Վարար անձրև թափեք, ծով արեք…
Հով արեք, սարեր ջան, հով արեք…

Ես Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուի առաջին հիսնյակի խաղերից առաջին երգն եմ կարդում, լսվե՞ց՝ կարդում. ու պահանջում եմ երգվող տեքստերի լեզվական աշխատանքը արտացոլել-կազմակերպել՝ որպես ուսումնական-հեղինակային ծրագրային…

Սարե՜ր, ձորե՜ր, դաշտե՜ր ու ջըրե՜ր,
Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրնե՜ր,
Մի վե՛ր կացեք, իմացե՛ք,
Տեսե՛ք իմ սըրտի ցավեր:

Ու շարունակեմ իմ երեկվա գիրն ավարտող միտքը-նախագիծը… Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ իմ մտորումների սկիզբը իմ գրով-պատումով սկսեցի, փորձեցի սկսել «Զարկ» արական երգչախմբի հոգևոր երգերի՝ շարականների ունկնդրման ներքո… Չստացվեց, գիրս ընդհատվեց: Շարականը զորեղ է ու ազատ տեղ չի թողնում՝ մտքի մի անկյունով ուրիշ մի գործ անես. գրելս կանգնեց: Ձեզ հայտնի ժամին, աշխարհի իմ անկյունում՝ «Չայկովսկու 30 շենք, բնակարան 13» հայտնի հասցեում… Ժամերգություն է… Մի իսկական պատարագ՝ մի ունկնդիրով… Իսկական զարկ:

Հարավային դպրոց-պարտեզի լողորդ 2-րդ դասարանցիները:
Ֆոտոշարը՝ Կարինե Բաբուջյանի:

— Ես չեմ ուզում բանակ գնամ, չեմ ուզում մեռնեմ…
Կիրակի կեսօրով Դավիթն է այսպես մտնում մեր խոսքի մեջ… Ես ու Արմինեն լուռ հանդիմանությամբ միմյանց ենք նայում… Արմինեն արդարանում է.
— Տիա՜ր, ո՛չ ես, ո՛չ իմ շրջանում Դավթի ներկայությամբ այսպիսի խոսակցություն չի եղել… Բանակի ու գերեզմանոցի մասին…
-Բա գերեզմանները ես որ տեսել եմ, որտեղի՞ց…,- շարունակում է Դավիթը,- ես եմ տեսել, ես կարդալ գիտեմ…
— Էդ ե՞րբ Դավիթ, որտեղ…
— Որ գնացել էինք Բլեյանների գերեզման, ես ճանապարհին եմ տեսել, կարդացել եմ քարերի վրա գրածը… Համ էլ հեռուստացույցով տեսա, որ Վազգեն Սարգսյանի մասին էին խոսում, ցույց տալիս գերեզմանները զինվորների…
— Վազգեն Սարգսյանի՞…- ելքեր եմ փնտրում ես։- Ո՞վ է Վազգենը…
— Հա, նույն Վազգենը, որ մայրիկը նոր քեզ ասում էր…

Հավաքը կրթական պարտեզի Սարալանջին ոչ միայն կայացավ. Գրիգոր Խաչատրյանի վերադարձն այսպես եղավ՝ Սարալանջով, որ… խառնվեն, Սարալանջին հանդիպեն, չգնան, գնան ու գան սեբաստացիները՝ գնացածներն ու մնացածները… որ ես իմ վարչահրամայականով սխալվեմ-վրիպեմ-լուծեմ-ազատեմ ու չպրծնե՜մ… Գիտե՞ք, որքան խորն եմ ապրում-տանում ես… Ամենալավը հիմա հեծանիվս գիտի… Հայտնի ուսապարկս երեկ մնացել էր Սարալանջի աստիճաններին բազալտե ու Սոնա թոռնուհիս, որ Արևմտյան դպրոցի Սոնա Փափազյանի խմբով մասնակից էր հավաքին երեկվա, բերեց ու ինձ՝ մյուս բետոնե աստիճաններին տնկված Աշոտ պապիկին հանձնեց պայուսակը… Հյուսիսի դպրոցի երկարօրյա ճամբարը Սիդոնյայի մաքրագործների հետ մեր հանդիպումից ժամեր հետո իստակ մաքրել էր ողջ Սարալանջը… Ռիմա Երեմյանն այսպիսով սկսել է իր դիպլոմային նախագիծը Սարալանջին… Իսկ Ջուլին հավաքից բաց չթողեց Գրիգոր Խաչատրյանին. դիպլոմային նախագիծն իր՝ Մայր դպրոց-Արևելյան լանջերով-Սարալանջ համայնքային ծիսական ուղին, կյանք է իսկական, որով ապրում է աղջնակը, խանդավառում պատանիներին ավագ դպրոցի։

Կրթական պարտեզ. սարալանջի մաքրման աշխատանքներ:
Ֆոտոշարը՝ Գոհար Եղոյանի:

Իմ օրը ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս պիտի ավարտվեր երեկ… Տրինիտի հայտնի ֆիրմայի սեփականատերերից Հովակիմը այցելեց՝ անցյալ աշնանը խոստացած խաղողի տունկերի ժամանակն է, ու մեր ընկերը մեզ չի մոռացել… Միասին անցնում ենք քայլքով Հյուսիս-Քոլեջ-Արևելքով ու հայտնվում Արևմուտքի բարձունքին, Ագարակի արևմտյան լանջերին, Խորենի ու Էդմոնդի հետ… Հովակիմը շփոթված-հիացած է մեր խնամքով-կանաչով…
— Չե՞ք հոգնում-թևաթափ լինում շրջապատի աջակցության բացակայությունից…
Չենք կարող, եղբայր, շրջապատ կոչվածը մեր կարիքն ունի… Հայաստանյան բնակավայրերը առանց մեր համայնքաստեղծ մանկավարժության ո՞նց զարգանան, ի՞նչ դառնան…
Խաղողի թմբերը կհայտնվեն, իհարկե, Արևմուտքի բարձունքին, Հյուսիսի հարավային դարավանդին, Սարալանջի երիզին, Արևելքի կրթական կասկադում, որպես կրթահամալիրի նոր խորհրդանիշ…

Ամպե՜ր, ամպե՜ր, մի քիչ զո՛վ արեք,
Վարար անձրև թափեք, ծո՛վ արեք.
Գեշ մարդու օր-արևը
Սև հողի տակով արեք:

Երգում է Կոմիտաս վարդապետը

Զատկեզատիկ պարտեզիկները, Հարավային դպրոց-պարտեզ:
Նկարաշարը՝ Գայանե Թորոսյանի:

Չարե՞նց էիք սպասում իմ գրում՝ կարդամ-պատրաստեմ Չարենցի ծննդյան օրով, նրա առիթով, կրթահամալիրի Հյուսիսում, Արևելքում, Հարավում, Արևմուտքում… Չստացաք: Հիմա ես կարդում եմ Կոմիտաս, լսում Պատարագ… Դարձա՞վ իմ ռեքվիեմը Կոմիտասին։ Չարե՞նց եք ուզում՝ Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը՝ ամենաամբողջական խոսքը, խոնարհումը, վիպերգումը Կոմիտասի…

Ֆոտախմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1327

* Հարսանիք լեռներում։ Այդպես է կոչվել 1992թ. Շուշիի գրավման օպերացիան,  քանի որ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթ-կիրակին, որպես հիշված իրականություն

Հիշողությունը երևակայություն է: Որովհետև ինչ-որ հիշում ես, նման չէ ճշգրտորեն քո տեսածին, և քանի որ տեսածը տարբեր է, քո հիշողությունը մի աստիճանն է երևակայության: Իսկ երևակայությունը վերհիշված իրականն է: Այսքան:

Աստղային անձրև, գրավիչ ցուրտ ու ձյուն Սուրբ Ծննդյան օրերին

Հունվարի լույս 5-ի գիշերը մոլորակի բնակչության հետ կարողացա՞նք տեսնել Երկրի վրա տեղացող աստղային անձրևը… Այս կվադրանտիդներ կոչվող երկնաքարային մասնիկների հոսքի հետևից ես քանի անգամ մեր հարմարավետ պատշգամբ դուրս եկա։ Առանց

Համբարձման-մաքրումի․․․ տոնական օրեր՝ Հայաստանով մեկ փոխանցումով

Սևան քաղաքի եկեղեցում, նրա հրապարակում, տարատարիք սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների ելույթը՝ պար-երգը, խոսքն ու զրույցը Սևանում ստեղծվող մեր հանրային դպրոցի մասին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ ուսումնական պատարագը, հետո, բնական-ծիսական  շարունակություն ջրոցին Սևանա լճի ափին մեր մայիսի 8-ի,  Համբարձման խաղեր-մաքրումի օրվա պատշաճ  շարունակությունն էր․․․