Մինչ ես կավարտեմ երեկվա օրվա պատումը, իմ ապրածը  կդառնա գիրը, մեդիայով կտարածվի — հասանելի կդառնա յուրաքանչյուրիդ, Նունե Մովսիսյանն ու սեբաստացիական աշխարհի ձևի-բովանդակության որպիսության պատասխանատու իր 12 ընկերները Ջավախքով Թբիլիսի կրթական փոխանակումների քառօրյա ճամփորդության ո՞ր կմ-ի վրա, ինչպիսի՞ հիացումի-ապրումի վայելքում կլինեն…

Հալալ է, քույրեր-սիրելիներ, Ջավախք աշխարհն էլ, Թբիլիսին էլ, ողջ Կովկասն էլ… հրես ձեր ոտքերի տակ փռա՜ծ… Անցեք: Իսկ ես Մերի Երևանոսյանի հետ, որ սովորում է մեր Ավագ դպրոցի 9-րդ դասարանում, ում բլոգը գործում է 2012 թվականի նոյեմբերի 6-ից (ծննդյան օր ունի), որտեղ Մերին շաբաթական թողարկում է մինչև հինգ նյութ, ընտրում եմ վերջինը «Ձևը, թե հոգին», ուզում եմ քննել մեր կրթահամալիրում «ձևն ու հոգին» թումանյական խորությամբ ու զննությամբ։ Մեր Մերին գրում է իր բլոգում.

Ամեն տեղ կան ձևն ու ձևապաշտությունը: Մեր օրերում գերակշռողը ձևականությունն է, բայց կան մարդիկ, ովքեր հասկանում ու սիրում են իրերի, երևույթների ներքին իմաստը և հատկապես՝ այդ ամենի առողջ ամբողջությունը…

Միջին դպրոցի կինո-ֆոտոգործի սովորողները:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

«Կարդում ենք» ամենամյա ստուգատեսի 2016-ի Թումանյանական օրերում ես վախով հետևում էի՝ կհասնե՞ն մեր 9-րդ, 10-րդ դասարանցիները Թումանյանի աշխարհի երևույթների ներքին իմաստին և հատկապես դրա ամբողջությանը… Ի՞նչ կկարդան, հոդված կկարդա՞ն, բանաստեղծություններից կհասնե՞ն սիրահար Թումանյանին, պետական կրթական ծրագրով ու քննական կենտրոնում անհայտ Թումանյանին, ինչպես կկարդան ու ինչպես այդ ամենի մասին կխոսեն, կներկայանան… Հիմա թեթևացած հոգոց, ու… եղա՜վ, լա՛վ եղավ… Այնքան, որ շնորհակալ եմ։

Ու այս բանալիով, «ձևը, թե հոգին» դիլեման հաղթահարած, որպես «ձև ու հոգի» միասնություն, ուզում եմ մեր mskh.am-ով, նրա երեկվա-այսօրվա էջով հաստատել , որ մեր աշխարհում, Դպրոց-պարտեզից մինչև Գեղարվեստ ու Մայր դպրոց, կարելի է ականատեսը լինել  Թումանյանի ձևակերպած  միասնության հաստատմանը։

«Վերջապես» ասեմ, թե «բարի գալուստ»… Կարինե Մացակյանն սկսում է իր աշխատանքի որպես «արհեստ+արվեստ» նախագծի ղեկավարի արտագնա կազմակերպումը… Այսպես, իր տեսախցիկով նա դառնում է բացահայտող, գնահատող, խրախուսող, մի խոսքով՝ աջակցող… գազան գործ է այս գազանիկների նախագիծը, սքանչելի է, ինչպես անսպառ է Զառա Ոսկանյանի աշխարհը… Կրթահամալիրը՝ տեխնոլոգիայի թագավորություն՝  դրսում-ներսում, ցանկացած անկյունում, մեկնարկած տեխնոլոգիական հանրակրթության  ստուգատեսը՝ ուսումնական պարապմունքի, հեղինակային կրթության բոլոր ձևերով, ցանկացած նյութի և հնարավոր բոլոր գործիքների օգտագործմամբ, անսանձ երևակայությամբ, սովորողի և ուսուցչի, խմբային և անհատական, մտասույզ, ձևի ու բովանդակության աշխատանքով դրսևորվելու հնարավորություն… Ու գնա՜ց մինչև… սահման չկա. գարուն-ամառը սքանչելի հարթակ է ու ժամանակ՝ մեր աշխարհը նորից փոխելու, այլ, ավելի հետաքրքիր ու խնամված, գեղագիտական դարձնելու համար…

Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի սովորող Արսեն Բաբասյանի նկարները: Ղեկավար՝ Անի Սարգսյան

Երևի այսպես էր մտածել կամ կարող է այսպիսի ընթացք ունենալ շախմատային թափառող մրցաշարը՝ շախմատի ակումբի ղեկավար Առնոլդ Միքայելյանի կազմակերպմամբ: Սքանչելի է: Կրթահամալիրը՝ շախմատի աշխարհ… Երբ յուրաքանչյուր դպրոց, ինչպես Բ-4 թաղամասում գործող Դպրոց-պարտեզը ոչ միայն ունի անհրաժեշտ հարմար միջոցներ յուրաքանչյուր դասարանում, ունի իր շախմատային ակումբ-անկյունը, այլև դրանք մատչելի են յուրաքանչյուրին՝ ստեղծելով առօրյա, ամենօրյա կյանք շախմատային գործունեությամբ…

Շախմատն, այո, կարևոր, հանրակրթական, հենց դրա համար սոսկ առարկա չէ կրթահամալիրում՝ անցնելու ու գնահատանիշով ամրագրվելու համար, խորքում հակամանկավարժական… Եթե հանրակրթական է, ուղղված սովորողի ձևավորմանը՝ ֆիզիկական, հոգևոր ու մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաարտահայտմանը յուրաքաչյուրի, պիտի դրանով զբաղվի ամեն մի ուսուցիչ, դաստիարակ, ընտանիք…

Սա իսկապես նոր կուլտուրա է, որ առաջանում, տարածվում է մեր կրթական միջավայրում՝ ծաղիկ նվիրելը, որպես ուսումնական կարողություն, որպես ուսուցմամբ ձեռք բերվող արդյունք… Սքանչելի է Շողիկ Պողոսյանը գեղարվեստում… Այսպիսի ուսուցչական ու նյութական միջավայրում Քնարիկ Ներսիսյանի հետ անգամ ինձ համար հեշտ չէ. խոսքի ու գործի արանքում, ոչ ոտքով, ոչ հեծանվով չես հասնի, տեղ չի թողնում մեր գեղեցկուհին, շատ է գործնական՝ խոսքից անցնում է գործի: Բռավո… Ու ստացվում են, կստացվեն կանաչ աշխատանքներ ու տպավորիչ համերգներ, ցուցադրություններ… գեղարվեստի բաց կենտրոն՝ բոլոր տարիքի սովորողների համար, գեղարվեստի բոլոր ձևերից…

Միջին դպրոցի կինո-ֆոտոգործի սովորող Ալեն Ավետիսյանի նկարները: Ղեկավար՝ Անի Սարգսյան

Ի՜նչ լավ է, որ մեր օրը իր ձևով ու բովանդակությամբ այսպիսին էր, հենց ուրբաթ օրով, երբ թվում է փետրվարյան ծավալուն ստուգատեսների արդյունքների ամփոփում-հրապարակումը, մրցանակների հանձնումը մեդիաուրբաթ-համերգը կարող էին նեղացնել, միջոցառում դարձնել՝ ձևականացնել, ցուցադրական դարձնել, կտրվել մեր բնական առօրյայից…

Այսպես չեղավ ու չի կարող լինել. սա հեղինակային, այո, բայց անհատականացվող կրթական ծրագիր է՝ իր ձևով ու բովանդակությամբ նկարագիր ու վարք դարձող:

Լեզուների խառնաշփոթ-մեդիաուրբաթ: Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի

Ընթերցարան

#603
Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոգևորումի մեխեր-նորամուտներ

Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանին հեշտ չի ոգևորել։ Շաբաթ օրով, «Ծառզարդար կրթական պարտեզում» սեբաստացի կրթական համայնքի օրացույց մտած տոնին մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզի պուրակի կենտրոնում հայտնված Գրիգոր Խաչատրյանի «Մեխն» այնքա՜ն է ոգևորել Նազարեթին, որ նա իր

Երբ բաժանող պատերը բուսնում են Հայաստանում, ինչպես խոտը՝ հորդառատ անձրևից հետո…

Եթե մինչ այս չեք կարդացել իմ օրվա 433 գրերից ոչ մեկը՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, դժվար կլինի հիմա անգամ թերթել օրագիրը… Ինչպե՞ս ընտրեք՝ ինչ կարդալ, ինչ հերթականությամբ. հո չե՞ք դնելու

Մի բանաձևով ֆոկուսի մասին

Շարունակեմ։ 1994թ. չի կարելի համեմատել ո՛չ 1996-ի հետ, ո՛չ 2004-ի… առավել ևս՝ 2014-ի… ՀՀ լուսավորության նախարար նշանակման օրը ես գնում եմ նախարարություն՝ Խորենացի փողոցի հայտնի շենքը, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ, որ արդեն քանի