանոթ՝ ա՛յ, տե՛ս, սեբաստացիները… Ի՞նչ միտք-երևակայություն ունեք՝ համեցեք… Յուրաքանչյուրին առնչվում է, իր հարակից փողոցով, մեքենաների-հեծանիվների կայանատեղով, ծառուղով, ծաղկեշղթայով, նստարաններով…
Երեկ Գրիգոր Խաչատրյանի հետ հեծանիվով շրջապտույտ կատարեցինք, ոտքով քայլեցինք Մայր դպրոցի շուրջ: Մեզ միացան Մարգարիտ Սարգսյանը, Գոհար Եղոյանը, Միքայել Ղազարյանը, սովորողներ… Այնքա՜ն առաջարկներ եղան… Է՜հ, սկսեք, ողջ ամառ, հրեն, առաջներս… Որ քնած մնացիք, գործն ո՞վ է անելու…
Արտ միջավայր. ձևավորման նախագիծ:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Մանկավարժության լաբորատորիան երկու նախագիծ է հրապարակել, երկու ճամբար-նախաձեռնություն՝ մանկավարժության և պատանիների՝ 9-րդ դասարանն ավարտողների… բա՜ց երկուսն էլ իրենց երևանյան ու արտագնա հատվածներով… Մարիետ Սիմոնյանն ու Գևորգ Հակոբյանը բարեխիղճ մշակել են. ո՞ւմ և ո՞նց կհասնի, ո՞ւմ միջոցով… Հունիսի 8-ին՝ մեր ճամբարային գործունեության ստուգատեսն է. ուզում եմ, որ մենք մեզ ցույց տանք մեր Մայր դպրոցի, Գեղարվեստի ու մյուս ուսումնական շենքերի, լողափերի, ամառային ճամբարների հնարավորությունները, գայթակղությունները բոլոր տարիքի սովորողների և մանկավարժությամբ զբաղվողների-հետաքրքրվածների համար… Երեկ մեկ-մեկ հաշվեցի՝ տասներեք լողավազան ունենք, մեկը՝ ծածկած ու տասներկուսը՝ բաց, մաքո՞ւր ջրով ու հիգիենի՞կ լողափով. հունիսի 13-ից շարունակվում են ճամբարները ուսումնական՝ որպես լրացուցիչ կրթության ծառայություն, պատանեկան աշխատանքի ճամբարը… Սրանից լավ նվե՞ր երևանցի սեբաստացիների և ոչ սեբաստացիների համար։ Միշտ լեցո՞ւն կլինեն տկլոր՝ տարատարիք, տարասեռ մարդկանցով, հավեսով, մարզական, ուսումնական, թե՞ որոշել եք քնած անցկացնեք ամառը. իմ համար քնե՜մ՝ ինչքան ուզենամ, հետո վեր կենամ, ինչ ուզենամ անեմ, իմ հավեսին, հա՞… Սա մեր տանը հաճախ լսվողներից է:
Ես 7:30 շորտով, հեծանվով դուրս եկա։ Արձանագրենք այս ցուցանիշը՝ քսանմեկ րոպեում Խանջյանից հասա կրթահամալիրի Կենտրոն (Րաֆֆի 57), հանդիպեցի Սուսանի, Գևորգի հետ: Աշխատանքի ջոկատում՝ Քոլեջի, Գեղարվեստի, ինձ սպասում էին աշխատավոր սեբաստացիները. 8:30 հանդիպեցինք: Մայր դպրոցում 9:00 Մարմարյա սրահում ճամբարային տողան էինք՝ իր երգային ու ռազմամարզական բաժիններով… Բարի օր:
#694